HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայ-թուրքական «համագործակցություն». հայ կանայք թրաֆիքինգի զոհ են դարձել Անթալիայում

Լաուրա Ազարյանը 2001 թ. միայնակ մեկնել է Թուրքիա, որտեղ ամուսնացել է ազգությամբ թուրք Ումիթ Ռամազան Փուջլուի հետ: 2008 թ. նա զանգահարել է հարազատ եղբորը` Գագիկ Կարապետյանին, և հայտնել, որ ամուսնու հետ Թուրքիայում կազինո ունեն: Նա եղբորն առաջարկել է Հայաստանում գտնել երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ ու տեղափոխել իրենց մոտ` կազինոյում «սեղան գցող» աշխատելու համար:

Գագիկը, հասկանալով քրոջ` Լաուրայի և վերջինիս ամուսնու հանցավոր մտադրությունը, շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու վերաբերյալ նախնական բանավոր համաձայնության է եկել նրանց հետ:

Սա հատված էր Լաուրայի և Գագիկի դեմ հարուցված քրեական գործի նկարագրական մասից: Այն այժմ քննվում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

Գագիկ Կարապետյանը նախաքննական ցուցմունքում նշել է, որ երկար տարիներ Ուկրաինայում բնակվելուց հետո Հայաստան է վերադարձել 2008 թ. փետրվարին: Դրանից մոտ երկու ամիս անց Թուրքիայում ապրող քրոջից աղջիկներ հավաքագրելու առաջարկը ստանալուց հետո վերջինիս հայտնել է, թե նման աղջիկների տեղ չգիտի: Բայց քանի որ քույրը շարունակել է պնդել, իսկ ինքն էլ ամաչել է, այդ հարցով դիմել է իրենց հետ խնամիական կապի մեջ գտնվող Արմինեին:

«Անցյալ տարվա մայիսն էր: Գագոն մի օր եկավ մեր տուն, բա` եղբայրս` Ռուբոն, Ուկրաինայում ռեստորան է բացել, որ մի 4-5 լավ աշխատող լինի, կգնանք հայկական ուտեստներ կսարքենք, լավ կլինի: Ասացի` ինչ լավ ա, ես էլ կգամ»,- դատարանում պատմեց 51-ամյա Արմինեն: Նրա միջոցով Գագիկը ծանոթացել է որպես հավաքարար աշխատող 49-ամյա Ռիմայի հետ:

«Մի քանի օր հետո Գագոն ասաց, թե պետք է Թուրքիա գնանք, քույրս էնտեղ տուն-տեղ, կազինո-բար ունի, կգնանք իրա մոտ կաշխատենք: Ամսական 500 դոլարով ես բարում պետք է կասիր աշխատեի, Ռիման էլ` աման լվացող: Բարեկամի տեղ դրած` վստահեցի, ու գնացինք»,- շարունակում է Արմինեն:

Գագիկը հոգացել է բոլոր ծախսերը, և Արմինեն ու Ռիման նրա ուղեկցությամբ անցյալ տարվա մայիսի 31-ին ավտոբուսով մեկնել են Տրապիզոն, այնտեղից` Անթալիա:

«Մեզ դիմավորեցին Լաուրան ու նրա թուրք ամուսինը: Շատ լավ ընդունեցին, պատվեցին, հյուրասիրեցին: Տարել են ծով, քաղաքն են ման տվել: Բայց մի 10 օր հետո ես եկա Հայաստան` գործեր ունեի: Էդ ընթացքում անընդհատ հարցրել եմ, թե ո՞ր բարում ենք աշխատելու, խի՞ չեք ցույց տալիս, Լաուրան ասում էր` ստեղից հեռու է, դու գնա Հայաստան, հետ կգաս, կսկսենք աշխատել»,- պատմում է Արմինեն:

Լաուրան դատարանում տված ցուցմունքում նշեց, թե ինքը եղբորը ոչ մի բան չի պատվիրել և իր համար անակնկալ է եղել, երբ Գագիկը Թուրքիա է ժամանել ոչ թե մենակ, այլ երկու կանանց հետ:

«Արմինեն մեր խնամին է, բայց Ռիմային ես առաջին անգամ էի տեսնում: Արմինեն ասաց` Լաուր ջան, Ռիման ինձ 2000 դոլար պարտք է, խնդրում եմ, թող աշխատի, պարտքս տա: Ասացի` ինքը հիվանդ կին է, բարում չի կարող աշխատել: Որ շատ խնդրեց, որպես խնամի, չմերժեցի: Ասացի` լավ, թող մնա, սեպտեմբերից ֆաբրիկան կբացվի, այնտեղ միրգ կջոկի, փող կստանա ու քո պարտքը կտա»,- ասում է Լաուրան:

Մինչդեռ Ռիման դատարանին հայտնեց, որ Արմինեի գնալուց հետո Լաուրան իրեն առաջարկել է ամսական 300 դոլարով աշխատել իրենց տանը. «Լվացք էի անում, ամաններն էի լվանում, մաքրություն էի անում, ամեն ինչ արել եմ: Վեց ամիս մնացել եմ, բայց երբևէ գումար չեն տվել»,- հիշում է Ռիման:

Ըստ քրեական գործի` տեղեկանալով, որ «Ռիմայի քույրն ունի երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ, Թուրքիայում շահագործման ենթարկելու նպատակով, Հայաստանում անձամբ նրանց հավաքագրելու համար նախնական համաձայնության գալով եղբոր` Գագիկի և ամուսնու` Ումիդի հետ, Լաուրան 2008 թ. հունիսին թուրք ամուսնու հետ եկել է Հայաստան ու Արմինեի միջոցով ծանոթացել այդ աղջիկների` 20-ամյա Իրինայի և 18 տարին չլրացած Նվարդի հետ»:

«Լաուրան ինձ և քույրիկիս համոզում էր գնալ Թուրքիա: Անընդհատ խոսում էր մեր վատ պայմանների մասին, ասում էր` էս ինչ վիճակում եք ապրում: Ինձ միշտ ասում էր` շատ սիրուն ես` փորձելով այդ կերպ համոզել,- քննիչին պատմել է Նվարդը:- Ես նոր էի ավարտել դպրոցը և անձնագիր դեռ չէի ստացել: Լաուրան ասում էր` ոչինչ, ինչքան պետք է, կսպասեմ: Ես չհամաձայնվեցի, բայց քույրս միամիտ էր, հավատաց ու գնաց»:

«Մենք, իրոք, նյութապես շատ ծանր պայմաններում էինք ապրում, 1200 դոլար պարտք ունեինք: Ես սովորում էի Երևանի պետական բուհերից մեկում: Քանի որ ամառային արձակուրդ էր, որոշեցի 2 ամսով գնալ Թուրքիա,- պատմում է Իրինան: – Լաուրան ասում էր, որ բարում ամսական 500 դոլարով պետք է թեյ բաժանենք: Նույնիսկ խոստանում էր, որ եթե դուրս չգա, հենց երկրորդ օրը կարող եմ վերադառնալ: Իսկ մայրիկիս ասում էր` քո աղջիկն իմ աղջիկն է, իմ աղջկա պես կվերաբերվեմ»:

Իրինան Լաուրայի ասածներին հավատացել է նաև այն պատճառով, որ այդ օրերին հեռախոսով իր հետ խոսել է արդեն Թուրքիայում գտնվող մորաքույրը` Ռիման, և վստահեցրել, որ ամեն ինչ լավ է:

Դատարանում հարցաքննվելիս Ռիման հայտնեց, որ ամեն անգամ հեռախոսով խոսելիս Գագիկը «կանգնած է եղել» գլխին և ինքը չի կարողացել պատմել իրականությունը: Ավելին, ըստ Ռիմայի` Թուրքիայում իբրև «գլխացավի դեղ» Գագիկն իրեն տվել է ինչ-որ հաբեր, որոնք օգտագործելուց հետո «խմածի պես անջատվել է»:

Թուրքիայում հեշտ փող աշխատելու և լավ կյանք տեսնելու Լաուրայի խոստումներին հավատացել է նաև 1985 թ. ծնված Նունեն: Վերջինս Իրինայի հետ ազգությամբ թուրք Ումիթ Փուջլուի ուղեկցությամբ 2008 թ. օգոստոսի 8-ին մեկնել է Անթալիա: Իսկ Լաուրան մնացել է Հայաստանում, քանի որ Թուրքիայից վերադառնալիս, վիզայի ժամկետները խախտելու համար, նրան այդ երկրից արտաքսել են: Ու որպեսզի կարողանա նորից մեկնել Թուրքիա, նա Հայաստանում ձևական «զագսավորվել» է Ազարյան ազգանունով մի տղամարդու հետ և իր օրիորդական Կարապետյան ազգանունը փոխարինել Ազարյանով:

«Վիզայի և ճանապարհածախսի հետ կապված բոլոր հարցերը կարգավորեցին Լաուրան և Ումիթը: Երբ հասանք Անթալիա, առաջին 4 օրը մեզ շատ լավ ընդունեցին, տարան տեսարժան վայրեր, ծով: Հետո իբր հյուրասիրելու համար տարան կազինո-բար, որն իրականում գիշերային ակումբ էր,- պատմում է Իրինան,- սկզբում մեծ սեղան էր, դրա շուրջ նստած էին բավականին տարիքով թուրք կանայք` կարճ շրջազգեստով, անբարոյականի շորերով, որոնք աշխատում էին հաճախորդներին գրավել ու զվարճացնել: Մեզ հենց բարում Ոմիթն ու Գագիկն ասացին` դուք էլ եք նույն բանն անելու»:

« …սպառնալով օտար վայրում մենակ, սոված և առանց անձնագրի թողնել, նրանց զրկելով իրենց կամքով ազատ տեղաշարժվելու, Հայաստան վերադառնալու հնարավորությունից` Ումիթ Փուջլուն, Գագիկ Կարապետյանը, Լաուրա Ազարյանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ, աղջիկներին պարտադրել են Անթալիա քաղաքում գործող, իրականում այլ անձի պատկանող «Մելոդի» և «Կարդիլա» գիշերային կազինո-բարերում, իրենց կամքին հակառակ, պարել պորտապար և կատարել հաճախորդների ցանկությունները, այն է` նստել նրանց գիրկը, թույլատրել համբուրել իրենց և ձեռք տալ մարմնի ինտիմ մասերին»,- նշված է քրեական գործում:

« …քանի որ ուրիշ ելք չունեինք, մենք ստիպված գնում էինք բար ու զզվելով հաճախորդներին զբաղեցնում: Նրանց խմած ամեն բաժակի համար մեզ թևնոցներ էին տալիս, որոնց դիմաց բարմենը գումար էր տալիս: Այդպես օրական մենք աշխատում էինք ամենաքիչը 200 դոլարին համարժեք գումար, որն ամբողջությամբ Ումիթը և Գագիկը վերցնում էին ու մեզ ընդհանրապես փող չէին տալիս: Նույնիսկ, եթե փողը քիչ էր լինում, նրանք զայրանում էին, որ լավ չենք աշխատում:

Մենք օրական մեկ անգամ էինք հաց ուտում, քնում էինք հատակին: Մեզ ընդհանրապես չէին թողնում տանից դուրս գալ` վախենում էին, որ ոստիկանները կբռնեն ու ամեն ինչ կիմանան: Տանը դուռը փակում էին մեզ վրա, իսկ բար տանում էին մեքենայով»,- նախաքննության ժամանակ պատմել է Նունեն:

«Չեք պատկերացնում` արցունքներս խեղդում էին, բայց ես ինձ զսպում էի և ձևական ժպտում հաճախորդներին, որ հանկարծ չբողոքեն: Որովհետև այդ դեպքում տնօրինությունը բարկանում էր Ումիթի վրա, արդյունքում Գագիկը սկսում էր ինձ սպառնալ, մի քանի անգամ ապտակել է: Ասում էր, որ լավ չեք աշխատում, ուրեմն չպետք է ուտեք: Լողանում էինք սառը ջրով, որովհետև Գագիկն ասում էր` տաք ջուրը հոսանք է ծախսում:

Հենց առաջին օրվանից Գագիկն իմ նկատմամբ ուրիշ ձև էր տրամադրված, ասում էր` ես քեզ սիրում եմ, կենակցելու առաջարկություն էր անում, ասում էր` եթե հետս չամուսնանաս, 10-րդ հարկից կգցեմ… Անձնագիրս վերցրել էին և տալիս էին միայն աշխատանքի ժամանակ, քանի որ պոլիսից կարող էր մարդ գալ: Ես միշտ սպասում էի, ասում էի` Աստված ջան, գոնե մի հատ ոստիկան գա, բայց այդպես էլ ոչ ոք չէր գալիս»,- հիշում է Իրինան:

«Ես 40 տարեկան տղա եմ և կյանքում ինձ նման բան թույլ չէի տա: Իրինան հետս լավ չէր, որովհետև մաքրության հետ կապված ես նրան նկատողություն էի անում»,- դատարանում հայտարարեց Գագիկը` նշելով, որ վերջինիս ամուսնության առաջարկ արել է կատակով: Իսկ նրա քույրն ասաց, թե ինքը Հայաստանում է եղել և «ոչ մի բանից» տեղյակ չէ:

«Զանգել ամուսնուս հարցրել եմ` աղջիկները հարմարվե՞լ են, ասել ա` հա: Նույն բանն ասել են աղջիկները: Այնտեղ իրենք մեկ շաբաթից ավել ման են եկել, ես իրենց օթևան եմ տվել, ես նման բան անող մարդ չեմ: Ես նույնիսկ շատ եմ նեղվել, որ ամուսինս այդ աղջիկների հետ գնացել է ծով: Ամուսնուս հեռախոսով ասել եմ` մեր հարևաններից չե՞ս ամաչում, որ 10-րդ հարկից իջել, էդ աղջիկների հետ նստել ես մեքենան ու գնացել ծով: Ասել եմ` հենց հիմա նրանց ետ ուղարկիր»,- ասաց Լաուրան` ժխտելով իր մասնակցությունն աղջիկներին հարկադիր աշխատանքի և սեռական այլ շահագործման մեջ ներգրավելու գործում:

«Աղջիկների գնալուց մոտ 10-15 օր հետո Իրինան Թուրքիայից թաքուն զանգեց ինձ և ասաց, որ Լաուրան խաբել է. իրենք անվայել աշխատանք են կատարում,- հիշում է Արմինեն, որն այս գործում ներգրավված է իբրև վկա:- Անմիջապես գնացի Լաուրայի մոտ, բա` ըտենց բան չկա, սուտ են խոսում: Զանգեց ամուսնուն` Ումիթին, թուրքերեն էր խոսում, բայց ես հասկացա, որ ջղայնանում էր աղջիկներին հեռախոս տալու համար: Միանգամից գնացի ոստիկանության բաժին ու պետին ամեն ինչ պատմեցի»:

Ըստ Արմինեի ներկայացրած ժամանակագրության` ամենաուշը 2008 թ. օգոստոսի 25-ին իրավապահներն արդեն տեղյակ էին Լաուրայի իրական գործունեության մասին: Սակայն սեպտեմբերի 3-ին նա անարգել հատել է Բագրատաշենի սահմանը և անձամբ Բաթումի մաքսակետ փոխադրել ու այնտեղ սպասող թուրք ամուսնուն հանձնել 1979 թ. ծնված Լիլիթին և նրա 8-ամյա դստերը:

Շարունակելի

Հ.Գ. Հոդվածում վկաների եւ տուժողների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter