HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին դասախոսն ու «Հետքի» ներկայացուցիչը ժամանակ են խնդրել դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար

Վանաձորի դատարանում շարունակվում է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ ինստիտուտի նախկին դասախոս Լուսինե Աշուղյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ATV հեռուստաընկերության և «Հետք» թերթի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Քաղաքացիական գործը քննում է դատավոր Սուրեն Բաղդասարյանը:

Ժամը 12.00-ին նշանակված դատական նիստը դատավոր Բաղդասարյանը բացեց 23 րոպե ուշացումով`12.23 րոպեին: Պատասխանող Լուսինե Աշուղյանը և երրորդ անձ ներգրավված «Հետք» թերթի ներկայացուցիչը հանդես եկան միջնորդություններով:

Լուսինե Աշուղյանը դատարանից պահանջեց հայցադիմումին կից փաստաթղթերը`նշելով, որ դրանք մինչ օրս չեն տրամադրվել կողմերին: Այնինչ, ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի, հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին են ուղարկվում հայցադիմումի հետ միասին: Աշուղյանը պահանջեց հատկապես հայցվորի կողմից պետական տուրքը վճարելու վերաբերյալ փաստաթուղթ:

«Հետքի» ներկայացուցիչ Ադրինե Թորոսյանը նույնպես պահանջեց պետտուրքի անդորրագիրը: Դատավոր Բաղդասարյանը հայտնեց, որ հայցվոր ռեկտոր Խաչատրյանը մի մասով`4000 դրամ, վճարել է պետտուրքը, մնացած մասով միջնորդել է տարաժամկետել վճարումը և դրան անդրադառնալ վճռով: Իսկ դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը:

«Հետքի» ներկայացուցիչը խնդրեց հայցվորի միջնորդությունն ու դրա վերաբերյալ դատարանի որոշումը տրամադրել կողմերին: Դատավոր Բաղդասարյանը ընդմիջում հայտարարեց մինչև ժամը 14-00-ն:

Ընդմիջված նիստը դարձյալ ուշացումով վերսկսվեց`ժամը 14.16 րոպեին: Պահանջված փաստաթղթերը բերվեցին դատարան: Դատավորի որոշման մեջ նշված էր, որ պակաս վճարված պետտուրքի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև գործով վճռի կայացումը`ղեկավարվելով Քաղ. դատ. օր.-ի 70, «Պետական տուրքերի մասին» օրենքի 21, Քաղ. Դատ. օր.-ի 144 հոդվածներով:

«Հետքի» ներկայացուցիչը, սակայն, նկատեց, որ միայն մի դեպքում կարող էր պետտուրքի վճարումը տարաժամկետելու մասին որոշում կայացվել`համաձայն «Պետտուրքի մասին» օրենքի 31 հոդվածի 1 մասի գ կետի`ելնելով կողմերի գույքային դրությունից: (Ըստ «Պետական տուրքերի մասին» օրենքով սահմանված դրույքաչափերի`գույքային պահանջով դատարան տրվող հայցադիմումների համար պետտուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ ոչ գույքային պահանջով հայցադիմումների համար`բազային տուրքի քառապատիկի չափով. բազային տուրքի չափ է սահմանված 1000 դրամը: Այսինքն`ներկայացնելով 2 միլիոն դրամի գույքային պահանջ`հայցվոր Խաչատրյանը պետք է պետտուրք վճարեր 44 000 դրամ, այնինչ վճարել է 4000 դրամ: Այսինքն`ներկայացնելով գույքային պահանջ`վճարել է ոչ գույքային պահանջի համար սահմանված պետտուրք: Իսկ վճարումը տարաժամկետելու`օրենքով սահմանված արտոնությունից կարող էր օգտվել միայն իր ոչ բարվոք գույքային դրությունը ապացուցելու դեպքում: Այնինչ հայցվոր Խաչատրյանի գույքային դրության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա գործում):

Դատավորը «Հետքի» ներկայացուցչին առաջարկեց իր հայտարարության հետ կապված` միջնորդություն ձևակերպել: Վերջինս նշեց, որ առայժմ կբավարարվի միայն հայտարարությամբ:

Փոխարենը միջնորդություն ձևակերպեց Լուսինե Աշուղյանը. «Պետական տուրքի 2%-ից ազատվում են այն մարդիկ, ովքեր վճարունակ չեն: Իսկ Խաչատրյանը վճարունակ է: Եթե ի վիճակի չէր պետտուրք մուծելու, պարզապես գույքային պահանջ պիտի չներկայացներ: Եվ անհասկանալի է, թե ինչ հիմքով է այդ 2 միլիոնը մինչ այժմ շրջանառության մեջ, քանի որ սահմանված պետտուրքը չի մուծել: Պահանջում եմ, որ գույքային պահանջը իսպառ դուրս գա: Հակառակ դեպքում օրենքի խախտումով քննվող հայց է»,-ասաց Լուսինե Աշուղյանը:

Դատավորը պարզաբանեց, որ միայն հայցվորը իրավունք ունի իր պահանջից հրաժարվելու: Հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանը հայտարարեց, որ 2 միլիոնը հայցապահանջից չի հանվելու:

«Հետքի» ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ Վանո Եղիազարյանը չի կարող ներկայացնել ռեկտորի շահերը և առհասարակ չի կարող պարբերական ներկայացուցչություն ապահովել դատարանում: Մեջբերեց ՀՀ փաստաբանության մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետը`համաձայն որի`դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը: «Հետքի» ներկայացուցիչը միջնորդեց դատարանին`վարույթից հեռացնել Վանո Եղիազարյանին:

Դատավոր Բաղդասարյանը հարցրեց Վանո Եղիազարյանին` երբվանից է ներգրավվել որպես հայցվորի ներկայացուցիչ, ինչ հիմունքով և արդյոք պարբերաբար է ներկայացուցչություն ապահովում դատարանում: Վանո Եղիազարյանը պատասխանեց, որ որպես ներկայացուցիչ ներգրավվել է հայցը ներկայացնելու օրվանից, անվճար հիմունքով: Հայտարարեց, որ դատավարական այլ գործերում մասնակցություն չունի:

«Հիմնականը էս մի դատական նիստն է, որտեղ մասնակցում եմ որպես հայցվորի ներկայացուցիչ: Ու մի հայց էլ կա, որ մեր դեկաններից մեկը խնդրել է որոշ օգնություն ցույց տալու իրեն: Ընդամենը մեկ նիստի եմ մասնակցել նրա հետ, դատական նիստը հետաձգվել է»,-ասաց Վանո Եղիազարյանը:

Պատասխանողը և երրորդ անձը, սակայն, առարկեցին`ասելով, որ Վանո Եղիազարյանը պարբերաբար հանդես գալիս դատարանում: Հիշեցրին Վանո Եղիազարյանին, որ կոնկրետ Լուսինե Աշուղյանին վերաբերող երկու գործում նա որպես ներկայացուցիչ է հանդես եկել`ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և նախկին դասախոսն ընդդեմ ինստիտուտի: Նաև դեկանն ընդդեմ «Հետքի» լրագրողի գործում է Վանո Եղիազարյանը ներգրավված որպես հայցվորի ներկայացուցիչ: Այդ մասին նա ևս անձամբ վկայակոչեց դատարանում:

Դատավոր Բաղդասարյանի ճշգրտող հարցին` միայն այս գործով է`ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի, Վանո Եղիազարյանը մասնավոր անձի ներկայացնում, վերջինս պատասխանեց`այո:

«Հետքի» ներկայացուցիչը միջամտեց, որ, փաստորեն, դեկանի գործով էլ է նա մասնավոր անձի ներկայացնում: Այսինքն`տվյալ պահին Վանո Եղիազարյանը երկու գործով, որպես մասնավոր անձի ներկայացուցիչ, հանդես է գալիս դատարանում:

Դատավորը Բաղդասարյանը որոշում կայացրեց`թույլատրել Վանո Եղիազարյանին շարունակելու իր ներկայացուցչությունը դատարանում` պատճառաբանելով, թե «Փաստաբանության մասին» օրենքում `«Հետքի» ներկայացուցչի մատնանշած փոփոխությունը կատարվել է դեկտեմբերի 8-ին, իսկ Վանո Եղիազարյանը հայցվորի ներկայացուցիչ է ներգրավվել է հուլիսից:

Լուսինե Աշուղյանը ներկայացրեց դատավարության ընթացքում մի քանի անգամ ներկայացրած միևնույն միջնորդությունը, որով պահանջում է դատարան բերել ինստիտուտի մի շարք աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը, որոնք, նրա համոզմամբ, ռեկտորի կողմից կնքվել են Աշխատանքային օրենսգրքի խախտումներով:

Կրկնեց, որ իր կողմից ասված մի շարք արտահայտություններ, որոնք զրպարտություն են դիտվել հայցվորի կողմից, ինքը ապացուցելու է այդ փաստաթղթերի հիման վրա, ինչպես օրինակ, «ռեկտորը նոր օրինակարգ է ստեղծել», «թափուր տեղի համար հայտարարություն է տրվում որոշակի անձի նկատի ունենալով» և այլն: Ինչպես նախորդ միջնորդությունների ժամանակ, այս անգամ էլ Վանո Եղիազարյանն առարկեց դրա դեմ:

«Հետքի» ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեց, որ եթե պատասխանողը համոզված է, որ նշված փաստաթղթերով կարող է հիմնավորել իր որոշ արտահայտություններ, որոնք զրպարտություն են դիտվել, իսկ հայցվոր կողմն էլ անհանգստանալու բան չունի այդ փաստաթղթերի հետ կապված, ճիշտ կլինի, եթե դրանք բերվեն դատարան:

Դատավոր Բաղդասարյանը մերժեց նաև այս վերջին միջնորդությունը`պատճառաբանելով, որ ինստիտուտի աշխատողների գործերը կապ չունեն հայցադիմումում նշված տվյալների հետ:

Լուսինե Աշուղյանը ժամանակ խնդրեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Դատավորի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի մասին կարծիք հայտնեց նաև «Հետքի» ներկայացուցիչը և միացավ պատասխանողի միջնորդությանը:

Դատավոր Բաղդասարյանը պատասխանողի և երրորդ անձի պահանջով ողջամիտ ժամկետ տրամադրեց նրանց`դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Հետք, եթե չվերանաք չվերաբերվող հանգամանքներից ու չկենտրոնանաք խնդրի միջուկի վրա, համարեք` էս գործն էլ եք կրվելու: Դատարանին մի հեղեղեք չվերաբերելի ու չթույլատրելի ապացուցյներով, ըստ էության հայցի առարկայից ու հիմքից դուրս որևէ բան եթե ասեցիք, ձեզ այլևս լսող չի լինելու, այդ թվում վերադաս ատյաններում: Սա իմ անձնական խորհուրդը: Կարող եք արհամարհել նաև, բայց ըստ էության հասկանում եմ, որ խփում եք մեխի կողքերին, այլ ոչ թե մեխի գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter