HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքապետերը գյուղը շենացնելո՞ւ համար են, թե՞ քանդելու

Կառավարության տվյալներով' արգելանքի տակ է 54 գյուղի բյուջե

«Այս պահին 3 մլն դրամի հայցապահանջ կա մեր դեմ: Դատարանն էլ, չգիտեմ ինչ օրենքով, միանշանակ բավարարում է եւ ուղղակի քանդում այս գյուղը: Չհաշված, որ հարկային տեսչությունն էլ իր հերթին է այս պահին դիմել դատարան, որովհետեւ մենք աշխատավարձ չենք ստանում, սոցվճարները չենք կարողանում փոխանցել, իսկ դրա դիմաց տուգանք է գալիս՝ 64.300 դրամ պարտք ունենք»,- ասում է Արագածոտնի մարզի Զովասար գյուղի համայնքապետարանի հաշվապահ Վարդգես Ղազարյանը:

2005թ. աշնանը Զովասարում համայնքապետ է ընտրվել Կիրակոս Պողոսյանը: Ըստ հաշվապահ Ղազարյանի' նոր համայնքապետն իր նախորդից 14 մլն դրամ պարտք է ժառանգել, որից 9 մլն դրամը աշխատավարձի պարտքեր են, 5 մլն-ը՝ սոցվճարի: «Մենք հիմա շատ ողորմելի մի բյուջե ունենք՝ մոտ 5 մլն, որից 2 մլն 300 հազարը դոտացիան է, մնացածը գանձում ենք պահուստային հողերի վարձակալությունից, սեփականաշնորհված հողերից: Տարվա կտրվածքով տրված դոտացիան ու հողերի հարկերն արդեն փոխանցել ենք այդ պարտքերին, վերջացել է»,- համայնքապետարանի անելանելի վիճակն է ներկայացնում հաշվապահը:

Զովասարի նախորդ համայնքապետ Մարտին Վարդանյանը դիմել է դատարան 1,5 մլն դրամ աշխատավարձի պարտքի վճարման պահանջով: «Ինքը ժամանակին չի աշխատել, այսօր մեր դեմ հայց է ներկայացնում, էն դեպքում, որ նա է այդքան պարտքը կուտակել»,- նախորդ համայնքապետի վարքագծի մասին ասում է հաշվապահը: Նա նշեց, որ այն ժամանակ համայնքապետարանն ունեցել է վեց աշխատող, նաեւ պահակ է ձեւակերպված եղել, որը հայտնի չէ, թե ինչն է պահել, բայց նա նույնպես դիմել է դատարան' աշխատավարձի պահանջով: «Հարկահավաքություն գրեթե չեն իրականացրել՝ մոտ 5-7 % չափով, որոշ մարդկանց կողմից էլ յուրացումներ են եղել. մնացած գումարը դուրս են գրել վառելիքի անվան տակ»,- նշեց նա:

«Դպրոցի համար իբրեւ վառելիք են բերել, ձմռան սեզոնը սկսվում է նոյեմբերին, իսկ վառելիքը դպրոց է հասել մարտին»,- հաշվապահին լրացնում է զրույցին ներկա ռազմագիտության ուսուցիչ Համլետ Մինասյանը:

Համայնքապետ Մարտին Վարդանյանի հաջողված փորձն ընդօրինակել են նաեւ նրան նախորդած համայնքապետն ու իր աշխատակիցները. դատարան դիմելով՝ պահանջել են վճարել 1997թ. մնացած աշխատավարձային պարտքերը: Հաշվապահին զարմացրել է այն հանգամանքը, որ նրանք իրենց հաջորդից՝ Մ. Վարդանյանից չեն պահանջել աշխատավարձի պարտքերը մարել եւ միայն հիմա են մեկ առ մեկ դիմում դատարան, դատարանն էլ բավարարում է: «Մոտ 3 մլն էլ առաջին շրջանի աշխատողների պարտքն է: Աշխատավարձ ստացել են' սոցվճարը փոխանցել են, չեն ստացել՝ չեն փոխանցել»,- հավելեց նա:

Հաշվապահի ասելով' պարտքերը կուտակվել են, որովհետեւ նախկին երկու համայնքապետերը չեն հավաքել հողի հարկերը, դոտացիայից հինգ-վեց ամիս աշխատավարձ են տվել, մնացածը պարտք են մնացել: Նրանց գործելաոճի հետեւանքով մարդիկ կորցրել են հավատը, եւ հիմա շատ դժվարությամբ են հարկ հավաքում: Անցյալ տարի երկու ամսվա ընթացքում մոտ 300 հազար դրամ են հավաքել, իսկ նրանք ողջ տարվա ընթացքում 100 հազար էլ չեն հավաքել:

«Ամեն ամիս սնկի պես աճում են ե՛ւ սոցվճարի, ե՛ւ աշխատավարձերի պարտքերն ու տոկոսները: Այնքան խիստ է դրված այդ հարցը, որ, օրինակ, մենք ունենք պետպատվերով աշխատող անասնաբույժ, որի աշխատավարձը պետությունն է եռամսյակը մեկ փոխանցում մեզ: Հիմա հաշվի չեն առնում, որ նա համայնքապետարանի հետ կապ չունի, նրա աշխատավարձն էլ են գանձում, ստիպված այդ մարդն ազատվեց աշխատանքից»,- տեղեկացրեց հաշվապահ Վարդգես Ղազարյանը:

Համայնքապետարանի բյուջեից են վճարվում նաեւ գրադարանավարն ու մշակույթի տան տնօրենը, ովքեր նույն պատճառով հիմա չեն վարձատրվում: «Եթե այսպես շարունակվի, այս գյուղում ոչ մի աշխատանք էլ չի կատարվի, կլինի նույն նահապետական գյուղը, նույն ճղճիմ վիճակը: Մի մատիտի, գրիչի փող չկա համայնքապետարանում»,- ավելացրեց վրդովված հաշվապահը:

Զովասարի համայնքապետարանը ներկայումս 4 աշխատող ունի՝ համայնքապետ, հաշվապահ, տեղակալ, քարտուղար, ովքեր արդեն 10 ամիս է անվարձահատույց են աշխատում: Հաշվարկել են, որ դեռեւս երեք տարի էլ աշխատավարձ չեն կարող ստանալ մինչեւ նախորդ աշխատակազմերի աշխատավարձերի պարտքերը մարելը:

«Վերջապես, հնարավո՞ր է երեք տարի աշխատել ու աշխատավարձ չստանալ, այս տարիքիս եկել աշխատում եմ, որպեսզի ընտանիքիս կարիքները հոգամ, եթե դա էլ չեմ կարող, էլ ինչի՞ համար եմ աշխատում: Ուրեմն, հետագայում էլ մենք պետք է դիմենք դատարան նույն հայցով»,- կատարվածի տրամաբանությունն է բացատրում հաշվապահը: Նա տեղեկացրեց, որ մի քանի անգամ դիմել են կառավարությանը՝ խնդրելով, որ օգնեն «դուրս գալ այս ծանր վիճակից»:

Այս վիճակն ընդհանուր է գրեթե բոլոր մարզերի եւ բազում գյուղերի համար: ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանի տեղեկացմամբ' ամբողջ հանրապետությունում 8 մարզի 54 համայնքների գումարային հաշիվների վրա արգելանք է դրված, որոնց ընդհանուր պարտքը կազմում է 125 մլն դրամ:

Նույն Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի չվերընտրված համայնքապետը, որ 4 մլն դրամ պարտք էր թողել իր հաջորդին, նույնպես դատարանի վճռով պահանջել է վճարել իր աշխատավարձը: Լեռնարոտ գյուղի համայնքապետարանի բյուջեն նույնպես կալանքի տակ է: Համայնքապետ Անդոկ Հովսեփյանը, որ 2005թ. դեկտեմբերից է ստանձնել գյուղի ղեկավարի պաշտոնը, հայտնեց, որ 1994թ.-ից առ այսօր ոչ մի լումա հարկ չի հավաքվել: 2 մլն դոտացիա ունեն այս տարի, մոտ 100 հազար դրամ էլ հարկ են հավաքել, բայց նախորդ համայնքապետից աշխատավարձերի պարտքեր են ժառանգել, սոցհիմնադրամին են պարտք, ջրագծի կառուցման համար մոտ 3 մլն դեռեւս պարտք են եւ հիմա պետք է աշխատեն այս պարտքերը փակելու համար:

Նույն մարզի Թալինի վարչատարածքի Ծաղկասարի համայնքապետ Արեւշատ Մկրտչյանը, որը նույնպես 2005թ. նոյեմբերից էր ստանձնել 150 բնակիչ ունեցող Ծաղկասարի ղեկավարումը, նույն իրավիճակում է հայտնվել: «Միջոցները սուղ են, տարեկան 1,5 մլն դոտացիա է տրվում, 460 հազար դրամ էլ հողի հարկն է, որը 85 %-ով հավաքել եմ, բայց դրանով ոչինչ հնարավոր չէ անել գյուղի համար: 5 մլն դրամ աշխատավարձի պարտք ունենք՝ սկսած 2000թ.-ից, նախկին համայնքապետի ժամանակ է կուտակվել այդ պարտքը, հիմա ստիպված վճարում ենք: Ոմանք դատարան են դիմել աշխատավարձը ստանալու համար, ոմանք այդ պահանջով ուղղակի իրեն են դիմում: Նա էլ դիմել է կառավարությանը' աշխատավարձերի պարտքերը մարելուն աջակցելու համար:

Մասնագիտությամբ ֆինանսիստ Արեւշատ Մկրտչյանը, սակայն, չսպասելով կառավարության պատասխանին՝ այդ իրավիճակից դուրս գալու յուրօրինակ լուծում էր գտել: «Հաշվեցի, որ տարվա կտրվածքով 1 մլն 100 հազար դրամ է կազմում պարտքերի մարումը, որն իմ աշխատած ժամանակահատվածում հազիվ կարողանամ փակել, իսկ հաջորդին արդեն ես կփոխանցեմ իմ պարտքերը: Որպեսզի խուսափեմ այդ վիճակից, ցածրացրել եմ աշխատավարձերի չափերը, նախկին 30, 40, 50, 60, 100 հազարի փոխարեն 10, 20, 30.000 դրամ աշխատավարձ եմ սահմանել»,- ասաց Ծաղկասարի համայնքապետը:

Սյունիքի մարզի Սիսիանի վարչատարածքի Աշոտավան գյուղի համայնքապետ Արեւիկ Օհանյանը տեղեկացրեց, որ մեկ տարի առաջ, պաշտոնը ստանձնելիս, 12 մլն դրամ պարտք է ժառանգել՝ 5 մլն դրամ սոցվճարներ եւ 7 մլն դրամ աշխատավարձային պարտք, որի պատճառով համայնքի բյուջետային հաշիվը կալանքի տակ է: «Համայնքապետից մինչեւ պահակ՝ 12 հոգի, դիմել են դատարան աշխատավարձի պարտքերը մարելու պահանջով: Հիմա հարկերը հավաքում եմ ու նրանց պարտքերն եմ փակում: Աշխատավարձի պարտքերն արդեն մարում եմ, մնացել է 600 հազար դրամ»,- ասում է Ա. Օհանյանը: Նա նաեւ հայտնեց, որ 1997թ.-ից հողի հարկ չեն հավաքել, եւ 32 մլն-ի պարտք է կուտակվել:

«Աշոտավանին հատկացված տարեկան դոտացիան 1,5 մլն է, հարկերը՝ 2,7 մլն: Տարվա հարկերը հավաքում եմ, նախորդ տարիների պարտքերից էլ եմ հավաքում ու նրանց պարտքերը մարում, մենք աշխատավարձ չենք ստանում: Ժողովուրդն էլ հիմա վճարունակ չի, գումար չունեն, երաշտը նրանց լրիվ հուսալքեց, նրանք կարո՞ղ են հողի վարձ տալ»,- հարցնում է տիկին Օհանյանը: Համեմատության համար ասենք, որ Աշոտավանի համայնքապետարանում հիմա 4 հոգի է աշխատում:

Ուռճացված աշխատակազմեր ունենալը՝ աշխատավարձերի ուռճացված ու չհաշվարկված ցուցակներով, ընտրազանգվածին չկորցնելու մտայնությամբ հարկերը զիջելը համայնքապետերից շատերի աշխատաոճն է: Սակայն ցավալին այն է, որ այս երեւույթը, իր բոլոր հետեւանքներով, չի անհանգստացնում կառավարությանը:

Այս խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը չորոշի, ի վերջո, ապահովել բյուջեների հրապարակայնության մասին ընդունված օրենքի կիրառումը, որը յուրաքանչյուր պաշտոնյայի կհարկադրի պատասխանատվություն կրել իր պաշտոնավարած ժամանակի եւ իր տնօրինած գումարների համար: Պատահական չէ, որ այն հակակոռուպցիոն միջոցառումների ցանկում է տեղ գտել, սակայն պարզվում է՝ ոչ իրականացնելու միտումով:

«Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի» ժամանակացույցի համաձայն' 2004-06 թթ.-ին նախատեսված էր «Համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգի ներդրում», որի նպատակն է արդյունավետ դարձնել համայնքային բյուջեների դոտացիաների եւ սուբսիդիաների իրացումը: Կատարման պատասխանատվությունը դրված է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների վրա: Սակայն, ինչպես պարզ է դառնում նրանց վերաբերմունքից, մտադրություն չունեն իրականացնելու իրենց ստանձնած պարտավորությունը:

Նշված հարցի վերաբերյալ բացատրություն ստանալու ակնկալիքով դիմեցինք երկու նախարարներին: Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հարկ չհամարեց պատասխանել մեր գրությանը, իսկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, մեր հետեւողականությանը տեղի տալով, բավականին ուշացումով (գրությանը պատասխանել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ռ. Գեւորգյանը) պատասխանել է. «ՀՀ կառավարության 06.11.03թ. թիվ 1522-Ն որոշմամբ նախատեսված «Համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգի ներդրում» միջոցառման շրջանակներում Կենտրոնական գանձապետարանի կողմից յուրաքանչյուր եռամսյակ համայնքների բյուջեների կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը եւ հրապարակվում է ՀՀ Ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում»:

Իսկապե՞ս այդ էր նկատի ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարությունը հաստատող երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ միջոցառումների ցանկում այդ պահանջն ընդգրկելով: Վիճակագրական ծառայությանը տրամադրելը եւ նախարարության ինտերնետային կայքում բարդ թվաբանական հաշվարկներ զետեղելն, արդյո՞ք, նշանակում է համայնքային բյուջեների հրապարակայնության ու թափանցիկության ապահովում, եւ այդ միջոցով մարզային բնակչության համար վերահսկելի դառնո՞ւմ են բյուջետային ծախսումները:

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը հավաստիացրեց, որ հաշիվների վրա արգելանք դրված 54 համայնքների մեծ մասի հարցն արդեն լուծված է: «Կառավարությունը հստակեցրել է օգնության կարգով, որպեսզի նրանք կարողանան բյուջեն հանել արգելանքից: Ինչպե՞ս կարող է համայնքի բյուջեն արգելանքի տակ լինել, եւ մենք անտարբեր գտնվենք այդ հարցի նկատմամբ: Մենք պարբերաբար լուծում ենք այդ հարցերը»:

Կառավարությունից այս հարցում աջակցություն են ակնկալում նաեւ Վարդենիսի վարչատարածքի 27 գյուղերի ղեկավարները, ովքեր, առանց պետական միջամտության, հարցի լուծումը չեն պատկերացնում: Ինչպիսի՞ լուծում կարող է տալ հարցին Վարդենիսի վարչատարածքի Խաչաղբյուր գյուղի համայնքապետը, որի տարվա դոտացիան 3 մլն դրամ է, իսկ նա նախկին համայնքապետից 21 մլն դրամ աշխատավարձի պարտք է ժառանգել: Վարդենիսի վարչատարածքի համայնքապետերի ասելով՝ այս պատկերն իրենց վարչատարածքի գրեթե բոլոր գյուղերում նույնն է: Պրն Վարդանյանը, սակայն, պատրաստ չէր պատասխանելու, թե ինչ լուծում է նախատեսված Վարդենիսի համայնքների համար:

Մի՞թե պարբերաբար պետական միջոցներից այս կամ այն համայնքին աջակցելը հարցի լուծում կարող է համարվել: Չէ՞ որ նույն իրավիճակը պարբերաբար կրկնվում է այս կամ այն գյուղում, եւ ստացվում է, որ բնակչությունը ոչ միայն ընտրության ճանապարհով չի կարող ազատվել անգործունյա համայնքապետից, այլեւ նրանից ազատվելուց հետո էլ պետք է շարունակի դրամահավաքով «պարգեւատրել» իրեն արհամարհած ու համայնքի ունեցվածքը յուրացրած համայնքապետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter