HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Պատերազմ տեսած ժողովրդին այսպես չեն նայում»

Գյուղամիջում տեղադրված գերանին նստած են մոտ մեկ տասնյակ գյուղացիներ:

Կարճ ժամանակում ամբողջ գյուղը հավաքվում է գերանի շուրջ, որից մի քանի մետր հեռու հազիվ ծորացող աղբյուրն է: Աղբյուրի մոտ մի քանի երեխաներ էին հավաքված' կոկա-կոլայի դատարկ շշերը ձեռքներին: Նրանք այդ շշերով ջուր են կրում: Ճանապարհին փոշի կուլ տալուց հետո փորձում եմ աղբյուրի ջուրը. այն տարօրինակ համ ուներ, եւ պլաստիկ շիշը լցնելուց հետո միանգամից հատակին նստվածք էր գոյանում:

Ես ստիպված եմ խմում Հարթաշեն գյուղի խմելու ջուրը:

Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղը նման է աղետից հետո ոտքի չկանգնած բնակավայրի: Գյուղամիջյան ճանապարհներն անանցանելի են, տները' կիսավեր: Ռազմական գործողությունների ընթացքում գյուղի տները դարձել են ադրբեջանական հրետանու թիրախ:

Այս տարվա երաշտը ծնկի է բերել Հարթաշենի բնակիչներին: Նրանք հուսալքված են, որովհետեւ գյուղում չկա խմելու եւ ոռոգման ջուր:

«Անտառում ճահիճ կա, այդտեղից ջուր է քաշվել, հիմա օգտագործում ենք էդ ճահիճի ջուրը, իսկ ոռոգման ջրի մասին ընդհանրապես չեմ ուզում ասել, որովհետեւ չկա: Ի՞նչ գյուղացի, եթե էսօրվա դրությամբ պոմիդորը առնում է, ձմերուկը, վարունգը առնում է, ընդհանրապես բանջարեղենը առնում է: Հիմա բերում-ծախում են էդ ամենը, մենք էլ հացահատիկի հետ փոխանակում ենք: Իսկ էս տարի հացահատիկն էլ չի եղել, եւ մի պրոբլեմ էլ դա է»,- ասում է գյուղի դպրոցի տնօրենը' Արթուր Արզումանյանը:

Հարթաշենցիները մինչեւ ռազմական գործողությունների սկսելը զբաղվում էին խաղողագործությամբ: Պատերազմի տարիներին խաղողի այգիներն ավերվել եւ վառվել են: Գյուղացիներն այժմ այդ այգիներում հացահատիկ են ցանում եւ զբաղվում են անասնապահությամբ: Գյուղամիջյան գերանին նստածները համոզված են, որ գյուղը կզարգանա միայն խաղողի այգիները վերականգնելով: Նրանք ունեն բիզնես ծրագրեր, սակայն բանկերը հրաժարվում են գյուղացիներին վարկավորել' գտնելով, որ նրանց տներն արժեքավոր չեն, այսինքն' գրավի առարկա չեն կարող դառնալ: Գյուղամիջում հավաքվածները միաբերան ասում են, որ եթե այսպես շարունակվի, երկու-երեք տարի հետո գյուղը դատարկվելու է:

«Գյուղում երիտասարդությունը քիչ է, եղածն էլ չի ուզում մնա: Չի ուզում մնա, որովհետեւ ոչ մի բան չկա, ակումբը չկա, մի տեղ չկա նստելու, որ թեկուզ ինչ-որ հարցի շուրջ խոսեն»,- ասում է Արթուր Արզումանյանը:

Գյուղն ունի 115 բնակիչ: Պատերազմում զոհվել են տասը հարթաշենցիներ, վեց հոգի էլ անհայտ կորած է: Տեսնելով, որ իրենց ասածները գրի եմ առնում, Արթուրն ասաց. «Շատ են գալիս, տարբեր կազմակերպություններից գրում են, բայց էդ ամենը մնում է թղթի վրա: Թե երբ կլուծվեն մեր խնդիրները' չգիտենք: Էս գյուղում հույսով ապրող մարդիկ ենք: Գոնե եթե մեկը անեն, ժողովուրդը էդքան չի հուսահատվի: Կիմանա, որ ինչ-որ առաջխաղացում կա: Գյուղի վերեւը տեղեր կան, որ արտեզյան աղբյուրներ կարելի է բացել: Ընդամենը հինգ-տասը հազար դոլարի պատմություն է, մեծ ծախսեր էլ չի: æուրը եթե ունենանք, ժողովուրդն արդեն կզբաղվի ամեն ինչով' հողագործությամբ, բանջարաբուծությամբ»,- ավելացնում է Արթուրը:

Գյուղամիջյան գերանին նստածները, մեկը մյուսին հերթ չտալով, սկսում են թվարկել իրենց խնդիրները:

«Շրջանում ամենաաղքատն էս գյուղն է, տները փչացել են, ոնց որ մենք ենք, այնպես էլ տներն են: Ապրուստ չունենք: Կռիվներ այստեղ շատ են եղել: Հիմա մենք աղքատ ենք դարձել' ո՛չ գրադարան ունենք, ո՛չ կլուբ ունենք, ո՛չ մի բան չունենք գյուղում»,- ասում է Խանում Աբրահամյանը:

«Իմ տղան մինուճար տղա էր: Անհետ կորել է, հիմա ո՞վ է իմանում' տղաս զոհվել է, թե ողջ է: Իր երեխաների մասին ո՞վ է մտածում' մենակ ես: Ղեկավարն էլ գալիս է, ասում' աշխատիր, երեխաներիդ պահիր: Որտե՞ղ աշխատեմ»,- ասում է Սեդա Բալայանը: Նրա խոսքն ընդհատում է Խանումը. «Որ ջուր չկա, ի՞նչ անենք: Տղաս հինգ անգամ վիրավորվել է, այստեղից հասել է Քելբաջար: Հիմա Երեւանի իր տունը թողել է, եկել է ինձ ու ամուսնուս է պահում: Ինքն էլ վիրավոր է: Տասնչորս հազար թոշակ ենք ստանում, դրանով ո՞նց ապրենք, եթե մի բան էլ չենք կարողանում ցանել»:

Հարթաշենը եւ հարեւան գյուղերը' Ուխտաձորը, Ակնաղբյուրը եւ Քյուրաթաղը, զրկված են հեռախոսակապից եւ հայերեն հեռուստաալիքներ դիտելու հնարավորությունից:

Քյուրաթաղցի Արմեն Ալեքսանյանը երեք երեխա ունի: Կինը' Էլզան, դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին է: Մեր այցելության ժամանակ Արմենենց տանը երեխաները դիտում էին ադրբեջանական «Լիդեր» հեռուստաալիքով հեռարձակվող մուլտֆիլմ:

«Այստեղ միայն հայկական «Հ1» արբանյակային ծրագիրն է հնարավոր նայել, էն էլ ձմռանը լավ չի աշխատում: Մենք դիտում ենք չորս ադրբեջանական, երկու թուրքական եւ երկու պարսկական ալիքներ: Հաղորդիչը թույլ է, այն փոխելու դեպքում հնարավոր կլինի մի չորս-հինգ հայկական ալիքներ դիտել: Երեխայի միակ ժամանցը գյուղում հեռուստացույցն է, ակումբ չկա, թատրոն չկա, զվարճանքի վայր չկա երեխաների համար. միակն էդ է, էն էլ հակառակորդի ալիքներն են»,- ասում է Արմեն Ալեքսանյանը:

Արմենին հարցնում եմ' ղեկավարությունը գիտի՞, դիմե՞լ են որեւէ մեկին:

«Դիմել ենք, տարբեր տեսակի ընտրություններին' Ազգային ժողով լինի, թե նախագահական, երբ եկել են մեր գյուղ, դիմել ենք, խոստացել են, ընտրություններն անցել են, այդպես էլ մոռացել են: Առաջին ընտրություններին Ղուկասյանը եկել էր մեր գյուղ հանդիպման: Բարձրացրել ենք այս հարցը, ասել է' կլուծենք: Դրանից հետո մի անգամ էլ է ընտրվել' էլի չկա: Շրջանի ղեկավարությունից ով որ եկել է գյուղ, ինչ-որ պատճառներով էլի էդ հարցը բարձրացրել ենք: Ամեն ինչի պատճառը ֆինանսներն են: Թե էդ ֆինանսը որտե՞ղ է, ի՞նչ է, ամեն ինչի համար կա, մի հաղորդիչը, պետություն ենք կոչվում, պետության համար չկա՞»,- զարմացած ասում է Արմենը:

Արմենը լուրեր լսում է ադրբեջանական հեռուստաալիքներից: Այնտեղից է առաջինն իմանում, թե ինչպես անցան ղարաբաղյան բանակցությունները. «Իրենց ալիքներն ամեն հանդիպումից հետո ասում են' Քոչարյանը փախավ: Իրենց հեռուստատեսությունը, ինձ թվում է, ճիշտը չի ասում ժողովրդին: Ասում են, որ խաղաղ պայմաններով հողը չվերցնենք, պատերազմով կվերցնենք: Պատերազմով վերցնողը, եթե կարողանար կվերցներ: Երեւի միայն ժողովրդին են խաբում»,- եզրակացնում է Արմենը:

Այս չորս գյուղերում չեն դիտում նաեւ Արցախի հեռուստաընկերության հաղորդումները: Արմենի եղբայրներից երկուսը զոհվել են պատերազմում: Ինքը 1991թ.-ից գյուղի ջոկատում էր, այնուհետեւ' Ղարաբաղի բանակում: Վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից ծառայել բանակում մինչեւ 1996 թվականը:

«Գյուղի ժողովրդի մասին մտածում են միայն ընտրությունից ընտրություն: Ընտրությունը մոտեցավ, ղեկավարություն է երեւում գյուղում: Անցավ-գնաց, վերջ' գյուղը մոռացան: Մեկ էլ տարվա վերջին են հիշում' հարկերի ժամանակն է, բերեք: էդ մեկը չեն մոռանում: Պատերազմ տեսած ժողովրդին այսպես չեն նայում,- մի տեսակ նեղացած տոնով ասում է Արմենը,- պատերազմը չի վերջացել: Սրանից հետո ես առաջվա նման ո՞նց կռվեմ, մի անգամ արդեն կռվել եմ: Ո՞վ է մտածում զինվորի, վիրավորի, զոհվածի համար: Երկրորդ անգամ որ սկսի, ես նույն ձեւո՞վ պիտի կռվեմ: Ինչի՞ համար, թաքնվելու եմ, որ կարողանամ երեխաներիս պահեմ: Գիտեմ, ոչ ոք չի պահելու: Իսկ այն ժամանակ երեխա, փոքր, մեծ' ոչ ոք չի մտածել, որ կարող է զոհվի, կարող է մի բան պատահի: Պատերազմ էր, պի՛տի գնայինք, պի՛տի կռվեինք, պի՛տի հաղթեինք: Հաղթելուց հետո, այսքանը տեսնելուց հետո ոչ ոք առաջվա պես չի կռվի: Ինձ էդպես է թվում: էլի անելու են, էլի իրենց հողն է, բայց առաջվա պես չի լինելու: Ես կռվեմ, մնացածը փող աշխատե՞ն դրա մեջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter