HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Իմ երազանքը՝ մի սենյականոց տուն ունենամ, մարդավարի ապրեմ»,- ասում է 20 տարի թիթեղյա վագոնում ապրող մանկատան շրջանավարտը

Ձմռան գիշերներին «քամին խփում է» 2-րդ կարգի հաշմանդամ Կարենի թիթեղյա վագոնի ճեղքերից, ու Կարենին թվում է, թե դրսում է պառկած: Անկողնու վրայով հոսանքի լար է կախված, այս ձմռան ցրտերին այդ լարը սառցակալել էր: Տանիքից կաթում է, Կարենը բանկաներ է դնում մահճակալի մոտ, բարձի հետևում, ներքնակը խոնավ է: Վագոնի լուսամուտներից մեկի կեսը փակված է ապակով, մյուսը՝ ցելոֆանով ու ստվարաթղթով:

Առավոտը վագոն է գալիս Կարենի ընկերներից մեկը՝ դիմացի շենքում ապրող Անդրանիկը, ու վառում վառարանը: «Տղերքը որ առավոտը գալիս են, ասում են՝ դուրսը ավելի տաք ա, քան ներսը»,- ասում է Կարենը:

20 տարի է, 43-ամյա Կարեն Միրզոյանն ապրում է թիթեղյա վագոնում: Նոր Նորքի շենքերի բակում գտնվող նրա նախկին վագոնն ավելի փոքր էր: Մոտ 8 տարի առաջ՝ ձմռանը, էլեկտրական տաքացուցիչից ուժեղ հրդեհ բռնկվեց վագոնում: Այն ժամանակվա թաղապետ Դավիթ Պետրոսյանը Կարենի համար ներկայիս վագոնը գնեց, որը տեղադրվեց հնի տեղում: «Մի հատ ոսկի մարդ էր, օղորմի իրան: Ինձ ասեց՝ դու վագոնչիկ ճարի, ես փողը կփոխանցեմ»,- ասում է Կարենը:

Վագոնի պատերի ճեղքերը

Վագոնի կահույքը թախտն է և սեղանը, որը ընկերներից մեկն է տվել: Վագոնում չկան սառնարան, ռադիո, հեռուստացույց: Կարենը չէր էլ ուզենա ռադիո կամ հեռուստացույց ունենալ, ասում է՝ արդեն «հավեսը ամեն ինչից փախել է»: Նա հեռուստացույցով լուրեր նայում է միայն ընկերների տանը:

Կարենը և երկվորյակ քույրը 40 օրական էին, երբ մայրը տարավ հանձնեց մանկատուն: Մինչև 16 տարեկան Կարենն ապրել է Գավառի, Նուբարաշենի մանկատներում, Վարդաշենի հանրակացարանում: Հետո ինքն ու քույրը միասին ապրել են Նոր Նորքում՝ բնակարանում, ապա քույրն ամուսնացել է, երեխաներ ունեցել: Երեք տարի Կարենն ապրել է բազմազավակ մայր Լարիսա Հովսեփյանի տանը:

Կարենին 3 տարեկանում մանկատանը սխալ պատվաստում են արել՝ «նյարդերին են կպել», ինչից հետո դարձել է 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ: Նա դժվարությամբ է քայլում, որևէ տեղ գնում է ընկերների ուղեկցությամբ, հոդացավեր է ունենում մանավանդ խոնավությունից, 7 անգամ վիրահատվել է, տարիներ անցկացրել հիվանդանոցներում:

Մայրը մանկատանը չի այցելել երեխաներին: Փոխարենը Նուբարաշենի մանկատանը Կարենի մոտ է եկել մոր հարևանը, հայտնել, որ մայրը մանկատանն ապրող երեխաների անունով տուն է ստացել, և ասել հասցեն: Կարենը 15 տարեկանում առաջին անգամ գնացել է մոր տուն, բայց մայրը բողոքել է, թե ինչու է երեխան եկել:

Կարենի վագոնի ողջ գույքը

«Տենց դուրս եկանք: Հետո ինքն էլ ջոկեց, որ տան մոմենտ կա: Հիվանդանոց մի 2 անգամ եկավ, պերեդաչի բերեց, ասի՝ ոչ արի, ոչ էլ ինձ պերեդաչի բեր: Ինքը ասեց՝ կտանեմ հորդ ցույց կտամ, թող հերդ քեզ տուն տա»,- պատմում է Կարենը:

Տարիներ հետո, երբ մոտ 20 տարեկան էր, ընկերները Կարենին առաջարկել են գնալ ու գտնել հորը: Կարենը զանգահարել է հորը: «Զանգեցինք՝ «բա, սխալ եք ընկել»: Ասի՝ «չէ, սխալ չեմ ընկել, ձեր տղա Կարենն ա»: Ասեց՝ մի րոպե: Երևի սենյակից մի սենյակ մտավ, երևի որ տնեցիք չլսեին հեռախոսային խոսակցությունը»,- պատմում է Կարենը:

Հայրը որդուն աշխատանք է առաջարկել, գումար տվել, խոստացել օգնել, միայն թե ընտանիքը չիմանա Կարենի գոյության մասին: Հայրը մեկ-երկու անգամ այցելել է Կարենին, բայց Կարենն այլևս չի ուզել շփվել նրա հետ: «Ասի՝ դու քո կյանքով, ես՝ իմ կյանքով: Ինձ պետք էր ուղղակի ես ճանաչեի՝ հերս ով ա: Աստված էլ չգիտի՝ ումն ա երեխա տալիս»,- ասում է Կարենը:

Նրա քույրը ընդհանրապես չի ուզել տեսնել ոչ կենսաբանական մորը, ոչ հորը: Քույրը մի քանի օրը մեկ այցելում է Կարենին, մաքրում վագոնը:

Կարենը ստանում է 15.600 դրամ նպաստ և մոտ այդքան էլ հաշմանդամության թոշակ: Նա ուսումնարանում սովորել է կոշկակարություն, ժամագործություն, բայց հիվանդության պատճառով լավ չի յուրացրել մասնագիտությունները և չի աշխատել: Կարենին շատ են օգնում ընկերները՝ թաղի տղաները:

«Շրջապատից շատ գոհ եմ, ախպերներով շատ հարուստ եմ: Շատ են գալիս ամեն մեկը: Հնարավոր ա՝ մեկը գա ասի՝ «Կար ջան, հաց չուտե՞նք», էդպես նստենք ուտենք: Ասենք ՝ մի հատ ընկերոջ ծնունդ ա լինում, հավաքվում ենք: Մեկ-մեկ էլ էդպես ենք կշտանում: Օր ա եղել՝ հաց էլ չեմ կերել, ջուրը խմել քնել եմ»,- ասում է Կարենը:

Վառարանը վառվում է Կարենի ընկերների բերած փայտով

Ձմռանը նա վագոնը տաքացնում է ընկերների բերած փայտով կամ հոսանքով: Հիմա էլցանցերին պարտք է 47-48 հազար դրամ: Կարենն ասում է, որ էլեկտրիկը խղճով է և պարտքի պատճառով չի անջատում հոսանքը, ինքն էլ մաս-մաս մարում է պարտքը:

Կարենը տարիների ընթացքում 13 հազար դրամ պարտք է կուտակել նաև ջրմուղին: Արդեն նամակ է ստացել, որ պարտքը չվճարելու դեպքում այն կգանձվի դատական կարգով: Մի քանի օր առաջ ձեռքի տակ թուղթ չի եղել, և Կարենն այդ նամակով վառարանն է վառել: Ասում է՝ եթե բոլոր թղթերը պահեր, հիմա թղթերի մի մեծ կապոց կուտակված կլիներ. նա արդեն հոգնել է գրելուց ու պատասխաններ ստանալուց:

Այս 20 տարվա ընթացքում բնակարան ստանալու խնդրանքով Կարեն Միրզոյանը դիմել է Հայաստանի 3 նախագահներին, Ազգային ժողովի բոլոր նախագահներին, Երևանի տարբեր քաղաքապետների, թաղապետարանին, մարդու իրավունքների պաշտպաններին, Կարմիր խաչին: Տարբեր պաշտոնյաներ Կարենի նամակները վերահասցեագրում են քաղաքապետարան, քաղաքապետարանն էլ ասում է. «Ազատ բնակարան չունենք, սպասեք»:

«Բայց ես գիտեմ՝ Նոր Նորքում նաղդ դրությամբ ազատ բնակարաններ կան: Ուղղակի ո՞նց իմանամ՝ որոնք են: Ինձ ասում են՝ դու ազատ բնակարան ճարի՝ տանք, բայց էդ ես չեմ կարող իմանամ: Իրանք ինձնից ավելի լավ գիտեն: 89 թե 90 թվին ինձ առաջնահերթ բնակարանային հերթի մեջ դրին քաղաքապետարանում որպես նախկինում մանկատան սան, 2-րդ կարգի հաշմանդամ, ու մինչև հիմա էլ խաբում են, էլի, էս տարի, էս ամիս, մյուս ամիս»,- ասում է Կարենը:

Նա մի պահ նույնիսկ ուզել է բնակարանի պահանջով Ազատության հրապարակում հացադուլ անել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, բայց վերջինը և Անահիտ Բախշյանը թույլ չեն տվել:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին Կարենը դեռ չի դիմել, քանի որ նա դեռ նոր է նշանակվել: Կարենը լսել է, թե Տարոն Մարգարյանը բարի մարդ է, և պատրաստվում է նրան էլ դիմել:

2011թ. ապրիլի 28-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը Կարենին գրել է. «...մեկամսյա ժամկետում կարող է Ձեզ հատկացվել բնակարան ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի սոցիալական տանը»:

Վագոնի լուսամուտը

Կարենը ստիպված համաձայնել է Մարալիկ գնալուն, քանի որ այլևս չի կարողանում թիթեղյա վագոնում ապրել: Մարալիկում նա չունի ոչ մի ծանոթ ու օգնող: Շիրակի մարզը Հայաստանի ամենացուրտ գոտիներից է, ձմեռն այնտեղ երկար է տևում, Կարենը ձյուն եկած ժամանակ չի կարողանա քայլել, իսկ իր նպաստը չի բավականացնի տունը տաքացնելուն: Մարալիկ գնալով՝ Կարենն «ինքնըստինքյան կկտրվի» նաև միակ հարազատից՝ քրոջից:

«Տարին մի անգամ գա թե չգա: Սաղ շրջապատն էլ ասում է՝ դու ոնց ես գնալու էնտեղ ապրես: Ես Մարալիկից կարամ հրաժարվեմ, բայց որ հրաժարվեմ՝ էստեղ էլ ընդհանրապես ահավոր է բուդկայում մնալը: Օրինակ՝ Նոր Նորքում ձև չի մի հատ ազատ բնակարան չլինի: Իմ երազանքը՝ մի սենյականոց տուն ունենամ, մարդավարի ապրեմ»,- ասում է Կարենը:

Նրա խոսքով՝ հնարավորության դեպքում կհեռանար Հայաստանից, կապրեր այնպիսի երկրում, որպես իրեն պետությունը կապահովեր բնակարանով, բավարար թոշակով ու բուժսպասարկմամբ:

«Հոգով հայ եմ, իմ ազգն էլ սիրում եմ, բայց Հայաստանում ապրելը անիմաստ ա, իմ նմանին՝ ընդհանրապես անիմաստ ա: Մարդիկ գալիս զարմանում են, ասում են՝ «ոնց ես էդքան տարի ձգում», ու Աստված իմ հետ է՝ չեմ հիվանդանում: Էս, օրինակ, անվայել ապրել ա, էս ի՞նչ ապրել ա»,- ասում է Կարեն Միրզոյանը:

Կարենի՝ շենքերի բակում գտնվող թիթեղյա կացարանը

Ընկերները ևս ոգևորությամբ չեն ընդունել Մարալիկում ապրելու գաղափարը, բայց արդեն «տան նվեր» են գնել Կարենի համար՝ համակարգիչ, որ նա նոր տանն իր ուզած երաժշտությունը լսի: Բայց Կարենը համակարգիչը չի բերում վագոն, որ վառարանի ծխից չփչանա, տուփի մեջ պահում է Անդրանիկենց տանը:

Այն հարցին, թե արդյոք իր ընկերների հոգատարությունը որոշ չափով մեղմո՞ւմ է պետության անտարբերությունը՝ Կարենը պատասխանում է. «Ես կյանքում չեմ փոխի պետության հետ սենց հավեսով ախպերներին, տղերքին»:

Կարենը հեռախոս չունի. նրա հետ կապվելու համար պետք է զանգահարել Անդրանիկին: Կարենն ասում է, որ երբ զանգեցինք, Անդրանիկն իրենց շատ ուրախացավ, որ «Կարենի հարցով են զանգել»: Համատիրության նախագահ Իշխանը, ով մեր այցի ժամանակ Կարենի մոտ էր, ևս ուրախացավ, որ նրանով հետաքրքրվում են:

Մեկնաբանություններ (1)

Nazo
Heartbreaking. We must help Garen. I am circulating this article everywhere I can.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter