HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միությունը ուժ է

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի 2005 թվականի հեռուստամարաթոնն ամբողջությամբ նվիրված էր Մարտակերտի շրջանին։

Առաջին անգամը լինելով' ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ներառվել էր գյուղատնտեսական մի նախագիծ, որն այսօր արդեն իրականություն է դառնում։ Դա Մարտակերտի եւ հարակից տասնութ համայնքների գյուղացիական տնտեսություններին սպասարկող մեքենատրակտորային բազայի ստեղծումն է։

Մարտակերտի «Գյուղատնտեսական ծառայություններ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Վալերի Խաչատրյանն ասում է, որ այս ծրագրի նպատակը սեփականատեր գյուղացիներին ձեռք մեկնելն է. «Այն սեփականատերերին, ովքեր հողը ստացել են որպես սեփականություն, բայց միջոցներ չունեն մշակելու»։

«Գյուղատնտեսական ծառայությունները» հիմնադրամի ծրագրով ստացել է «Բելառուս» մակնիշի յոթ տրակտոր։ Գութանները, շարքացաններն ու բեռնատար երեք մեքենաները բերվել են Չինաստանից։ Առաջիկայում բազան կունենա նաեւ երկու կոմբայն։ Ընդհանուր առմամբ, Հիմնադրամը բազայի համար գնել է ավելի քան մեկ միլիոն ամերիկյան դոլարի գյուղտեխնիկա։

«Մոտավորապես տասնութ գյուղի երեք հազար հեկտար պիտի կարենանք ցանել ու հնձել,- ասում է «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան Ափի տեղական մարմնի ատենապետ Գեւորգ Թորոյանը։ -Մոտավորապես 900 ֆերմերներու, հողագործներու, ընտանիքներու, որոնք ունին սեփական հողեր, պիտի կարենանք օգտակար ըլլալ»։

Մարտակերտի տարածքը, որն առաջին հայացքից բերրի հողերի անծայր տարածություն է, իրականում կազմված է հարյուրավոր ընտանիքների սեփական հողակտորներից։ Յուրաքանչյուր սեփականատեր այս տարածության մեջ միայնակ պետք է կազմակերպեր իր տնտեսությունը։ Բազայի ստեղծումն արմատականորեն փոխում է իրավիճակը։

Գեւորգ Թորոյանն ասում է, թե այս ծրագիրը սեփականատեր գյուղացիներին համախմբելու նպատակ ունի։ «Պիտի վարժեցնենք, որ գյուղացիները աս ինը հարյուրը միասին աշխատին, եւ միասնությամբ շատ մը բաներ կարելի է ավելի դյուրացնել։ Օրինակի համար՝ եթե սերմը պիտի գնեն, եթե ինը հարյուր հոգի միասին գնեն, անշուշտ ավելի էժան պիտի ըլլա, քան թե անձնական իրենք գնեն։ Աս ձեւը՝ քոոփերաթիվ ձեւը, փորձված է աշխարհի ամեն տեղ։ Միշտ միությունը ուժ է»։

Տեխնիկական խորհրդատվության համար Հիմնադրամը հրավիրել է ամերիկացի բարձրակարգ մասնագետների։ Բիլ Փրայսը գտնում է, որ սովետական մաշված մեքենաներից նորերին անցնելն ավելի արդյունավետ կդարձնի գյուղատնտեսական արտադրությունը։ Նրա կարծիքով' Մարտակերտի գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է հայտնվել ոչ այնքան պատերազմի պատճառով, որքան տնտեսավարման՝ սովետական ժամանակներից մնացած, սխալ մեխանիզմների։

Գյուղացիների եւ բազայի հարաբերությունները համակարգելու է Մարտակերտի շրջանի նորաստեղծ «Ֆերմերների ընկերակցությունը», որն էլ կլինի բազայի պատվիրատուն։ Այսինքն՝ «Ֆերմերների ընկերակցությունն» է յուրաքանչյուր գյուղացու համար պայմանագիր կնքելու «Գյուղատնտեսական ծառայություններ» փակ բաժնետիրական ընկերության հետ։ ՓԲԸ-ի նախագահ Վալերի Խաչատրյանի կարծիքով' դա գյուղացիներին ժամանակին եւ էժան տեխնիկա տրամադրելու լավագույն ձեւն է։

Մարտակերտի շրջանում այս տարի աշնանացանի աշխատանքները կիրականացվեն «Հայաստան» Հիմնադրամի տրամադրած նոր տրակտորներով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե մեքենաների նոր պարկն այսօր արդեն ոգեւորում է մարտակերտցիներին, մինչդեռ մեկ տարի առաջ դա միայն նախագիծ էր. « Ընդամենը մեկ տարի առաջ համապատասխան մասնագետների այցելության ժամանակ քննարկվում էին նախագծի իրականացման մանրամասները։ Այսօր արդեն ծրագրի մեկնարկի ականատեսն ենք»։

Հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան Ափի տեղական մարմնի ատենապետ Գեւորգ Թորոյանը եւս գոհ է ծրագրի իրականացման ընթացքից եւ արդյունքից. «Անշուշտ, երբ որ բարերարները տեսնին, որ ահավասիկ իրենց դրամը գործի վերածված է, շատ ուրախ կըլլան։ Շատ ուրախ կըլլան' տեսնելով, որ ահավասիկ տրակտորները հերկելու սկսած են»։ Նա գտնում է, որ այս ծրագիրը որակապես փոխում է բարերարության՝ մինչ այժմ առկա մարտավարությունը։ «Հիմնադրամն առաջին, միակ կազմակերպությունն է, որ աս ամեն գյուղերու ամեն կողմը կընե, այսինքն' տնտեսական եւ ուրիշ պետքեր միասին։ Առանց տնտեսական հիմը դնելու, կարծեմ թե չենք կըրնա գյուղերը զարգացնել։ Եթե մենք գործ չգտնենք գյուղացիներու համար, իրենց արտադրությունը չավելցնենք, տունը շինելը կամ դպրոց շինելը անչափ օգտակար չըլլար, բայց եթե մենք գործը տանք, գյուղատնտեսությունը ավելի զարգանա, մարդիկ ավելի դրամ ունենան, այն ատեն մենք եթե չշինենք, իրենք կշինեն տունը, մենք եթե չշինենք, իրենք դպրոցը կշինեն»,- ասում է պրն Թորոյանը։

Մարտակերտի շրջանում իրականացված գյուղատնտեսական այս ծրագիրն առաջինն է, բայց արդեն ակնհայտ է, որ լիովին կբավարարի սեփականատեր գյուղացիների կարիքները, եւ գալ տարի առանց դժվարության հնարավոր կլինի այն ներդնել նաեւ Հադրութի շրջանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter