HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ ներդրողների շահերը, հայրենիքի պատիվն ու ՊԵԿ-ի ներկայացուցիչը

«Պարբերաբար ներկայացվում են իմ ընկերության մեջ տիրող ապօրինի գործարքները, որոնք տեղի են ունեցել, բայց դրանք հաշվի չեն առնում»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը:  

Այսօր Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը տեսակամուրջ էր կազմակերպել, որի ժամանակ քննարկվեցին սփյուռքահայ ներդրողների շահերին վերաբերող հարցեր: ԱՄՆ-ից տեսակամուրջին միացած Էդմոնդ Խուդյանը նշեց, որ դեռևս 14 ամիս առաջ դիմել է հարկային մարմիններին իր գործում ապօրինի գործարքները բացահայտելու համար, սակայն գործին որևէ կերպ ընթացք չեն տալիս:

Է. Խուդյանի գործով 8 ամիս առաջ «Արին կապիտալ» ՍՊԸ-ն կանխամտածված սնանկության հասցնելու և հարկերից խուսափելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն  ՍՊԸ-ի տնօրենին դեռ ոչ մի անգամ չեն հարցաքննել: «Եթե չեք կանչում, չեք հարցաքննում, ընկերության նկատմամբ գործ եք հարուցում, չի երևո՞ւմ, որ մի ստանդարտով չեք մոտենում»,-հավելեց Է.Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Տեսակամուրջին մասնակցում էր նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Էդմոնդ Խուդյանի գործով մանրամասներին Արմեն Ալավերդյանը, սակայն, չէր տիրապետում, միայն նշեց, որ եթե ՊԵԿ-ն է կանխամտածված սնանկության գործով մտել դատարան, միանշանակ գործը պետք է ավարտին հասնի: ՊԵԿ-ի ներկայացուցիչը ներկաներին խոստացավ ծանոթանալ և պարզել մանրամասները. «Խնդիր է առաջադրվում տնօրենին, որը ապօրինություններ է արել, և եթե այդ ապօրինությունների հետևանքով կանխամտածված սնանկություն է իրականացվել, առաջին հերթին պետք է պատժվի տնօրենը: Կանխամտածված սնանկության համար ընդհուպ քրեական պատիժ է նախատեսված, իսկ քրեական պատիժ առաջադրելը չեմ կարծում, որ 1-2 ամսվա խնդիր կարող է լինել»,- ասաց Ա. Ալավերդյանը: 

Արմեն Ալավերդյանը շեշտեց, որ սփյուռքահայերը Հայաստանում օգտվում են նույն իրավունքներից, ինչ Հայաստանի հայերը: Ավելին, սփյուռքահայերը օգտվել են նաև օտարերկրյա ներդրողներին վերաբերող օրենսդրական դրույթներից: Արմեն Ալավերդյանն ավելի լավատես էր, քան սփյուռքահայ ներդրողների շահերը ներկայացնող փաստաբանները, և հիշեցնում է սփյուռքահայերի, օտարերկրյա ներդրումների հաջողված բազմաթիվ օրինակներ` «ՎիվաՍելլը», «Թուֆենքյանը», նույնիսկ «Փարիզյան սուրճը»:   

Արմեն Ալավերդյանը նշում է, որ սփյուռքահայ ներդրողների գործերում խնդիրները ծագում են օրնեսդրության չիմացությունից, և հաճախ այդ հանգամանքը սփյուռքահայ ներդրողին դնում է այնպիսի վիճակում, երբ ինքն իրեն անհավասար պայմաններում է զգում: Եվ, Արմեն Ալավերդյանի խոսքով, պետական կառույցների խնդիրն է նրան աջակցելը, օգնելը: Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը շեշտում է, որ սփյուռքահայը շատ ուշ է դիմում ՊԵԿ-ին կամ պատկան այլ մարմիններին: Դիմում է այն ժամանակ, երբ գործը սկսում է, ընթացք ստանում, և երբ վեճ է առաջանում. «Հարկային ծառայությանը ուզում են օգտագործել որպես գործիք մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»: 

Փաստաբան Սամվել Ջաղինյանը հակադարձեց Ա. Ալավերդյանին` ասելով, որ եթե դատական համակարգը չի պաշտպանում քաղաքացու իրավունքները, ապա ուր պետք է դիմի քաղաքացին:  

Քննարկմանը ներկա էր նաև սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը: Նա էլ հավաստիացրեց, որ նախարարություն հաճախ են դիմում սփյուռքահայեր, և իրենք փորձում են աջակցել դիմողներին: Սակայն ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ սփյուռքի նախարարությունը չպետք է սպասի, թե երբ իրենց կդիմի սփյուռքահայը, այլ ինքը պետք է շահախնդիր լինի, և այս գործերով հանդիպումեր, զրույցեր ունենա այդ մարդկանց հետ ու ավելի նախաձեռնող լինի: Ի դեպ, փոխնախարար Մարաշլյանը խոստովանեց, որ իրենք Նարեկ Հարթունյանի գործով չեն զբաղվել, քանի որ վերջինս գործով իրենց որևէ մեկը չի դիմել: 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց մի խումբ կոնգրեսականների կարճաժամկետ այցը Հայաստան, որի ժամանակ նրանք նախագահի և ԱԺ նախագահի հետ հանդիպումներում բացահայտ ասել են, որ Հայաստանը տանուլ է տալիս, որովհետև բարենպաստ ներդրումային միջավայր չունի, անգամ սփյուռքի հայ գործարարները չեն ցանկանում Հայաստանում գործ դնել, ուրեմն սա մեկ հայի վարկաբեկման կամ չարախոսման հետևանք չէ: «Մարդիկ հիրմար չեն, ունեն դեսպանատներ, կազմակերպություններ, որոնք ակտիվորեն հետևում են: Կոնգրեսականն ինքն ասում է, որ Հայաստանը պետք է այնպես անի, որ իր ներդրումային միջավայրը բարելավվի, որպեսզի գոնե սփյուռքի հայերը ցանկություն ունենան ներդրում կատարել, որպեսզի երկիրը չխեղդվի, սա արդեն չափազանց լուրջ է, չափազանց խիստ է Հայաստաի համար»,- կարծում է պատգամավորը: 

Ստեփան Սաֆարյանը ծանոթացել է «Փարիզյան սուրճի» սեփականատիրոջ գործին, պատգամավորի քույրն էլ պաշտպանել է սփյուռքահայ մեկ այլ գործարարի, ով Հայաստանում կարպետագործության ոլորտում ներդրումներ է կատարել և նրան նույնպես «քցել» են: Պատգամավորը մի մեխանիզմ է նկատել, որով առաջնորդվում են տեղացիները. տեղացի մի ավանտյուրիստ կարող է գալ, առաջարկել իրեն որպես աշխատող, տպավորություն թողնել, հետագայում անել անպատկերացնելին կատարած ներդրումների հետ. «Վերջում գործարարը հայտնվում է բացառիկ «քցված» վիճակում»,- նկատում է Ս. Սաֆարյանը: 

Խնդիրը, ըստ նրա, ավելի է խորանում այն պատճառով, որ սփյուռքահայ ներդրողը մինչև վերջ չի կարող հասկանալ հայաստանյան իրականությունը կամ չի ցանկանում հարցերը լուծել այնպես, ինչպես այդ հարցերը կլուծեր հայաստանցին: Արդյունքում արդեն իսկ ունենք վտանգավոր նախադեպեր Ն.Հարթունյանի, Ր.Մեհերյանի, Ա.Գործունյանի, Ժ.Թորոսյանի գործերով:

«Ինչու Լինսի հիմնադրամը, այնուամենայնիվ, դադարեցրեց մեծ աջակցությունը Հայաստանին: Պատճառներից մեկը կարող է լինել այն, ինչի համար դադարեցվեցին Հազարամյակի մարտահրավերները»,- ասում է Ստեփան Սաֆարյանը:

«Փարիզյան սուրճի» օրինակը, սակայն, ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալը սփյուռքահայի կողմից իրականացրած հաջողված ներդրում է համարում: Պաշտոնյան վիճակագրությունն է վկայակուչում. Աշխեն Գործունյանը, 2007-ին սկսելով իր գործունեությունը, բարեհաջող բիզնես է ծավալել, և «Փարիզյան սուրճի» լուծարումից հետո` 2010-ին նոր ընկերություն է գրանցել` «Փարիզյան սուրճ ֆակտորի», որի 35 տոկոսի հիմնադիրը Աշխեն Գործունյանն է: 2010-ին ընկերությունը 90 մլն-ի իրացում է ունեցել, 2011-ին` 320 մլն-ի: Եթե 2010-ին 92 մլն է ներմուծել` վճարելով 6,5 մլն դրամ հարկ, ապա 2011-ին` 171 մլն է ներմուծել` վճարելով 31 մլն դրամ հարկ, ինչը, ըստ Ա. Ալավերդյանի, խոսում է բիզնեսի հաջողված լինելու մասին: 

«Մեր այն հայրենակիցները, ովքեր որ այստեղ խնդիրներ են ունեցել, հիմնականում խնդիրը ունենում են անվստահելի անձանց հետ` գործադիր տնօրեն, հաշվապահ, որոնց սկզբից վստահում են, հետո չեն վստահում, և առաջ է գալիս լուրջ քաղաքացիական վեճեր` գույքի, սեփականության պահպանման հետ կապված»,- ասաց Արմեն Ալավերդյանը: 

Վերջինս հորդորեց սփյուռքահայերին, ովքեր գործ են սկսում Հայաստանում և ներդրում անում, դիմել պետական ատյաններին անհրաժեշտ տեղեկատվություն, օգնություն ստանալու համար, հետո գործը սկսել, այլ ոչ թե խնդիր առաջանալու դեպքում դիմել ՊԵԿ-ին: Պաշտոնյան վստահ է, որ պետք է պատճառները վեր հանել, վերլուծել, վերացնել գործարար միջավայրի խոչընդոտները: Նա մասնավորեցնում է. օրինակ` գանգատարկման գործընթացները կատարելագործել, թափանցիկ դարձնել նմանատիպ վեճերը, լուսաբանել դատական գործընթացները: 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն էլ հավելեց, որ այդ խնդիրները ոչ միայն սփյուռքահայերին են վերաբերում, այլ բոլորին. բոլորն էլ ունեն խնդիրներ հարկայինի, կադաստրի, դատական համակարգի հետ, բայց կա մի առանձնահատուկ խնդիր` հեռվից բիզնեսը կառավարելը: 

Միևնույն ժամանակ ոչ հեռվից, այլ Հայաստանից կառավարվելու և կրկին «քցվելու» որպես վառ օրինակ է բերվում գերմանաբնակ Ժորժ Թոմասյանի գործը, ում շուրջ 70 մլն թալանել են, սակայն շինությունն այդպես էլ ավարտին չեն հասցրել: Արմեն Ալավերդյանն էլ նշեց, որ պետք է փաստաթղթերին տիրապետեն, կատարողական ակտ լինի, որպեսզի կարողանան հստակ գնահատել այս գործը:

Քննարկումը թեժացավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից միացած մտավորական, լրագրող Ասյա Ասատրյանը միջամտեց. «Որևիցե մի ամերիկահայ երբևիցե չի մտածի հայրենիքի պատվի հետ խախալ: Եթե յուրաքանչյուր հարց ձեզ մոտ ժամանակին լուծվի և ըստ այդմ լուծվի, այստեղ երբեք նման աղմուկ չէր բարձրացվի: Եվ յուրաքանչյուր ամերիկահայ դողում է Հայերնիքի պատվի համար: Եթե այդ անունը խարազանվում է կամ տեղաշարժվում է, ապա դա կատարվում է միայն Հայաստանից` ապարատների ոչ ճիշտ աշխատանքի համար»,- ասաց նա:

Արմեն Ալավերդյանին հայրենիքի պատվի շահարկումը մի փոքր զայրացրեց. «Եթե հայրենիքի առանձին ներկայացուցիչներ` լինեն չինովնիկ թե քաղաքացիներ, գողությամբ են զբաղվել, և այդ փաստն արձանագրում եք, խնդրեմ հենց դրա մասին խոսել,- ասաց Ալավերդյանը և խնդրեց «հայրենիք»
 բառը զգուշությամբ ու հպարտությամբ օգտագործել,- ես հպարտանում եմ, որ իմ հայրենիքը Հայաստանն է: Այսօր բազմաթիվ վեճերի արդյունքում մենք քայլ առ քայլ պետք է գնանք դրան: 20 տարի առաջ ոչինչ չկար, հիմա մենք քննարկում ենք, 3 տարի առաջ սրա մասին խոսք չէր կարող գնալ, հիմա մենք բացեիբաց խոսում ենք թերությունների մասին, և այդպես առաջ ենք գնալու»: 

«Մենք էլ ենք հպարտանում հայրենիքով, և ուզում ենք 20 տարի հետո էլ հպարտանալ, 100 տարի հետո էլ հպարտանալ, և միշտ հպարտ մնանք, մենք դրա համար ենք ուզում օրինական դաշտ բերել ամեն ինչ, որ միշտ հպարտ մնանք»,- նկատեց Սամվել Ջաղինյանը: 

Այդուհանդերձ, ՊԵԿ-ի ներկայացուցիչը խոստացավ երկու գործով ծանոթանալ մանրամասներին և փաստաբանների հետ հանդիպել` դրանք քննարկելու համար: Իսկ թե արդյունքն ինչպիսին կլինի, ցույց կտա ժամանակը: 

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
armenia tax officials why dont you investigate all the crooks of armenia the list is long and the b ig business who dont paye taxes and the polices department. and the yerevan state university . and the big dairies and the hospital. and the mining industie.and the pharmacy and the construction. and overall every single persons in your government starting with the top to the bottom .tax inspectors we dont undertand your law. your law change with each person and you know it. and dont forget to inspect yourself . bunch of crooks. at this speed thanks to you no one will put a dime in your armenia. viva cell and tufenkian you must be joking .ask hetq the list of people who have been robbbbbb.just plain garbage

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter