HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես է կառավարությունը լուծելու ծնողազուրկ երեխաների բնակարանային հարցերը

Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում' իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, կառավարությունն այսօր գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը' Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բնակելի շենքերի շինարարության ավարտի, Գյումրու Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի, Լոռու մարզի Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի, Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան և մի շարք այլ օբյեկտների հիմնանորոգման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար։

Հաջորդ որոշմամբ 113 մլն 32 հազար դրամ է հատկացվել նույն նախարարությանը' աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների և վերջիններիս կառուցապատման հողատարածքների պետական գրանցումն ապահովելու նպատակով։ Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք փաստորեն Մարալիկում հարցը լուծում ենք, Երևանում լուծում ենք ծնողազուրկ երեխաների հարցը։ Ագարակում, Մեղրիում էլ ունենք ծնողազուրկ երեխաներով ընտանիքներ, որոնց նկատմամբ ունենք պարտավորություն»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով' ամբողջ հանրապետությունում հաշվառված է 311 երեխա, որից 111-ն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, 200-ը' մանկատան շրջանավարտներ։ Նախատեսված է Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Մարալիկում լուծել այս հարցը, քաղաքաշինության նախարարության հետ համապատասխան աշխատանքները կշարունակվեն Սյունիքի մարզում։

Վարչապետն առաջարկել է խնդրի լուծման համար օգտագործել անբնակ պետական շենքերը, ինչպես նաև անավարտ շինարարությունները։ «Շիրակի մարզում ընդհանրապես այդ անավարտ շենքերը շատ են, պետք է դրանցով էլ զբաղվել, նաև մասնավոր հատվածին տրամադրված շենքեր կան, անավարտ են մնացել, բնակիչները լքել են երկիրը, բայց շենքերը մնացել են», - ասել է Տիգրան Սարգսյանը և հավելել. «Երեկ մենք Արթիկում էինք, լավ վիճակում գտնվող շենքեր կան, որոնք մնացել են տարբեր հանրապետությունների ցուցաբերած օգնությունից, բայց անավարտ են, ու մարդ էլ չի ապրում։ Պետք է դրանց ապագայի մասին էլ մտածել։ Պետք է ձեռք բերենք, քաղաքացիներից գնենք այդ շենքերը և տրամադրենք կարիքավորներին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter