HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատրանքներ եւ իրականություն: Պատերազմից 12 տարի անց

«Պատերազմից երբեք չեն վերադառնում: Ֆիզիկապես դու կարող ես ետ գալ, բայց հոգեպես երբեք չես վերադառնում»,-ասում է Ղարաբաղյան պատերազմի մասնակից բժիշկ Արցախ Բունիաթյանը: Նա կարծես գտել է այդ վիճակից դուրս գալու մի տարբերակ` խմում է թթի օղին, ինչպես ինքն է ասում` արեւահեղուկը, եւ առաջարկում այն իրեն այցելողներին: 

Պատերազմի մասնակիցների հետ մեկ-երկու բառ փոխանակելիս` զգում ես, որ նրանք պատերազմից չեն վերադարձել եւ երբեք չեն վերադառնա: Նրանք ապրում են այդ պատերազմի մեջ: Պատերազմի հիշողությունները գերակա է մնացած ամեն ինչին: Երբեմն դրանք ամենալուսավոր հիշողություններն են: 

Մաղավուզցի Արմեն Ավանեսյանը, կամ ինչպես գյուղում են ասում` Արմեն դային, միշտ մտամոլոր նստած է: Հայացքը դժվար է բռնացնել, լուռ նայում է հեռուներին: Ավագ որդին, որ իրենց գյուղի ջոկատում էր, պատերազմի առաջին զոհերից է: Ադրբեջանցիները 1993թ-ին գրավեցին գյուղը: Նա ընտանիքին տեղափոխեց Ռուսաստան, սակայն այնտեղ երկար չկարողացավ մնալ, վերդարձավ Ղարաբաղ: Երբ Արմեն դային սկսեց պատերազմի դժվարին օրերի մասին խոսել, նրա աչքերում կայծ երեւաց: Նա սկսեց պատմել, թե ինչպես էր ուսապարկով փամփուշտ հասցնում անտառներում պատսպարված ջոկատներին: 

««Եղինիկների» ջոկատը դեռ անտառում էր: Չալյան Սերգեյը եկավ, ասաց` Թարթառ գետի էն կողմը վիրավորներ եւ զոհեր ունենք, չգիտենք ոնց անցնենք: Ադբեջացիները փակել էին բոլոր ճանապարհները: Կամուրջը պայթացրել էին: Գնացի, մի կերպ կարողացանք անցկացնել եւ հանել վիրավորներին: Ես իրենց ճանապարհներն էի ցույց տալիս, իրենք տարածքները լավ չգիտեին, իսկ ես բոլոր ծակուծուկերը գիտեմ: Կածանները գիտեի, զինամթերք էի հասցնում, հետո ձիերով սննդամթերք էի տանում»- պատմում է 71-ամյա Արմեն դային : 

Երբ Արմեն դայուն հարցնում եմ ազատագրված հողերը հետ տալու մասին, ասում է. «Աշխարհը գիտի որ արյունով վերցրած հողը ետ չեն տալիս: Մենակ մեր ղեկավարները դրա մասին չգիտեն»: 

Հենց Մաղավուզում էր, երբ խոսում էինք պատերազմի մասին, վիրավոր մի ազատամարտիկ բառացիորեն ասաց հետեւյալը. «Էդ Բաքու-æեյհանով ինչու՞ են էդքան վախեցնում, պետք լինի մի օրվա մեջ երեք տեղից կտրաքացնենք: Էդ իրենց թվում է` մեզ մոտ մահապարտներ չկա՞ն, թե՞ էսքան ընկերներ եմ կորցրել, պիտի թողնեմ իրենց ընտանիքներին մի բան լինի»: 

Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղը երկու անգամ անցել է ադրբեջանցիների ձեռքը: Գյուղի տները թալանված եւ վառված էին, երբ հայկական ջոկատներն ազատագրեցին այն: Գյուղացիների մեծ մասը վերադարձավ, վերակագնեց տները: 

Ազատագրումից հետո Մաղավուզում խմելու ջուր չկա: Արկադի Ղուկասյանը նախագահական վերջին ընտրությունների ընթացքում այցելել էր Մաղավուզ: Իմանալով, որ գյուղը ադրբեջանցիներից հետ վերցնելուց հետո խմելու ջուր չունի, զարմացել եւ խոստացել էր կարճ ժամանակում լուծել այդ խնդիրը։ «Ջուրը կհոսի գյուղ»,- գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր ԼՂՀ նախագահը: Տեղի տարեցներից մեկը` Ալբերտը, այդ ժամանակ ռեպլիկ էր արել,-«Կամաց կթողեք ջուրը, թե չէ կքշի»: 

Իհարկե, ջուրը մինչեւ հիմա չի միացվել: Չնայած, իր այցելություններից մեկի ժամանակ նույն խոստումն է տվել վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նա էլ, իհարկե, խոստումների հայտնի մասնագետ է: Մաղավուզի ջրագծի համար ընդամենը երկու հազար դոլար էր անհրաժեշտ: Ղարաբաղի պաշտոնյաները նման հարցեր լուծելու համար միջոցներ չունեն, պետության միջոցները հազիվ է բավականացնում նրանց արտասահմանյան ճամփորդություններին: 

Ջրագծի խնդիրն այսօր փորձում է լուծել «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպությունը. կտեղադրվի նոր պոմպ եւ կփոխվեն խողովակաշարի փտած հատվածները: 

Քաշաթաղ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter