HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Պուտինը որոշի երկաթյա կափարիչ դնել այս եռացող կաթսայի վրա, ապա ինքը կեռա այդ կաթսայում

Ռուսաստանի Դաշնությունում լույս տեսնող «Նովայա գազետա» թերթը ֆինանսական լուրջ դժվարություններ ունի: Ընդդիմադիր համարվող այս թերթը ֆինանսավորում է Ազգային պահուստային բանկի ղեկավար և հիմնական բաժնետեր Ալեքսանդր Լեբեդևը, ում բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել, և ՌԴ կենտրոնական բանկը սկսել է այնտեղ ստուգումներ իրականացնել: 

Այս խնդրի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանել է ռուսական «Նովայա գազետա» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովը 

Ինչո՞ւ են հատկապես հիմա այս ճնշումներն ահագնացել:

Որովհետև մենք, որպես ազատ լրատվամիջոց, աջակցել և գրել ենք խարդախ ընտրությունների դեմ իրականացված հասարակական հանրահավաքների մասին: Որովհետև մենք շարունակում ենք բացահայտել կոռուպցիան բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, այդ թվում` Պուտինի և նրա մերձավորների: Նրանք, ում ձեռքում է այսօր իշխանությունը, հասկանում են, որ կորցնում են հասարակության աջակցությունը, նրանք կորցնում են իրենց ազդեցությունը և կարող են կորցնել իրենց միլիարդները: Ահա թե ինչու անկախ մեդիան, որը կենտրոնացած է հետաքննությունների և ազնիվ լրատվության վրա, համարվում է թշնամի:

Ինչպե՞ս և ե՞րբ առաջացան խնդիրները: Արդյո՞ք դրանք միայն ֆինանսական են: 

Մենք միշտ ունեցել ենք խնդիրներ իշխանությունների հետ, բայց ճնշումը, որին մենք այսօր բախվել ենք, հավանաբար ամենաուժեղն է: Մենք այս ճնշումը զգացինք անցյալ տարվա վերջին, երբ ՌԴ Կենտրոնական բանկի ավելի քան 130 պաշտոնյաներ, իրավապահ մարմինների և Անվտանգության դաշնային ծառայության հետ, գնացել են Ալեքսանդր Լեբեդևի բանկի գրասենյակ: 

Արդյո՞ք բանկային հաշիվները փակելը քաղաքական որոշման արդյունք է:

Իհարկե, մենք վստահ ենք, որ սա քաղաքական որոշում է: Նախ և առաջ, ԿԲ-ն ստուգել էր Լեբեդևի բանկը կես տարի առաջ: Նրանք որևէ անօրինական բան չէին գտել և խոստավանել էին, որ բանկը պահպանում է բոլոր օրենքները: Վեց ամիս անց նրանք կրկին եկան բանկ: Դա սովորական երևույթ չէ, նույնիսկ Ռուսաստանում:

Երկրորդ պատճառը. նրանց ուշադրության գլխավոր թիրախը Լեբեդևի անձնական բանկային հաշիվներն են, որտեղից նա ֆինանսավորում է «Նովայա գազետա»-ն, Բրիտանական թերթերը, քաղցկեղով հիվանդ երեխաներին և բարեգործական այլ ծրագրերը:

Երրորդ պատճառը. «Նովայա գազետա»-ն միակ լրատվամիջոցը չէ, որ այսօր դժվարություններ ունի: Սա միտում է: Մեզանից առաջ Գլխավոր դատախազությունը սկսել էր ստուգել անկախ «Դոժդ» հեռուստակայանի ֆինանսական աղբյուրները, «Գազպրոմը» փոփոխություններ արեց «Էխո Մոսկվի»` անկախ ռադիոկայանի տնօրենների խորհրդում: Միաժամանակ, իրավապահները ստուգում են քաղաքական հայտնի ակտիվիստ Ալեքսեյ Նավալի բանկային հաշիվները Կիրովում: Այսպիսով, բոլոր այս փաստերը թույլ են տալիս, որպեսզի ասենք, որ սա համակարգված քարոզարշավ է, որպեսզի բռի մեջ պահել անկախ քաղաքական և մեդիա ներկայացուցիչներին նախագահական ընտրություններից առաջ և հետո:

Թերթի դեմ ներկայացված հայցերը արդյո՞ք նույնպես քաղաքական դրդապատճառներ ունեն: 

Սա կոռումպացված պաշտոնյաների մասին մեր հետաքննությունները կանխելու փորձ է: Կարևոր է նշել, որ վերջին մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում մեր դեմ 5 դատական գործ է սկսել նախագահական գրասենյակը (Управление делами президента РФ), որը մեր հետաքննություններից շատերի կիզակետում էր: 

Դատական հայցերը տարբեր հետաքննություններից հետո են սկսվել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «Նովայա գազետայի» համար հետաքննություն անցկացնելն արդեն վտանգավոր է: 

Դա միշտ էլ վտանգավոր է եղել: Եվ ոչ միայն մեզ համար, այլ Ռուսաստանում յուրաքանչյուր ազնիվ լրագրողի համար: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք կորցրել ենք 4 լրագրող. նրանք բոլորն էլ տարբեր թեմաներով հետաքննություններ են անցկացրել` բարձրաստիճան պաշտոնյաների, մարդու իրավունքների, Հյուսիսային կովկասի և այլ թեմաներով: 

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող են լուծվել թերթի ֆինանսական խնդիրները, դուք ի՞նչ լուծում եք տեսնում թերթի աշխատանքները բնականոն ընթացքի բերելու համար:

Մենք պատրաստ ենք աշխատել առանց աշխատավարձի այնքան, որքան հնարավոր է: Մենք գիտենք, որ վաղ է խոսել ինչ-որ կոնկրետ լուծումների մասին: Մենք տակավին հավատում ենք, որ կկարողանանք լուծել այդ խնդիրնեը: Այսօր մենք ստանում ենք ֆինանսական աջակցության հարյուրավոր առաջարկներ տարբեր մարդկանցից` մեր ընթերցողներից, արվեստագետներից և բիզնեսմեններից, ովքեր պատրաստ են իրենց թոշակներից  և աշխատավարձերից գումար հատկացնել: Մենք շնորհակալ ենք բոլորից, բայց մենք չենք ընդունում այդ առաջարկությունները: Մենք գիտակցում ենք, որ կան հարյուրավոր ավելի կարևոր խնդիրներ, որոնք փողի կարիք ունեն: Օրինակ` քաղցկեղով հիվանդ երեխաները, ովքեր գումար չունեն հիմա, որովհետև կառումպացված պաշտոնյաները որոշել են ճնշում գործադրել Լեբեդևի և «Նովայա գազետա»-ի վրա:

Որքա՞ն ժամանակ կարող եք առանց ֆինանսավորման աշխատել, լրագրողներն ինչքա՞ն կդիմանան:

Մենք պատրաստ ենք աշխատել որքան հնարավոր է երկար:

Եթե ճնշումները քաղաքական ենթատեքստ ունեն, չե՞ք կարծում, որ Վլ. Պուտինի ընտրվելու դեպքում այդ ճնշումներն ավելի կմեծանան: 

Եթե այդպես լինի, ապա դա միայն անհանգստություններ կպատճառի միայն իրեն: Դա կլինի իր քաղաքական կարիերայի վերջին որոշումներից մեկը: Նա չի հասկանում, որ մեր հասարակության մտածելակերպը փոխվել է: Մարդիկ անկախ լրատվամիջոցի, քաղաքական անկախության կարիք ունեն և տարբեր տեսակետեր լսելու հնարավորություն: Եթե նա որոշի երկաթյա կափարիչ դնել այս եռացող կաթսայի վրա, ապա ինքը կեռա այդ կաթսայում: 

Որպես խմբագիր հնարավոր համարո՞ւմ եք Ռուսաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը:

Իհարկե: Դա հեշտ է: Եթե դու վստահ ես քեզ վրա, եթե դու չես վախենում մրցակցությունից, միայն տուր հավասար իրավունքներ բոլոր քաղաքական առաջնորդներին: Հավասար իրավունքներ ասվածը ներառում է` հավասար մուտք ունենալ հեռուստաընկերություններում, հավասար բյուրոկրատիկ պահանջներ յուրաքանչյուր թեկնածուին կամ քաղաքական կուսակցությանը  և այլն: Ընդհանրապես, հավասար իրավունքը նշանակում է քաղաքական ազատություն: Եթե մենք դա ունենք, մեր ընտրությունները կլինեն ազնիվ և արդար: Բայց, իհարկե, քանի դեռ գործող պաշտոնյաներն են իշխանության գլուխը, մենք չենք ունենա արդար ընտրություններ, որովհետև նրանք վախենում են կորցնել իրենց իշխանությունը և փողը, նրան վախենում են հնարավոր քրեական հետապնդումից:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter