HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Քոչարյան-«Հրապարակ» դատական վեճը մեկնարկել է

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատավարությունը:

ՀՀ երկրորդ նախագահը թերթից պահանջում է «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների» հերքում և 6 մլն դրամի փոխհատուցում, որից 3 մլն-ն` վիրավորանքի և զրպարտության, իսկ մյուս 3-ը` դատական ծախսերի համար:

Հիշեցնենք, որ ըստ հայցվոր կողմի՝ Ռոբերտ Քոչարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ են տպագրվել «Հրապարակ» օրաթերթի փետրվար և մարտ ամիսների 3 համարներում, մասնավորապես՝ «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրում» հոդվածում:

Հայցվորի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը մանրամասնում է, թե հրապարակված հոդվածում ինչպիսի վիրավորական և զրպարտող արտահայտություններ են տեղ գտել. «Մտքով ի՞նչ անցներ, թե Քոչարյանն անցուդարձին չի դիմանա եւ իր անմտությամբ ասպարեզ կիջնի»,  «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ… », «Երեւի տեղապահ Քոչարյանը ոչ միայն մտքի, այլեւ հիշողության կարճության խնդիր ունի»:

Սրանք, ըստ Մելիքբեկյանի, զրպարտություն են և վիրավորում են Ռ. Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը: Ասվածի համատեքստում նա վկայակոչում է անձի պատվի և արժանապատվության վերաբերյալ ՀՀ սահմանադրական և միջազգային փաստաթղթերի նորմերը և հիշեցնում ՄԻԵԿ-ի դատական նախադեպերի մասին:  

Մելիքբեկյանի խոսքերով՝ 2անգամ թերթից պահանջել են վերոհիշյալի կապակցությամբ տպագրել հերքում: Իսկ «Հրապարակի» անունից ուղարկված և լրագրող Լուսինե Պետրոսյանի կողմից ստորագրված գրությունները, որոնցում վկայակոչվում են թերթի փետրվարի 22-ի («Ինքնակոչ նամակ Քոչարյանի անունից») և մարտի 14-ի («Անձամբ Քոչարյանից` սխալներով և ստորագրությամբ»)  համարներում տեղ գտած հրապարակային պատասխանները, ըստ Մելիքբեկյանի, հայցվորի կողմից «չէին կարող դիտարկվել որպես բավարարող պատասխաններ»: Ուստի, երկրորդ նախագահը որոշել է հարցը լուծել դատական կարգով: 

Այսօրվա նիստում «Հրապարակի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց, որ հայցապահանջը հստակ ձևակերպված չէ: Բացի դրանից՝ հայցային փաստաթղթերում չի ներառվել փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերի մասին վկայող որևիցե փաստաթուղթ: Սրա բացակայությունը Մելիքբեկյանը պատճառաբանեց ժամանակի սղությամբ:  

Հայցվորի ներակայցուցիչը միջնորդեց նախնական դատաքննությունը շարունակել հաջորդ նիստին` իրեն հնարավորություն տալով ներկայացնել պահանջվող փաստաթուղթը: 

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, որ հայցը չի ներկայացվել պահանջվող ժամկետում և ենթակա է մերժման առաջին հերթին հենց այս հիմքով: Եվ դատարանի կողմից այս հանգամանքը հաշվի չառնելու դեպքում, իրենք պատրաստ են ներակայացնել ավելի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կբացահայտվեն դատական գործընթացի ընթացքում:

«Հետքի» հարցին, թե արդյոք Քոչարյանը պատրա՞ստ է հրաժարվել հայցի դրամական մասից, փաստաբան Մելիքբեկյանն ասաց, որ դեռևս իրավասու չէ պատասխանել այս հարցին:

Դատական հաջորդ նիստի օրը և ժամը դեռևս հրապարակված չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter