HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մենք շատ լուրջ նպատակներով ենք մասնակցում խորհրդաժողովին, իրենք լուրջ չեն վերաբերվում մեզ»

Սփյուռքահայի տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովից

«Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-20-ը, մասնակիցների քանակով (գրանցված էր 1984 մարդ) ամենաներկայացուցչականը համարվեց: Պատճառը, թերեւս, ընտրված թեման էր. խորհրդաժողովն այս անգամ նվիրված էր գյուղական աղքատության վերացմանը: Առաջին անգամ Հայաստանի իշխանությունները հայացքն ուղղեցին մարզերին՝ հայտարարելով, որ շեշտը պետք է դրվի սահմանամերձ գյուղերի վերականգնման վրա՝ նրանց տեխնիկական ու ռազմավարական աջակցություն ցուցաբերելով: Մասնակիցներին խոստանում էին քննարկում ու բանավեճ ծավալել ծրագրի քաղաքականության, կառուցվածքի ու իրագործման միջոցների շուրջ:

Ավելի քան 6 ամիս «Հետքը» իր եւ «Ազգ» օրաթերթի էջերում ներկայացրեց մարզերում տիրող աղքատությունը՝ վերհանելով սահմանամերձ եւ աղքատ գյուղերի հիմնախնդիրները: Մեր ներկայացրած 5 մարզերի ավելի քան 60 գյուղերից միայն 3-ն ընդգրկվեցին այն 50 գյուղերի ցանկում, որոնք ՀՀ կառավարությունը ներառել էր Գյուղական աղքատության վերացման ծրագրի առաջին փուլում, եւ որի համար ակնկալվում էր խոհրդաժողովի մասնակիցների դրամական օժանդակությունը: Սա կարող է երկու բացատրություն ունենալ. առաջին' որ գյուղերի հիմնական մասը ծայրահեղ վատթար վիճակում են գտնվում, եւ դժվար է նախապատվությունը այս կամ այն գյուղին տալը, երկրորդ' նման դեպքերում գյուղերի ընտրության հարցում առաջնային են մնում անձնական կապերն ու կուսակցական պատկանելությունը, ինչը Հայաստանում շատ ավելի լուրջ փաստարկ է համարվում:

Իսկ ի՞նչ կարծիք ունեին այդ մասին մեր սփյուռքահայ հայրենակիցները, որքանո՞վ էին իրական կառավարության սպասումները նշված ծրագիրը Սփյուռքի օժանդակությամբ իրականություն դարձնելու հարցում: Այս հարցերի պատասխանը ներկայացնում ենք խորհրդաժողովի մասնակից, ամերիկահայ գործարար Հարություն Բռոնոզյանի հետ հարցազրույցի օրինակով:

- Ինչո՞վ էր առանձնանում այս խորհրդաժողովը նախորդներից, սահմանամերձ գյուղերի վերականգնման թեման ինչքանո՞վ էր համապատասխանում այդ հավաքի բովանդակությանը, ձեր ակնկալիքներն արդարացվեցի՞ն:

- Ես մասնակիորեն ներկա եմ գտնվել առաջին խորհրդաժողովին, իսկ այս անգամ հույս ունեի, որ խորհրդաժողովն ավելի նպատակային կլինի, ավելի գործնական, որից կարելի է արդյունք ակնկալել՝ նկատի ունենալով, որ սահմանամերձ գյուղերի զարգացման հարցը դրվեց, որը շատ անհրաժեշտ է, եւ այդ հարցին երկար ժամանակ չեն անդրադարձել: Ես կարծում էի, որ այս անգամ իսկապես լուրջ է կառավարության մտահղացումը, եւ որոշակի ծրագրեր ունեն տարբեր գյուղերում, որի համար սփյուռքի մասնակիցների դրամական ներդրումն են ակնկալում: Մենք կուզենայինք դրամական ներդրումներ անել, որի համար անհրաժեշտ էր գյուղերի մասին տեղեկություններ ստանալ, գնալ եւ տեսնել գյուղերի վիճակը, հստակեցնել, թե կոնկրետ ինչ ծրագիր պետք է իրականացվի, որքան ներդրում է պետք տվյալ ծրագրի համար, եւ ինչպես պետք է այն իրականացնել:

Ամեն խնդիր լուծում ունի, բայց դա պետք է լավ ներկայացվի, որ մարդիկ կարողանան կողմնորոշվել իրենց անելիքների մեջ, սակայն դա անտեսվեց: Համաժողովին մարդիկ էին զեկուցում, ովքեր այս խնդրի հետ ոչ մի կապ չունեին, շատ վերացական, փիլիսոփայական խոսակցություններ էին տանում: Հստակ ուսումնասիրված ծրագիր չկար, պարզապես խոսակցություն էր: Զեկուցողները ոչ գյուղի բնակիչներ էին, ոչ էլ ծանոթ էին այդ գյուղերի խնդիրներին: Խորհրդաժողովի ժամանակ որեւէ որոշակի հարցի լուծման, աշխատանքի մեթոդի մասին չխոսվեց, որից պարզ դառնար, թե ինչ ծախսերի անհրաժեշտություն կա: Որեւէ առաջարկ չկար, ցուցում չկար, պարզապես խոսակցություն էր, եւ հույս չունեմ, թե որեւէ արդյունք կտա:

- Համաժողովի կազմակերպիչները մի տեղեկագիր էին հրատարակել, որտեղ ներկայացրել էին այն գյուղերի ցանկը, որոնք առաջնահերթ վերականգնման անհրաժեշտություն ունեն, ծանոթացե՞լ եք դրանց:

- Ոչ, եթե նման բան կար, պետք է համակողմանի ներկայացվեր խորհրդաժողովի մասնակիցներին, պետք է քննարկում լիներ, հարց ու պատասխան, սակայն այդպիսի քննարկում չեղավ: Այսինքն' 2 օրվա համաժողովով հարց չի լուծվի, համաժողովից հետո մարդիկ պետք է գնային գյուղերն ու իրենց աչքով տեսնեին այն ամենը, ինչի համար որ ֆինանսական օժանդակություն են ակնկալում, եւ կապ հաստատվեր գյուղացիների հետ:

- Միայն դո՞ւք եք այդ կարծիքին, թե ուրիշ մասնակիցներ էլ են մտածում, որ խորհրդաժողովը շատ գործնական պետք է լիներ:

- Ես չհանդիպեցի մեկին, որ ոգեւորված լիներ: Միայն երկու օրվա խոսակցություն էր, ուրիշ բան տեղի չունեցավ, նույնիսկ պաստառով, սլայդներով ցույց չտվեցին, թե ինչ կա այդ գյուղերում, որի համար դրամական օժանդակություն են ակնկալում: Համաժողովի բուն նյութը՝ սահմանամերձ գյուղերի վերականգնման թեման, երկօրյա համաժողովում միայն 2,5 ժամ քննարկվեց, եւ տեղեկացրին, որ 25-30 գյուղ կա, որոնց համար կուզենային, որ նվիրատվություն արվեր: Ի՞նչ պետք է արվի այդ գյուղերում, դրա համար որքա՞ն նյութական աջակցություն է պետք, եւ ինչպե՞ս պետք է դա արվի, ո՞վ պետք է կառավարի ծրագիրը, այդ մասին չխոսվեց:

- Դուք պատրա՞ստ էիք ներդրում անել, եթե ձեր պատկերացրած ձեւով ընթանար քննարկումը:

- Ես հիմա էլ եմ ներդրում անում՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի համար ջրամատակարարման գործիքներ եմ ուղարկել, որից 2000 մարդ պետք է օգտվի: Այս բոլորը կամ նկատի չեն ունենում մարդիկ, կամ չեն ուզում հասկանալ, թե մենք ինչ նպատակով ենք եկել: Մենք շատ լուրջ նպատակներով ենք եկել, իրենք լուրջ չեն վերաբերվում: Այստեղ «մենքի» եւ «դուքի» հարց չէ, իշխանության եւ ժողովրդի հարցն է. եթե իրենք հետաքրքրված չեն ժողովրդով, բայց ցույց են տալիս, որ հետաքրքրված են, ժողովուրդն էլ իրենցով չի հետաքրքրվի: Գեղեցիկ խոսակցություններով հարց չենք կարող լուծել, մենք անփորձ մարդիկ չենք, որ 2-3 օր զբաղեցնեն, եւ մենք էլ մտածենք, որ ինչ-որ բան եղավ: Մենք արդյունքի համար ենք եկել, իսկ դրա համար կազմակերպիչները ճիշտ չեն ընտրվել: Դա գուցե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը պետք է կազմակերպեր, կամ այն կազմակերպությունները, որոնք այս աշխատանքները կատարում են: Նաեւ ներկայացուցիչներ լինեին այն գյուղերից, որոնք հենց այդ իրավիճակում էին ապրում եւ իրական ու հստակ ներկայացնեին իրենց խնդիրները: 2000 մարդ էր գրանցված համաժողովին մասնակցելու համար, որոնցից միայն տասն էին հայաստանցի:

Այդ օրերին կազմակերպված տնտեսական համաժողովը շատ ավելի գործնական էր: Բայց ժողովուրդ պետք է լինի, որ բիզնես լինի, բիզնեսը շուկա պետք է ունենա, իսկ Հայաստանում արտագաղթը մեծ չափերի է հասնում: Երկրի նախագահը հայրենասիրության ոգին ամեն օր պետք է արմատավորի ժողովրդի մեջ: Նա լավ համբավ պետք է տա երկրին: Եթե դա լինի, որեւէ մեկին կանչելու անհրաժեշտություն չի լինի, մարդիկ իրենք կգան: Ժամանակավոր կարելի է ժողովրդին, սփյուռքին խաբել, կարճ ժամանակով դա հնարավոր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter