HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». գնաճի նոր փաստեր` նրբերշիկից մինչև օճառ

Ի՞նչ ազդեցություն կունենա այն ընտրություններից առաջ

«Հայացք»-ն արդեն անդրադարձել է Նոր տարուց հետո Հայաստանում արձանագրված գների բարձրացմանը: Գնաճը շարունակվում է, և դրան ենթարկվող ապրանքների ցանկը համալրվում է նոր ապրանքատեսակներով: Վերջերս տեղեկացանք նրբերշիկի շուկայում արձանագրված գնաճի մասին: Մասնավորապես բարձրացվել են «Աթենք», «Բարի Սամարացի» ընկերությունների արտադրած աղիքով նրբերշիկների գները:

Նրանց այդ արտադրանքը մանրածախ առևտրացանցում վաճառվում է արդեն կիլոգրամը 2300 դրամով, մինչդեռ, ինչպես տեղեկացանք մի շարք խանութների վաճառողներից, ընդամենը մի քանի ամիս առաջ վաճառքի գինը 2100 դրամ էր: Եթե «Աթենք» ընկերության աղիքով նրբերշիկի 1 կիլոգրամը խանութները Նոր տարուց առաջ ձեռք էին բերում 2200 դրամով ու վաճառում 2400 դրամով, ապա հունվարին կատարված գների բարձրացումից հետո ստանում են 2300 դրամով, վաճառում` 2500 դրամով:

Նրբերշիկի շուկայում կատարված գների բարձրացումն անհասկանալի է, և չենք զարմանա, եթե պարզվի, որ անհիմն է: Ի դեպ, նրբերշիկի արտադրության մեջ օգտագործվող հիմնական հումքը` միսը, Նոր տարուց հետո էժանացել է 1 կիլոգրամի հաշվով 200-300 դրամով: Սակայն նրբերշիկ արտադրող ընկերությունների համար այս էժանացումը կարող էր նշանակություն չունենալ, եթե նրանք օգտագործում են արտերկրից ներկրված գոմեշի կամ տավարի սառեցված միս:

Թվում է, թե «Աթենքի» հիշյալ արտադրանքի պարագայում գնի մոտ 5%-ով բարձրացումը մեծ չէ, և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն իսկապես բազմազբաղ է, չարժե, որ նաև դրանով զբաղվի ու ծանրաբեռնի իրեն: Սակայն «Աթենքի» և այլ ընկերությունների արտադրանքների պարագայում, կարծում ենք, վարվում է, այսպես ասած, սողացող գնաճի քաղաքականություն, երբ մի քանի ամսվա ընդմիջումներով գները բարձրացվում են 100-ական դրամով, որպեսզի դա առանձնապես նկատելի չլինի ու սպառողների մեծ դժգոհության տեղիք չտա: Օրինակ` «Աթենքի» տվյալ արտադրանքը եթե մոտ 2 տարի առաջ մանրածախ առևտրացանցում վաճառվում էր կիլոգրամը 2100 դրամով, ապա այժմ վաճառվում են, ինչպես արդեն նշեցինք, 2500 դրամով: Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք «Աթենք» ընկերություն: Մեր զրուցակիցը, որը ներկայացավ որպես տնօրեն` Արտյոմ անունով, սկզբում ասաց, որ չի կարողանում հիշել Նոր տարուց հետո գինը 100 դրամով բարձրացնելու պատճառը, ապա հիշեց և ասաց, թե բաղադրությունն է փոխվել, իսկ երբ հարցրինք, թե ինչ փոփոխություն է կատարվել, դարձյալ դժվարացավ պատասխանել:

Նույնը կարելի է ասել նաև սննդամթերք չհանդիսացող մի շարք ապրանքների մասին: Օրինակ` «TEO» ձեռքի օճառի մեկ հատը (75 գրամանոցը) եթե մոտ 2 տարի առաջ վաճառվում էր 100-110 դրամով, Նոր տարուց առաջ` 120-130 դրամով, ապա այժմ` 140-150 դրամով:

Սա է իրականությունը, որին ծանոթ է թերևս յուրաքանչյուր սպառող, և բնական է, որ գնաճի վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած նվազ թվերին շատերը չեն հավատում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում ենք վերոնշյալ փաստերի վրա` ակնկալությամբ, որ հանձնաժողովը կպարզի պատճառները:

Ի դեպ, խանութների վաճառողներից ոմանք տարակուսում էին` լավ, որ գրեցիք, ի՞նչ է փոխվելու: Ասացի, որ գների անհիմն բարձրացման կամ հակամրցակցային համաձայնության հայտնաբերման պարագայում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանում է օրինախախտ ընկերություններին: «Հետո՞ ինչ,- ասաց զրուցակիցներիցս մեկը,- եթե տուգանում էլ են, գումարը պետբյուջե է գնում, ոչ թե տուժած սպառողներին, բացի դրանից` չգիտե՞ք, որ փոխանցումների համար երկու հաշվեհամար կա, ու դեռ մեծ հարց է, թե երկրորդ հաշվեհամարով փոխանցված գումարները բյուջե՞ են գնում, թե՞ մեկ այլ տեղ, և ինչպե՞ս են օգտագործվում»:

Նշենք նաև, որ վերջին շրջանում գնաճ կա նաև պտուղ-բանջարեղենի շուկայում: Օրինակ` խառը կանաչու մեկ փոքրիկ կապի գինը հասել է 400 դրամի: Տվյալ գնաճը բացատրվում է ինչպես հիշյալ ապրանքի վաճառքը հիմնականում վերավաճառողների կողմից իրականացվելու հանգամանքով, այնպես էլ սեղանի կանաչի աճեցնող ջերմոցատերերի կատարած ծախսերի աճով: Մասնավորապես` 2012 թ. ձմռան ընթացքում, որը դժվար է մեղմ անվանել, ջերմոցատերերը ջերմոցը տաքացնում են` գազը, ի տարբերություն նախորդ ձմռան, օգտագործելով արդեն բարձրացված սակագներով:

Դժվար է միանշանակ ասել, թե անզուսպ գնաճն ինչ ազդեցություն կունենա խորհրդարանի ընտրություններից առաջ: Այդ ազդեցությունը հավանաբար կլինի երկակի. հասարակության այն մասը, որ քաղաքացիական դիակի է վերածվել կամ այդ ճանապարհին է, վատթարացող սոցիալ-տնտեսական պայմաններում առավել կհակվի ընտրակաշառք վերցնելու, քիչ չեն լինի նաև այն մարդիկ, որոնց մեջ գնաճը կամրապնդի իշխող քաղաքական ուժին դեմ քվեարկելու վճռականությունը:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter