HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը կարգադրել է ապամոնտաժել Աբովյան-Իսահակյան գետնանցումի 6 տաղավար. քննարկում կկազմակերպվի՞

Այսօր Ազգային ժողովի «Ժառագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին' քաղաքապետարանում Աբովյան-Իսահակյան գետնանցումի խնդրով քննարկում կազմակերպելու առաջարկով: Ս. Սաֆարյանի նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Այսօր առավոտյան ես և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ահազանգի հիման վրա այցելեցինք Աբովյան-Իսահակյան գետնանցում, որտեղ գործող տաղավարների 6 վարձակալներ քաղաքապետարանի կողմից նախազգուշացվել էին իրենց տաղավարների հնարավոր հարկադիր ապամոնտաժման մասին:

Քաղաքապետարանի և գետնանցումի տարածքի նոր վարձակալների ներկայացուցիչները ժամանելուն պես տեղեկացրին, որ իրենց այցելության նպատակը նախկին վարձակալներին իրենց միջոցներով տաղավարները ապամոնտաժելու' քաղաքապետի կարգադրության մասին ծանուցելն է:

Վեց վարձակալները և նրանց ներկայացուցիչները առարկեցին այդ բանավոր պահանջի դեմ' նշելով, որ տարածքը աճուրդով մասնակի օտարելու, մասնակի վարձակալության տալու նախկին քաղաքապետերի որոշումների օրինականությունը վիճարկելու և իրենց իրավունքների խախտման մասին հայցեր են ներկայացրել դատարան, որոնցից մեկի դատական քննությունը պետք է լիներ այսօր, մյուսինը' մարտի 15-ին:

Ես առաջարկ եմ ներկայացրել թե 6 վարձակալներին, թե քաղաքապետարանի ներկայացուցիչներին' քաղաքապետի հետ միասին հարցը քննարկելու, կողմերի դիրքորոշումներին ու առաջարկներին ծանոթանալու նպատակով' այդ կապակցությամբ հորդորելով ձեռնպահ մնալ հարկադիր բնույթի որևէ գործողությունից: Առաջարկն ընդունվել է բոլոր կողմերից:

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով' դիմում եմ Ձեզ Երևանի քաղաքապետարանում Աբովյան-Իսահակյան գետնանցումի խնդրով քննարկում կազմակերպելու առաջարկով:

Քննարկմանը ներկա կլինեն ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, 6 կրպակատերերի ներկայացուցիչներ:

Խնդրում եմ առաջիկայում կազմակերպել սույն քննարկումը և վերը նշված օրենքով սահմանված կարգով ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հարցի քննարկման մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter