Հինգշաբթի, մայիսի 24, 2012

Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները


16:32, 24 փետրվարի, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում: 

Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել. 

գրականության և հրապարակախոսության ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար, երաժշտության ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին և Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար: 

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին` «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:

*** 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ պետական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ 

Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակների հարգելի՛ դափնեկիրներ, 

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Պետական մրցանակների կարևորությունն ու արժեքը մեծ են մեր երկրի և հասարակության համար: Եվ մեր մրցանակակիրներն էլ մեր ժողովրդի ամենավառ անհատականություններից են, ովքեր արժանի են հասարակական գնահատանքի ու մեծարման: Այդ պատճառով է, որ մենք որոշել ենք այսուհետ մրցանակների հանձնման արարողությունը կատարել ավելի մեծ շուքով` ընդգծելու համար պետության վերաբերմունքը նրանց ու նրանց գործի հանդեպ: 

Ուրախ եմ այն իրողությամբ, որ այս տարի առաջին անգամ պետական մրցանակ է շնորհվել նաև ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում: Այս անվանակարգի բացակայությունը, կարծում եմ, սխալ էր, իսկ շտկումը` տեղին: Մեր գիտնականները պետք է իմանան, որ երկիրն ու ժողովուրդը ուշադիր են իրենց և իրենց վաստակի նկատմամբ: Հայաստանը եղել է և պետք է շարունակի լինել գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների երկիր: Այս առումով մենք զարգացման այլընտրանք չունենք: Իմ համոզմունքն է, որ հետ մնացող Հայաստան, հատկապես գիտության և կրթության ոլորտներում, պարզապես չի կարող լինել: 

Շնորհավորում եմ դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

Համոզված եմ, որ նման մակարդակի արվեստագետներն ու գիտնականները գիտակցում են այս մրցանակի լրջությունն ու պատասխանատվությունը: Մենք մեր հերթին գիտենք, որ պետական մրցանակի արժանի գործերը մեկ օրում չեն ծնվում: Դրանցից յուրաքանչյուրի թիկունքում մի ամբողջ ստեղծագործական կյանք է` որոնումներով ու անքուն գիշերներով, անկումներով ու վերելքներով: Հաջողությունը ոչ միայն աստվածատուր տաղանդի, այլև մեծ նվիրումի ու հսկայական աշխատանքի պտուղ է: 

Շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովների անդամներին, որոնք կատարել են մեծ ծավալի աշխատանք և բարդ ընտրություն: Ցավում եմ, որ կան անվանակարգեր, որտեղ այս տարի մենք չունենք դափնեկիրներ: Մյուս կողմից ողջունում եմ որդեգրված չափանիշներին հավատարիմ մնալու սկզբունքը և բարձր նշաձողի պահպանումը: 

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում առողջություն ու անսպառ եռանդ, որպեսզի նոր ու հետաքրքիր գործերով հարստացնեք ձեր և մեր մշակույթը, ձեր և մեր գիտությունը: Հավատացեք, որ դա մեր ժողովրդի համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Nazik18:49 - 24 փետրվարի, 2012
Ես առաջարկում եմ այն մտավորականներին,ովքեր ստացել են այդ մրցանակները,հինգշաբթի օրը գան կառավարության շենքի մոտ,ծանոթանան ամեն հինգշաբթի այնտեղ հավաքվող մարդկանց հուզող հարցերին և խորհեն,թե արդյոք բարոյական իրավունք ունե՞ն պարգևներ ստանալ այն մարդկանց կողմից,ովքեր Հայաստանի քաղաքացիներին հասցրել են այդ վիճակին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

Հարցում
Ու՞մ կցանկանայիք տեսնել գալիք ԱԺ-ի նախագահի պաշտոնում:
Տիգրան Սարգսյան
Վարդան Օսկանյան
Լեւոն Տեր-Պետրոսյան
Վահան Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան
Արթուր Բաղդասարյան
Նշվածներից ոչ մեկին
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2012 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»