HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մեղադրողը պահանջում է քրոջը դատապարտել 11, եղբորը` 8,5 տարվա ազատազրկման

Լաուրա Ազարյանն անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին անարգել հատել է Բագրատաշենի սահմանը և անձամբ Բաթումիի մաքսակետ փոխադրել ու այնտեղ սպասող թուրք ամուսնուն հանձնել 1979 թ. ծնված Լիլիթին և նրա 8-ամյա դստերը: Մինչդեռ դրանից մոտ 10 օր առաջ ոստիկանությունում արդեն տեղյակ էին, որ Լաուրայի նախաձեռնությամբ Թուրքիայում հայտնված հայ աղջիկները ենթարկվում են թրաֆիքինգի:

Հիշեցնենք, որ դեռևս 2008 թ. մայիսին Լաուրայի առաջարկով նրա եղբայրը` Գագիկ Կարապետյանը, Թուրքիայում ապրող քրոջ կազինո-բարում ամսական 500 դոլարով իբրև աման լվացող աշխատելու համար Անթալիա էր տեղափոխել 49-ամյա Ռիմային: Այնուհետև թուրք ամուսնու` Ումիթ Ռամազան Փուջլուի հետ Հայաստան ժամանած Լաուրան նույն աշխատավարձով մատուցողուհի աշխատելու խոստումներով օգոստոսի 8-ին ամուսնու ուղեկցությամբ Թուրքիա էր ճանապարհել 20-ամյա Իրինային և 23-ամյա Նունեին:

Սակայն Անթալիայում, ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, Ռիման, իր կամքին հակառակ, ներգրավվել է հարկադիր աշխատանքի մեջ` առանց վարձավճարի Լաուրայի տանը կատարելով տնային աշխատանքներ: Իսկ աղջիկները տարբեր կազինո-բարերում հարկադրաբար զվարճացրել են հաճախորդներին` ենթարկվելով սեռական այլ շահագործման:

«Սեպտեմբերի 3-ին, քանի որ լրանում էր մեր Թուրքիայում մնալու ժամկետը` մեկամսյա տուրիստական վիզան, Ումիթն այն երկարացնելու համար ինձ ու Նունեին տարավ մաքսատուն: Բաթումիի մաքսատանն անակնկալ հանդիպեցինք Լաուրային: Նա իր հետ Թուրքիա էր տեղափոխում մի նոր աղջկա` Լիլիթին և նրա դպրոցական աղջկան,- պատմում է Իրինան:- Նունեի անձնագրում ինչ-որ կնիքի խնդիր կար, և Լաուրան որոշեց, որ նրան պետք է տանի Բագրատաշենի մաքսատուն ու այդ հարցը լուծի: Ես լաց լինելով ասացի` Լաուր քույրիկ, չեմ ուզում աշխատել, ինձ տար Հայաստան: Ասաց` սպասի, Նունեի հարցերը կլուծեմ, միասին կգնանք Թուրքիա ու 2 օրից քեզ ետ կուղարկեմ: Ինձ թողեցին Վրաստանում`մի կնոջ իջևանատանը, ու իրենք գնացին Բագրատաշեն»:

Դատարանում Լաուրան հայտարարեց, թե Իրինայի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում. «Որ սահմանի վրա էինք, մայրս զանգեց և ասաց, որ Արմինեն մի 10 ոստիկան է ուղարկել մեր տուն, դաժե հավաբունն էին խուզարկել: Ես Իրինային ասացի` Արմինեի հետ ընդհարվել եմ, ինքը միլիցիա է բերել մեր տուն, քեզ պետք է ուղարկեմ Հայաստան: Իրինան էլ ասաց` ես չեմ ուզում ետ գնալ, իմ վիճակը Թուրքիայում շատ լավ է, ուզում եմ մնալ, փող աշխատել: Նույնիսկ մինչև իմ բռնվելը նա սպասել է, որ էլի պիտի գար Թուրքիա աշխատելու»:

Ասվածը, թերևս, քննություն չի բռնում այն փաստի հետ, որ Իրինան Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո ոստիկանությունում հաղորդում է տվել կատարված հանցագործության մասին: Նա Վրաստանի իջևանատնից, մինչ Լաուրայի վերադառնալը, Երևան է հասել այս գործում որպես վկա ներգրավված Արմինեի վրացի ծանոթների օգնությամբ:

Բագրատաշենից գալով Բաթումի և Իրինային այնտեղ չգտնելով` Լաուրան արդեն Լիլիթին ու Նունեին ամուսնու հետ ուղարկել է Անթալիա, իսկ ինքը դարձյալ անխոչընդոտ հատել է Բագրատաշենի սահմանը և վերադարձել Հայաստան, քանի որ թուրքերը կրկին մերժել են նրան մուտքի վիզա տրամադրել:

Հայաստանում Լաուրան ձերբակալվել է ավելի քան մեկ ամիս անց` հայտնաբերվելով ոչ թե իրավապահների, այլ տուժող Նունեի մոր ջանքերով:

«Լաուրան թաքնվել էր քեռու տանը` Գեչեռլու գյուղում: Նրա հին անձնագիրը` Կարապետյան ազգանունով, միլիցիայում էր: Ասում էր` օգնիր պասպորտս վերցնեմ, կգնամ Թուրքիա, աղջկադ շատ լավ հետ կուղարկեմ. հետը օժիտ կդնեմ, լավությանդ տակից դուրս կգամ: Քանի որ Նունեն Անթալիայում էր` իր եղբոր և ամուսնու մոտ, Լաուրայի մտքով չէր անցնում, որ ես կարող է իրեն խաբեմ: Բայց ես խաբեցի. նստեցրի տաքսին, իբր գնում էինք անձնագիրը պասպորտ սեղանի պետից վերցնելու, տարա տվեցի միլիցեքի ձեռքը»,- պատմում է Նունեի մայրը:

Այդ ընթացքում Նունեն Լիլիթի հետ Անթալիայի գիշերային կազինո-բարերում շարունակել է հարկադրաբար պորտապար պարել և «զբաղեցնել հաճախորդներին»:

Ամուսնալուծված Լիլիթը քննիչներին ասել է, թե ութամյա դստերը հետը Թուրքիա էր տարել, որպեսզի հարևանները վատ բան չմտածեն: Նրա և Լաուրայի մայրերը երկար տարիների ընկերուհիներ են, ուստի Լիլիթը չի կասկածել «մատուցող աշխատելու և լավ կյանք տեսնելու» շքեղ խոստումներին: Անթալիայում «աշխատանքի» ժամերին նա դստերը թողել է Ռիմայի խնամքին:

«Ես վերադարձա Թուրքիա, քանի որ Լաուրան ինձ համոզեց, որ մի քանի օր հետո ուղարկելու է Հայաստան ու իմ փողերը տալու է… Դրանից հետո ինչպես մեր, այնպես էլ Հայաստանում մեր ծնողների հորդորներից հետո, Ումիթը և Գագիկը հոկտեմբերի 13-ին մեզ ճանապարհեցին Հայաստան: Նրանք իմացել էին, որ Հայաստանում Լաուրային բռնել էին ու վախեցել էին»,- նախաքննական մարմնին պատմել է Նունեն:

Աղջիկներին ճանապարհելուց հետո Գագիկ Կարապետյանը և Ումիթ Փուջլուն կազինո-բարում պորտապար պարել և հաճախորդներին զվարճացնել են ստիպել նույնիսկ 49-ամյա Ռիմային: Այս մասին նա հայտնեց նաև դատարանում:

«Հետո Գագոն զանգեց քրոջս և ասաց, որ ես Հայաստան չեմ գնա, քանի դեռ Լաուրան չի ազատվել: Հարազատներիս սպառնում էր, որ գնային ու Լաուրայի դեմ տված ցուցմունքները հետ վերցնեին: Իսկ ինձ ինքն ու Ումիթն ասում էին, որ կվառեն կամ կվաճառեն, ընտանիքիս կմորթեն,- պատմում էր Ռիման:- Մի օր էլ` նոյեմբեր ամսին, փոլիսը եկավ մեր տուն, տեսավ, որ ես աման եմ լվանում: Անունս հարցրին ու ասացին` գիտե՞ս, դու Հայաստանում ռոզիսկի տակ ես: Ինձ ու Գագոյին տարան հատուկ ճամբար ու որոշ ժամանակ հետո դեպորտ արեցին Հայաստան»:

Այս տարվա ապրիլի 23-ին հարուցված քրեական գործից առանձնացվել է ազգությամբ թուրք Ումիթ Ռամազան Փուջլուի վերաբերյալ մասը և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ քույր ու եղբայր Լաուրայի և Գագիկի մասով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է նաև դատաքննության փուլը:

Նախորդ նիստին մեղադրող Արթուր Ղամբարյանը դատարանին միջնորդեց Գագիկ Կարապետյանին դատապարտել 8,5 տարվա ազատազրկման` որպես վերջինիս պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դիտարկելով այն իրողությունը, որ «դատաքննության ընթացքում ամբաստանյալը նպաստել է գործի իրական հանգամանքների բացահայտմանը, դատարանում տվել է, ընդհանուր առմամբ, իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, հանցավոր խմբում ունեցել է պասիվ, երկրորդական դերակատարություն»:

Մեղադրող-դատախազը Լաուրա Ազարյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում: Վերջինս դատավարության ընթացքում այս կամ այն անձի հարցաքննության կամ որևէ մեկի նախաքննական ցուցմունքների հրապարակման ժամանակ հայտարարում էր, թե «քննիչը միայն երկու վկայի հետ է առերս հարցաքննություն անցկացրել», և ինքը «չի կարողացել անցկացնել իր ճիշտը»:

Ի պատասխան` մեղադրող Ղամբարյանը դատավորի թույլտվությամբ հրապարակում էր նրա հետ անցկացված առերես հարցաքննությունների արձանագրությունները:

«Նախաքննության ընթացքում փորձ է արվել առերեսում կատարել: Բայց պաշտպանական կողմը շատ ժամանակ հրաժարվել է դրանից` պարզապես լքելով քննչական սենյակը»,- նկատեց դատախազը:

Նախաքննության ժամանակ ամբաստանյալներն օգտվել են փաստաբանի ծառայություններից, սակայն դատարանում իրենց շահերը պաշտպանում են անձամբ: Նրանց խնդրանքով` դատավոր Սուրեն Մնոյանը հաջորդ նիստը նշանակեց ավելի քան 3 շաբաթ անց, որպեսզի քույր ու եղբայր ամբաստանյալները պատրաստեն իրենց պաշտպանական ճառերը:

Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter