HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Թուֆենկյան հիմնադրամը» Արցախում

Հադրութի շրջանի նոր գյուղը' Առաջամուղը, կառուցվել է «Թուֆենկյան հիմնադրամի» նախաձեռնությամբ: Գյուղում արդեն տասնութ տուն բնակեցված է: Նրանց մի մասը փախստականներ են Ադրբեջանից, մի մասն այստեղ է տեղափոխվել Հայաստանից, մյուս մասն էլ' Ղարաբաղի տարբեր բնակավայրերից, որոնց տները պատերազմի տարիներին ավերվել են: Նորակառույց տները հարմարավետ են, ապահովված սառը եւ տաք ջրով: Յուրաքանչյուր տան հարեւանությամբ կառուցված է անասնագոմ:

Լյուդմիլան եւ Մարտիկը իրենց հինգ երեխաների հետ վարձով էին ապրում Ազոխ գյուղում: Մեկ տարի առաջ Մարտիկը, տան բանալիները ձեռքին, եկավ ու կնոջն ասաց' հավաքվեք, գնանք: Նրանք տուն էին ստացել Առաջամուղ գյուղում:

Լյուդմիլա Հարությունյանը փախստական է Բաքվից: Նրա ընտանիքը զրկվել էր ամեն ինչից:

«Դեռ երեխեք ենք եղել, ութերորդ դասարան կարդող աղջիկ եմ եղել, որ դուրս ենք եկել: Շարժումը սկսավ, մենք էլ եկանք Ստեփանակերտ: Ամեն ինչ թողեցինք, միայն շորեր վերցրինք ու դուրս եկանք: Տան լույսն էլ չենք անջատել, թողել ենք վառած, որ չիմանան, որ այդտեղ մարդ չկա»,-հիշում է Լյուդմիլան:

Այժմ Լյուդմիլան տուն ունի եւ, ինչպես ինքն է ասում, գոհ է ճակատագրից. ամուսինը բանվոր է, շինարարություն է անում, իսկ ինքն ու երեխաները բանջարանոցն են մշակում.

«Բոստան եմ անում, պոմիդոր է, վարունգ է, բիբար է, լոբի, ինչ կարողանում ենք, ցանում եմ' ձմերուկ, սեխ: Մեզ հերիքում է»,-ասում է Լյուդմիլան:

Առաջամուղցիներն իրենց տների դիմաց հողամաս ունեն: Գրեթե բոլորը տների դիմաց ցանել են զանազան ծաղիկներ, եւ հեռվից դրանք նմանվում են փոքրիկ օազիսների: Նազիկենց տանը եռուզեռ էր' հարեւաններով ձմեռվա պահածոներն են պատրաստում: Չկտրվելով գործից' Նազիկ Անտոնյանը պատմում է, թե ինչպես է հայտնվել Առաջամուղում: Նա Հադրութի զորամասում խոհարարուհի է աշխատում:

«Ես Արարատից եմ եկել, ութը տարի է արդեն այստեղ եմ, ընտանիքով եմ, վերջապես տան տեր եղա, չորս երեխա ունեմ: Երեխեքիցս երկուսն ամուսնացել են, երկուսն էլ մոտս են: Ծառայում եմ, աշխատում եմ հողամասում, տանը, ինչով կարողանում եմ ու շատ գոհ եմ: Ես շատ եմ սիրում այս տարածքը»,-ասում է Նազիկ Անտոնյանը:

Անդրանիկը կնոջ' Անուշի հետ տեղափոխվել է Երեւանից: Նրանց որդին' Արամը, ծնվել է Հադրութում: Անդրանիկ Օհանյանն իրենց տան բակում նույնիսկ փոքրիկ շատրվան է կառուցել:

«Ջուրը մշտական է, տներում արիստոնը տեղադրած է' տա ք, սառը ջուր: Հողամաս ենք արել, Երեւանի ժողովուրդ ու առաջին անգամ հող պետք է մշակենք, փառք Աստծո, ոչինչ, օգտվում ենք հողամասից, պոմիդոր է, բադրիջան է, բիբար, վարունգ, ամեն ինչ դրել ենք ու ջուր էլ կա, ոռոգումը նորմալ է, բերքը' նորմալ: Բերք ու բարիքը' նուռը, թուզը, հոնը, ամեն ինչ չորս կողմը, որ կողմ ուզում ես, դուրս արի' բերք ու բարիք կա, հեչ որ չէ' պահածո, մուրաբա կանենք, հացով կուտենք, ստեղ սոված մնալ հնարավոր չէ»,- ասում է Անդրանիկը:

Առաջամուղում բոլորն առաջարկում են համտեսել իրենց հողամասերի բարիքները: Անդրանիկենց տանը տանտիրուհի Անուշը հպարտանալով մեզ հյուրասիրեց իրենց բանջարանոցում աճած ձմերուկը:

«Թուֆենկյան հիմնադրամը» նախատեսում է Առաջամուղում կառուցել դպրոց եւ մանկապարտեզ, իսկ գյուղացիներին աշխատանքով ապահովելու համար հիմնադրամը հաջորդ տարի վերականգնելու է 50 հա խաղողի այգի:

Քաշաթաղի օազիսը

Հիմնադրամն արդեն խաղողի այգիների վերականգնման ծրագիր է իրականացրել Քաշաթաղի Ուռեկան եւ Այգեհովիտ գյուղերում: Այս տարի 35 հա խաղողի այգիներից գյուղացիներն առաջին բերքն են ստացել:

«Թուֆենկյան հիմնադրամի» խաղողագործության ծրագրի ղեկավար Էդիկ Գրիգորյանը պատմում է այս ծրագրի առանձնահատկությունների մասին: Նման ծրագիր Ղարաբաղում որեւէ կազմակերպություն չի իրականացրել, եւ այն արդեն տալիս է իր պտուղները: Ծրագիրը կարող է դառնալ օրինակ բոլոր այն կազմակերպությունների համար, ովքեր ուզում են Ղարաբաղում աշխատել:

««Թուֆենկյան հիմնադրամը» այգու վերականգնման բոլոր ծախսերը հոգացել է, աշխատողները հիմնականում տեղացիներ են, համայնքի անդամներն են: Նրանք մտել են ծրագրի մեջ այն պայմանով, որ այգին վերականգնելուց հետո ծախսերը կհանվեն եւ կվերադարձվեն իրենց: Գյուղացիները միջոցներ չունեն, այգու վերականգնումը մեծ ծախսեր է պահանջում, մենակ վերականգնելը չէ, դրանից հետո բուժում կա, թունաքիմիկատները թանկ են, գյուղացին ի վիճակի չէ դա անել: «Թուֆենկյան հիմնադրամը» այս ծախսերը կատարելով' այգիները վերականգնում է, ծախսերը հանելուց հետո, ըստ կազմած պայմանագրի, այդ այգիները վերադարձնելու է համայնքի անդամներին»,- բացատրում է Է. Գրիգորյանը:

Գյուղացիները ամբողջ տարի աշխատելով այգում' ստանում են աշխատավարձ' ըստ կատարած աշխատանքի: Ամսական միջին աշխատավարձը 25-30 հազար դրամ է: Այս տարի այգիները տվել են 12 տոննա խաղող, իսկ 2008 թվականին, ինչպես հավաստում է Է. Գրիգորյանը, խաղողի այգիների բերքը կհասնի մոտ 400 տոննայի:

Այստեղից խաղողը տեղափոխվում եւ մթերվում է 70 կմ հեռավորությամբ գտնվող Հադրութի գինու գործարանում: Լրացուցիչ ծախսերից խուսափելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով «Թուֆենկյան հիմնադրամը» այս տարածաշրջանում նախատեսում է կառուցել խաղողի սկզբնական վերամշակման գործարան:

Ուռեկանում ապրում է 170 մարդ, այս տարի գյուղում գրանցվել է 5 ծնունդ: Այս մասին հպարտությամբ նշում է գյուղապետ Գարիկ Մաթեւոսյանը: Այգիներում մշտապես աշխատում է 35 բանվոր:

Ուռեկանը վերաբնակեցվել է 1995-ին: 2004-ին ընտրված գյուղապետ Գարիկ Մաթեւոսյանը «Մարտական խաչի» շքանշանակիր է: Նա նաեւ դպրոցի զինղեկն է, ունի երեք երեխա: Դպրոցում սովորում է 20 աշակերտ:

«Ղարաբաղի օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիր կնքել բնակչի հետ, որովհետեւ այստեղ հողերը սեփականաշնորհված չեն: Գոնե հողերը տային մարդկանց, որպեսզի տարածքին այդ ձեւով կապեն բնակիչներին»,-ասում է գյուղապետը:

Այգիները ոռոգվում են, ոռոգման ջուրն էլ է «Թուֆենկյան հիմնադրամն» անցկացրել:

«Այստեղ է լավ է լինելու, ե ս համոզված եմ, միակ դժվարությունը, որ երեխեքը զբաղմունք չունեն: էնքան բերք է լինում այստեղ' թուզ, նուռ: Գալիս են մեզ մոտ մի դույլ թուզը գնում են, տալիս երկու հազար դրամ, իսկ իրենք տանում են 7 հազարով են ծախում: Եթե էստեղ մի կոմբինատ լիներ, գյուղացիներն էստեղ կհանձնեին էդ բերքը, էստեղ կմշակվեր: Նույնն էլ կաթնամթերքը, կովի կաթնատվությունը օրը հասնում է 20 լիտրի»,-իրենց տարածքի առավելություններն է թվարկում 35-ամյա գյուղապետը:

Գյուղապետը տարվա ընթացքում այգիներում կատարված բոլոր ծախսերը հաշվարկել է եւ տարեվերջին այն պետք է ներկայացնի համայնքին, որպեսզի խաղողի մթերումից ստացված շահույթից հանվեն ծախսերը:

«Այս ծրագիրը հայրենասիրական ծրագիր է, «Թուֆենկյան հիմնադրամը» ոչինչ չի շահում: Այս ամենը վերաբնակների համար է արված»,-ասում է Գ. Մաթեւոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter