HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատրանքներ եւ իրականություն: Ինը տարի առանց հոսանքի

«Համբարյան Պարգեւ Վաշինգտոնի»,- անմիջապես այսպես պատասխանեց իմ' «ի՞նչ է անունդ» հարցին, Հայկազյան գյուղի բազմազավակ ընտանիքի հայրը:

Իսկ գյուղում Պարգեւ Վաշինգտոնի Համբարյանին պարզապես Պաշա են ասում:

10-րդ երեխան ունենալուց հետո է միայն այս ընտանիքի հոգսը մի քիչ թեթեւացել: Պետությունը բազմազավակ ընտանիքին միանվագ հատկացրել է 5 հազար դոլար: Երեք հազար դոլար էլ պահվում է բանկային հաշվեհամարում եւ մինչեւ փոքր երեխայի չափահաս դառնալը, կարող են ծախսվել միայն այդ գումարի տոկոսները:

Պաշան 6 երեխաների հետ ինը տարի առաջ Արթիկից տեղափոխվել է Ղարաբաղ: Նա ծնունդով Արթիկի Սարատակ գյուղից է: Հենց այդ գյուղի ջոկատում մասնակցել է ռազմական գործողություններին: Այստեղ տեղափոխման առաջին տարին նա գյուղապետ է աշխատել:

«Արթիկում չէինք կարողանում ապրել' ուտելիք, վառելիք չէի հասցնում: Որոշեցինք գալ էստեղ տնտեսություն դնել: Էս օգնությունը մեծ բան էր: Գնացի էդ լրիվ փողին անասուններ առա, երեխեքին նվերներ, ուտելիք: Ամեն կովին 200 հազար դրամ եմ տվել, ընտիր կովեր են»,- ասում է նա:

Տունը, որտեղ ապրում են տասներկու հոգով, կիսաքանդ է: Ինը տարի շարունակ այս ընտանիքին էլ են անարդյունք խոստացել տունը վերանորոգել կամ նոր տուն կառուցել: Պաշան ասում է, եթե շինանանյութ լիներ, ինքը կկառուցեր տուն, բայց այս տարածքներում շինանյութ չկա:

Հայկազյան գյուղում հոսանք չկա:

«Ամռանը ոչինչ' օրերը երկար են, մութն ուշ է ընկնում: Ձմռանն է շատ դժվար առանց հոսանքի»,-ասում է Պաշան:

Պաշայի հարեւանը' Արուսյակը, գյուղի բուժքույրն է: Ամուսինը զինվորական է: Երեք երեխա ունեն: Երեխաների համար երեք ամիսը մեկ անգամ տասը հազար դրամ ստանում է, իսկ իր աշխատավարձը տասնութ հազար է:

«Ամուսինս' Սմբատը, զինվորական էր, իրեն տեղափոխեցին այստեղ, մենք էլ հետը եկանք: Դժվար է շատ, առանց լույսի հնարավո՞ր է ապրել»,- հարցնում է Արուսյակը:

Նրանց երկու երեխաները ծնվել են Գյումրիիում, երրորդը' Բերձորում: Գյուղացիները տներում դրել են մարտկոցներ եւ երեկոները մի քանի ժամով փոքր լամպեր են միացնում:

«Սկզբում շատ-շատ վատ էր պայմանները, բայց 59 ընտանիք կար այստեղ: Հիմա մնացել ենք 9 տուն' բոլորը վերջին երեք տարվա ընթացքում գնացին: Չհարմարվեցին էս կյանքին, առանց լույս չդիմացան, ապրել հնարավոր չէր դրա համար էլ գնացին: Ամեն տարի մայիսին ասում են' մինչեւ դեկտեմբեր կունենաք, ու չենք ունենում: Մեզանով ո՞վ պիտի հետաքրքրվի, էնքան երեխաներ կան գյուղերում, որ պատվաստումներ չեն ստացել: Էս հինգ ամիս է դեղորայք չեմ ստացել, պատվաստանյութն էլ ուշացնում են: Բերձորում էլ ասում են' Ստեփանակերտից դեռ չեն ստացել: Դե արի ծնողներին բացատրիր, որ պատվաստանյութը Ստեփանակերտից պիտի բերեն Բերձոր, որ բժիշկները գան ու պատվաստեն: Հիմա ավտոբուս էլ չկա, Բերձոր գնալը մեծ պրոբլեմ է: Ամուսնուս խնդրում եմ մեզ էստեղից շուտ հանի' ոչ լույս կա, ոչ տրասպորտ, ջրհորի ջուր ենք խմում»,- ասում է բուժքույր Արուսյակը:

«Էրեխես ըսավ' պապա գնացել ենք Հայաստան, պատը կկզմթենք լույս կվառե, կըսե քառակուսի յաշիկ եմ տեսել մեջը մարդ կար»,-ասում է Պաշան ու բոլորը միասին ծիծաղում են:

«Էս կողմի ժողովուրդն իսկապես մեղք է, երեխուս տարա Հայաստան, հեռուստացույցը միացրել ենք' վախեցել է: Ուշադիր լույսին էր նայում, ուզում էր իմանալ, թե էդ ինչ է. պատից միացնում էր, անջատում»,- ավելացնում է Արուսյակը:

Այստեղ երբեմն հայտնվում են պաշտոնյաներ, գալիս հարցուփորձ են անում, հասցնում ինչ-որ խոստումներ տալ ու շտապ հեռանալ: Ծանր է լսել այս մարդկանց պատմությունները: Նրանց ներկայացրած բոլոր պահանջների մեջ լույսի պատմությունն առաջնահերթ է: Պետությունը ներկայացնող մարդիկ ամեն տարի խոստանում են այդ հարցը լուծել:

«Երկրաշարժ եմ տեսել, բայց սա, իրոք, երկրաշարժից էլ վատ է: Երկրաշարժին գիտեիր, որ ինչ-որ մի վատ բան է եղել, պիտի դիմանաս: Գնում ես 10 կմ էն կողմ' լույս կա, բայց այստեղ' չկա: Հնարավոր չէ այստեղ մնալ: Երեխեքը դպրոցից գալիս են ժամը երեքին, մինչեւ հաց կուտեն արդեն մութը կընկնի, ոչ էլ կարողանում են դաս սովորել: Դուք պատկերացնու՞մ եք էդ ինչ է' էս դարում լույս չունենալ, էն էլ մի օր չէ, մի ամիս չէ, այլ' ինը տարի է»,- ասում է Արուսյակը:

Նույն վիճակն է նաեւ հարեւան գյուղերում: Հալե գյուղում երեք տարի առաջ կար 37 ընտանիք, այսօր մնացել է 7-ը: Քաշաթաղի շրջանի մոտ հիսուն բնակավայր առայսօր հոսանք չունի:

Այս փաստերը միայն մի բան են հաստատում' կառավարությունը ձախողել է վերաբնակեցման ծրագիրը եւ շարունակում է նպաստել արդեն վերաբնակեցված տարածքների դատարկմանը:

Քաշաթաղ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter