HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիարբեքիրի քաղաքապետը կարծում է, որ այսօրվա սերունդը պատասխանատու չէ

Օսման Բայդեմիրը համոզված է, որ եթե թուրքական մեդիան ուզենա, երեք ամսում կշահի հայ հանրության համակրանքը

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը կարծում է, որ այսօրվա սերունդը չի կարող պատասխանատու լինել այն ողբերգության համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին, բայց եթե զանգվածային ջարդ է եղել, պետք է խոստովանել դա և ասել, որ ցավում են դրա համար, և որ այդ ցավը նաև իրենցն է: Թուրքիայի նախագահը, վարչապետը և կառավարությունը պետք է ասի այդ մասին:

1915 թվականի կորուստները համարելով մեծ ողբերգություն' Օսման Բայդեմիրը նշում է, որ դրա մասին այժմյան երիտասարդները տեղյակ չեն, բայց պետք է կարողանալ ուղիղ նայել 1915-ի դեպքերին:

Ավելին, քաղաքապետը հնարավոր է համարում Դիարբեքիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու գաղափարը, ինչը մարդկանց հնարավորություն կտա զոհերի հիշատակը հարգել նաև Դիարբեքիրում: Քաղաքապետի կարծիքով' սա ևս մեկ միջոց է' հարաբերությունները բարելավելու գործում: «Մարդիկ կարող են այս կերպ համախմբվել»,-հավելում է նա:

«Եթե այսօրվա սերունդը պատասխանատու չէ, ապա ով է պատասխանատու»,- լրագրողների հարցին քաղաքապետը պատասխանում է, որ պատասխանատուն այն մարդիկ են, որոնք այդ ժամանակ ղեկավարել են երկիրը' կառավաությունը, քաղաքապետերը, ուժային կառույցների ղեկավարները, ավելի կոնկրետ' Երիտթուրքերը:

Օսման Բայդեմիրը անդրադառնում է նաև Թուրքիայի' Եվրամիություն ինտեգրվելու հարցին: Նա կարծում է, որ Միջին արևելքում Թուրքիան այն երկիրն է, որը կարող է ինտեգրվել ԵՄ ավելի հեշտ, քան մյուսները: Միակ խնդիրն այս պահին քրդերի հարցն է:

«Ես անձամբ շատ եմ ուզում, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, որովհետև դրա արդյունքում Թուրքիայի քաղաքացի 20 մլն քուրդ նույնպես կդառնա ԵՄ անդամ»,- ասում է Օսման Բայդեմիրը:

Դրանից բացի, քաղաքապետի գնահատմամբ, ԵՄ մտնելուց հետո այնտեղի քաղաքական արժեքները և գործընթացները կազդեն նաև Թուրքիայի վրա: Օ. Բայդեմիրը համոզված է, որ ԵՄ ինտեգրվելու ծրագիրը հաջողություն կունենա, բայց պետք է ջանասիրաբար աշխատել այդ ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Օսման Բայդեմիրը նշում է, որ հայ-թուրքական հարցերը Թուրքիայի' ԵՄ ինտեգրվելով չի լուծվի: Այս դաշտում քաղաքապետը կարևորում է զանգվածային լրատվամիջոցների դերը: Նրա խոսքերով, թուրքական զանգվածային լրատվամիջոցները շատ ազդեցիկ են, և եթե թուրքական ԶԼՄ-ը մեկ անգամ ասի' խաղաղություն, խաղաղությունը երկրում կհաստատվի երեք ամիս անց: «Եթե թուրքական մեդիան ուզենա, երեք ամսում կարող է շահել հայ հասարակության համակրանքը»,- կարծում է քաղաքապետը:

Դիարբեքիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter