HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Հրանտը մեր զոհն էր»,- ասում է պոլսահայ Ժանետը

Ստամբուլի հայ համայնքն ամենալքվածն է Հայաստանի կողմից: Թուրքիայի հայերը որեւէ ձեւով չեն զգում Հայաստանի ներկայությունը: Իսկ հայերը Ստամբուլում եւ Արեւմտյան Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերում մնացել են հայ` նույնիսկ չիմանալով լեզուն, ընդունելով մահմեդականություն, փոխելով ազգությունը, անուններն ու ազգանունները:

Միեւնույն է` նրանք մնացել են հայ, քանի որ նրանց անվանում են գյավուր, իսկ բնակավայրը` գյավուրների գյուղ: Չգիտեմ` գուցե կգա ինչ-որ ժամանակ, որ նրանք իրենց ինքնության մասին բացահայտ կհայտարարեն, բայց այսօր իրականությունը դա է: Լիբանանի, Սիրիայի, Իրանի հայկական համայնքների հետ որեւէ առնչություն չունի Թուրքիայի հայ համայնքը: Համենայնդեպս Անատոլիայից Ստամբուլ եկածները փորձում են վերագտնել իրենց, եկեղեցի գնալիս նստում կամ կանգնում են հեռու մի անկյունում, չեն շփվում պոլսահայերի հետ, իսկ «քաղքենի» պոլսեցիները նրանց չեն էլ թողնում մոտենալ իրենց: Ճիշտ նույն պոլսահայերն են, ինչպես ժամանակին նկարագրում էր մեծ երգիծաբանը՝ Հակոբ Պարոնյանը, ում կիսանդրին տեղադրված է Օրթագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: 

Հունիսի վերջին կիրակին Ս. Հարություն եկեղեցում էինք: Բակում մեկ տասնյակի հասնող ծերունիներ էին հավաքված: Նրանցից հեռու նստած էր երեսունին մոտ մի կին: Դիմագծերը կոպիտ էին, ձեռքերը՝ կոշտ, զգացվում էր գյուղացի լինելը: Նա միայնակ հեռվում նստած էր, կարծես սահմանագիծ կար եկեղեցու բակում սեղանի շուրջ նստած պոլսահայերի եւ նրա միջեւ, եւ ինքը չի կարող անցնել այդ սահմանը: Հետո իմացա, որ սասունցի հայ է եւ միայն վերջերս է տեղափոխվել Ստամբուլ, հայերեն ոչ մի բառ չգիտի: Միանգամից հիշեցի «Ակոս» թերթի աշխատակից Բագրատ Էստուկյանի ասածը. «Երբ ասում ենք Ստամբուլի հավաքականություն, պետք է հասկանալ մի որոշ քաղքենի կենցաղ: Այդ քաղքենի կենցաղը հայ տեսնել կուզե միայն իր նմանը: ...Այն հայերը, որոնք երկար տարիներ մնացել են Ստամբուլից դուրս վայրերում, իրենց ինքնությունը պահած են կամ նույնիսկ կորցրել են, բայց այսօր գիտակցում են: Ահավասիկ այդ զանգվածն էլ չի կարողանում պոլսահայերի ամբողջության մեջ թափանցել»: 

Սուրբ Հարությունը գողտրիկ մի եկեղեցի է, պոլսահայերն այն անվանում են նաեւ ձկնորսների եկեղեցի: Դարեր շարունակ հայերը Ստամբուլում զբաղվում էին ձկնորսությամբ, ձկնորսների ընտանիքները հաճախում էին այդ եկեղեցի, նրանց սերունդները այսօր շարունակում են գնալ նույն եկեղեցին: 
Ստամբուլի գործող հայկական եկեղեցիների թիվն այսօր 36 է: Սակայն եկեղեցի հաճախողների թիվը տարեցտարի նվազում է, հատուկենտ երիտասարդների կարելի է հանդիպել այնտեղ կիրակի օրերին: 

Պարոնյանն իր «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» ստեղծագործության մեջ, նկարագրելով Բերայի թաղը եւ նրա բնակիչներին, գրել է. «Թաղիս մեջ չորս եկեղեցի կա. Ս. Երրորդություն, Խոր Վիրապ, Ոսկեբերան եւ Ս. Հարություն, եւ այս չորս եկեղեցիներու մեջ չորս բարեպաշտ քրիստոնյա չկա»: Չորս բարեպաշտ քրիստոնյայի խնդիրը միայն պոլսահայերի մեջ չէ: Այսօր Երեւանում եկեղեցիներ են կառուցում այլ «բարեպաշտ» քրիստոնյաներ, նրանք գողանում են ժողովրդից ու գողացածով սեփական եկեղեցի կառուցում, հետո բարեգործություններ են անում, ժողովրդից գողացածից մի փշրանք ետ տալով` փառաբանվում են հեռուստաալիքներով, թերթերում: «Բարեպաշտ» քրիստոնյայի խնդիրը հավերժական թեմաներից է, որ հիշեցի այստեղ, Պարոնյանի հայրենիքում: 

«Այս թաղին մեջ կը բնակին ազգին ամենեն նշանավոր հարուստ ազգայիններն, որք վերջին տարիներս իրենց քսակը բացած են բարենպատակ գործերու համարգմիայն այն տեսակ բարենպատակ գործերու համար կուտան, որոնց շնորհիվ իրենց անունները լրագիրներուն մեջ կը հրատարակվին եւ իրենք ալ կը փառավորվին.իսկ լումա մը չեն տար այն բարենպատակ գործերու համար, որք ազգին պատիվն ու փառքը կը կազմեն. վասն զի այդ լուման լրագիրներու մեջ պիտի չհրատարակվի, եւ մեծ անխելքություն է, որ մեկն ազգին երկու դահեկան տա եւ անունը լրագիրներու մեջ չհրատարակվի»,- գրել է Պարոնյանը: 

Պոլսահայերի, թուրքերի հետ բոլոր զրույցները ինչ-որ պահի վերածվում են Հրանտ Դինքի մասին զրույցի: Տաքսու մի վարորդ, երբ իմացավ հայաստանցի ենք, ասաց, որ ինքն ալեւի է (ուղղություն մահմեդականության մեջ, որի հետեւորդները մզկիթ չեն գնում - Է.Բ.), եւ հայերն ու ալեւիները եղբայրներ են: Այդ եղբայրությանը ես, իհարկե, չհավատացի, բայց փաստն այն է, որ ալեւիներն այսօր Թուրքիայում ճնշումների են ենթարկվում, իսկ Հրանտ Դինքը նաեւ Թուրքիայի ճնշված փոքրամասնությունների խնդիրները ներկայացնողն էր: Ալեւի տաքսիստն ասում է, որ Հրանտի հուղարկավորության օրը ալեւիներն այնտեղ էին: «Մենք լացում էինք,- ասաց հաղթանդամ թուրքը եւ շարունակեց,- երեսուն միլիոն ալեւի կա Թուրքիայում, քսան մլն քուրդ, թուրքերը ընդամենը 20 մլն են, մենք հաղթելու ենք»: 

Դինքը սովորական թուրքերին ստիպել է մտածել եւ իրենք իրենց հարցեր տալ: Նրա հեռուստատեսային բանավեճերը, հարցազրույցները հասկանալի էին դարձնում թուրքերին հայերի խնդիրը: Դինքը թուրքի համար դարձել էր հայի խորհրդանիշը, եւ նա շատ համակրելի էր, նրա անմիջականությունը գերել էր թուրք մտավորականներին, քաղաքական գործիչներին, որոնք, կարծես թե, «պարտվում» էին նրա հետ բանավիճելիս: Բայց Դինքն ուներ մեկ այլ առաքելություն. նա նաեւ հայերին ստիպեց լսել իրեն, որովհետեւ Ցեղասպանության եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման մասին իր տեսակետները տարբերվում էին ընդունված կարծիքներից: Եւ դժվար էր Դինքի հետ բանավիճելը, նրա անկեղծության առաջ բոլորն, իսկապես, պարտվում էին: 

Դինքը թուրք ազգայնամոլների համար ամենավտանգավոր հայն էր, եւ պատահականություն չէր նրա մահը: Արդեն իսկ հայտնի է դարձել, որ դա կազմակերպվում էր վաղուց: Դինքը, սակայն, ընդունելի չէր նաեւ որոշ հայկական շրջանակների համար թե Ստամբուլում, թե Հայաստանում, թե սփյուռքում: Բավական է նշել երկու փաստ` հասկանալու համար Հրանտ Դինքի վիճակը: Պատրիարք Մութաֆյանը արգելել էր եկեղեցիներին հայտարարություն տալ «Ակոսում», իսկ սփյուռքում նրան լրտես էին համարում:

«Ու՞մ ճնշումն էր ավելի մեծ Հրանտի վրա: Թուրքիո կառավարությա՞ն, թե՞ հայ եկեղեցվոյ: Բոլոր կողմերից հարձակվում էին Հրանտի վրա: Եվ բոլորս հետեւում էինք, կարծես կրկեսում նստած, թե ինչպես օրը ցերեկով գնդակահարեցին Հրանտին: Մենք նրան մենակ թողեցինք, նրան դատում էին, մենք նույնիսկ դատարան չէինք գնում: Հրանտը նաեւ մեր զոհն էր: Ժողովուրդը արթնանալ սկսեցավ, անոր համար Հրանտի ձայնը կտրվեցավ: Նա վտանգավոր էր դառնում»,- ասում է պոլսահայ Ժանետը: 

Իսկ «Ակոսում», ինչպես պոլսահայերն են ասում, թաշխալա է, այսինքն` իրարանցում: Այն դարձել է առաջադեմ թուրքերի, քրդերի հավաքատեղի, որի մուտքը մշտապես հսկում է թուրք ոստիկանը: 

Ստամբուլ-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter