HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Լավ ա անում` քայքայվում ա, իսկ քե՞զ ինչ»

Մեղրաձոր գյուղը գտնվում է Հրազդան քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք' Մարմարիկ գետի ձախ ափին: Ի տարբերություն հարեւան գյուղերի, այն բավականին մեծ է, ունի ավելի քան 2500 բնակիչ:

Մեղրաձորը բավականին հայտնի է տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին: Գյուղի մոտ է գտնվում Հայաստանի' մեծությամբ երկրորդ ոսկու հանքը, որն այժմ շահագործում են հնդիկները: Սակայն զբոսաշրջիկներին ոսկու հանքը չէ, որ գրավում է: Մանավանդ, որ այն փակ գոտի է համարվում եւ լուսանկարել չի թույլատրվում:

Զբոսաշրջիկներին Մեղրաձոր է բերում ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Թեժառույքի վանական համալիրը:

Այն տեղակայված է գյուղից հարավ' Մարմարիկ գետի աջ ափի անտառապատ լեռան վրա: Սա քաղկեդոնական (ուղղափառ) վանական համալիր է, որի կազմում են եկեղեցին, երկու մատուռները եւ գավիթը: Սովետական հանրագիտարանը որոշ տեղեկություններ է հաղորդում համալիրի մասին: Ըստ այդ տեղեկությունների' եկեղեցին, ինչպես վկայում է հարավային պատի վրացերեն արձանագրությունը, կառուցել է Իվանե Երկայնաբազուկ Զաքարյանը:

Վերջինս հայոց պատմության հայտնի դեմքերից է: Զաքարե եւ Իվանե Զաքարյանները, ովքեր Վրաստանի Թամար թագուհու արքունիքում զբաղեցնում էին հայ-վրացական զորքի ամիրսպասալարի (սպարապետ) եւ մեծ վեզիրի պաշտոնները, 1190-ականներին սկսեցին պայքարը թուրք-սելջուկների դեմ եւ ազատագրեցին Հայաստանի մեծ մասը' ստեղծելով Զաքարյանների պետությունը (12-14 դարեր):

1196-1199թթ. էլ Իվանե Զաքարյանի հրամանով կառուցվել է Թեժառույքի եկեղեցին: Սա խոշոր, միանավ, թաղակապ կառույց է' մեկ զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձեւ խորանի երկու կողմերում ավանդատուն-խորշերն են, որոնցից աջակողմյանը ելք ունի դեպի տանիք: Եկեղեցուն հարավից ու հյուսիսից կից են թաղակապ մատուռները, իսկ արեւմուտքից' նույնատիպ գավիթը:

Ներսում թաղված են Զաքարյանների հայազգի վասալ, Վրաստանի «մեծ դիդեբուլ» իշխան Բուբան եւ նրա ժառանգները, ովքեր նշանավոր դեր են խաղացել հայոց եւ վրաց պատմության մեջ:

Չնայած այս համալիրը պատմականորեն կոչվում է Թեժառույքի վանք, մեղրաձորցիներն այն իրենց գյուղի նախկին անունով կոչում են Թայչարուխի վանք կամ Թայչարխավանք, որն ուխտավորների շրջանում թերեւս ավելի հայտնի է:

Ուղղափառ վանքը չի գործում հայ քաղկեդոնականության անկումից ի վեր, բայց շարունակում է ուխտավորներ ունենալ, որոնք, բնականաբար, Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Հատկապես տեղաբնակները Առաքելական եկեղեցու ամեն տոն օր գալիս են այս ուղղափառ վանքը, մոմ վառում, աղոթում, ոմանք էլ, ավանդույթի համաձայն, իրենց ժապավենն են կապում «երազանքի ծառին»: Քիչ չեն նաեւ հարեւան գյուղերից ու հանգստյան տներից եկողները:

Սակայն, վանքն աստիճանաբար քայքայվում է: Առավել վատ վիճակում է եկեղեցու ծածկը' թաղը, որի քայքայումից առաջացած խոշոր անցքից անձրեւաջրերը թափվում են խորանի վրա: Խոնավությունից եւ անձրեւաջրերից տուժել են նաեւ համալիրի պատերը:

Թեժառույքի վանքը պետական սեփականություն է, այսինքն' դրա պահպանության եւ վերականգնման համար պատասխանատու է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը:

«Մեր գործակալությունը այս պահին ունի պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք պետբյուջեից հատկացված միջոցներով պետք է վերականգնվեն մինչեւ 2009թ.: Այդ ցանկում Թեժառույքի վանքը չկա, քանի որ մենք այսօր ունենք առավել անմխիթար վիճակում գտնվող հուշարձաններ: Ցավոք, հատկացվող գումարները մեծ չեն: Օրինակ' այս տարվա համար նախատեսվել էր 720 մլն, 2007-ի համար' մոտ 620 մլն: Բայց, եթե գտնվեն հովանավորներ, կամ եթե տեղական համայնքը գտնի միջոցներ, վանքը վերականգնելու ցանկություն ունենա, մենք պատրաստ ենք վերականգնման նախագծեր քննարկել եւ աջակցել»,- ասում է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը:

Մեղրաձորի համայնքում անտարբեր են վանքի ճակատագրի նկատմամբ:

«Ո՞վ շահ ունի, որ վերանորոգի վանքը»,- մեր հարցին հարցով է պատասխանում մեղրաձորցի Ֆելիքս Դավթյանը ու դառը ժպտում:

Մեր այն հարցին, թե ինչ է անում թեմը Թեժառույքի քայքայվող վանքի պահպանության համար, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը բառացիորեն ասաց հետեւյալը. «Ի՞նչ պիտի աներ... Վանքին թեւեր ա տվել, թռնում ա... Լավ ա անում' քայքայվում ա, իսկ քե՞զ ինչ»:

Հ.Գ. Մարմարիկ գետի առողջարանային ու տուրիստական գոտի համարվող ավազանում (427 քառ. կմ) պահպանվել է ընդամենը չորս հոգեւոր-ճարտարապետական կառույց' Թեժառույքի վանքը, Մարմարիկ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին, Արտավազ (նախկին Թաքյառլու) գյուղի մոտ գտնվող Արտավազդավանքը (7-րդ դար) եւ Հանքավանի հունական եկեղեցին: Սրանցից ամենախոշորն ու հայտնին, թերեւս, Թեժառույքի ուղղափառ վանքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter