HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխության նախագծով հարվածի տակ է դրվում արդարությունը»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը ԱԺ մայիսի 10-ի նիստում

Ամեն հինգշաբթի' կառավարության նիստի օրը, այդ շենքի առջև իրենց բողոքն են արտահայտում քաղաքացիների տարբեր խմբեր, որոնց ձայնը թե ֆիզիկապես, թե օրենքի կիրառման առումով հիմնականում անլսելի է մնում: Ինչպես նաև ամեն Աստծու օր զանգվածային լրատվության տարբեր միջոցներով մեր քաղաքացիների ոտնահարված իրավունքների ու նրանց նկատմամբ տարբեր պետական մարմինների ապօրինի գործողությունների մասին ներկայացվում են բազմաթիվ բողոքներ ու փաստեր: Դրանց նկատմամբ նույնպես իշխանությունները հիմնականում կույր ու խուլ են ձևանում:

Այս իրականության մեջ հանկարծ հապշտապ' 24 ժամվա ռեժիմով, Ազգային ժողով է բերվում մի նախագիծ, որը Կրթության և գիտության մշտական հանձնաժողովում փոխնախարարը ներկայացնում է որպես ներքևից եկող պահանջ, որի մասին հասարակությունը ոչինչ չի լսել: Ես ստացել եմ մի անստորագիր նամակ, որով այն տնօրենները, որոնց կենսաթոշակի անցնելուն մնացել է 5 և պակաս տարի, խնդրում են ազատել իրենց հավաստագրման քննություններից, որովհետև իրենք ազգանվեր աշխատանք են կատարել:

Ակնհայտ է, որ հանրակրթական դպրոցի ուսուցչապետները նման մի նամակ էլ գրել են հանրապետության գործող նախագահին, ով որոշել է ընդառաջել նրանց' առանց հաշվի առնելու, որ այդ քայլով ոչ միայն օրենքի hետընթաց է արձանագրվելու, այլև հերթական անգամ օրենքի կիրառումը խտրական բնույթ է կրելու: Ինչպես նաև կառավարությունն այս նախագծով շատ կարևոր ու բավականին հստակ գնացող գործընթացի ժամանակ փոխում է խաղի կանոնները, որն անազնիվ ու անթույլատրելի է, որովհետև 267 մանկավարժ քննության երկու փուլն արդեն հանձնել ու ստացել է հավաստագրեր, որոնց մեջ անպայման կլինեն նաև այդ տարիքի մանկավարժներ:

Եվ իշխանությունը, «օրենքի առջև բոլորը հավասար են» ասելու փոխարեն, բերում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխության նախագիծ, որով հերթական անգամ հարվածի տակ է դրվում արդարությունը: Այս ամենի վերլուծությունն ինձ հանգեցնում է հետևյալ եզրակացության. այդ «վաստակած» ուսուցչապետները, իշխանություններին հիշեցնելով տարբեր ընտրությունների ժամանակ նրանց մատուցած իրենց ծառայությունների մասին, ուզում են կորզել այս արտոնությունը' հաշվի չառնելով, թե հասարակությունն ինչպես կորակավորի այն: «Երախտագետ» իշխանությունն էլ չի ուրանում նրանց ծառայությունները, որովհետև դրանց կարիքը շուտով զգալու է:

Այսպիսով, դպրոցների 61 տարեկան տնօրեններն ու վաստակավոր մանկավարժներն իրենց վաստակը գնահատելու այլ ձև չեն պահանջում, քան ընդհանրապես քննությունից ազատվելու արտոնությունը, իսկ կառավարության ներկայացրած նախագծով մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը 61 տարին լրացած գործող տնօրեններն ու վաստակավոր մանկավարժները պետք է անցնեն քննության միայն գրավոր փուլը, իսկ բանավոր փուլից ազատվում են:

Այստեղ անարդարության մի եզր էլ կա. եթե վաստակավոր մանկավարժներին տրվում է այդ արտոնությունը, ապա տնօրենների մեջ կան մարդիկ, ովքեր մանկավարժական գիտությունների թեկնածուներ են, տարբեր շքանշանների արժանացածներ էլ կան. ինչո՞ւ է թերագնահատվում տարբեր պետական մարմինների արժևորած նրանց գործունեությունը:

Կարծում եմ, որ պետք է ընդհանրապես հանել այս նորմը: Ազգային ժողովում այս նախագծին կողմ քվեարկող պատգամավորներին ահազանգում եմ, որ դուք, օրինականացնելով 61 տարեկան տնօրեններին թեկուզ քննության բանավոր փուլից ազատելու արտոնությունը, կհեղինակազրկեք նրանց, որովհետև քննության բանավոր փուլում տրվում է ընդամենը 5 հարց, որոնք վերաբերում են նրանց գործնական հմտություններին ու տնօրենի ընտրության մրցույթին ներկայացվող փաստաթղթերի մեջ շատ կարևոր տեղ զբաղեցնող Դպրոցի զարգացման' իրենց ձեռքով գրված ծրագրին:

Եթե իսկապես տարիներ շարունակ նրանք աշխատել են գործող օրենքներով ու իրականացրել են կրթությանը ներկայացվող օրենքով պահանջվող չափորոշիչները, ապա վերապատրաստվել ու քննություն հանձնելը երբեք չի ստվերի մանկավարժության մեջ նրանց մատուցած ծառայությունները, ընդհակառակը' Ուսուցչապետն անընդհատ սովորողի իր իմիջով պետք է միշտ օրինակ լինի թե ուսուցչի և թե աշակերտի համար:

Մեկնաբանություններ (1)

Hay
Իսկ մեզ թվու էր, թե այս շատ կարևոր գործընթացն առանց վարկաբեկվելու պետք է հասնի տրամաբանական ավարտին ... Ափսոս... Դու էլ չդիմացաք , պարոն Ա. Աշոտյան ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter