Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Թափառող շների հիմնախնդիրը Հայաստանում


10:39, 24 փետրվարի, 2012

Իրողություն

Հայաստանում թափառող կենդանիների իրավիճակի անգամ մակերեսային ուսումնասիրման արդյունքում կարելի է նշմարել այն ակներև թերությունները, որոնք ոչ միայն խոչընդոտում են հիմնախնդրի արմատական լուծմանը, այլև պարզապես խորացնում են այն։ Թափառող շների հիմնախնդրի շարունակական անլուծելիությունը պայմանավորված է գլխաքանակի զանգվածային ոչնչացմամբ։ Եթե անգամ հաշվի չառնենք գիտական ապացույցներն առ այն, որ թափառող կենդանիների ոչնչացումը ոչ միայն չի լուծում հիմնախնդիրը, այլև հանգեցնում է գլխաքանակի ավելացման և տեսակի ագրեսիվացման, ապա Հայաստանի վերջին տարիների փորձը վառ ապացույց է։ 

Իրավիճակ

Թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան 180 միլիոն ՀՀ դրամ (500 հազար ԱՄՆ դոլար) է տրամադրվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին։ Թափառող շների նկատմամբ իրականացված գործողությունների պաշտոնական տվյալներով Երևանում 2006-2011թթ.-ին կատարվել է գործողություն առնվազն 135.000 շան նկատմամբ, որոնցից 35.000-ը ստերջացվել է, իսկ 100.000-ը՝ սատկացվել։ 

Ստերջացումն ընդդեմ ոչնչացման

Գիտականորեն հիմնավորված է, որ եթե որևէ բնակավայրում շները զանգվածաբար ոչնչացվեն առավելագույն հաճախականությամբ, ապա շների քանակը 7 տարվա ընթացքում կնվազի ընդամենը 2 անգամ, և քանի որ վերարտադրողությունը կշարունակվի, գլխաքանակը միևնույն է կվերականգնվի, ընդ որում ավելի ագրեսիվանալով։ Ստերջացման ծրագրի իրականացման դեպքում թիվը կնվազի 13 անգամ, ընդ որում գլխաքանակը կլինի հանգիստ վարքագծով, և քանի որ այլևս վերարտադրողություն չի լինի, այդ թիվն ի վերջո կհավասարվի 0-ի: 

Օրենսդրություն

Կենդանիների պաշտպանության օրենսդրության բացակայությունը պատասխանատու մարմինների համար ծառայում է որպես զանգվածային ոչնչացման արդարացում։ Սակայն չկա նաև օրենսդրություն, որը պարտադրու՛մ է զանգվածային ոչնչացում։ Ուստի, հիմնախնդրի վերջնական լուծման նպատակով, միանգամայն բավարար է շների գլխաքանակի վերահսկումը մարդկային և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ քաղաքի ավագանու որոշումը։ Ավելին, օրենսդիրը կարիք չունի շտապ օրենսդրություն մշակելու. որպես երկարատև գործընթացի առաջին քայլ անհրաժեշտ է վավերացնել Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, ինչին ժամանակի ընթացքում կհետևի ազգային օրենսդրության մշակումը՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության օրինակով։ 

Միջազգային

ՄԱԿ-ի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը, որոնց անդամ պետություն է նաև Հայաստանը, թափառող կենդանիների վերաբերյալ հանձնարարականներում ընդգծում են զանգվածային ոչնչացման ոչ միայն անարդյունավետությունը, այլև հակազդեցությունը հիմնախնդրի լուծման վրա։ 

Եզրակացություն

Եթե ոչնչացման տարբերակն աշխատեր, ապա Հայաստանում թափառող շների հիմնախնդիրն արդեն իսկ լուծված կլիներ։ Քաղաքապետարանի կողմից ներկայացվող քանակության շների նկատմամբ գործողություն չէր կարող կատարվել, դա անհնարին է, քանի որ օբյեկտիվ տվյալների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն և այլն, տիրույթում այդքան շուն չի կարող լինել։ Ավելին, եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ քաղաքում կլիներ ընդամենը 1000 շուն, այն էլ ստերջացված։ Հետևաբար փաստվում է, որ տեղի է ունենում պետական գումարների շարունակական և նպատակաուղղված վատնում, և քաղաքապետարանին հիմնախնդրի լուծումը ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում անհնարին կլինի պետբյուջեից  ահռելի գումարներ կորզել։ 

Նարե Արամյան

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի

(Միացյալ Թագավորություն) հայաստանյան ներկայացուցիչ


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Aren14:08 - 24 փետրվարի, 2012
Hodvatse kardaluts heto himarin el e haskanali vor petbujei 500.000 dollare poshiatsvum e. Minchev erb? Migutse ayd gumare uxxvi baregortsutyane ayl voch te irakanum vochnchov chzbaxvox mi kazmakerputyan?
2. Sevak15:31 - 24 փետրվարի, 2012
mek shown@ karyli e satkacnyl 1 gndakov .... vorn e imastu erb mardik tun chun en 500000 dolllarov 2 hat 5 harkani shenq kkarucver... ha inch em asum ...shun@ shan masin kmtaci u nra midjocov erkiru talani i
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»