HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողի բաց նամակը լրագրողին

Բաց նամակ

«Արմնյուզ» հեռուստատեսության

«Բանաձև» հաղորդաշարի վարող

պարոն Արտակ Ալեքսանյանին

Հարգելի պարոն Ալեքսանյան,

Վերջերս Ձեր հաղորդաշարի հյուրն էր ՍԻՄ նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, ում ի թիվս մի շարք հարցերի, տվեցիք նաև երկու հարց` կապված ԶԼՄ-ների դեմ նրա կողմից հարուցված դատական գործերի հետ:

Թույլ տվեք Ձեզ իմ շնորհակալությունը հայտնել լրագրողներիս հուզող այդ հարցերին անդրադառնալու համար եւ հուսալ, որ հետագայում եւս «Արմնյուզը» իր դիտարկումների կենտրոնում կպահի ազատ խոսքին առնչվող այդ խնդիրը:

Անցնելով բուն ասելիքիս` ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ իր պատասխաններով, ողջ հաղորդման ընթացքում, Հայկ Բաբուխանյանը ակնհայտորեն անձնական իմիջի խնդիր էր լուծում (ինչ արժեր, օրինակ, ցուցադրումն իր համար այնքան թանկ փաստաթղթի, որով ինքը Աշոտ Նավասարդյանի կողմից հեռավոր 1992-ին ձեռնադրվել է ՀՀԿ պաշտոնաթերթի խմբագիր): Սակայն, չնայած պահի հանդիսավորությանը, «Report.am» կայքի հետ կապված Ձեր երկու հարցին նա տվեց երկու ակնհայտ սուտ պատասխան` թյուրիմացության մեջ գցելով ոչ միայն հեռուստադիտողին, այլև գործընթացը լուսաբանած լրատվամիջոցներին եւ առանձին լրագրողների: Համոզվելու համար, որ նա ստել է` խնդրում եմ բացեք «hetq.am» կայքը եւ ծանոթացեք «Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Report.am կայքի եւ լրագրող Էդիկ Անդրեասյանի» հրապարակումների շարքին, ուր ամենայն մանրամասնությամբ նկարագրված է այդ դատական գործընթացը:

Առաջին սուտը, որ Հայկ Բաբուխանյանը հնչեցրեց, այն էր, թե նա իբր հիշյալ լրատվամիջոցից պահանջել է հերքել իր մասին հրապարակած հոդվածը եւ, տեսնելով, որ կայքը չի պատրաստվում հերքում հրապարակել, դիմել է դատարան: Սա բացահայտ կեղծիք է, որովհետև արդեն տարիուկես է, ինչ նրա ներկայացուցիչը փորձում է դատարանին, դատավարության մասնակից լրատվամիջոցներին եւ անձամբ ինձ համոզել, որ իրենք այդպես են հարմար գտել, այսինքն` միանգամից դիմել դատարան, որովհետև դա իրենց հայեցողական իրավունքն է:

Երկրորդ ակնհայտ սուտն էլ Հայկ Բաբուխանյանը մոգոնեց, ինչպես ասում են` ոտքի վրա, առանց նկատելու, թե որտեղ է ինքը ելույթ ունենում` հեռուստատեսությա՞մբ, թե՞ սեփական թերթում: Ձեր դիտարկմանը, թե զարմացած եք այն քայլից, որով նա «Report.am»-ին դատարանով պարտավորեցրել է իր մասին որևէ նյութ չհրապարակել, հյուր եկած երևույթը պատասխանեց (մեջբերում եմ բառացի).

-Նման բան ես չեմ պահանջել, այլ դատարանը, տեսնելով, որ այդ լրատվամիջոցը փորձում է չարաշահել իրեն տրված հնարավորությունները և կոնկրետ իմ համդեպ կամ մեր կուսակցության հանդեպ տպագրել իրականությանը չհամապատասխանող, միտումնավոր չհամապատասխանեցնող ինֆորմացիա, ուրեմը, դրա հետևանքով և արգելեց պարզապես մեր վերաբերյալ նյութեր տպագրել:

Հարգելի պարոն Ալեքսանյան, հիմա հարցս ուղղում եմ ձեզ` ի՞նչ եք կարծում, խելքին մո՞տ բան է, արդյոք, մտածել, որ իբր ՀՀ դատարանը, բանուգործը թողած, հետևում է, թե ԶԼՄ-ներն ինչ են գրում որևէ «պերսոնայի» մասին ու առանց այսկողմ-այնկողմ նայելու, որոշում կայացնում ԶԼՄ-ներին արգելել` «հասարակության ծաղիկի» մասին վատ-վատ բաներ գրել: Եթե նույնիսկ նման բան հնարավոր է, ապա գոնե Հայկ Բաբուխանյանի մասով, հայտնի է, որ ոչ թե դատարանն է նախաձեռնություն ցուցաբերել, այլ Հայկ Բաբուխանյանն ինքը` միջնորդելով դատարանի առաջ, եւ պահանջով` «Report.am» կայքին արգելել իր մասին որևէ հրապարակում անել:

Անկեղծ ասած, սիրելի Արտակ (այսպես եմ դիմում ձեզ որպես տարիքով ավագ գործընկեր), ինձ համար ցավալի է, որ տակավին երիտասարդ, բայց լուրջ լսարան ունեցող ձեր հաղորդաշարն այնպիսի մի հյուր ունեցավ, ինչպիսին Հայկ Բաբուխանյանն է` իմ կարծիքով` 20-րդ դարավեջի եւ 21-րդ դարասկզբի ամենահայտնի ինտրիգանն ու կարիերիստը, ամենափուչ քաղաքական գործիչը, իր թերթի լեզվով` մի իսկական Փանջունի, որն իր կյանքից մեր կյանքին տալու բան չունի:

Հարգանքներով`

Էդիկ Անդրեասյան 

Հ.Գ. Այն, որ այս բաց նամակը հրապարակվում է այլ լրատվամիջոցով, հետևանքն է Հայկ Բորիսի Բաբուխանյանի կողմից  դատարանին արված միջնորդության` «Report.am» կայքին եւ լրագրող Էդիկ Անդրեասյանին պարտավորեցնել որոշակի գործողությունների, այն է` «Report.am» կայքում չհրապարակել նյութեր, որոնք կարատավորեն Հայկ Բաբուխանյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: 

Մեկնաբանություններ (1)

Aram
ընտրությունների ընդառաջ դեռ շատ …. ….. կսկսեն եթերում ծիկրակել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter