HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդին Համբուրգ դառնալու ճանապարհին

Սեպտեմբերի սկզբին Ալավերդու ճոպանուղու պատերին փակցված անստորագիր թռուցիկներից ալավերդցիները տեղեկացան, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը (Ալավերդու պղնձաձուլական գործարան) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համաձայնեցրել է նոր վարկային ծրագիր: Ինչպես հայտնում է թռուցիկը, ծրագրով ընկերությունը մտադիր է մեղմել իր շահագործման հետ կապված բնապահպանական, առողջապահական եւ անվտանգության որոշ խնդիրներ:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 13մլն ԱՄՆ դոլար, որից 10մլն դոլարը կֆինանսավորվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցների հաշվին, իսկ 3մլն ԱՄՆ դոլարը' ընկերության սեփական միջոցների հաշվին»,-գրված է թռուցիկում:

Թե ծրագիրը ալավերդցիներին մեծապես հուզող առողջապահական կոնկրետ ի՞նչ խնդիրներ է իրականում ընդգրկում, թռուցիկը չի բացատրում: Սակայն, այն երաշխավորում է, որ ծրագրի գործողությամբ թաց մաքրման սարքավորումներ կներդրվեն, որոնց արդյունքում շրջակա միջավայրի անօրգանական փոշու արտանետումները 2007թ.-ին կնվազեն շուրջ 98 տոկոսով, իսկ ծծմբային գազերի արտանետումը 2009թ.-ից սկսած այսօրվա համեմատ կկրճատվի ավելի քան 60 տոկոսով: Բնականաբար, ներդրողն առանց ակնկալիքի ոչ մի ներդրում չի անում:

Եվ նշված բնապահպանական խոստումներն էլ, պարզվում է, բխում են հենց դրանից: Թռուցիկի հեղինակները հայտնում են, որ նոր տեխնոլոգիական ներդրումների ավարտին զուգահեռ Ալավերդիում մոտ 50 տոկոսով ավելանալու է սեւ պղնձի արտադրությունը: Սեպտեմբերի 5-ին Ալավերդու «Մանես» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի վերջում խնդրին ինքնաբուխ անդրադարձավ հիմնադրամի հիմնադիր, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը, որից էլ հայտնի դարձավ, որ թռուցիկի հեղինակը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարությունն է, իսկ թռուցիկները, ըստ հավաստի տեղեկությունների, պատերին փակցվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պահանջով:

Վ. Մեջլումյանը նիստում հայտնեց, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի 10մլն ԱՄՆ դոլարով 24 ամսվա ընթացքում կառուցվելու է այն արտադրամասը, որն այսօրվա հետ համեմատած 60 տոկոսով նվազեցնելու է արտանետվող գազերի ծավալը: Սեւ պղնձի արտադրությունը, ըստ պրն Մեջլումյանի, ավելանալու է 1,5 անգամ' վերակառուցման առաջին փուլում, իսկ «2-րդ փուլը նշանավորվելու է պղնձաձուլական գործարանի արմատական վերակառուցմամբ»: Սակայն պարզվում է, որ առաջիկա 5-7 տարիներին Ալավերդիում սեւ պղնձի արտադրության ծավալների նաեւ 50 տոկոսից ավելի ընդլայնում է սպասում, դա փաստեց նաեւ Վ. Մեջլումյանը:

«Մեր «Վալեքս» խումբը 5-7 տարվա ընթացքում կարտադրի ոչ պակաս, քան 40 հազար տոննա պղնձի խտանյութ: Իրենց արտադրած խտանյութը Ալավերդու պղնձաձուլական գործարանում վերամշակելու ցանկություն են հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային եւ Վրաստանի Մառնեուլի լեռնահանքային կոմբինատները: Այստեղ պետք է վերամշակվի նաեւ Թեղուտում արտադրվող շուրջ 32 հազար տոննա խտանյութը»,- ասաց Վ. Մեջլումյանը: Նրա հավաստմամբ՝ ծրագրի առաջին փուլը 1-2 տարվա ընթացքում նախապատրաստում է հենց այս արտադրությունը: «Երկրորդ փուլում,- շարունակեց Վ. Մեջլումյանը,- 5 տարվա ընթացքում 85 հազար տոննայից ավելի պղնձի խտանյութ է ձուլվելու Ալավերդու պղնձաձուլական գործարանում, դրա համար մենք 2-3 տարի գերմանական մեր բարեկամների հետ զուտ պատրաստելու ենք ժամանակակից, ամբողջովին մաքուր արտադրություն նախատեսող պղնձաձուլարան, այնպիսին, ինչպիսին, օրինակ, Գերմանիայի Համբուրգ քաղաքի կենտրոնում տեղադրված պղնձաձուլարանը, որը տարեկան ձուլում է 370 հազար տոննա պղնձի խտանյութ, բայց արտանետվող գազ չկա, ամբողջովին մաքուր է,- ոգեւորված ներկայացնում էր պրն Մեջլումյանը՝ մոռանալով, որ ինքը ամբողջությամբ մաքուր արտադրությամբ պղնձաձուլարան է երազում կառուցել ոչ թե Գերմանիայի Համբուրգ քաղաքի հարեւանությամբ գտնվող մեկ այլ քաղաքում, այլ Հայաստանում, որտեղ օրենքները չեն գործում:

Իսկ նրան պատկանող գործարանն իր վերագործարկման օրվանից մահ է սփռում շրջապատում:

Քաղաքում վերջին 5 տարիներին էկոլոգիական ազդեցությունների արդյունքում գրանցվել են շուրջ 68 անոմալ եւ մեռելածին երեխաներ, տարեկան գրանցվում են շուրջ 45 անեմիայով հիվանդ հղիներ, մեծ թիվ են կազմում հղիների վիժումները, չարորակ ուռուցքային եւ սրտանոթային ծանր հիվանդությունները: Ալավերդցիները գործարանի արտանետումների արդյունքները զգում են իրենց մաշկի վրա: Դրա համար էլ, երբ պրն Մեջլումյանը ալավերդցիներին փորձում է մխիթարել ամբողջովին մաքուր արտադրությամբ, Համբուրգի պղնձաձուլարանի նման պղնձաձուլարան կառուցելու իր մտադրությամբ, Ալավերդիում դա բլեֆ են համարում, քանի որ մեր երկրի կառավարությունը չի գիտակցում գենոֆոնդի պահպանության կարեւորությունը ու ներդրող Մեջլումյանի առաջ նման պահանջ առանձնապես չի դնում: Դա փաստում է նաեւ այն, որ ընկերության կողմից Ալավերդու շրջակա միջավայրն աղտոտելու համար վճարվող բնապահպանական վճարներից ՀՀ կառավարությունը գրոշներ է տալիս Ալավերդուն, որոնք, սակայն, վերահսկողության բացակայության պատճառով չեն ուղղվում մարդկանց կորցրած առողջության ու բնության վերականգնմանը:

Իր խոսքում պրն Մեջլումյանը նաեւ հավաստիացնում էր, որ ծրագրի ինժեներա-տեխնիկական աշխատանքները Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ վերահսկելու են աշխարհի լավագույն ֆիրմաներն ու կազմակերպությունները, սակայն, չգիտես ինչու, նա խուսափում է ծրագրի մասին ուղղակիորեն խոսել ալավերդցիների հետ՝ գերադասելով անստորագիր եւ անհասցե թռուցիկները: Մինչդեռ ՀՀ օրենսդրությունը պահանջում է նման ծրագրեր սկսելուց առաջ հանրային լսումներ կազմակերպել: Օրենքի այս պահանջի մասին, անշուշտ, գիտի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, սակայն դրանից որեւէ բան չի փոխվում:

Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն այս առնչությամբ սեփական կարծիք չունի, մեր հարցին' տեղյա՞կ է այս ծրագրից, քաղաքապետը պատասխանեց՝ ոչ, սակայն ասաց, որ վստահում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին:

Վալերի Մեջլումյանը նշեց, որ մոտ վեց ամսվա ընթացքում սկսվելու են Թեղուտի հանքի կառուցման մեծածավալ աշխատանքները, որի համար ընկերությանն առաջին փուլում անհրաժեշտ է 160-170մլն ԱՄՆ դոլար: «Սա նշանակում է,-ասաց Վ. Մեժլումյանը, որ մոտակա 1-2 տարվա ընթացքում այստեղ 1500-ից 2000 մարդ է աշխատելու՝ որպես շինարար եւ փականագործ, իսկ աշխատանքները սկսելուց հետո, 7-8 տոննա հանքաքար մշակելու դեպքում, Թեղուտում կաշխատեն ոչ պակաս, քան 1500 հաստիքային աշխատողներ, 1200 հոգի էլ աշխատելու է օժանդակ տնտեսություններում: Թեղուտը տալու է 3000 աշխատատեղ»:

Որքանո՞վ են իրատեսական «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի ղեկավարի այս խոստումները: Եթե որպես հիմք ընդունենք պրն Մեջլումյանի նախորդ տարիների խոստումները, ապա դրանք հուսադրող չեն, քանի որ դեռ երեք տարի առաջ, երբ ընկերությունը մտադիր էր Ալավերդիում ավելացնել սեւ պղնձի արտադրության ծավալը, պրն Մեջլումյանը տեղական հեռուստաեթերում ալավերդցիներին երկու տարվա ընթացքում խոստանում էր 2000 աշխատատեղ, սակայն այսօր Ալավերդու պղնձաձուլական գործարանում աշխատում է հազիվ 700 մարդ, ճիշտ այնքան, որքան աշխատել են, ասենք, 2000թ.-ին: Իսկ Թեղուտում արդեն հատվում է 600 հեկտարանոց անտառը: Գործարարը թեղուտցիներից 1հա հողը գնում է 400 հազար դրամով: Գյուղացին այլընտրանք չունի, քանի որ միջոցներ չկան այդ հողերը մշակելու համար, ստիպված վաճառում է իր հողը: Իսկ ի՞նչ է լինելու այստեղ մի քանի տարի հետո, երբ ընդերքից կհանվի պղինձը' անապատ եւ անհող գյուղացիներ:

Մեկնաբանություններ (1)

Սամվել
ահա թե ինչպես են հոշոտել այդ ահռելի գումարները Վալեքսի սեփականատերերը ուղղակի,կամ էլ իրենց համաձայնությամբ զիջել են վերնախավին՝իշխող բանդային,;Հիմա էլ անմեղի կեցվածք ընդունելով,խեղճ բանվորներին փողոց են հանել:Նախկին և ներկա բոլոր հանցագործները պետք է պատասխան տան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter