HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազոխի քարանձավի նոր «բնակիչները»

Վաթսունական թվականներին Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարանձավը շուրջ վեց ամիս շրջապատված էր Բաքվից բերված ադրբեջանցի ոստիկաններով: «Ադրբեջանցիները լսել էին, թե Տողի եւ մոտակա գյուղերի բնակիչները մոնղոլական արշավանքների ժամանակ իրենց ոսկիները թաքցրել են քարանձավում: Պայթեցնում էին քարանձավի շերտերը, որ գտնեն ոսկին։ Ոչինչ էլ չգտան»,- ասում է ներկայում քարանձավում պեղումներ իրականացնող գիտական խմբի անդամ, հայկական կողմի ներկայացուցիչ, գիտությունների դոկտոր, մարդաբան Լեւոն Եպիսկոպոսյանը:

Ազոխի քարանձավի ուսումնասիրման աշխատանքները սկսելու գաղափարը ծագել է դեռեւս տասը տարի առաջ: Միայն նախապատրաստական աշխատանքները տեւել են հինգ տարի: Աշխատանքը, որին մասնակցում են Անգլիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Նիդեռլանդների թվով 19 գիտաշխատողներ սկսվել է 5 տարի առաջ' 2001-ին: Խմբի պատասխանատուն Տանյա Քինգն է, ում մայրն ազգությամբ հայ է, իսկ հայրն' անգլիացի: Խումբն հիմնականում ձեւավորվել է նրա նախաձեռնությամբ:

Արդեն հինգ տարի գիտաշխատողներն ամռանը մեկ ամսով գալիս են Ազոխ եւ փնտրում հնագույն մարդու գոյությունը վկայող իրեր: «Ազոխն աշխարհի հնագույն քարանձավներից է, որը վկայում է հնագույն մարդու' նեանդերտալցու գոյության մասին: Քարանձավը մեզ թույլ է տալիս բացահայտել առնվազն 250 հազար տարվա պատմություն: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքներն անիմաստ չեն, եւ ուշ թե շուտ մենք կգտնենք այն, ինչ փնտրում ենք». ասում է Լեւոն Եպիսկոպոսյանը:

Հինգ տարվա ընթացքում գիտական խմբին հաջողվել է ԼՂՀ պետական համալսարանի ավարտական կուրսի ուսանողուհիներից պատրաստել երկու մասնագետ։ Նրանք արդեն չորս տարի աշխատում են խմբի հետ: Տեղի մասնագետներից մեկը Լենա Ասրյանն է: «Այսօր Ղարաբաղում դեռ այնքան էլ չեն գիտակցում այս մասնագիտության կարեւորությունը: Ինձ համար շատ անսպասելի էր, որ ընդգրկվեցի խմբի աշխատանքներում: Սա մասնագիտանալու փայլուն հնարավորություն է: Ես որոշել եմ զբաղվել հատկապես քարե գործիքների ուսումնասիրությամբ: Ղարաբաղում այսօր իսկապես շատ մեծ աշխատանք կա անելու: Ասկերանի մոտակայքում հայտնաբերվել է Տիգրանակերտի դամբարանադաշտը: Գուցե այս հանգամանքը ոգեւորի ուսանողներին»,- ասում է Լենան:

Մարդաբան Լեւոն Եպիսկոպոսյանը գտնում է, որ Ազոխի քարանձավի աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե Ադրբեջանը չխոչընդոտի. «Նրանք կեղծ տեղեկություններ են տարածում, քարանձավի անվանը ադրբեջանական հնչողություն են տալիս, ասում թե իբր Ազոխի քարանձավը պատկանում է Ֆիզուլիի եւ ոչ թե Հադրութի շրջանին: Այդ լուրերը թեեւ կեղծ են, սակայն ազդում են ներդրողների վրա»:

Վերջերս Ազոխի քարանձավում աշխատանքները շարունակելու վերաբերյալ երկարաժամկետ ներդումներ կատարելու մասին ծրագիրը Մեծ Բրիտանիայի գիտական կենտրոններից մեկը համաձայնել է ֆինանսավորել մի պայմանով, եթե խումբը ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն ստանա Բաքվից:

Ազոխի քարանձավն ունի յոթ մուտք, սակայն առայժմ ուսումնասիրվել են հինգը:

Գիտական խումբն ուսումնասիրությունները կատարում է շերտերով: Շերտերն առանձնացնելու համար հատուկ մասնագետ է հրավիրվել Նիդեռլանդներից: «Ինձ հաճախ հարցնում են՝ քանի՞ տարվա աշխատանք կա քարանձավում, ես ուզում հարցը ճշգրտել' քանի՞ սերնդի աշխատանք կա: Դա է պատճառը, որ մեզ անհրաժեշտ են մեծ թվով հայ մասնագետներ' հատկապես Ղարաբաղից»:

ԼՂՀ-ում գիտական խմբին միանալու ցանկություն ունեցող ուսանողների թիվը քիչ է, եւ Լեւոն Եպիսկոպոսյանը որոշել է հաջորդ տարվանից խմբում ընդգրկել Հայաստանի բուհերի ուսանողների: Պեղումների ընթացքում առայժմ միայն քարե գործիքներ են հայտնաբերվել, որոնք պատկանում են հնագույն մարդուն: 5 տարի առաջ խումբը բորենու ոսկորներ է թաղել քարանձավում, իսկ այս տարի ուսումնասիրում է ոսկորների կրած փոփոխությունը։ Այդ ոսկորների փոփոխությամբ գիտական խումբը կարող է պարզել պեղումների ընթացքում հայտնաբերված իրերի' գործիքների եւ ոսկորների, վաղեմությունը:

Հայտնաբերված բոլոր իրերն ու ոսկորները քարանձավից հանվում են պարկերով, հատուկ մտածված մեխանիզմով: Պարկերի պարունակությունն ուսումասիրելուց հետո, հայտնաբերված իրերը մաղում եւ լվանում են գետում, իսկ այնուհետեւ տեղափոխում գյուղում ստեղծված փոքրիկ լաբորատորիա: Մինչ օրս հայտնաբերված բոլոր ոսկորներն ու քարե գործիքները Ազոխում ուսումնասիրվելուց հետո տեղափոխվում են Լոնդոն եւ մշակվում, որպեսզի չքայքայվեն:

Ոսկորների վրա նաեւ հայտանբերվել են մարդու պատրաստած քարե գործիքների հարվածների հետքեր: «Դա վկայում, որ քարանձավում իսկապես հնագույն մարդիկ են բնակվել»,-ասում է Լեւոն Եպիսկոպոսյանը:

Գիտական խմբի հետ սերտ կապերի մեջ են գյուղի երեխաները։ Նրանց համար խումբն ամեն տարի երկու մեծ միջոցառում է կազմակերպում: «Պար ենք կյամ, երգիս ենք, էնքա~ն կանփետ են պիրիս, որ սկի տեսած չես ինի»,-ասում է գյուղի երեխաներից մեկը եւ հաշվում, թե քանի օր է մնացել հրաժեշտի երեկոյին: Նրանք հատկապես ոգեւորվում են, երբ պատմում են խմբի ղեկավարի' Տանյայի մասին.«Գիդա՞ս ես, վեր Տանյան հայ ա»,-իսկ մյուսն ավելացնում է.«Հայ չի է, Ղարաբաղայ ա' Ազոխայ ա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter