HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատրանքներ եւ իրականություն: Քաշաթաղի համայնքները առայսօր բյուջե չունեն

Քաշաթաղի շրջանի ամենամեծ գյուղ Ծաղկաբերդն ունի մոտ 1000 հա վարելահող: Դրանից մոտ 600 հա տրված է գյուղացիների մշակմանը, բայց նրանցից քչերն են կարողանում օգտագործել իրենց հողը:

«Մի հեկտար ցանելու համար, եթե ամեն ինչ տեղը տեղին անի' պարարտանյութ եւ այլն, 100 հազար դրամ է անհրաժեշտ: Գյուղացուն չորս հինգ տարի ապրելուց հետո տալիս են 120 հազար դրամ անասնավարկ ու էլ ուրիշ հնարավորություն չունի գյուղացին: Այստեղ եկողները փողատերեր չեն, հիմնականում աղքատ մարդիկ են: Իրենց 8 հա հողատարածքները ցանելու համար 1500 դոլար փող է պետք, բնականաբար, ոչ ոք չունի այդքան փող»,-ասում Ծաղկաբերդի գյուղապետ Ազատ Եղոյանը:

Գյուղացիներից ովքեր կարողանում են տեխնիկա են վարձակալում Գորիսի Խնձորեսկ գյուղից, ովքեր ոչ' հողը վարձակալության են տալիս:

«Շատ ավելի լավ կլիներ եթե տեխնիկան մենք ունենայինք: Մի ամիս է դաշտերը հասունացած է եւ կոմբայն չեմ կարողանում վարձակալել հասկը հնձելու համար: Ամեն ուշացրած օրը կորուստ է: Մեծ կորուստ' տեխնիկա չունենալու պատճառով: Սա հիմնական պրոբլեմներից է»,-բացատրում է Ազատ Եղոյանը:

Անցած 12 տարիների ընթացքում պետությունը Ծաղկաբերդում ոչ մի տուն չի կառուցել: Մարդիկ բազմաթիվ անգամ դիմել են վարչակազմ, սակայն միայն մի քանի տասնյակ հազար դրամի օգնություններ են ստացել:

«Պետությունը, ասենք' պետք է ներդնի 20 մլն դոլար, որպեսզի այս տարածքը հոսանք անցկացնի, բայց դա անում է քսան տարում, քանի որ հնարավորություն չունի կամ էլ' կարեւոր չի համարում: Պետության համար կարող է կարեւոր է Երեւանում ասֆալտապատել մի քանի փողոցներ: Հիմա հարց է ծագում, ո՞րն է կարեւոր ազգի համար' էս տարածքների տները սարքելը, բնակեցնելը, թե՞ Երեւանում երեք փողոց ավել ասֆալտապատելը: Պետությունը շրջանին հատկացրել է 300 մլն դրամ, սոցվճաները հանած' մոտ կես միլիոն դոլար: Կես միլիոն դոլարով ի՞նչ կարելի է անել: Դրա մեջ մտնում է դպրոցների, տների, հիվանդանոցների, ոռոգման եւ խմելու ջրագծերի շինարարությունները: Չնչին գումար է եւ դա էլ բերում է էս վիճակին: Ղարաբաղի մաս կազմող գյուղերն էլ նույն վիճակում են, Հայաստանի մաս կազմող Մեղրիում էլ է նույնը: էնտեղ կարող է լավ է այն առումով, որ տները պատրաստի են: Այստեղ դա էլ չկա: Նույն Մեղրիում մինչեւ հիմա ոռոգման ջրի հարցը լուծված չի, բայց Մեղրին ավելի ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է, քան ասենք' Աբովյան քաղաքը: Բայց Աբովյանում շատ անգամներ ավելի լավ է, քան Մեղրիում»,- ավելացնում է գյուղապետը:

Առայսօր Քաշաթաղի համայնքները բյուջե չունեն: Չնայած վերջին հինգ տարիներին հողի վարձ է հավաքվում վարձակալներից: Հողավարձերը մեծ գումարներ են կազմում' տասնյակ միլիոնավոր դրամներ, բայց ոչ ոք չի կարողանում պատասխանել, թե ուր են գնում այդ գումարները: Մինչդեռ եթե դրանք մնային համայնքերին, նրանք վաղուց կունենային սեփական տեխնիկական բազաները: Իհարկե, կան մարդիկ ովքեր վարձակալության համար ընդհանրապես չեն վճարում: Մշակում են հողերը, նույնիսկ ունեն վարձակալության պայմանագրեր, սակայն նրանք չեն վճարում: Դրանք հիմնականում բանակի գեներալներ եւ տարբեր պաշտոնյաներ են:

Այսօր վարձակալական պայմանագրերը կնքում է վարչակազմի ղեկավարը, եւ համայնքների ղեկավարները տեղյակ չեն լինում, թե իրենց համայնքների հողերը ովքեր են վարձակալել:

Քառասունչորս տարեկան Մարատ Հարությունյանը ընտանիքով' երեք երեխաների հետ, Հակարի գյուղ է տեղափոխվել Գորիսից:

«Վարձով էի ապրում, եկա այստեղ ապրելու: Առաջին բնակիչն եմ եղել, եկել ենք 1995թ-ին: 4-րդ երեխաս' Անին ծնվել է այստեղ 2001թ-ին»,- հպարտությամբ ասաց Մարատը:

Նա տեղավորվել էր գյուղի ամենամեծ տանը, որը սակայն տանիք չուներ եւ վառված էր: Առայսօր նրա տունը կիսաքանդ է:

«Պետությունից ոչ մի օգնություն չեմ ստացել, ես չեմ էլ դիմել: Էս տունը ավերված էր, ես ինքս եմ էսքանը արել, ինչքան կարողացել եմ սարքել եմ: Մանագիտությամբ շինարար եմ: Երկու կով, երկու հորթ ունեմ: Քիչ է, ուզում եմ ավելացնել, բայց չի ստացվում, պրոբլեմները շատ են»,-սրտնեղում է Մարատը:

«Չե՞ք ուզում վերադառնալ Գորիս»,- հարցնում եմ Մարտինին:

«Ո՞նց վերադառնամ, որտե՞ղ բնակվեմ: Ես ուզում եմ գնալ, բայց այնտեղ շան բուն էլ չունեմ, ու՞ր պիտի գնամ: Երեխաներն են էստեղ մեղք. ոչ մի բանից տեղյակ չեն, աշխարհից կտրված ենք: Շատ վատ չենք ապրում, սոված չենք, ստեղծում ենք մի բան»,-պատմում է Մարատը:

Չորս երեխաների համար ստանում են տասնվեց հազար դրամ: Ապրուստի միջոցը բանջարանոցն է: Իսկ թե ինչու՞ տնտեսությունը չի զարգացնում Մարատը բացատրում է այսպես . «Փող պետք է ունենաս մի քիչ մեծ գործ սկսելու համար: Չունենք, դրա համար էլ չենք կարողանում զարգանալ: Երեխաս կարճատես է, հինգ տարի չէինք կարողանում ակնոց գնել' փողի պատճառով, էս ձմեռը նոր-նոր միայն գնել ենք: Էստեղ լավ ենք իրար օգնում ենք, լավ ենք իրար հետ: Մի բան եթե պատահում է, բոլորս հասնում ենք: Ոտքի կանգնելու համար մի քիչ օգնություն էր պետք պետությունից, չեղավ: Դրա համար էլ էս վիճակում ենք»:

Հակարի գյուղապետ Գառնիկ Չոբանյանը 1995թ.-ից այստեղ է: Նրա երկու երեխաները ծնվել են գյուղում: «Չգիտեմ ինչու եկա, որոշեցի եկա,- ասում է Գառնիկը,-աշխատում էի, բիզնես էի անում Երեւանում: Հոգնեցի եկա: 22 խոշոր անասուն ունեմ, որից 6 կթու կով: Գյուղի աշխատանք չգիտեի, ամեն ինչ այստեղ սովորեցի»:

Գյուղապետը այս տարածաշրջանի հիմնական խնդիրը համարում է մթերքի իրացման շուկայի բացակայությունը: Կաթը գարնանն ու աշնանը Գորիսից գալիս մեքենայով տանում են, ամռանը մեքենան չի գալիս, որովհետեւ կաթը թթվում է: Գյուղացիները կաթնամթերքն այս ամիսներին չեն կարողանում իրացնել:

«Լավ կլիներ այդ կաթը այստեղ ինչ որ բան սարքվեր, թե չէ ամեն մարդ ինքն է լուծում իրացման խնդիրը: Եթե գյուղացին ապրանք է արտադրում ու չի կարողանում իրացնել' ի՞նչ անի: Անասուն պահում է, բայց վաճառել չի կարողանում: Առաջ գալիս էին տանում, հիմա չեն էլ գալիս: Ինչքան ապրանքի գինը ավելանում է, էնքան պահանջարկը քչանում է»,- ասում է Գառնիկը:

Գառնիկը գտնում է, որ պետք է այս տարածքների զարգացման համար ծրագիր մշակել. «Ելքն էն է, որ գյուղացուն կարողանան օգնել: Չէ սննդամթերք, շոր նկատի չունեմ: Մեզ այդպիսի օգնություն պետք չէ։ Մենք գնում ենք դրսից տեխինիկա ենք բերում մեր հողերը մշակելու: Գյուղացին հնարավորություն չունի պարարտանյութ տա, հողն այնպես մշակի, ոնց որ իրականում պետք է: Հայաստանում գյուղացին ստանում է պարարտանյութ, հետո բերքով է փակում կամ այլ ձեւեր կան: Այստեղ վարկ չկա: Ես մի քանի անգամ դիմել եմ տրակտորների համար: Ճապոնական տրակտորների համար գնացի Երեւան, ասացին' Քաշաթաղին չի հասնում: Իսկ ինչու չի հասնում, սա Հայաստան չի՞»,-զարմանում է գյուղապետը:

Քաշաթաղ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter