HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արհմիությունը բարվոք է համարում աշխատողների իրավունքների պաշտպանությունը

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ա րհեստակցական կազմակերպության նախագահ Արկադի Սարգսյանի հավաստմամբ՝ աշխատողների սոցիալական, կենցաղային, աշխատանքի պաշտպանության եւ մյուս բոլոր հարցերը բարվոք վիճակում են իրենց կոմբինատում: Կոմբինատը տնօրինող ամերիկյան «Կոնսապ» ընկերությունը ամսական մոտ 800-900 հազար դրամ է հատկացնում կոմբինատի 1275 աշխատողներին՝ օգնության նպատակով.

ա/ աշխատողների ընտանիքում տեղի ունեցող մահվան դեպքերում հատկացնում են 50 հազար դրամ,

բ/ հիվանդության դեպքում՝ 25-50 հազար դրամ,

գ/ աշխատողի մահվան դեպքում, եթե այն նույնիսկ արտադրության հետ չի կապված, կոմբինատը փոխհատուցում է հուղարկավորության ծախսերը: Եթե աշխատողը արտադրությունում տեղի ունեցած դժբախտ դեպքի հետեւանքով է մահացել, կոմբինատը փոխհատուցում է թաղման եւ մյուս բոլոր արարողությունների հետ կապված ծախսերը, տեղադրում հուշաքարը:

«Կոնսապ» ընկերությանը պատկանող կոմբինատը ղեկավարելու 3 տարիների ընթացքում մահվան մեկ դեպք է գրանցվել՝ 2004թ., եւ տարվա ընթացքում տարբեր ծանրության 8-10 վթարայնության դեպք: 28-29 հոգի վնասի փոխհատուցում են ստացել աշխատանքի ընթացքում ձեռք բերած տարբեր աստիճանի վնասվածքների համար, որոնցից հաշմանդամության միայն մեկ դեպքն է վերջին տարվա, մնացյալը մինչեւ 40 տարվա վաղեմություն ունեն: Արհմիության նախագահի ասելով՝ մյուս կոմբինատների համեմատությամբ դժբախտ պատահարների փոքրաթիվ լինելը պայմանավորված է նրանով, որ տնօրինությունը մեծ ուշադրություն է դարձնում աշխատանքային պայմանների բարելավմանն ու անվտանգության կանոնների պահպանմանը:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Կոնսապ» ընկերությունը ստանձնել է կոմբինատի աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների բժշկական ապահովագրությունը: Նրանց բուժման ու վիրահատությունների համար պայմանագրեր են կնքվել Ագարակի հիվանդանոցի, Գորիսի Դիագնոստիկ կենտրոնի, «Էրեբունի», «Սուրբ Ներսես Մեծ» եւ «Արմենիա» բժշկական կենտրոնների հետ: «Արմենիա»-ի հետ նաեւ դիագնոստիկ հետազոտություններ իրականացնելու պայմանավորվածություն ունեն: Նորք-Մարաշի սրտաբանական կենտրոնի հետ սրտի վիրահատություն կատարելու պայմանագիր են կնքել միայն աշխատողների համար:

Արկադի Սարգսյանը տեղեկացրեց, որ տնօրինությունը շարունակում է աշխատանքները կոմբինատում աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ. բուժամբուլատորիաներ են ստեղծվել նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, ծրագրվում է վերանորոգել արտադրամասի կենցաղային շենքերը:

Հանքավայրի երկարամյա աշխատողները նաեւ մասնագիտական հիվանդություն են ձեռք բերում՝ սլիկոզ (ծանր մետաղների կուտակում թոքերում), որի հետեւանքով աշխատանքային հաշմանդամներ են դառնում: Պետությունը հաշմանդամության թոշակը սահմանել է 2600 դրամ, բայց տնօրինությունը, աշխատողների աշխատավարձը բարձրացնելուն զուգընթաց, բարձրացնում է նաեւ նրանց թոշակը (այս տարիներին 20 %-ով բարձրացրել են աշխատավարձը): Արհմիության նախագահի հավաստմամբ՝ ներկայումս 20-50 հազար դրամ հաշմանդամության թոշակ ստացողներ կան Ագարակի կոմբինատում:

Ա. Սարգսյանը նշեց, որ առայժմ չի հաջողվում լիովին վերականգնել խորհրդային տարիներին լեռնամետալուրգների համար ստեղծված բոլոր արտոնությունները՝ բուժման ու հանգստի կազմակերպում առողջարաններում ու հանգստյան տներում: «Համոզված եմ, որ տնօրինության հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելու դեպքում դա եւս իրականություն կդառնա: Մենք պատրաստել ենք կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, սակայն այն դեռեւս չի կնքվել, բանակցությունները տնօրինության հետ շարունակվում են»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter