HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Բնապահպան-ակտիվիստները շարունակում են մնալ Մաշտոցի այգում

Բնապահպան-ակտիվիստները այս պահին շարունակում են մնալ Մաշտոցի այգու տարածքում: Սակայն տարածքում դեռևս կան մեծ թվով ոստիկաններ, ովքեր շղթայած են պահում կառուցվող բուտիկի տարածքը և ակտիվիստներին թույլ չեն տալիս մտնել այնտեղ: Այս մասին «Հետքին» հայտնեց բնապահպան-ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը, ով այս պահին Մաշտոցի այգում է:

«Շինարարությունը կատարվում է ապօրինի և կատարվում է հանրային այգում: Այսինքն՝ իրականում մեզ էդ բուտիկի տարածքից հանելը նույնն է, ինչ այգուց հանելը»,- ասաց Ռուզաննան:

Հիշեցնենք, որ այս առավոտ ոստիկանները նստացույցի մասնակիցներից հանեցին հենց այդ շինության տարածքից:

Քանի որ աշխատանքային օրն ավարտվել է, այս պահին բուտիկների շինարարությունը դադարել է:

Այսօր՝ կեսօրին, երբ նստացույցի մասնակիցների և ոստիկանների միջև լարվածություն էր առաջացել, այգու տարածք եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը՝ տեղում ուսումնասիրելու հարցը: Նա որոշ ժամանակ մնաց այգում, լսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի բանավեճը, հետո ասաց, որ այգի կվերադառնա կես ժամ անց:

Ռուզաննա Գրիգորյանը հայտնեց, որ Ներսես Նազարյանը վերադարձել է, ասել, որ շինարարության փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են: Բնապահպաններն առաջարկել են այդ դեպքում կասեցնել շինարարությունը, սակայն Ներսես Նազարյանը չի ընդունել առաջարկը և ասել, որ ակտիվիստների հետ խոսելու կգան բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սակայն փոխարենը այգի է եկել Երևանի ավագանու անդամ, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը և նստացույցի մասնակիցներին ասել, որ նրանց արածն անօրինական է, ակտիվիստները կարգ են խախտում, ցույց են անում մի բանի դեմ, որը օրինական է:

Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ այսօր Մաշտոցի այգում մնալու է այնքան, ինչքան նստացույցի մասնակիցները կորոշեն, որ պետք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter