Հինգշաբթի, 24 ապրիլի

ԵՊՀ-ն ընդդեմ «Բանաձեւի». հայցվորը փոխեց պահանջը

Տաթևիկ Շալջյան


16:31, 29 փետրվարի, 2012

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրակ Եղիազարյանի:

Հիշեցնենք, որ պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով պատմության մեջ արծարծված տեղեկությունները

Այսօրվա նիստին հայցվորն անդրադարձավ պատասխանողների կողմից հաղորդման ընթացքում թույլ տրված վիրավորական և զրպարտիչ արտահայտություններին:

Հաղորդման իրավաբան-փորձագետ Սոնա Հարությունյանի կողմից կատարված արտահայտությունը.

«Եթե մենք ասում ենք բոլորը հավասար են օրենքի առջև, տվյալ դեպքում ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնը պատասխանում է, որ մենք մեր ուսանողներին այլ կերպ ենք վերաբերվումքան կներեք արտահայտությանս համար դրսից եկած ուսանողներին»:

Ըստ հայցվորի՝ սրանով փորձագետը փորձում է ցույց տալ, որ դրսի ուսանողներին իրենք ավելի վատ են վերաբերվում, քան ներսի ուսանողներին: Փաստորեն փորձագետը փորձում է հիմնավորել, որ իրենց մոտի ավարտած ուսանողները ավելի լավ են նայվում իրենց իրավաբանական ֆակուլտետի դասախոսների կողմից, քան դրսից եկածները:

Դատավորը հարց ուղղեց Սիրակ Եղիազարյանին, թե նա արդյոք համալսարա՞նն է ավարտել: Սիրակը պատասխանեց, որ ոչ, նա ավարտել է Գյումրիի Մանկավարժական համալսարանը:

Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ Սոնա Հարությանյանի արած հայտարարության համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարին ուղղված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետների կարծիքից մի հատված, որը վերաբերում է հենց քննարկվող արտահայտությանը, և որը կատարվել է Սիրակ Եղիազարյանի բողոքի հիման վրա նրա գրավոր աշխատանքի կրկնակի ստուգման արդյունքոմ. «...Առանձին հարցերի համար դրված գնահատականները մեղմ մոտեցման արդյունք են. մեր ուսանողների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, ընթացիկ քննությունների ժամանակ նրանց նմանօրինակ պատասխանները ավելի ցածր են գնահատվում»:

Ըստ հայվոր կողմի` հաղորդման փորձագետը, խեղաթյուրելով արտահայտված միտքը, կատարել է սխալ եզրակացություններ, անհիմն հայտարարություններ արել և զրպարտել ԵՊՀ-ին ի դեմս իրավագիտության ֆակուլտետի: Սակայն պատասխանողը գտնում է, որ այստեղ չկան զրպարտության տարրեր, քանի որ փորձագետը իր կարծիքն է հայտնել, եթե նրա կարծիքը հիմնվել է գնահատողական դատողությունների վրա, ապա ԵՊՀ-ի կողմից խախտվում է ուսանողների հավասարության սկզբունքը: Իսկ թե արդեն ինչպես է «Բանաձևը» արել իր հարցադրումները, ինչպես է դրանք մեկնաբանել, արդեն հայցապահանջը պետք է ուղղել «Բանաձևին»: Նա նաև ավելացրեց, որ հայցվորները, տեղյակ լինելով Սոնա Հարութույանի արած արտահայտությանը, բաց են թողել դատարան դիմելու Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ինչպես 1ամսյա, այնպես էլ 6 ամսյա ժամկետները:

Հայցվորի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը հայտնեց, որ Սոնա Հարությունյանի արած հայտարարությունը մեկնաբանվում է, թե իբր իրականում իրավաբանական ֆակուլտետում բոլորը հավասար չեն, քանի որ ներսի ուսանողներին, ավելի լավ են վերաբերվում, քան դրսի ուսանողներին, այսինքն բացասական վերաբերմունքի են արժանանում դրսի ուսանողները:

Այսպիսով, ապացուցման բեռը դրվեց Սոնա Հարությունյանի վրա, որը փաստ է արձանագրել և պետք է ապացուցի դրա իրականության համապատասխաությունը:

«Ականատես» հաղորդաշարի ընթացքում կատարված արտահայտությունները.

«Իրավագետ իրավախախտը»:  Սա հայցվորը դիտում է որպես մասնագետին՝ ԵՊՀ դասախոսին, ուղղված զրպարտութուն, իսկ որպես իրավաբանի՝ որպես վիրավորանք:

«Սխալներ գտնելու համար վերադաս մարմինը նայեց ամեն տեղ, բացի այնտեղից, որտեղ սխալներ հաստատ կգտներ»: Սա հայցվորը դիտում է որպես փաստի արձանագրում, որ համալսարանում սխալ կա:

«Թաքնված կոռուպցիայի կասկած հայտնում է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ»: Դատավորը սա դիտեց որպես ակնհայտ փաստի արձանագրում և զրպարտություն, որը պետք է պատասխանողն ապացուցի:

«Խոսել կոռուպցիայի վերացման մասին կարելի է ասել անհնար է, որովհետև պետական մարմինները, որոնք որ պետք է ձեռնամուխ լինեին դրա դեմ պայքարին, ցուցաբերել են անգործություն»: Դատավորի դիտարկմամբ այս արտահայտությունը պետական մարմիններին է վերաբերում, սակայն հայցվորն ավելացրեց, որ խոսվում է ԵՊՀ-ի մասին, չնայած դատավորի դիտարկմամբ դա ընդհանուր է ասվում:

«Գրավոր աշխատանքի թերությունները ցույց տալու և գնահատականը հիմնավորելու փոխարեն «դասախոսը դեմագոգ է անվանում դիմորդին ու վախեցնում ոստիկանությամբ»: Քննության արդյունքի մասին բացատրություն ստանալու փոխարեն Սիրակը լսում է` կարևորը գրավորի ծավալն է, թե քանի էջ ես լցրել»: Ըստ հայցվորի՝ սրանով զրպարտում են դասախոսին, ինչպես նաև իրավաբանական ֆակուլտետին:

«Օրենքը խախտել է»: Սա նույնպես փաստ է, որը պետք է ապացուցի «Բանաձևը»:

«Դասախոսի խաբեությունը և պրոռեկտորի սխալը»: Ըստ հայցվորի՝ սրանով դասախոսին խաբեբա են անվանում:

«Մայր բուհում դիմորդի գրավորը անբավարար են  գնահատել  առանց բովանդակությունը ստուգելու»: Ըստ հայցվորի՝ սա անհիմն հայտարարություն է, որը չի համապատասխանում իրականությանը, արտահայտում է միակողմանի և չստուգված պնդում, և որը, ցույց է տալիս, որ ԵՊՀ- ում ուսանողներին կամ տվյալ դեպքում մեկ դիմորդի գնահատում են ոչ օբյեկտիվ, որը նսեմացնում է ԵՊՀ գործարար համբավը:

Դատավորի հարցին, թե արդյոք կողմերը համաձայն չեն արտադատական կարգով գործը լուծելու: Սիրակը պատասխանեց՝ ոչ: Նրա ներկայացուցիչը հայտնեց, որ «դեմագոգ» բառի համար հակընդդեմ հայց է ներկայացվել Արա Գաբուզյանի դեմ:

Սակայն Գ. Բեքմեզյանը հայտնեց, որ դա սույն գործի հետ կապ չունի, քանի որ սույն գործի նյութերի հիման վրա չի հարուցվել վարույթ, այլ aravot.am կայքում Արա Գաբուզյանի տված հարցազրույցի հիման վրա:

Սիրակ Եղիազարյանի կողմից կատարված արտահայտությունները.

«Նրանք ինձ ասում են, որ աշխատում են միայն ծավալի վրա, մեզ բովանդակությունը չի կարևոր»:

Դատավոր. Սիրակ, ո՞վ է ասել:

Սիրակ. Արա Գաբուզյանն է ասել:

Գ. Բեքմեզյան. Սա իրականությանը չի համապառտասխանում, քանի որ Արա Գաբուզյանը նման բան պատասխանողին չի ասել:

«Ես ականտես եմ եղել կրթության ոլորտում իրակացված մի գործողության, որն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկ»:

Դատավոր. Սա Դու՞ք եք ասել:

Սիրակ. Այո, ասել եմ: Սակայն այստեղ ԵՊՀ-ի անունը չի  տրվում:

Գ. Բեքմեզյան. Կոռուպցիոն ռիսկը դուք որտե՞ղ եք տեսնում:

Սիրակի ներկայացուցիչ. Այն հանգամանքում, որ ԵՊՀ-ի կայացրած որոշման բողոքը, ուղարկված գիտության և կրթության նախարարության, ուղարկվել է ԵՊՀ-ի գնահատմանը:

Գ. Բեքմեզյան. Դուք գիտե՞ք չէ, թե ինչ է կոռուպցիան:

Ներկայացուցիչ. Այո, բայց դա դուք պետք է մեկնաբանեք, թե կոռուպցիան ինչ է նշանակում, քանի որ դուք եք դիտում դա վիրավորանք կամ զրպարտանք, իսկ այստեղ ԵՊՀ-ի անունը չկա:

Գ. Բեքմեզյան. Այստեղ ԵՊՀ-ի անուն լինել կամ չլինելը ընդհանրապես կապ չունի: Սիրակ Եղիազարյանը իր խոսքերի ենթատեքստում նկատի է ունցել, որ կոռուպցիոն ռիսկ ասելով հասկանում է, որ ամբողջ համալսարանը կոռուպցիայի է գնում: Կոռուպցիոն ռիսկը սկսվել է համալասարանից և ավարտվել նախարարությամբ:

Ներկայացուցիչ. Կոռուպցիոն ռիսկ միայն չի նշանակում կաշառք տալը, կոռուպցիոն տարրեր կարող են պարունակել մի շարք այլ դրսևորումներ:

Գ. Բեքմեզյան. Օրինա՞կ:

Ներկայացուցիչ. Դե հիմա:

Դատավոր Ս. Թադևոսյանը նշեց, որ հաղորդման ձայնագրությունը կնայի, նոր այդ կետի վերաբերյալ իր կարծիքը կհայտնի:

«Ըստ իս և ըստ մասնագետնրի իմ գրավոր աշխատանքը ավելի քան 5 միավոր էր և ավելի քան 8 միավոր էրմինիմալը համալսարան ընդունվելու համար»:

Գ. Բեքմեզյան. Սիրակը փաստում է մի բան, որ չկա: Իսկ մասնագետների կարծիքը, թող ապացույցի, թե ովքեր են եղել այդ մասնագետները:

«Զավեշտալին այն է, որ պարոն Գաբուզյանը և նրա նմանները կարևորում են ոչ թե օրենքի հղումը ճիշտ կատարելը, այլ սպիտակ թուղթը սևացնելը»: «Բա դու պրոֆեսոր ես, գիտես, որ ինձանից դու խելացի ես»:

Գ. Բեքմեզյան. Սիրակի նմանները համալսարան են ուզում ընդունվել:

Դատավոր. Մի՛ բան արեք..

Գ. Բեքմեզյան. Չվիրավորե՞մ: Տեսնու՞մ եք, որ սա վիրավորանք է:

Սիրակ. Ես դա որպես վիրավորանք չեմ ընդունում:

«Նա վրդովվեց, սպառնաց ոստիկանություն կանչել, փնտրում էր հեռախոսը ոստիկանություն կանչելու համար: Ոստիկանություն էր կանչում այն պատճառով, որ ես ճիշտն էի խոսում, որի համար էլ ինձ դեմագոգ անվանեց»: 

Դատավոր. Ո՞վ է տեսել ձեր նշած գործողությունները, որևէ վկա եղե՞լ է:

Սիրակ. Աննա Մարգարյանը:

Գ.Բեքմեզյան. Որպես վկա հրավիրենք նրան:

Սիրակ. Նա շահագրգռված անձ է, աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվում Արա Գաբուզյանի հոտ, և նրա ասածը չի կարող արժանահավատ լինել:

Դատավոր. Նախքան վկայություն տալը, վկան երդվում է, իսկ դա արդեն դատարանը կորոշի՝ կարելի է կանչել որպես վկա, թե ոչ:

Դատավոր. Ոստիկանություն կանչելու մասին ձեզ ասե՞լ է:

Սիրակ. Այո, անգամ aravot.am-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ փորձել է ոստիկան կանչել:

Գ. Բեքմեզյանը դատարանին հայտնեց հայցի առարկայի փոփոխության մասին, այն է՝ հայցվորը պահանջը փոխում է, քանի որ «Բանաձևը» այլևս չի հեռարձակվում Հ1-ով: Պահանջում է, որ Սիրակ Եղիազարյանին, Սոնա Հարությունյանին, «Բանաձև» ՍՊԸ-ին պարտավերեցնել հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից Հ1-ի այլ հեռուստահաղորդմամբ, ինչպես նաև դատարանի վճիռը հրապարակել http://akanates.banadzev.com ինտերնետային կայքում:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English




Մեկնաբանություններ (1)
1. lUIZA ZAQARYAN14:07 - 1 մարտի, 2012
Es inqs avartel em EPH iravabanakan fakultet@, chanachum em grete bolor dasaxosnerin`ayd tvum Ara Gabuzyanin. Linelov ayd fakulteti usanox, karox em asel , vor dasaxosner@ drsi kam nersi usanoxneri medj tarberutyun chen dnum arhasarak, arjani usanoxin gnahatum en @st arjanvuy.Ara Gabuzyan@ indz dasavandel e qreakan iravunq ararkan, ev karox em hraparakaynoren asel, vor na HH qreakan iravunqi lavaguyn masnagetneric e, ev vorpes dasaxos shat anachar, ev vorpes mard hiasqanch.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»