HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թբիլիսյան պոեզիան կամ ապրումն այս քաղաքում

մաս 5

Երբ քաղաքը տարրալուծվում է, այլեւս դժվարամարսելիությունը մնում է մաշկիդ վրա, իսկ մաշկը կարողանում է ամեն ինչ տանել, քանի դեռ ներսային մի խորշ չի բացվել: Բայց մաշկը նաեւ հրաշալիորեն սպիացնել գիտի` արտաքին աշխարհին ցույց տալու համար, որ ինքն արդեն էդ ամենի միջով անցել է:

Թիֆլիսը վերեւից` սարերից դիտարկելն ավելի հեշտ է. ամեն ինչ փոքր է մի քանի անգամ եւ նույն արագությամբ:

Քաղաքային զառանցելի շարժը մնում է հեռվում ու սկսում բզզոցի պես լցվել ներսդ, երբ քեզ թվում է` խզում գոյություն ունի քո եւ այդ շարժունակ ամբարի միջեւ:

Տարօրինակ է, երբ քաղաքի բնակիչը կայացրած որոշումների համար ժամերով է մտածում ու չի էլ կասկածում, որ իրականում որոշումն այդ արդեն երկար տարիների քաղաքային պրոցեսների եւ իր բախումների հետեւանքն է, եւ միտքը ծնվում է րոպեական, այո, բայց արդեն հազարմեկերորդ անգամ խմորված ներսում:

Քաղաքում այս (ինչպես եւ մնացյալում) գործողությունները կրկնվում են մի քիչ ծուռ, այս անգամ` ձախ կողմից, մյուս անգամ` կենտրոնից, բայց պտույտն այդ ավարտվում է տան մեջ...Տան մեջ, որն այդ սարի վրայից աննշան երեւաց. մարդը կարողացել է իրեն պաշտպանել կողքերից, տանիք կառուցել, գազօջախ ունենալ, լվացարան, իսկ այդ ընթացքում այս նույն սարի վրա ձնծաղիկները երեւի հազարերոդ անգամ են բացվում ու փակվում:

Հետաքրքիր է` մեր ստեղծածը մեզնից երկար է գոյատեւում. մենք մեռնում ենք հենց այն քաղաքում (կամ մեկ ուրիշ քաղաքում. կարեւոր չէ), որը մեզնից հետո ապրելու է:

Մենք մեռնում ենք մեր ստեղծածի մեջ:

Կարեւորությունն ու հակումն ամենակարեւորին քաղաքում երկրորդ, երրորդ պլանում հայտնվող երեւույթ է. քաղաքը կարողանում է անկարեւոր դարձնել զգացողությունն ու ապրումը, կիսվելն ու կիսելը...Ժամանակն այստեղ գուցեեւ դանդաղ է հոսում, բայց միանգամից կարողանում է սահմանել քաղաքային կարգն ու այդ կարգի մեջ տեղավորել:

Եկեղեցին, կամուրջը, փողոցը եւ նրա անվանումն արդեն հստակ են քաղաքաբնակի ուղեղում` պատկերացնելի, գծագրված. քաղաք (եւ գրողը տանի`բոլոր քաղաքները) զգացողությունը վերածում է շինության, մասսայական հաճախելիության օբյեկտների...Վայր, կառույց, հուշարձան, որի առաջ կամ ներսում մենք պարտադրված ենք կամ ենթադրված ենք կիսել զգացողությունն այդ երեւույթի:

Կոշիկն այլեւս չփոխելու եւ չնորացնելու հակումներն անպայման կհետապնդեն բոլոր այն քաղաքներում, որտեղ այլեւս կպչելու բան չկա սեփական մարմնիդ, եւ ներսային այդ կառչելու հնարավարությունն ու ցանկությունը սահմանափակվում է միայն ներսում:

Ազդակներ, որոնք կարող են եւ ստիպում են ապրել քաղաքային, քաղաքաբարո...

Հերթական անգամ մեքենայի ղեկը ձախ պտտելը ճանապարահային քմահաճություն է` բնորոշ քաղաքին...Եվ ուրեմն ինչպե՞ս պիտի բնութագրվի ապրումը գծագրված եւ հաշվարկված քարտեզի վրա...1.200.000 անգամ փոքր եւ տկա՞ր...Անզգայական: 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter