Շաբաթ, 22 սեպտեմբերի

Թբիլիսյան պոեզիան կամ ապրումն այս քաղաքում



մաս 4

Ոչ մի քաղաք ապահովագրված չէ իր ինքնուրույնությամբ եւ ներսային լինելու հատկանիշներով. մայրաքաղաքն առավել եւս:

Թբիլիսյան փողոցներով անընդհատ երթեւեկող մեքենաներն ու բեռնատար ֆուրգոններն այնքան չեն զայրացնում եւ չեն կտրում քեզ քաղաքից. ներսում ավելի սարսափելի, քաղաքին դուրս մղող (այդ թվում` բոլոր քաղաքներին) ինֆորմացիոն հոսքն է:

Երբ ինֆորմացիան հոսանքի պես մտնում է քաղաք, սկսում է ուղղորդված շարժվել մինչ ուղեղդ. այստեղ պետք է, որ լիցքերը կանգ առնեն, վերլուծվեն...Բայց չէ, քաղաքն այս եւ մնացյալը նույնպես, համոզված եմ, թույլ չեն տալիս ինֆորմացիոն այդ հոսանքի վակուումը. անընդհատ ներս լցվող ամեն տեսակ աղբն ու գարշահոտը (չեմ բացառում, որ աղբի մեջ արժեքվոր բան կարելի է գտնել) ստիպում են քեզ աչքերդ բաց պահել նույնիսկ քնած ժամանակ:

Այստեղ կարելի է ժամերով փակվել տանն ու սպասել դադարի, իսկ դադար չկա ու չկա. այդպիսին են նաեւ քաղաքի փողոցային լույսերը, որոնց անջատվելը տեսնելու համար մինչ առավոտ հապաղեցի, բայց այդպես էլ աչքս կպավ ու չկարողացա ընկալել:

Քաղաքը չի հանգստանում...Եվ զարամանում ես`այս ամենը մարդածին գոյության հետեւանք է, թե քաղաքն է մարդուն այսպիսին դարձրել:

Առաջին վարկածը թերեւս ավելի արժանահավատ է, բայց քաղաք-մարդ-քաղաք կապն զգացողը երբեք չի բացառում նաեւ երկրորդը:

Տեսակավորում այս քաղաքում գրեթե չես նկատում. թիֆլիսյան ծուռ հայելային պատկերը կարելի է տեսնել ամեն տեղ, ամեն անկյունում` մի փոքր ամերիկյան տառատեսակով, ավելի շատ` քաղաքային ոգով, բայց, միեւնույնն է, այստեղ եւս կանգառն անհադուրժելի է:

Քաղաք, որը կանգառներ չի հանդուրժում: Բոլոր քաղաքները, որ կանգառներ չեն հանդուրժում...

Եվ սկսում ես դուրս հորդել, փնտրել մի տեղ, որը դեռ անվանում չունի, որը դեռ ոտնակոխած չէ. այս առումով, թերեւս (գուցեւ` հաստատ), երջանիկները միայն առաջին ծովագնացներրը եղան, ովքեր ասացին, որ նորն են գտել ու էլի մարդկային բնազդով անվանեցին դա, անուն տվեցին:

Եվ այսպես չի մնում տեղ, որն անվանված չէ, եւ որը աներեւույթ է:

Այդ պտույտը քաղաքից քաղաք, տնից տուն, գետից գետ հնարավոր է նաեւ ներսում, քանի դեռ շնչում ես, քանի դեռ չես եկել այն կետին, այն քաղաքին, որտեղից առաջին անգամ ոտքդ դուրս գցեցիր. ոտքդ դուրս գցեցիր քո իսկ մտահորիզոնում, որը, մեկ է , էլի կլոր է եւ բերելու է սկզբնային կետին. իսկական ողբերգություն: Իսկական ֆիեստա:

Զավեշտալի ցավ, որ դադարեցնում է քայլքդ, եւ էլի կանգառ հերթական քաղաքում, որն արդեն վաղուց անուն ունի, ներսում վաղուց կառուցվել է եւ քեզ պահում է իր արտաքին ցնդող ամպի վրա` գիտակցելով, որ ուր-որ է դու այլեւս կդադարես...Կդադարես գոյություն ունենալ:

Ստացվում է քաղաքն ավելի նյութական, իրական է, քան մենք, որ հազար անգամ տրորում ենք ասֆալտը, խոտը, զգում հոտն ու  անցնում փողոցը:

շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ