HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մարգար Օհանյան. «Ես մատաղացու գառ չեմ»

Այսօր Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ վերջինիս պաշտպանի միջնորդությունը դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց, եւ սկսվեց Օհանյանի հարցաքննությունը:

Նա նշեց, որ 2011թ. ապրիլից իր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ ծագել է ծառայողական տարաձայնություն: Մասնավորապես, ինքը համաձայն չի եղել վերջինիս կադրային քաղաքականության եւ որոշ աշխատանքների կազմակերպման հետ: Ոստիկանապետն էլ նշյալ տարաձայնությունը տեղափոխել է անձնական հարթություն, ինչի արդյունքում ծնվել է «այս շինծու քրեական գործը»:

Ընդ որում՝ Օհանյանն իր ցուցմունքում օգտագործում էր ոստիկանության ղեկավարություն արտահայտությունը եւ միայն ավելի ուշ հարցեին ի պատասխան մանրամասնեց, որ խոսքը Ալիկ Սարգսյանի մասին է, իսկ ոստիկանության «6-րդ, 7-րդ վարչության ու գլխավոր շտաբի պետերը եղել են կատարողները՝ բիրտ ուժի կիրառմամբ»:

«Ես ոչ դրամական միջոցներ եմ յուրացրել, ոչ էլ բենզին»,- ասաց ՃՈ նախկին պետը եւ հիշեցրեց, որ մինչեւ իր կողմից նշյալ պաշտոնը զբաղեցնելը ՃՈ արտաբյուջետային միջոցները կազմում էին 1 մլրդ 700 մլն դրամ, իսկ ինքն այս թիվը հասցրել է մինչեւ 4 մլրդ 850 միլիոնի: Բացի դրանից՝ իր ղեկավարման տարիներին նվազել է ճանապարհային պատահարների, դրանց հետեւանքով զոհերի եւ վիրավորների քանակը. «Եթե ես յուրացնող լինեի, համակարգը չէր ծաղկի»:

Օհանյանը հիշեց, որ 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ ավագ քննիչ Տիգրան Թամամյանը իրեն կանչել է հարցաքննության՝ որպես վկա: Սակայն հարցաքննությունից հետո քննիչի քաղաքային հեռախոսին ինչ-որ մեկը զանգել է, ինչի արդյունքում քննիչը տեղեկացրել է, որ ինքն արդեն կասկածյալ է: Տեղում ձերբակալման որոշում է կայացվել, իսկ հետագայում հրաժարվել են իրեն ազատ արձակել նույնիսկ գրավի դիմաց: Նպատակը, ըստ Օհանյանի, մեկն էր. մյուսներից իր դեմ սուտ ցուցմունքներ կորզել:

«Այ տղա, Օհանյան Մարգարին փակեցին, դու ո՞վ ես, ցուցմունք տուր, որ կաշիդ փրկես»,- ամբաստանյալների հետ իրավապահների խոսակցությունը վերարտադրեց ՃՈ նախկին պետը եւ մանրամասնեց, որ իրեն ազատազրկելուց հետո 2 ամիս 12 օր որեւէ քննչական գործողություն չեն կատարել. «Դրել ես, արի տար»: Այնուհետեւ, երբ իրեն կանչել են առերես հարցաքննության, իմացել է, որ իր նախկին աշխատակիցներից 3-ին եւս մեղադրանք է առաջադրվել:

«Եթե գտնվի 3 մարդ իմ նախկին աշխատակիցներից եւ ասի, որ ես մարդ եմ սպանել, սակայն սպանվածը չկա, ինձ նորի՞ց կդատեք»,- հարցրեց Մարգար Օհանյանը: Նա շեշտեց, որ ըստ մեղադրանքի՝ ինքը յուրացրել է 577 հազար լիտր բենզինի կտրոն. «Ստացվում է 30 հազար 20 լիտրոնոց բենզինի կտրոն: Ո՞ւր է իրեղեն ապացույցը: Որտե՞ղ են այդ կտրոնները: Ցույց տվեք գեթ մեկ կտրոն կամ բենզինը: Այդքանն աննկատ հնարավոր չէ օգտագործել»:

«Ամեն ինչ իրոք կանցի, բայց ես դավաճանություն չեմ կարող ներել»,- ասաց Մարգար Օհանյանը եւ իր նկատմամբ կատարված «ոստիկանական տեռորի» առնչությամբ ավելացրեց. «Չի կարելի մարդու հոգու թքել»:

«Նույնիսկ իմ ընկերոջս, ընկերոջս տղային՝ սանիկիս, քեռուս տղային համակարգից հեռացրել են, միայն այն պատճառով, որ ստուգման ընթացքում, երբ գործը դեռ ՀՔԾ չէր ուղարկվել, եկել են մեր տուն: Ի՞նչ է, քեռուս տղան իրավունք չունե՞ր մեր տուն գալ, ես ազգի դավաճա՞ն եմ…Իրենք իրենց տակը ման գալու փոխարեն ընկել իմ վրա են գործ ման գալիս»,- ասաց Մ. Օհանյանը: Նրա խոսքերով՝ ուղղակի հրահանգ է եղել, թե կպատժվեն բոլոր նրանք, ովքեր իր հետ կշփվեն, մինչեւ ինքը ներողություն խնդրելու համար չգնա ու չընկնի Ալիկ Սարգսյանի ոտքերը:

«Սեւ PR սկսվեց իմ դեմ, արհամարհական վերաբերմունք. ոստիկանապետն ու նրա օգնականը զանգերիս չէին պատասխանում... Եթե իմ արարքում անօրինական բան լինի, ես պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ, ոչ թե անձի առաջ»,- ասաց ՃՈ նախկին պետը:

Ըստ նրա՝ իր ղեկավարած համակարգում բենզինի կտրոնի յուրացումներ չեն եղել, իսկ եթե, այնուամենայնիվ, եղել են, ապա միայն ստորին օղակներում, եւ ինքը դրանից բացարձակ տեղյակ չէ. «ՃՈ պետի պաշտոնը շատ թերագնահատեցիք. ես տեսուչի բենզին յուրացնող չեմ»:

«Արդեն 6 ամիս է՝ լրատվամիջոցները ասում են՝ ինչո՞ւ Ալիկ Սարգսյանի անունը չեմ տալիս: Ես գործ սարքողի այդքան նմա՞ն եմ: Դա կարող է ոստիկանության այն ժամանակվա ղեկավարներին էր հարիր, ինձ հարիր չէ, ես ցեխ շպրտող մարդ չեմ, ես չեմ կարող զրպարտել»,- հավելեց Մարգար Օհանյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ եթե անմեղ է, ինչու է վերականգնել պետությանը պատճառված վնասը, ավելին՝ պատրաստ է վճարել նաեւ վնասի չվերականգնված մասը՝ մոտ 19 մլն դրամ, Օհանյանն ասաց, թե դա իր պատվի եւ արժանապատվության հարցն է, ու եթե դատարանն իրեն արդարացնի, բայց որոշի, որ պետությանը, այնուամենայնիվ, վնաս պատճառվել է, պատրաստ է այդ գումարը թողնել ՃՈ արտաբյուջետային հաշվին, քանի որ, ամեն դեպքում, ՃՈ պետն ինքն էր:

Հաջորդ նիստին դատարանը կհետազոտի գործում եղած ապացույցները:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (3)

Aram
500 000 chi, chi 50 000 :) Kasi bankic vark kvercnem, kpakem, patvi harc e :)
Ashot Gasparyan
Fred , karas konkret nshes inch@ inchina hakasum? te ankap xosum es? isk poxi verakangnman het kapvac mard@ parz bacatrec inchi hamara verakangnel ev um ognutyamb, etqan hargan pativ uni vor @nkerner@ ognen, isk inch verabervuma hayerenin, asem vor ete du lineir ira poxaren karoxa @ndhanrapes lezut papandzver vaxic...
fred
Ay Margar, qo amen hajord xosq@ hakasum e naxordin, du inchpes es ayd pashtonin hasel? Du naev hayerenov haskanali mtqer ches karoxanum artahaytel. Et du dram es tpum, te kaxardakan hnarqnerov es $500.000 veradarznum petutyan@. Axper chem haskanum sa dataran e te gzanoz, voreve meki mtqov chi anznum nman harzer tal?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter