HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բազմաթիվ փաստեր վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին»

Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

Մեծարգո պարոն դատախազ,

Դիմում եմ Ձեզ` որպես ՀՀ-ում արդար դատավարության իրականացման երաշխավորի:

Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է գտնվում է կալանքի տակ: Նա  մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան):

Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել:

Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է քաղաքային վարչություն, 7 ժամ շարունակ ենթարկվել ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին:

Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը` Վ. Քերոբյանը:

Ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս. Հովակիմյանը, և պաշտպան Տ. Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` նախաքննությունը վարող քննիչին, կալանքի որոշումը կայացնող դատավորին, դատավարությունը իրականացնող դատավորներին, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը:

Մեկ տարի անց՝ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին դիմելուց հետո, պատկան մարմինները արձագանքեցին խոշտանգումների և ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին` լսելով սակայն միայն ոստիկանների միակողմանի բացատրությունները` ապօրինությունները արդարացնելու ակնհայտ միտումով:

Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ,

տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատացնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:

Գործը կազմելիս քննիչը առաջնորդվել է ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ գողությունը այս տղաների կողմից կատարված լինելու ենթադրությամբ: Քրեական գործի բոլոր դրվագները թերի են և փաստերով չհիմնավորված, վերլուծությունները անհամոզիչ են և ակնհայտորեն կառուցված են մեղադրանքը «անցկացնելու» միտումով:

Այս պատճառով էլ դատարանին ներկայացրել ենք և ցանկություն ունենք ներկայացնելու գործի հանգամանքները պարզող մի շարք միջնորդություններ: Դատավարությունը անհարկի ձգձգվում է, որի հետևանքով խախտվում է ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը: Արդեն երկու տարի է, որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է` ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել այս փոքրիկ գործի` երկու տարուց ավելի ձգձգվելու հանգամանքը:

Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու՝ կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած փաստերը ՀՔԾ-ի կողմից անտեսվելը, դատավարության ժամկետների անտրամաբանական ձգձգվելը և մի շարք այլ հանգամանքներ փաստում են արդարացի դատավարության իրավունքի խախտումները:

Միայն հիշեցնեմ` այս գործի առընչությամբ դեռ անցած տարի Ձեզ են դիմել հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ, համատեղ հայտարարություն են տարածել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ,

Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել և լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անհրաժեշտության դեպքում քր. գործում առկա թերությունների և բացթողումների, ինչպես նաև խոշտանգումների վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել բազմաթիվ այլ մանրամասներ:

Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ

- կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,

- անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,

- կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,

- կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն:

ՀՀ քաղաքացի
Բենիամին Հովակիմյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter