ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Թե ինչպես փոշիացավ ցորենի սերմացուն



Երաշտից տուժածներին ՀՀ կառավարության գնած 3490 տ աշնանացան ցորենից, որն իբրեւ սերմացու է բաժանվելու, Սյունիքի մարզի Տաթեւ գյուղին 1,5 տ ցորեն է հատկացվել: Տաթեւցիները հաշվարկել են, որ գյուղին բաժին հասած սերմացուից յուրաքանչյուր ընտանիք 1,5 կգ ցորեն է ստանալու, եւ նրանք հիմա այն բաժանելու տարբերակներ են քննարկում:

Տաթեւ գյուղի համայնքապետ Յուրիկ Ստեփանյանի ասելով՝ իրենց գյուղում մոտ 200 հա ցանք է կատարվել անցյալ տարի, մարզպետարանը սերմացուն տրամադրել է 56 հա հաշվարկով, այն էլ' 50%-ով: Տաթեւում աշնանը միայն ցորեն են ցանում, իսկ գարնանը՝ հաճար, որից այս տարի ոչ մի գրամ չեն հավաքել:

«Ով այս տարի ցորենի ցանքատարածք ուներ, նրանց պետք է տայինք սերմացուն, բայց գյուղում ասել եմ՝ ժողովուրդ, ձեր ցորենն է, ոնց ուզում եք, այդպես էլ բաժանեք: Էսօր ցուցակը կազմել եմ, որ փաստացի բնակվողներին տանք, հիմա 256 տնտեսությունից 180-ն է բնակվում գյուղում, եւ յուրաքանչյուր տնտեսությանը 1,5 կգ ցորեն է բաժին հասնում: Սերմացուի նմուշը բերել եմ, ծլունակությունը որոշել ենք՝ 95-96% ծլունակություն է ապահովում»,- ափսոսանք հայտնեց համայնքապետը՝ շատ լավ իմանալով, որ, սերմացուն տնտեսությունների միջեւ բաժանելով, փոշիացվում է եղած հնարավորությունը:

«Ես' որպես ավագանի, մեր ժողովրդին ասել եմ, որ պահուստային ֆոնդի հողերից 5 հա ցանենք, մյուս աշունը սերմացուն կբաժանենք ժողովրդին, բայց եթե ես 1,5 կգ վերցնեմ, դրանից ոչինչ չեմ շահում»,- սերմացուն չփոշիացնելու իր տարբերակն էր առաջարկում գյուղի ավագանու անդամ Աշոտ Հարությունյանը:

Ավագանու մեկ ուրիշ անդամ՝ Արշավիր Գրիգորյանը, պաշտպանում էր գործընկերոջ տեսակետը եւ համայնքապետին առաջարկում էր չփոշիացնել տրված օգնությունը: «Դու գյուղապետ ես. տրված ցորենը 5 հա տարածքի կբավականացնի, տար մի դաշտում ցանի, աշնանը կհնձես, կբաժանես մարդկանց»: Ա. Գրիգորյանը ոչ մի կերպ չէր կարողանում ընկալել կառավարության մոտեցումն այդ հարցին. «Պատմական գյուղ ա, Ամերիկայից, Բելգիայից, Ֆրանսիայից գալի ֆռում են, քինում, էդ ո՞նց ա՝ պատմական գյուղին տալիս են 1,5 տ ցորեն, իսկ խլամ գյուղերին՝ 10 տ»,- համայնքապետին հարցնում է Ա. Գրիգորյանը:

Սյունիքը այն 8 մարզերի թվում է՝ Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր եւ Տավուշ, որոնց ՀՀ կառավարությունը 1 մլրդ 18 մլն դրամ հատկացրեց սերմացուի տեսքով օգնություն տրամադրելու համար՝ յուրաքանչյուրին իր կրած վնասի չափով: Օգնությունը երաշտից տուժած բնակավայրերին հասցնելու համար կառավարության կազմում ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է որոշեր հանրապետությանը երաշտի հասցրած վնասների չափը ու տուժածներին աջակցելու եղանակները: Միջգերատեսչական եւ համայնքային հատուկ հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ երաշտից տուժել է հացահատիկային մշակաբույսերի ավելի քան 13 հազար հա ցանքատարածք՝ սպասվելիք բերքի շուրջ 40 %-ը:

Հանձնաժողովն ամրագրել է սերմացուն տրամադրելու երկու հիմնական սկզբունք, այն է՝

- երաշտից տուժել են համայնքների անջրդի ցանքատարածությունները,

- պետական աջակցություն պետք է ցուցաբերվի առավել տուժած համայնքներին:

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ, միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Խաչատուր Վարդանյանը հայտնեց, որ համայնքների ընտրությունը կատարվել է մասնագիտական խմբերի միջոցով: Երաշտից տուժած գյուղական բնակչությանը պետական աջակցությունը կազմակերպելու համար համայնքային հանձնաժողովներն առանձնացրել են ոռոգվող եւ չոռոգվող ցանքատարածքներն ըստ մշակաբույսերի եւ ըստ տեսակների: Ակտերն ամփոփվել են մարզերում, եւ մարզային հանձնաժողովները միջգերատեսչական հանձնաժողովին են ներկայացրել առավել տուժած համայնքների ցանկը:

«Միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, թե ինչ սկզբունքով պետք է բաշխվի սերմացուն, եւ պետական աջակցությունն ինչ չափով պետք է ցուցաբերվի 1 հա հաշվարկով: Այս դեպքում պետությունն օգնությունը տվել է իր հնարավորությունների սահմանում՝ 1 հա հաշվարկով 250 կգ ցորեն է հատկացվում: Մենք ոչ թե փոխհատուցում ենք տվել համայնքներին, այլ՝ ընդամենը պետական աջակցություն»,- շեշտեց պրն Վարդանյանը:

Մարզային հանձնաժողովների ակտերի հիման վրա միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է Արարատի մարզին հատկացնել 60 տ ցորենի սերմացու, Գեղարքունիքի մարզին՝ 720 տ, Լոռուն՝ 254 տ, Կոտայքին՝ 450 տ, Շիրակին՝ 620 տ, Արագածոտնին՝ 557 տ (խնդրել են 30 տ ցորենը փոխարինել գարիով), Սյունիքին՝ 500 տ սերմացու:

Միջգերատեսչական հանձնաժողովը երաշտից տուժած համայնքներին ու հողօգտագործողներին աշնանացան ցորենի սերմացուով ապահովելու նպատակով 594 մլն դրամ է հատկացրել գյուղնախարարությանը՝ տարբեր իրավաբանական ու ֆիզիկական անձանցից սերմացու ձեռք բերելու համար:

«Շուրջ 30 կազմակերպություններից, որոնց մեջ կան ե՛ւ անհատ ֆերմերներ, ե՛ւ գիտահետազոտական ինստիտուտներ, ե՛ւ ասոցիացիաներ, ձեռք է բերվել 3490 տ աշնանացան ցորենի սերմացու: Մարզպետներին հանձնարարվել է ապահովել մարզին հատկացված սերմացուի ստացումը, փոխադրումն ու տեղափոխումը համայնքներ եւ հսկողություն սահմանել նշված գործողությունների նկատմամբ: «Մատակարարը պարտավորվում էր մինչեւ մարզկենտրոն հասցնել հացահատիկը, առանձին դեպքերում մինչեւ իսկ առանձին համայնքներ հասցրել է»,- հայտնեց գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը, որը նույնպես միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է:

Կառավարության որոշման համաձայն' մարզկենտրոնից արդեն սերմացուի բաշխման պատասխանատվությունն ու վերահսկողությունը եղել է մարզպետարանների վրա, իսկ համայնքի ներսում շահառուների ընտրությունը պետք է կատարվի ավագանու որոշումով:

Սյունիքում սերմացուն հիմնականում բաշխել են տնտեսությունների միջեւ

Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի ասելով՝ միջգերատեսչական հանձնաժողովը կոնկրետ չափաքանակ չի սահմանել, որովհետեւ տարբեր համայնքներում հողաբաժնի չափը տարբեր է: Իրենց սահմանած կոնկրետ քանակությունը մի համայնքի համար կարող է շատ լինել, մյուսի համար՝ քիչ, ուստի այդ պատասխանատու գործը վստահել են մարզպետարաններին ու համայնքների ավագանիներին, որ միասին կարողանան ճիշտ ուղղվածություն տալ դրան: Այդուհանդերձ, մարզպետարանների գյուղվարչության պետերի հետ աշխատելով խորհուրդ են տվել համայնքների միջեւ սերմացուն բաժանել ըստ վնասված տարածքների, նույն սկզբունքը կիրառել համայնքների ներսում:

Գ. Պետրոսյանը հայտնեց, որ Սյունիքում խորհուրդ են տվել առավել խիստ տուժած համայնքներն ընդգրկել ցուցակում: «Ավելի լավ է քիչ թվով համայնքներ ընդգրկվեին, բայց ավելի մեծ քանակություն ստանային, որպեսզի արդյունավետությունը բարձր լիներ: Իսկ մարզերում սկսում են շահարկումը: Ընթացքում դիմումների հոսք սկսվեց, թե մենք էլ ենք տուժել: Եթե մենք պետական մտածելակերպի հետեւողը լինենք, չպետք է նայենք նման բաների»,-ասում է Գ. Պետրոսյանը:

 Յուրիկ Ստեփանյան  Արշավիր Գրիգորյան  Մարտիրոս Գրիգորյան  Յուրիկ Մարկոսյան  Արտավազդ Մկրտչյան

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի տեղեկացմամբ' Սյունիքի մարզում վնասվել է 5883 հա հացահատիկ, որի դիմաց մարզին տրվել է 500 տ հացահատիկի սերմացու: Ցորենը նախատեսվել էր բաժանել 48 համայնքների միջեւ, սակայն իրենք նպատակահարմար են գտել 54 համայնքի տալ: Վարչության պետը վստահեցրել է, որ բաշխումը կատարվել է փաստացի վնասված ցանքատարածքների հիման վրա:

Նշենք, որ Գորիսի վարչատարածքի մեր այցելած բոլոր գյուղերում պնդում էին, որ իրենք միայն աշնանացան ցորեն են ցանում եւ իրենց ցանքատարածքներն անջրդի են: Թե որքանո՞վ են հավաստի մարզային հանձնաժողովների՝ վնասված ցանքատարածքների վերաբերյալ ներկայացրած թվերը, Գառնիկ Պետրոսյանն ինքն էլ չգիտեր: Բույսերի պաշտպանության վարչության պետն ասաց, որ իրենք հիմնվել են մարզերի գյուղվարչությունների տվյալների վրա, որոնք մարզի ընդհանուր ցանքատարածքի թիվն են ներկայացնում, իսկ առանձին համայնքների կատարած ցանքսի թիվը անգամ գյուղնախարարությանը չի տրամադրվում: Հետեւապես, դժվար է ասել, թե մարզպետարաններն, իրոք, համայնքներում կատարված փաստացի ցանքսի թվերն են ներկայացրել: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ համայնքապետերը հիմնական ցանքսերի տերերն են գյուղերում եւ հազիվ թե բավարարվեն տրված հացահատիկը տնտեսությունների միջեւ բաժանելով:

Սիսիանի Աշոտավան գյուղի համայնքապետ Արեւիկ Օհանյանը հետեւել էր հենց այն խորհրդին, որն առաջարկել էր միջգերատեսչական հանձնաժողովը: «Օգնությունը շատ քիչ էր՝ 4,5 տ, բաշխել ենք նրանց, ովքեր աշնանացան ցորեն են ցանել, 1 հա-ին 40 կգ ցորեն է բաժին ընկել: Սակայն այս դեպքում անգամ եղածը կբավականացնի 1000 քմ ցանելուն: 90 հա աշնանացան ցորենից 60 hա ենք հնձել, բերքատվությունը' 6 ց, 86 հա գարնանացան գարին չենք հնձել: Ընտանիք կա, որ 1 ծխին 1 հա 400 մ վարելահող է ընկել: Բայց մարդիկ կան, որ հողեր են վարձակալել ու ցանել, հարեւանի ազատ տարածքն էլ են ցանել, ծախսեր են կատարել, պարարտանյութ են տվել»,-ասաց Արեւիկ Օհանյանը:

Խոտ գյուղի համայնքապետ Մարտիրոս Գրիգորյանի հաշվարկներով' երաշտից վնասվել է գյուղի 400 հա աշնանացան ցորենը, իսկ իրենց տվել են 5,5 տ: «Չգիտենք՝ ինչպես բաժանենք, 220 տնտեսություն ունի գյուղը, բոլորն էլ ցորենի դաշտ ունեն: Հիմա 25 կգ եմ տալիս ընտանիքին, որ 1000 քմ վրա ցանեն, հաջորդ տարին hազիվ 1 հա-ի սերմ կստանան: Հիմա ցորենն էլ նրանց ենք տալիս, ով հողի հարկը տալիս է, բայց ով հնարավորություն չունի՝ չենք խեղդում»,- խոստովանեց համայնքապետը:

«Ընտանիք կա, որ 8 տարի է՝ իր հարկը չի կարողանում տալ, ընտանիք կա, որ 20 հատ ոչխար է ունեցել, հիմա մեկն էլ չունի. ծախում է՝ սոլյարկա է առնում, ապրուստը հոգում: Հիմա էլ համայնքապետն ասում է՝ հարկերդ փակիր, որ 25 կգ սերմացու տամ: Կառավարությունը երբ որոշել է, չի ասել՝ մարդուն եթե 10 կգ ցորեն է հասնում, հարկը վերցրու, հետո տուր»,- ասում է 72-ամյա Սպարտակ Հակոբյանը:

Նույն գյուղի բնակիչ Յուրիկ Մարկոսյանը հայտնեց, որ 3 հա ցորենի դաշտավայր ունի, որտեղ հիմնականում գարի է ցանում, բայց սպասում է, որ իրեն աշնանացան ցորենի սերմացու տրամադրեն: «Շատերը չեն ցանում, քանի որ ծախսը շատ է: Մեր գյուղին տվել են՝ 5,5 տ, համայնքապետն ասում է, որ չի հերիքում, 170 տնտեսություն կա գյուղում, չգիտեմ՝ ոնց բաժանեմ, բոլորն էլ ցանքատարածք ունեն»,- ասաց նա:

Շինուհայր գյուղի բնակիչ Նվեր Հայրապետյանը համայնքապետարանից տեղեկացել էր, որ իրենց գյուղին 10,5 տ ցորեն են տվել: Ասաց, որ ինքը 6 հա հացահատիկի դաշտ ունի, որտեղ ցորեն, գարի, հաճար է ցանում, հիմա իրեն 25 կգ ցորեն են տվել, բայց դա էլ գյուղի 700 տնտեսությունից 420-ին է բաժին հասել: «Ով ճարպիկ է եղել, նա է ստացել»,- սերմացու ստանալու իր բանաձեւն է բացատրում Նվերը: «Մենք ասում էինք՝ հացահատիկ ցանողներին տվեք՝ ամեն մեկին 1 հա-ի չափով, որ սերմացու ունենան: 25 կգ ցորենով ոչինչ չենք կարող անել, մի 6 հոգով պիտի մեր սերմը միացնենք, որ մեկը ցանի, մյուս տարի մեզ բաժին տա»,- ավելացրեց շինուհայրցի Մհեր Հայրապետյանը:

Գորիսի վարչատարածքում մեր այցելած մեկ տասնյակ գյուղերից միայն Հալիձորում էր, որ, համայնքապետ Սամվել Ասրյանի ասելով, 66-ից մինչեւ 99 կգ ցորեն է բաժին ընկել, որովհետեւ բաժանել են ցանքս կատարողների միջեւ: Հալիձոր գյուղին 6,8 տ ցորեն է հատկացվել:

«Տվել ենք սերմացու, որ մարդիկ իրենց ջրովի տարածքներում ցանեն, մյուս տարի սերմացու ունենան: 1000 քմ-ին ընկնում է 33 կգ: Բոլորին չի հասել, բայց ովքեր չեն ստացել, նրանց գարնանացան գարի ենք տալու»,- ասաց համայնքապետը:

Գյուղի տարեցներից Արտավազդ Մկրտչյանն ասաց, որ 4,5 հա ցորենի դաշտ ունեն, իսկ իրենց 65 կգ սերմացու են տվել: «1 հա 300 կգ սերմացու պիտի ցանել, նրանց տվածը որտե՞ղ գցես»,- հարցրեց նա: Մեր հարցին, թե ինչ են անելու այդ սերմացուն, պատասխանեց. «Շունը որ հաչա, կգցենք առաջը»:
Ծլունա՞կ է երաշտ տարվա սերմացուն

Ոչ միայն գյուղացիները, այլեւ համայնքապետերն իրենք թերահավատ էին օգնություն տրված սերմացուի որակի առնչությամբ: «Ծլունակության վերաբերյալ մեզ ոչինչ հայտնի չէ, եթե սերմը տալիս են, փաստաթղթերն էլ հետը պետք է տան՝ լաբորատոր անալիզներով, որպեսզի մենք իմանանք ծլունակության աստիճանը»,- ասաց Աշոտավանի համայնքապետը:

«Չորացած, սմքած ցորեն է, սա սկի սերմացու էլ չի, դրա ո՛չ ծլունակությունը կարող ես որոշել, ո՛չ էլ տեսակարար կշիռը»,- մասնագետի հաստատակամությամբ պնդում էր շինուհայրցի Մհեր Հայրապետյանը: «Ցորենը երաշտից սեւացած, կտրատված ցորեն է, սա նորմալ սերմացու չի կարող լինել»,- երկարամյա փորձառությամբ այսպիսի եզրահանգման էր եկել Խոտ գյուղի համայնքապետ Մարտիրոս Գրիգորյանը:

Սյունիքում սերմացուն գնել են «Սիսիանի սերմարտադրողների միությունից», որի մենեջեր Արամ Խաչատրյանը ամիսներ առաջ մեր թղթակցին հայտնել էր, որ Սյունիքում ցորենի բարձրորակ սերմացուի տարեկան պահանջարկի մի մասը ներկրվում է Կրասնոդարից, այն դեպքում, երբ իրենց միությունը բավարար միջոցներ ունի ապահովելու հացահատիկի տեղական՝ էլիտա սերմի պահանջարկը, եթե միայն կարողանան սերմզտիչ ձեռք բերել: Որքան մեզ հայտնի է, նրանք դեռեւս սերմզտիչ ձեռք չեն բերել:

«Բոլոր սուբյեկտների փաստաթղթերը սերմի լաբորատոր փորձաքննության արդյունքներով կա մեզ մոտ: Սորտի ընտրությունը կատարելիս տարածաշրջանները ճիշտ ենք ընտրել, եթե տվյա սորտը տվյալ մարզում արդյունք չի կարող ապահովել, մենք դա չենք տվել»,- պնդեց գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը:

Վարչության պետը մեր զրույցի սկզբում նշել էր, որ երաշտի հետեւանքով հանրապետությունում ստեղծվել էր մի վիճակ, որ, փաստորեն, վտանգվում էր այս տարվա աշնանացանը, քանի որ սերմացուների լուրջ պակաս էր զգացվում մի շարք համայնքներում եւ հասկանալի է, որ այս տարվա ցածր բերքի պայմաններում գյուղացին չէր կարող որակյալ սերմացու ձեռք բերել: Ուստի ՀՀ կառավարությունը միջոցներ հատկացրեց, որոնց հաշվին ձեռք բերվեց 3490 տ աշնանացան ցորենի բաձրորակ սերմացու:

«Հիմա կարելի՞ է ասել, որ այդ վտանգը վերացավ, եւ գյուղացին կարողացավ հացահատիկ ցանել»,- մեր հարցին Գառնիկ Պետրոսյանը, Տաթեւ գյուղի օրինակը նկատի ունենալով, պատասխանեց. «Փաստորեն, այդ համայնքում այս գործողությունն իր նպատակին չի ծառայել»:

Ճիշտ է, նա պնդեց, որ այս դեպքում փոխհատուցում հասկացությունը չի կիրառվել, որովհետեւ վնասի իրական չափերը շատ ավելի մեծ են, քան պետության տվածը: Բայց այս դեպքում նպատակն է աջակցել գյուղացուն. «Սերմացու ենք տալիս, որ ցանք կատարի, բարձր արդյունք ստանա եւ դրա հիման վրա կարողանա մեղմացնել իր կրած վնասը»: Միեւնույն է, անգամ այս տարբերակով, եթե նույնիսկ հիմք ընդունենք հանձնաժողովի այն մոտեցումը, որ պետք է գոնե 1000 քմ-ի հաշվարկով տալ, որպեսզի սերմացու ստանան, դարձյալ մի քանի գյուղ է կարողացել այդ չափաբաժինն ապահովել: Էլ չենք խոսում այն մասին, որ ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ, միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Խաչատուր Վարդանյանի հրապարակած թվի' 1 հա-ի հաշվարկով 250 կգ ցորեն է հատկացվում, կեսն անգամ չկար ոչ մի տեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ