HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրականը սկսվեց նաեւ Լոռիում

Թիվ 32 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, պարզվում է, Տաշիրում եւ Կարապետյանների ծննդավայր Լեռնահովիտ գյուղում բարեգործական «hրաշքներ» է կատարում: Մինչ Տաշիրի քաղաքապետը գտնում է, որ Կարեն Կարապետյանի կատարածը իրենք 50 տարում հազիվ կատարեն, պրն Կարապետյանն իր ընտրատարածքում գտնվող Լոռու մարզի Ծաթեր, Այգեհատ, Մղարթ, Արդվի եւ հարեւան մյուս գյուղերում, 2007-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին, օրերս յուրաքանչյուր անձի 2 կգ շաքարավազ ընտրակաշառք է բաժանել: Թե ինչու է աղքատությունից դատարկվող գյուղերի գյուղացիների ընտրական ձայների վրա պատգամավորը «ջրի գին դրել», դա ունի իր պատճառները: Նախ' այս գյուղերը թիվ 31 ընտրատարածքից անջատվել եւ արհեստականորեն թիվ 32-ին են կցվել զուտ ընտրատարածքները վերահսկելի դարձնելու նպատակով, երկրորդ' ընտրությունների ժամանակ գյուղացիներն այստեղ իրենց ձայնի տերը չեն, քանի որ նրանց գլխին իրենց բազմաթիվ ճնշող լծակներով մահակ դարձած գյուղապետերն են որոշում նրանց ընտրության ելքը: Հակառակ դեպքում գյուղացին կզրկվի նպաստի տեղեկանքից ու անգամ հողից, կուտակված հարկերի համար կընկնի դատարան, դրա համար թեկնածուները, ինչպես լոռեցիներն են ասում, «խաչի դուռը գնալու փոխարեն, աստծո դուռն են գնում», իսկ ընտրվելու դեպքում իրենց պարտավորված են զգում ոչ թե գյուղացիների, այլ գյուղապետի առջեւ:

Կարեն Կարապետյանի դեպքում այս գյուղերի գյուղացիները լավ են գիտակցել, որ անմրցակից թեկնածուի պատգամավոր դառնալու գործում վճռորոշը տաշիրցիների ձայներն են: Ակնհայտ է նաեւ, որ մեր երկրի ԱԺ պատգամավորի համար ընտրակաշառք բաժանելը ավելի պատվաբեր գործ է, քան ԱԺ-ում գյուղացու հիմնախնդիրների լուծմանն աջակցող օրենքներ մշակելն ու հարցապնդումներ անելը: Մինչդեռ երաշտից տուժած գյուղացիները ընտրակաշառքի փոխարեն ակնկալում են, որն պրն Կարապետյանը ՀՀ կառավարությանը պահանջ ներկայացնի' օգնել երաշտի հասցրած վնասների փոխհատուցման, գյուղերի ջրամատակարարման անմխիթար վիճակը կարգավորելու, դաշտերում կարտոֆիլն անխնա ոչնչացնող մկներին վերացնելու համար որակյալ մկնդեղ հատկացնելու, գյուղեր գնացող ավտոճանապարհները բարեկարգելու, հարյուրավոր հա անմշակ եւ խոպան դարձած հողերը մշակելու հնարավորություն չունեցող գյուղացիներին օգնելու եւ նրան աղքատացնող մյուս պատճառները վերացնելու գործում:

Գյուղացին իր վրդովմունքը այլեւս չի թաքցնում. «Շատ կներես, 2 կգ պեսոկով ես կարա՞մ իմ տնտեսական հարցերը լուծել, դա որեւէ եղանակ չի լուծում,-ասաց Այգեհատի իր դաշտում անասուններին արածացնող այգեհատցի Ռուսլան Շահվերդյանը:-Երկու օր պեսոկով թեյ կխմեմ, բա երրորդ օ՞րը ինչ: Ես աշխատող, ֆերմեր տղա եմ, հարյուր հատ ուլ ունեմ, բայց սպառող չունեմ, կովեր ու խոզեր ունեմ, հարկերի ահագին պարտքեր ունեմ, որ երաշտ է եղել, այդ պարտքերը որտեղի՞ց պետք է տամ»:

Ռուսլան Շահվերդյանն այս տարի 8 հա հող է մշակել, որի վրա ծախսել է շուրջ 2,5 հազար դոլար, սակայն երաշտի պատճառով ոչինչ չի ստացել: Մեր մյուս զրուցակիցը' Արարատ Շահվերդյանը, նույնպես դժգոհեց, որ 3,5 հա հող ունի, սակայն 7 հազար դրամ թոշակ է ստանում եւ չի կարողանում իր հողը մշակել:

Իբրեւ օգնություն ստացած 2կգ շաքարավազի մասին նա ասում է. «Գյուղացուն ոտքի կանգնելու համար պետության աջակցությունն է հարկավոր»:

Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածում գտնվող Այգեհատ, Արեւածագ, Ծաթեր, Մղարթ եւ հարեւան մյուս գյուղեր գնացող ճանապարհները անբարեկարգ վիճակի պատճառով անհաղթահարելի են ավտոմեքենաների համար: Վարորդները դաշտամիջյան ճանապարհներով են հասնում այս գյուղեր: Վերջին տարիներին երկրի նախագահը նույնպես խոսել է Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածի վերանորոգման կարեւորության մասին: Սակայն առայսօր այն չի վերանորոգվել:

Այգեհատից Ծաթեր դաշտամիջյան ճանապարհի եզրերին անմշակ կամ չորացած արտեր են: Դաշտերում տեղ-տեղ ցցված են եգիպտացորենի' չորից սմքած ցողունները: «Երաշտից ցորենն ու եգիպտացորենը սնամեջ են»,- ասացին գյուղացիները: Այստեղ ակնառուն սեւ սաթի գույն, ծանրաքաշ ագռավներն են: Թե ինչու են նրանք այդքան ծանրաքաշ, Ծաթերի գյուղացիները բացատրեցին, որ այս տարի դաշտերը հեղեղված են մկներով, որոնք խժռում են կարտոֆիլի բերքը, սրանց դեմ կիրառած իրենց բոլոր դեղերն անզոր են եղել, եւ ագռավներն էլ այդ մկներով են սնվել:

«Վառելիքը շատ թանկ է: Մեր դաշտերը 360 հա են, եւ ամբողջ շրջանի ամենաբերքատու դաշտերն են այստեղ: Հիմա անտեր վեր ընկած են, 360 հա-ի մեկ երրորդ մասը հազիվ է մշակվել»,- ասում է 65-ամյա Սարուխան Ավետյանը:

«Գնանք գյուղում թե ջուր գտնես, խմես, կասես' ամոթ քեզ»,- ավելացրեց ծաթերցի æուլիետա Ավետյանը:

Ագարակի ջրատարից ջուրը հասցված է Ծաթերի սահմանը, սակայն աղքատության պատճառով գյուղի 150 ընտանիքներից քչերին է հաջողվել ջուրը հասցնել իրենց տուն:

æրի խնդիրը լուրջ է նաեւ Մղարթում: Կեսօրի կիզիչ արեւի տակ գյուղամիջի հազիվ ծորացող աղբյուրից գյուղի կանայք ու երեխաները դույլերով ջուր են տանում: Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանն էլ ասաց, որ Մղարթի շրջակայքում լեռնային աղբյուրներ չկան, այդ պատճառով էլ չի կարողանում գյուղ ջուր հասցնել: Քաղաքակրթությունից հեռու, մոռացված ու աղքատ այս գյուղերի տարիներով չլուծված հոգսերը, որոնք արմատական լուծում են պահանջում, դեռ շատ կարելի է թվարկել: Իսկ պատգամավոր Կարեն Կարապետյանը փորձում է դրանք լուծել 2 կգ շաքարավազով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter