HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Շարժումը ներսից դուրս հանող արվեստագետը. Զարեհ Մկրտիչյան

«Պաստառին առջեւ կանգնած կը սկսեմ ներկը զետեղել, առանց պլանի կը շարժեմ մատներս եւ գոյն կը ստանամ... Կը զգայի ներկը որպէս միջոց, որպէս օգնող, որ իմ զգացումս դնէ հոն... Կը սկսիմ յիշել մօրս հայեացքը, ճամբան, կարմիր լոյսերը, կը յիշեմ խումբ մը նարինջներ, որ աղքատիկ տղայ մը կը ծախէր: Բաները անհաշիւ շարժումներով կը խառնուին իրար, ուր ուրիշ հոսանք մը` այս անգամ արթուն եւ գիտակից, կու գայ յստակօրէն եւ մտածուած, իր հետքերը թողնելու»: 

Թբիլիսիում հաճախ են հոսանքազրկումները: Զարեհ Մկրտիչյանի հետ պայմանավորվածությունս կեսգիշերին էր, այլապես ես չէի կարող նրան գտնել օն-լայն տիրույթում ժամային տարբերության պատճառով: Զարեհն ապրում է ԱՄՆ ում: 

Լույսը անջատեցին, չկարողացա պայմանավորված ժամին ներկայանալ: Ներողություն դրա համար: Արդեն կեսգիշերն անց է, բայց կարող ենք զրուցել: 

Բնական բան է: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ այնտեղ էի մինչեւ 1983-ը, հաճախ էր պատահում, որ էլեկտրականություն չունենայինք: Ես Հալեպում եմ ծնվել 1956թ.-ին, հետո տեղափոխվել ենք Լիբանան: 

(Հենց այս տարիներին է, որ Զարեհ Մկրտիչյանը սկսում է ուսումնասիրել արվեստը` անցնելով գեղանկարչության կուրսեր: Սակայն տարօրինակ զուգադիպությամբ, արվեստագետը, որի նախնիները Եղեռնից մազապուրծ եղած հայեր էին, ուսանում է ոչ խաղաղ տարիներին. իրականություն եւ հիշողություն): 

Պատերազմի տարիներին ե՞ք ուսումնասիրել գեղանկարչություն... 

Ես արվեստի դպրոց գնացի շատ կարճ ժամանակ`մինչ 1976-ը...Ընդհատվեց ուսումս, որովհետեւ զինյալներ կային ճանապարհներին: Այո, ազդեցությունն այդ պատերազմից, անշուշտ կար եւ, առհասարակ, այն կարելի է գտնել ամեն իրադարձության մեջ. նայած` ինչպես կմտածես: Եղեռնի ժամանակ այդքան մարդկային կորուստ...Հարազատներիս, բարեկամներիս եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապրումը մի րոպեի մեջ դժվար է զգացմունքներով բացատրել: 

 

Նկարիչը կարողանում է նկարի միջոցով պատերազմն ու խաղաղությունը կողք կողքի դնել. Ձեր նկարներում նկատել եմ երկու ծայրահեղի մոտեցում` եւ այս կա, եւ այն: Իսկ իրականում այդպես չէ. ստացվում է` արվեստը ծնվում է իրականությունից, բայց անիրական լուծումնե՞ր է առաջարկում: 

Հարաբերական բաներ են: Կշռելու չափանիշն է կարեւոր. միշտ էլ կռիվներ կան. երբեմն դրանք քիչ կարող են ազդել մեզ վրա, երբեմն շատ...Մեծ ազդեցությունը կոչում ենք աղետ...Իրականն ու անիրականն էլ մենք մտածում ենք մեր մտքով. ուրեմն մարդկային է...Լինի արվեստ, թե ուրիշ բան:

Ամեն մի զգացած, ապրում Ձեր նկարներում նախեւառաջ գծային պատկերներով է արտահայտվում. գունային խաղը կարծես թե քիչ է հետաքրքրում... 

Վերջերս ավելի քիչ եմ օգտագործում գույներ. կարելի է շատ բան արտահայտել առանց գույների` լույսի եւ խավարի միջոցով: Այո, գործերիս մեջ գծերը բավական դեր ունեն. դրանց հոսանքի ուժը, մղող աղբյուրը, գծերի միջոցով իմ մեջից ելնող շարունակական ապրումի պահն է`պոռթկումը, զգայականը, խնդությունը եւ մահը: Վերջերս շարժումն ավելի շատ է գործերիս մեջ. կարծես ավելի եմ կենտրոնանում կյանքի հոսքը զգալու եւ այն իմ մեջից դուրս տալու պահանջը:

Շարժումը` այն, ինչ կյանք է տալիս, անընդհատ է, իսկ նկարը պահը բռնում եւ ընդհատում է թղթի վրա. արվեստի հավերժությունը շարժումից պահը պոկե՞լն է: 

Օհ, ինչ լավ ասացիք: Առանց շարժման մահն ավելի շուտ է գրավում մեզ. շարժումը ֆիզիկական աղբյուրն է կյանքի: Քանի մահի գիտակցումը կա, մենք ուզում ենք անմահությունը եւ կարծես թե դրանով էլ գոյությունն արժեվորելու փորձեր ենք անում: 

Բայց 21-րդ դարը խժռումի տարրերով է հագեցած. ամեն բան այսօր կարողանում են անվանել, մտցնել արվեստի շրջանակների մեջ: Դարը թու՞յլ է տալիս անհատները մնան անհատներ: 

Արվեստի հասկացողությունը դարերի ընթացքում է ընդլայնվում` մինչեւ այն պահը, որ անկեղծ եւ խորն է արտահայտությունը եւ կարողանում է ազդել երեւակայությամբ եւ ստեղծած վիճակով. դա լավ է, իրական: Հիմա շատ բաներ իրար քով քովի կան արվեստի արտահայտման մեջ:Երանի նրան, ով անկեղծ է ինքն իր հետ, ավելի հանգիստ եւ խաղաղ:

Վերջերս ավելի փափագում եմ պահի վրա կենտրոնանալ: 

Պահի վրա կենտրոնացումը դժվարամարս բան է, քանի դեռ կա ամբոխը եւ շրջապատող միջավայրը... 

Անհատն ազդվում է իր շրջապատից, ամեն ինչից, որի հետ հարաբերվում է` կլիմայից, ջրից, ուտելիքից...Ամբոխից: Ուրեմն ճիշտ է, որ նկարն անհատական է, բայց կրում է ազդեցություն, որը, խառնելով իր ներքինին, դուրս է հանում տարբեր վիճակների եւ ժամանակի մեջ:

Հիշու՞մ ես` սկզբում խոսում էինք Եղեռնի ազդեցության մասին...Մեծ, թե փոքր` իրադարձությունը ազդում է գոյության, կյանքի վրա, եւ ստացվում է, որ կյանքը տարբեր պահերի ներկայությունն է, ուր ժամանակի եւ հարաբերության պատճառով փոխվում են բաներ...Իսկ կյանքը այդ փոփոխությունն է: 

Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ճգնավորները, որոնք հեռու էին աշխարհիկ կյանքից, կարողանում էին պատկերացնել ամենը շատ լավ եւ միայնության մեջ հանճարեղ բաներ ստեղծել: 

Նրանք արդեն իրենց մեջ կուտակել էին գիտությունը եւ ազդեցությունը:Նույնիսկ, եթե առանձին են, միտքը ժառանգում են իրենց նախնիներից. բաներ կան, որ արձանագրված են մարդկային մտքի մեջ: 

Ստացվում է, որ ժամանակակից արվեստագետն ավելի մեծ բախումների մեջ է. նա եւ կրում է այդ միտքը, եւ շրջապատն է ընկալում: Այս տեսանկյունից ԱՄՆ ում ապրելը եւ ստեղծագործեը պետք է որ բարդ լինի: 

Եթե արվեստագետը կարողանում է կենտրոնանալ իր ներքին աշխարհի մեջ, ճանաչելով իրեն, մնալով հաստատուն եւ անկեղծ, միաժամանակ ունենալով դրսի ազդեցությունը, խառնելով դրան գիտելիքները, կկարողանա ինդիվիդուալ մնալ նաեւ համամարդկայինի մեջ: 

Բոլոր ժամանակների նկարիչներն ապրեցին տարբեր կերպ, ամենատարբեր ձեւերով. Պիկասոն այդպես էլ մեծ տարիքում մահացավ անկողնու մեջ` մինչեւ վերջ նկարելով: Նկարիչներից շատերը ողբերգական մահով անմահացան: Վերջի մասին Ձեր պատկերացումը ո՞րն է: 

Գիտակցորեն եւ պայքարելով, երեւակայությամբ լեցուն եւ կյանքը ընդունած վիճակով մահանալ սիրով: Ամեն ինչ հոսանքով կգա եւ կգնա, կլուծվի, հետքեր կթողնի եւ նոր ծնունդներ կտա:Ես լավատես եւ պայքարող եմ:

Հ.Գ. Զարեհ Մկրտիչյանի մասին ինֆորմացիա ստացա արվեստի հետ առնչումներ ունեցող մի այլ անհատի հետ զրույցից, որից հետո ուսումնասիրություններս այս նկարչի մասին սկսվեցին նրա նկարներից, 40-ից ավելի նկարաչական (խմբակային եւ անհատական) ցուցահանդեսներից եւ ավարտվեցին հոդվածներով, որոնցից շատերը հայտնի պարբերականների էջերում էին, այդ թվում եւ «Լոս-Անջելես թայմսում»:

 

Մեկնաբանություններ (1)

dikran ekizian
kou partser arvesdet , kdzakroutyounnerout nutereh aynkan martgayin yev zkatsagan en djishd kou ngarakiret tsolatsenogh anerevagayeli keghetsgoutyoun .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter