Հինգշաբթի, մայիսի 24, 2012

ՊԵԿ-ի նախագահի տեղակալը` Նարեկ Հարթունյանի գործի մասին

Քրիստինե Աղալարյան


14:11, 24 փետրվարի, 2012

«Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով»,- այս հայտարարությունն այսօր արեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: 

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանները, պատգամավորները, ՊԵԿ-ի ներկայացուցիչն ու սփյուռքի փոխնախարարն ԱՄՆ-ի հետ տեսակամուրջում քննարկում էին սփյուռքահայ ներդրողների իրավունքների խախտման դեպքերը: Արմեն Ալավերդյանը մասնավորապես նշեց, որ Ն. Հարթունյանի ընկերությունը երեք տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է մակարոնեղեն և ալյուր, որի արդյունքում ամբողջ շրջանառությունը ցույց չի տրվել այն գնով, ինչ իրականում եղել է:

ՊԵԿ-ի ներկայացուցիչը վստահ է, որ կեղծ խանութի միջոցով (խանութը գոյություն չունի) մլն-ավոր դրամների իրացում է կատարվել, իսկ փաստաթղթերում ցույց է տրվել ավելի ցածր վաճառք, քան իրականում եղել է: Տարբերությունը կազմել է 20 տոկոս, որի հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 70 մլն դրամի վնաս` չհաշված տույժերն ու տուգանքները:  Բոլոր խանութները, այդ թվում` շուրջ 40 վկաների բացատրությունները հաստատում են այն փաստը, որ ապրանքներն ավելի թանկ են իրականում վաճառվել, իսկ գումարը դրամարկղ չի մուտքագրվել: 

Ա. Ալավերդյանը նաև հիշեցրեց, որ այս գործում քրեական տարրեր կան, որովհետև դրամարկղից կանխիկ գումար է հանվել առանց փաստաթղթերի, 11 աշխատող է պահվել առանց հրամանագրերի, գործող աշխատակիցների աշխատավարձերը ցույց է տրվել ավելի, քան իրականում եղել են: Քրեական գործն արդեն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան: 

Հարթունյանների ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը, ՊԵԿ-ի տեղակալի ներկայացրած փաստերին հակադարձելով, նշեց, որ Ն. Հարթունյանի գործով քննիչն իր ղեկավարությանը ճիշտ չէ զեկուցել գործի մանրամասները: Նարեկ Հարթունյանը 2010-ի սեպտեմբերի 11-ին է հրավիրվել Հայաստան իրենց ընկերությունում տեղի ունեցածը պարզելու համար: Առկա փաստաթղթերով պարզվել է, որ 120 մլն դրամի գումարի յուրացում է տեղի ունեցել: Նա դիմել է դատարան, որից հետո քննիչի կողմից արհեստական մեղադրանքներ են ստեղծվել կեղծ ապացույցների հիման վրա: Մեղադրանք է առաջադրվել Ն. Հարթունյանին, ով նույնիսկ չի գտնվել Հայաստանում, բացառապես մշակութային գործունեությամբ է զբաղվում` հետապնդելով բարեգործական նպատակներ: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն պարագայում, երբ ընկերության տնօրեն է եղել Արտյոմ Մարտիրոսյանը: «Բոլորին հայտնի է, որ ընկերության փաստացի ղեկավարողը, գումարներ յուրացնողը եղել է Սևակ Արզարունի (Արծրունին), որը փոխկապակցված է նաև Էդմոնդ Խուդյանի գործի հետ»,- ասաց Լ. Հովհաննիսյանը: Դիմում է ներկայացվել` մեղադրանք առաջադրել Սևակ Արզարունուն և Արտյոմ Մարտիրոսյանին, քննիչը մերժել է` պատճառաբանելով, որ Արտյոմ Մարտիրոսյանը չի հասկացել, թե ինչ է արել, չի գիտակցել: Փոխարենը փողերի լվացման հոդված է կցվել Ն. Հարթունյանի մեղադրանքին:

Փաստաբան Հովհաննիսյանը հավելեց, որ ընկերության հետ Նարեկ Հարթունյանը կապ չի ունեցել, հայրն է եղել սեփականատերը, եղբոր` Սարո Հարթունյանի միջոցների հաշվին էլ պահվել է ընկերությունը: 

Այստեղ էլ Արմեն Ալավերդյանը չհամաձայնեց. Նարեկ Հարթունյանը հանդիսացել է «Ջի Էյչ Ստորիջ» ՍՊԸ-ի տնօրեն 2010թ. սեպտեմբերի 11-ից, և այդ պահից հետո միայն առաջադրված մայր գումարը 38 մլն դրամ է կազմել: «Ես չեմ կարծում, որ «Ցար» ապրանքանիշի ալյուր կամ մակարոնեղեն վաճառելը Հայաստանում զուտ բարեգործական նպատակներ է հետապնդել այն դեպքում, երբ 20 տոկոսով ավելի թանկ է վաճառվել և մուտքագրվել դրամարկղ, քան որ կա»,- հավելեց Ա. Ալավերդյանը` իրենց իրավասության մասով գործին անդրադառնալով: 


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (1)
1. anna18:24 - 24 փետրվարի, 2012
Tesnes Armen Alaverdyan@ chi hognel ir khexkataki deric. Bavakan e mi harc arajana spyurqahayeri het kapvats, miangamic PEK araj e qashum Alaverdyanin sut haytararutyunner taracelu... Ay mard arajin texakal mard es, inch mi qez khaytarak es anum, heriq chi "vazox txa" xaxas
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»