Շաբաթ, 22 սեպտեմբերի

20 լարի` անվասայլակով աղջկա համար



20- ամյա Զիադն անցորդներին ցույց է տալիս անվասայլակի վրա նստած աղջնակին`խնդրելով մի քանի կոպեկ գցել փոքրիկի ձեռքում գտնվող տարայում: Իսկ անվասայլակին նստած աղջիկն անտարբերությամբ է նայում շուրջը: Զիադը երբեք չի սիրահարվել. երեխաներ ունենալ չի ուզում. «Ես ոչ ոք չունեմ, այդ պատճառով էլ ոչ ոքի չեմ սիրում»,- ասում է նա:

Միակ զգացումը, որ նա ունի, պատասխանատվությունն է փոքրիկ «աշխատակցուհու»` Ռեանի հանդեպ. «Ամեն առավոտ հայրը Ռեանին տալիս է ինձ, ես բերում եմ նրան քաղաքի կենտրոն, աշխատում ենք եւ երեկոյան 7-ին վերադարձնում եմ հետ»,- պատմում է նա:

Զիադը Ռեանի հորն օրական վճարում է իրենց եկամտի կեսը` 10-20 լարի (1 լարին` 220 դրամ):

Ռեանը երբեք չի խոսում, լուռ հետեւում է Զիադի շարժումներին: Զիադն անգամ չգիտի` արդյոք նա քայլել կարողանում է, թե ոչ: Միայն գիտի, որ փոքրիկը դպրոց չի հաճախում. «Հայրը չի թողնում գնա, որ մնա փող աշխատի»,- ասում է նա:

Զիադը միայնակ է ապրում Թբիլիսիի արվարձաններից մեկում` ամսական վճարելով 27 լարի մեկ սենյակի համար: Նրա մայրը քուրդ է, հայրը` վրացի, սակայն նա երբեք չի տեսել հորը:

Թբիլիսիի կենտրոնական փողոցներում կարելի է տասնյակ քուրդ եւ գնչու երեխաների հանդիպել: Ըստ Վրաստանի կառավարության 2008-2011թթ. «Երեխաների գործողության պլանի»`միայն Թբիլիսիում մուրացիկ երեխաների թիվը 2000-ից ավելի է` ներառյալ քրդերն ու գնչուները, քանի որ նրանց վերաբերյալ Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնը առանձին վիճակագրություն չունի: Վրաստանում երեխաների բարեկեցությանն ուղղված բարեփոխումները սկսվել են 2000 թ.-ից:

1000-ից ավելի ցերեկային կենտրոններ, փոքր խմբերի համար նախատեսված տնակներ եւ հատուկ դպրոցներ են բացվել մայրաքաղաքում եւ գյուղերում, որոնց նպատակն է փողոցային երեխաներին տեղափոխել վերոնշյալ հաստատություններ կամ հյուրընկալ ընտանիքներ` նվազագույն կրթության եւ պատշաճ պայմաններում ապրելու հնարավորության համար:

Վրացի երեխաների մեծ մասն արդեն հայտնվել է այս հաստատություններում, սակայն քուրդ եւ գնչու երեխաները շարունակում են մուրալ փողոցում: Արդյո՞ք սոցիալական ծառայությունը չի նկատում Թբիլիսիի կենտրոնական փողոցով` Ռուսթավելիով, թափառող քուրդ երեխաներին:

«Երեխան մնում է երեխա` լինի քուրդ, թե վրացի: Երեխաների ընտրության հարցում որեւէ ազգային տարբերակում չի դրվում»,- պնդում է «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նատիա Դեիսաձեն:

Ահմադը եւ Սուրին մոտ մեկ տարի առաջ են փողոցից տեղափոխվել ցերեկային կենտրոն, սակայն հաստատություն հաճախում են շաբաթական մեկ անգամ: Նրանք ստիպված են քույրերի եւ եղբայրների հետ ողջ օրն անցկացնել փողոցում, որպեսզի գումար վաստակեն` ծնողներին կերակրելու համար:  

Մարդիկ, ովքեր օրական մի քանի անգամ անցնում են Ռուսթավելի փողոցով, արդեն խուսափում են հանդիպել քուրդ երեխաների այս խմբին, ովքեր ամեն կերպ փորձում են գոնե 10 թեթրի կորզել անցորդներից հացի, վիրահատության եւ այլ պատճառաբանություններով: Վրացիների մեծ մասը նրանց «ցիգան» է անվանում, սակայն իրականում նրանց քուրդ ընտանիքը 10 տարի առաջ է գաղթել Ադրբեջանից:

17-ամյա Ալմարն ամենամեծն է այս խմբում. ունի երեք եղբայր եւ երկու քույր:  Նա հետեւում է բոլորին, հաճախակի շրջում եւ հավաքում փոքրիկների ձեռքում գտնվող կոպեկները:

Ալմարն ամուսնանալ չի ուզում. «Ինչի՞ս է պետք. երեխաներ պիտի ունենամ, սրանք արդեն ինձ հերիք են»,- ասում է նա:

Ալմարը չի թույլատրում քույրերին ու եղբայրներին հաճախել ցերեկային կենտրոն. «Մայրս անկողնային հիվանդ է, հայրս` կույր: Եթե իրենք գնան ցերեկային կենտրոն, ո՞վ է նրանց համար հաց առնելու. մենք ստիպված ենք ինքներս մեզ համար աշխատել, ոչ ոք մեր մասին չի հոգում»,- բողոքում է նա:

Երեխաների` փողոցից հաստատություն տեղափոխմամբ զբաղվում է Վրաստանի սոցիալական ծառայության գործակալությունը` համագործակցելով ոստիկանության հետ:

Հարցին, թե որն է պատճառը, որ սոցաշխատողները չեն հետեւում քուրդ եւ գնչու երեխաների հաճախումներին եւ դրանց դրդապատճառներին, Վրաստանի սոցիալական ծառայության գործակալության հանրային կապերի պատասխանատու Էկա Ալավիձեն պատասխան չունի. «Հասկանո՞ւմ եք, դեռեւս որեւէ հստակ տեղեկատվություն կամ վիճակագրություն Վրաստանը չունի ազգային փոքրամասնություն համարվող երեխաների իրավիճակի մասին:

2012-ի համար նախատեսված «Երեխաների գործողության պլանը» դեռեւս քննարկման փուլում է, այն կհրապարակվի այս տարվա գարնանը: Այս ծրագրում ներառված կլինեն նաեւ քուրդ եւ գնչու երեխաների հիմնահարցերը»,- նշում է նա:

Իսկ մինչ այդ` Զիադը ձմեռային ամեն առավոտ դուրս է հանում Ռեանի անվասայլակը մետրոյի դռնից, քշում անհայտ ուղղությամբ: Իսկ Ռեանը շարունակում է անտարբերությամբ հետեւել շուրջը` փոքրիկ, սառած մատներով բռնելով նարնջագույն պլաստմասե տարան, որի մեջ կհայտնվեն այդ օրվա կոպեկները:

Թբիլիսի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ