HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ստամբուլի հին ու նոր հայերը

Թուրքական համարանիշներով ավտոբուսը Երեւանի կենտրոնից` Օպերայի հարեւանությամբ գտնվող տուրիստական գրասենյակի մոտից կեսօրին շարժվեց դեպի Ստամբուլ: Շաբաթը երկու անգամ այստեղից է շարժվում ավտոբուսը:

Երեք այլ ընկերությունների ավտոբուսները շաբաթը երկու անգամ Երեւանի կենտրոնական ավտոկայանից են գնում դեպի մի երկիր, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: Շաբաթվա ընթացքում մի ավտոբուս էլ Վանաձորից է գնում: Շաբաթը երկու անգամ Երեւան-Ստամբուլ- Երեւան օդանավի չվերթ կա: Ամառային հանգստի սեզոնին շաբաթը մեկ չվերթ կա նաեւ դեպի Անթալիա: Ամսվա ընթացքում Հայաստանից Թուրքիա մեկնողների թիվը հասնում է մոտ 2500-ի, տարվա մեջ` 30 հազարի: 

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գործող անցագրային ռեժիմի համաձայն` ՀՀ քաղաքացիներին տրվում է զբոսաշրջության 30-օրյա վիզա: Վիզա ստանալը որեւէ դժվարություն չի առաջացնում. ավտոբուսով մեկնողներն այն ստանում են սահմանին, օդանավով գնացողները` Ստամբուլի կամ Անթալիայի օդակայանում` վճարելով 15 դոլար: 

2007 թ. հոկտեմբերին Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Շուքրույ Էլեքդաղը Մեջլիսում հայտարարեց, որ «Հայաստանի 70 հազար քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում»: Ի պատասխան` Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ներկայացրեց հետեւյալ թվերը. «2007 թ. Հայաստանից Թուրքիա է մուտք գործել 53 հազար 108 մարդ, Թուրքիայից նույն տարում մեկնել են 53 հազար 359 հայաստանցիներ»: Նա նաեւ ասաց, որ 2007 թ. երկրից վտարվել են Թուրքիայում ապօրինի բնակվող 8 ՀՀ քաղաքացիներ: Թե որքանո՞վ են այս թվերն իրական, դժվար է ասել: Բայց Ստամբուլում մեր գտնվելու օրերին հանդիպեցինք բազմաթիվ հայերի, ովքեր տարիներ շարունակ անօրինական ապրում են այդ երկրում: Կային նաեւ արդեն Թուրքիայի քաղաքացիություն ստացած հայաստանցիներ: Հայաստանում որեւէ պետական մարմին հրապարակված այս թվերի կապակցությամբ երբեւէ որեւէ մեկնաբանություն չի տվել: 

Ավտոբուսում գտնվողներից շատերը չեն էլ ընկալում, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Նրանք Թուրքիա մտնելիս որեւէ խնդիր չեն ունենում: Սահմանին վճարում են 15 դոլարը, եւ Թուրիքան բացում է իր դռները հայաստանցիների առաջ: Վրացի սահմանապահների հետ ավելի դժվար է: Բագրատաշենի մաքսակետ հասնելուց առաջ վարորդներից մեկը` Ալին, ասաց. «Ում անձնագիրը նորմալ չի, թող 10 դոլար տա»: Չգիտեմ` քանի՞ մարդ այդպես վարվեց, բայց Ալին բավականին գումար հավաքեց վրացի սահմանապահներին տալու համար: «Իսկ ի՞նչ խնդիր կարող է լինել անձնագրի հետ կապված»,- հարցնում եմ ետեւի նստարանին նստած վանաձորցի տղամարդուն: «Նկարի մոտ ցելոֆանը լավ չի կպած կամ ճմրթված է»,- պատասխանեց նա: Ես ստուգեցի անձնագրիս թերթերը. ամեն ինչ նորմալ էր: Ալին անձնագրերը հավաքեց եւ փողի հետ տարավ անցակետ: Իհարկե, փողը նաեւ արագացնելու, երկար չսպասելու հնարավորություն է տալիս: Մեկ ժամ սպասելուց հետո անցանք վրացական սահմանը: Կեսգիշերին նորից վրացական սահմանում էինք, բայց մյուս կողմում արդեն թուրքական Արդվինն էր: Վրացիների մոտ դարձյալ սպասում ենք: Վրացական մաքսատան աշխատակցուհին ուղղակի քրքրում է անձնագրերը: Իմ անձնագիրն էլ շուռ ու մուռ տվեց ձեռքում, եղունգով ինչ-որ շարժումներ արեց, կնքեց ու ետ տվեց: Արդեն ավտոբուսում նկատեցի, որ անձնագրիս նկարի մոտ «ցելոֆանը» ցցվել է: Կողքի նստարարանին նստած գյումրեցի կինը, նկատելով տարակուսանքս, մի տեսակ չարախնդալով` ասաց. «Դա արվեց, որպեսզի հետ գալուց նա իր տասը դոլարը կարողանա ստանալ»: Այդ կինն ընդհանրապես բոլոր հարցերի պատասխանները գիտեր` որտե՞ղ ենք կանգնելու, որքա՞ն ժամանակ եւ այլն: 

Սպիտակ քաղաքն անցնելուց հետո ավտոբուսը կանգնեց եւ վերցրեց արդեն ճանապարհին սպասող վեց ուղեւորների: 50-ին մոտ մի կին ներս մտնելուն պես ասաց .«Վա~յ, էս Ալին աբիվկեքը փոխել է, հա՞»: Բոլորն այս ավտոբուսում կարծես ճանաչում էին Ալիին եւ նրա հետ զրուցում էին տարբեր բաների մասին: 

Գյումրեցի կինը ետեւի շարքում նստած վանաձորցի զույգին, որն առաջին անգամ էր գնում Ստամբուլ, «պատգամներ» էր տալիս, որ առեւտուր անելիս հանկարծ չխաբվեն. «Իրենք քեզ էնպես կշահեն, դու բան մը չես զգա»,- քմծիծաղեց կինը: 

«16 տարի գնում - գալիս եմ, տղա ջան»,- ասում էր նա ուշիմ վանաձորցուն: Ես մտքումս հաշվեցի` 1992 թվականից սկսած: Հենց այդ ժամանակվանից հայերը սկսեցին մեկնել Թուրքիա` ապրանք բերելու: «Հիմա ով ասես չի գալիս, է~, ի~նչ ժամանակներ էին: Ինձ կըսեին «կոժի պրինցեսա»: Կոժ մենակ ես կբերեի, բոլորը գիտեին, եւ ուրիշները կուգային ինձնից կտանեին: Հիմա էդ մեծ խանութները մեզ խեղդեցին: Իրանք փող շատ ունեն ու մեծ թվով են բերում: Դրա համար էլ մեզ ձեռք չի տալիս»,- մի տեսակ ափսոսանքով ասում էր կինը: 

«Համլետը, որին ես եմ առաջին անգամ հետս բերել Ստամբուլ, հիմա դառել է եսիմ ինչ, այնպե~ս է խոսում: Դրան հետո մի կողմ քաշեցի, ըսեցի` էդ մոռցե՞լ ես, չես հիշու՞մ, ամոթ չես ընե՞ր»: Եւ այսպիսի զրույցներ 36 ժամ շարունակ, ավտոբուսի տարբեր հատվածներում: Մարդիկ հանգիստ էին եւ չէին զգում ճանապարհի երկարությունը, սա իրենց առօրյան է: 

«Սան գյալմա, գյալմա սան» («Դու մի արի, մի արի դու») երգի կրկներգն արդեն սղոցում է ուղեղս, երգն այնքան երկար է, եւ կրկներգն էլ` այնքան հստակ, որ բառերի մեծ մասն այսօր էլ հիշում եմ: Երեւանից դուրս գալուց հետո թուրքական երաժշտությունից հանգստանալու ժամանակը միայն մաքսատների մոտ կանգառներն էին: Մենք նստած էինք ավտոբուսի նստատեղերի երկրորդ շարքում, տեսադաշտը բաց էր, բայց այս առավելությունն արդեն աչքիս չէր գալիս անդադար երաժշտությունն ականջներումս ունենալու պատճառով: Թուրքական երաժշտությունը երեւի մինչեւ Ստամբուլ ուղեկցեր մեզ, եթե չառաջարկեի ֆիլմ դիտել. ավտոբուսում երկու հեռուստացույց կար: Բայց այս հարցում էլ բախտներս չբերեց. կամ չինական ծեծկռտուք էր, կամ էլ` էրոտիկ ֆիլմ: Ավտոբուսում մոտ տասը տարեկան երեխաներ կային: Մի խոսքով` 36 ժամ ձգվող մեր ճանապարհը լցվում էր թուրքական երաժշտությամբ, անհետաքրքիր ֆիլմերով, զանազան ուտելիքների եւ այլ հոտերով: Ավտոբուսը Թուրքիա հասնելու ամենաէժան միջոցն է, տոմսն արժե 80 դոլար: 

Համլետը կնոջ հետ արդեն 8 տարի ապրում է Ստամբուլում: «Կոշիկի ֆաբրիկայում կաբլուկ եմ խփում»,- ասում է նա: Բեռնատարով Հայաստան հարազատներին ապրանք են ուղարկում, նրանք էլ այդ ապրանքը վաճառում են: Համլետն ասում է, որ որոշել է այս օգոստոսին վերադառնալ Հայաստան: Ես հավատացի նրան, բայց հաջորդ օրերին հայաստանցիների հետ հանդիպումներից հետո հասկացա, որ բոլորն են խոսում վերադառնալու մասին, բայց շարունակում են մնալ: 

«Պոլիսը գիտի ամեն մեկիս` որտեղ ենք ապրում, եթե ուզենան, մի գիշերում բոլորիս կհանեն էստեղից»,- պատասխանում է Համլետը, երբ հարցնում եմ, թե ինչ վտանգներ կան այս երկրում ապօրինի գտնվողների համար: Ես չհասկացա, թե ինչու՞ հենց «գիշեր» բառը շեշտեց Համլետը` վախն ուժեղացնելու՞ համար, թե՞ ոստիկաններ էին այցելել նրան գիշերը: Բայց մի քանի օր հետո, հանդիպելով 21 տարեկան մի երեւանցի տղայի, հասկացա, որ նրանց օրերն իսկապես լի են տագնապով: Տղան աշխատանքից գալիս է եւ մինչեւ առավոտ սենյակից դուրս չի գալիս: Ութ քառակուսի մետրանոց սենյակում ոչ մի հրապուրիչ բան չկա, մեր այնտեղ լինելու ժամանակ նույնիսկ հոսանք չկար: Միակ սփոփանքը հարեւան հայերն են` մայր ու որդի, դարձյալ երեւանցիներ: Հայաստանցիների հիմնական մասն ապրում է Բայազետ թաղամասի Թիատրոլ եւ Գետիկփաշա փողոցներում, Գումգափի թաղամասում: Այստեղ է գտնվում կոշիկի, հագուստի, կաշվի ֆաբրիկաների զգալի մասը, նաեւ` Պատրիարքարանն ու Ավետարանչական եկեղեցին: Հայերի ներկայությունն այս թաղամասում զգացվում է ամենուր, երբեմն կարելի է տեսնել հայատառ ցուցանակներ Երեւան զանգելու համար: Գուցե նրանք բնազդո՞վ են հավաքվել Պատրիաքարանի շուրջը, չգիտեմ, կամ նրանց այստեղ է բերել ներքին վախը, կամ` այն, որ այստեղ կան ֆաբիկաներ, առեւտրի մեծածախ կենտրոններ, եւ ամենաէժան բնակարաններն այստեղ կարելի է վարձակալել: 

Այդ փողոցներում ապրում են նաեւ գնչուներ, գավառներից եկած քրդեր եւ հայեր: Ամեն քայլափոխի էժանագին հյուրանոցներ են, որոնց շրջակայքում մարմնավաճառ աղջիկներն են հավաքվում: Կան նաեւ բազմաթիվ գիշերային ակումբներ եւ դիսկոտեկներ, որոնց մուտքերի մոտ կանգնած աշխատակիցները համոզում են անցորդներին ներս մտնել: 

Այս փողոցներով անընդհատ պտտվում են ոստիկանական մեքենաները: Այստեղ է գտնվում նաեւ փախստականներով զբաղվող ոստիկանական բաժանմունքը, որի պատուհանների երկաթյա ճաղերին փռված են շորեր` շապիկներ եւ վարտիքներ, իսկ որոշներից նայում են մարդիկ: Պատուհանների դիմաց ռեստորանների շարք է, որտեղից երեկոյան լսվում են կենդանի երաժշտության եւ զվարճացող այցելուների ձայներ: Տասը րոպե քայլելով` աստեղից կարելի է հասնել Մարմարայի ափ: 

Փաստորեն, հայերն այստեղ մեծամասամբ անօրինական են ապրում, մեկ ամսվա մուտքի վիզայի ժամկետը լրանալուց հետո նրանք պարտավոր են լքել երկիրը: 
«Հա, անօրինական ենք, որ ուզենան, կարող են արտաքսել: Բայց չեն անում: Պոլիսը բռնում է, մի 10, 20 դոլար ենք տալիս, գնում են»,- ասում է ոսկերչություն անող երեւանցի տղան:

«Մեր երկիրը թողել ենք, եկել էս անտերությունը»,- ասում է Համլետը: Հասկացա, որ արդարանալու համար էր ասում. նրան այդ մասին որեւէ բան չէի ասել: Այստեղի հայերն էլ Լոս Անջելեսի հայերի նման մի բարդույթ ունեն. անընդհատ փորձում են իրենց այդտեղ գտնվելն արդարացնել: Համլետը պատմում է, որ արբանյակով «Հ1» է նայում: Մեկ այլ հայաստանցու հարցնում եմ. «Երեխեքն այստեղ դպրոց գնու՞մ են»: Պատասխանում է. «Ի՞նչ դպրոց, դպրոց չկա: Թող երեխեքն էլ աշխատեն, էլի մի բան է, էլի փող է»: Ստամբուլում շատ են ընտանիքներով հայերը, եւ նրանց երեխաները կրթություն չեն ստանում: Ցանկության դեպքում էլ նրանք հայկական դպրոցներ չեն կարող հաճախել, որովհետեւ թուրքական օրենքներն արգելում են երկրում ապօրինի գտնվողների երեխաներին դպրոց ընդունելը: 

«Գումգափի նորեն բնակվեցավ հայերով, ո՞վ կմտածեր»,- ասում է պոլսահայ Գայանեն, ով մեզ ուղեկցում էր Ստամբուլի հայկական թաղամասեր եւ եկեղեցիներ այցելելիս: Անցած դարասկզբին Գումգափին հայաբնակ թաղամաս էր, եւ այսօր այն նորից հայաբնակ է դառնում, բայց այս անգամ` հայաստանցիներով:

«Մենք դրսում վախենում էինք հայերեն խոսել, թուրքերեն էինք խոսում: Մի անգամ տրամվայի մեջ երկու կին բարձր հայերեն էին խոսում` հանգիստ, առանց ուշադրություն դարձնելու կողքիններին: Ես զգացի, թե մենք ինչ վախով ենք ապրել: Կամաց-կամաց մենք էլ սկսեցինք դրսերում հայերեն խոսել: Մենք` վախվորած սերունդս, ցեղասպանությունից հետո այստեղ մի կերպ հայ մնացածներս»,- ասում է Գայանեն:

Երեւան վերադառնալուց հետո հիշեցի, որ Ստամբուլում ամեն օր գնում էինք Պատրիարքարանի փողոց, որտեղ հայեր էին ապրում: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու՞ էինք քայլում այդ փողոցներով, հայաբնակ փողոցներով:

Ստամբուլ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter