HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայաստանցիներն աշխատանք են գտնում Թուրքիայում

Ստամբուլի Հայոց Պատրիարքարանի շրջակայքի նեղլիկ փողոցներով քայլելիս կարելի է լսել արեւելահայերեն խոսողների: Ինտերնետային հեռախոսակապի կետերում նույնիսկ հայերեն տառերով գրություններ կան` «մեկ րոպեի արժեքը...» Երեւան, Վանաձոր խոսելու համար:

Պատրիարքարանի շրջակայքում մոտ 3-5 հազար հայաստանցի է ապրում: Այս թիվը նշեցին համայնքի խնդիրներով հետաքրքված մի քանի պոլսահայեր (նրանց անունները չենք հրապարակում նրանց համար խնդիրներ չստեղծելու նկատառումով): Ստամբուլում հայաստանցիները հազվադեպ են եկեղեցի գնում: Պատճառը, ամենայն հավանականությամբ, վախն է: Եկեղեցիների մուտքերի մոտ դրված են տեսախցիկներ, եւ յուրաքանչյուր այցելու հայտնվում է անվտանգության աշխատակիցների տեսադաշտում: Պատրիարքարանի շենքն ուժեղացված հսկողության տակ է, հենց դիմացը անվտանգության աշխատակիցների տնակն է, տարբեր հատվածներում տեղադրված են տեսախցիկներ: 

Հայաստանցիները Թուրքիա սկսեցին գնալ 1992 թ.-ից: Նրանք իրենց հետ տանում էին զանազան էլեկտրական իրեր, հուշանվերներ, հախճապակե ջահեր, կոնյակ, ինչպես նաեւ` սննդամթերք: Սկզբնական շրջանում, ինչպես պատմում էին պոլսահայերը, օժանդակելու համար գնում էին այդ ապրանքները: «Բայց հետո հասկացրինք, որ դրանք մեզ պետք չեն, այլեւս չենք կարող գնել»,- ասաց Հարությունը: «Ակոսի» լրագրողներից մեկը հիշեց, թե ինչպես երկու կին մի քանի հսկա ճամպրուկներով հայերեն գրքեր էին բերել Ստամբուլ` մտածելով, որ այստեղ հայերեն գիրք չկա: Տեսնելով, որ հայկական ապրանքը չի իրացվում, հայաստանցիները սկսեցին Թուրքիայից ապրանք բերել: Նրանք այստեղ մնալու մասին դեռ չէին մտածում: Վախ կար մեջները: 

«Հայաստանցիներին սկզբից շատ ուրիշ էինք ընդունում: Բերում էինք մեր տուն, գործ էինք գտնում նրանց համար: Մենք բաժակաճառ չունենք: Նրանք մեր տանը այնպիսի բաժակաճառեր էին ասում Նոր տարուն, որ հուզվում էինք: Ասում էին` ժամ առաջ հասնենք տուն, մեր երկիրը: Ես մտածում էի` ասոնք կաշխատեն, փող կհավաքեն, ետ կգնան: Բայց լրիվ հակառակը եղավ` ամուսնացան, կացություն ձեռք բերեցին, քրդերի, թուրքերի հետ ամուսնացան: Հետո բաներ իմացանք, որ շատ զարմացրեց մեզ: Մենք աշխատանք էինք գտնում, իսկ դրա համար մեկը մյուսից կոմիսիոն էր վերցնում: Պասպորտները կվերցնեն մեկը մյուսեն, որպեսզի եթե դրամը չտա, պասպորտը չպիտի տա: Մենք երկու տարի ետքը իմացանք այս բանը»,- հիշում է պոլսահայ Գ.-ն: 

Այնուհետեւ հայերը սկսեցին այստեղ մնալու տարբերակներ գտնել: Թուրքիայի սահմանին ստանում էին 30-օրյա մուտքի թույլտվություն: Մի մասը ժամկետն ավարտվելուց հետո ետ էր գալիս Վրաստան, սահմանն անցնում, այնուհետեւ նորից վերադառնում` ստանալով 30-օրյա մուտքի նոր թույլտվություն: Կանանց որոշ մասն իսկապես ամուսնացավ տեղացիների հետ, չնչին տոկոս են կազմում նրանց մեջ պոլսահայերի հետ ամուսնացածները, մնացածները թուրքերի եւ քրդերի հետ ամուսնացան ու դարձան այդ երկրի քաղաքացիներ: Արվել են նաեւ գործարքներ, ասենք` կանայք «բաժանվել» են իրենց ամուսիններից, ամունացել թուրքերի եւ քրդերի հետ, մեկ-երկու տարի հետո բաժանվել են եւ նորից ամուսնացել իրենց ամուսինների հետ: Մեզ չհաջողվեց պարզել, թե որքան փող են ծախսում նման գործարք կատարելու համար: Ստամբուլում հանդիպեցինք երեւանցի մի կնոջ, որը հենց այս ճանապարհով է քաղաքացիություն ստացել, եւ այսօր նրա ամուսինը եւ երկու երեխաները Թուրքիայի քաղաքացիներ են: Քանի որ ոչ մի հետազոտություն, ուսումնասիրություն չի կատարվել, իրավամբ դժվար է ասել, թե որքան հայաստանցիներ են ընդունել Թուրքիայի քաղաքացիություն: Հայաստանցիների հիմնական մասն ապրում է Թուրքիայի երկու քաղաքներում` Ստամբուլում եւ Տրապիզոնում:

Ինչպիսի՞ աշխատանք են կատարում հայաստանցիները Ստամբուլում: Մի նախադասությամբ կարելի է ասել` ցանկացած աշխատանք: Բայց փորձենք դասդասել: Հիմնական աշխատուժը կանայք են: 

1. Խնամակալ կանայք: Նրանք խնամում են ծերերի եւ երեխաների ամսական 600-700 դոլար աշխատավարձով: Սա համարվում է լավ գործ հայաստանցիների համար, քանի որ այս դեպքում փաստաթուղթ անհրաժեշտ չէ եւ բռնվելու ռիսկ չկա: Նրանք ապրում եւ սնվում են այդ ընտանիքներում: Այսինքն` տուն վարձելու, սննդի վրա փող ծախսելու անհրաժեշտություն չկա: Եթե տերերն առատաձեռն են, ապա աշխատավարձը բարձրանում է մինչեւ 1000 դոլար: 

2. Մեծ խումբ են կազմում տներում մաքրություն անող կանայք: Սա էլ է համարվում լավ գործ: Ամսական վարձատրությունը` 300-500 դոլար կամ ավելին` կախված տանտիրոջից: Կանանց մի մասը նման աշխատանք կատարում է երկու տարբեր տներում: 
Պոլսահայերն ավելի քիչ են վճարում, քան թուրքերը: Եվ լեզուն սովորելուց հետո հայ կանայք աշխատանք են փնտրում թուրքերի մոտ: 

3. Առեւտրի եւ սպասարկման ոլորտում ընդգրկված կանայք: Նրանք աշխատում են վաճառատներում, մեծածախ առեւտրի կետերում, հյուրանոցներում եւ ռեստորաններում: 

4. Կա կանանց մի խումբ, որն ընդգրկված է սեքս-բիզնեսում: Նրանք հիմնականում Տրապիզոնում են եւ ծովափնյա հանգստյան վայրերում: Նրանց թվի մասին էլ ոչ մի տեղեկություն չկա: Բայց Հայաստանում թրաֆիկինգի դեմ եղած դատական գործերում հաճախ կարելի է հանդիպել զոհերի, որոնք սեփական ցանկությամբ կամ խաբեության արդյունքում հայտնվել էին այդ ցանցի մեջ: Կան հայտնի կավատներ, որոնք տարիներ շարունակ հետախուզման մեջ են Հայաստանի իրավապահների կողմից եւ Ինտերպոլով: Նրանք մշտապես բնակվում են Թուքիայում: Նրանցից մեկը` իջեւանցի Գոհարը, ամուսնանալով թուրքի հետ` փոխել է ազգանունը եւ դարձել հայաստանցի կանանց աշխատացնող հիմնական անձը Տրապիզոնում: Բայց սա առանձին նյութ է, եւ «Հետքն» անպայման կանդրադառնա դրան: 

Թուրքիայում հայ կինը, դառնալով հիմնական աշխատուժ, ընտանիքի ամբողջ բեռն իր վրա էր վերցնում, եւ դրանից հետո շատերը սկսեցին ամուսնալուծվել: Պոլսահայ Կ.-ն այսպես է բացատրում ամուսնալուծությունների այդքան մեծ թիվը. «Հոս եկողը բաժնվեցավ: Ամուսինը տանը կնստեր, կինը կաշխատեր: Կինն էլ ազատություն գտավ: Իրավունք ունի, ինքը կաշխատի: Իսկ ամուսինները ոչինչ չէին ուզում անել»:

Աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է տղամարդկանց համար: Նրանք օրինական չեն կարող աշխատել որեւէ ձեռնարկությունում: Հիմնականում աշխատում են ֆաբրիկաներում կամ շինարարության վրա, կան որոշ թվով ոսկերիչներ: Ֆաբրիկաներում նրանք կոշկակարներ են, դերձակներ, բեռնակիրներ: Շինարարությունում հիմնականում բանվորություն են անում: Նրանց բռնվելը կարող է մեծ գլխացավանք դառնալ նաեւ գործատուների համար: Այդ իսկ պատճառով տեղի հայերը զգուշանում են հայաստանցի գործավորներ պահելուց: Ապօրինի աշխատողի համար նախատեսված տուգանքը մոտ 1500 դոլար է: Բռնելու դեպքում ոստիկանությունը միգրանտի աշխատած փողը ձեռքից վերցնում է եւ արտաքսում: Հայտնի չէ` Թուրքիայի բանտերում հայաստանցիներ կա՞ն, թե՞ ոչ: Մի պոլսահայ այսպես ասաց. «Չկան, քանի որ նրանցով զբաղվող չկա: Այսինքն` տեղեկություններ չկան»:

Ինչու՞ Թուրքիայի կառավարությունը չի արտաքսում իր երկրում ապօրինի գտնվող եւ աշխատող հայաստանցիներին: Նախեւառաջ այն պատճառով, որ նրանք քաղաքական խաղաքարտ են իշխանությունների համար, եւ այդ հանգամանքը պարբերաբար օգտագործվում է տարբեր ամբիոններից: Մյուս կողմից` Թուքիային անհրաժեշտ է էժան աշխատուժ, եւ հայաստանցիները համալրել են այդ շուկայի մի փոքր մասը: 

Պոլսահայ Կ.-ն պատմեց, թե ինչ է ասել իր ծանոթ ոստիկաններից մեկը. «Մի պոլիսի հետ խոսեցի, ասաց` մենք չենք ուզում բռնել, էստեղ Հայաստանը դեսպանատուն չունի, եթե բռնենք, մեր միջոցներով պիտի պահենք: Բռնենք ի՞նչ անենք, էդքան ծախսեր պետք է անի պետությունը` բանտերում պահելով: Սակայն պոլիսը գիտի, թե ով որտեղ է ապրում»: 

Ինչու՞ են հայերը Թուրքիա մեկնում: Ի վերջո, յուրաքանչյուր հայ գիտի ցեղասպանության մասին եւ ենթագիտակցության մեջ իր թիվ մեկ թշնամին թուրքն է: Թուրքիան Հայաստանին ամենամոտ երկիրն է, ուր կարելի է հասնել նվազագույն ծախսերով: 100 դոլարով կարելի է հասնել Ստամբուլ կամ Տրապիզոն: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիայում ավելի անվտանգ է, քան, ասենք, Ռուսաստանում: Երրորդ պատճառը` Թուրքիայում ապրելը, տուն վարձելը ավելի էժան է: 

Առեւտրի համար այստեղ իդեալական պայմաններ են: Ապրանքները տեղում գնելով` կարող ես միանգամից ուղարկել ցանկացած ուղղությամբ: Ստամբուլի փողոցներում կարելի է տեսնել ադրբեջանցիների, վրացիների, մոլդովացիների եւ, իհարկե, ռուսների: Խանութներում, ռեստորաններում աշխատանքի ընդունվելիս ռուսերենի իմացությունն արդեն առավելություն է համարվում:
Մի խոսքով` Ստամբուլը գայթակղում է ոչ միայն իր ծովերով, պատմական հուշարձաններով, բարենպաստ եղանակով, այլեւ առեւտրի կենտրոն է` էժան ուտելիքներով եւ էժանագին հագուստներով հրապուրող: 

Երբ պոլսահայ Գայանե Չալըքյանին հարցրի Թուքիայի հայ համայնքի մասին, միանգամից արձագանքեց. «Մեզ գաղութ մի ըսեք»: Այսօր Սասունում ապրող հայի մասին Թուրքիայի հայ գաղութի ներկայացուցիչ ասելն, իսկապես, անհեթեթություն է, նա իր ծննդավայրում է ապրում, այնտեղ, որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել: «Մեր համայնքն ամենադժբախտ համայնքն է: Եվ գաղութ է, եւգաղութ չէ: Գաղութ է այն իմաստով, որ Իստամբուլը հայու հող չի: Գաղութ չէ, քանի որ Թուրքիո մեջ է, որտեղ իմ հայրենիքն է եղել: Մենք հոս ծնած ենք, հայրս էլ, մեծ հայրիկս էլ: Հազարավոր տարիներ մենք հոս ենք»,- ասում է պոլսահայ Ժան Գավրիլովը: Նրա պապը գաղթից հետո Ռուսաստանում չկարողանալով ապրել` 1920-ին վերադարձել է Թուրքիա, եւ երբ սահմանին հարցրել են ազգությունը, ասել է` ռուս եմ, իսկ ազգանունը` Գավրիլով: 

Ստամբուլ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter