HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քննարկվում է «օրինախախտ դատավորին պատասխանատվության ենթարկելու» վերաբերյալ դիմումը

Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և «Հետքի» գործով պատասխանող Լուսինե Աշուղյանը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանին՝ այն հիմնավորելով գործի շրջանակներում դատավորի արած օրենսդրական կոպիտ խախտումներով: Մասնավորապես, նշել է, որ դատական նիստը նշանակելով Ալավերդի քաղաքում՝դատավորը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածը, համաձայն որի՝ այն պետք է նշանակվեր պատասխանողի բնակության վայրի դատարանում, այսինքն՝ Վանաձորում:

Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով չի ուղարկել հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի պահանջը:

Իմանալով, որ պետական տուրքը կարելի է տարաժամկետել միայն կողմերի գույքային դրությունից ելնելով՝ դատավորը բավարարել է դրա վերաբերյալ հայցվորի միջնորդությունը՝ խախտելով «Պետտուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի գ կետը, քանի որ հայցվորը չի ներկայացրել իր ոչ բարվոք գույքային դրության վերաբերյալ որևէ փաստաթուղթ:

Այդ փաստաթղթի բացակայությամբ գործն ընդունելով վարույթ՝դատավորը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասը, համաձայն որի՝ հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Այդ փաստաթղթի բացակայությամբ հայցադիմումը հայցվորին չվերադարձնելով՝դատավորը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին մասը:

Ըստ պատասխանողի՝ դատավորը խախտել է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի 1-ին, 2-րդ կետերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը՝ դրսևորելով խտրական մոտեցում և խախտելով դատավարության կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը:

Խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությունը՝ թույլատրելով հայցվորի անունից ներկայացուցչություն իրականացնել Վանո Եղիազարյանին, ով երեք գործով, այսինքն՝պարբերաբար իրականացնում է դատական ներկայացուցչություն:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը մերժել է ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանողի թվարկած փաստարկները հիմնավոր չեն: Ըստ նրա՝ նիստը Ալավերդիում նշանակելով՝ օրենքը չի խախտել, քանի որ գործի քննությունը Ալավերդու դատավորին էր հանձնարարված, գործի քննությունը Ալավերդիում նշանակելը, ըստ նրա, նույնպես օրինաչափ է:

Նշել է, որ հայցադիմումին կից փաստաթղթերից հայցադիմումի պատճենը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և դատական ծանուցագիրը պատշաճ ձևով ուղարկվել են պատասխանողին, մյուս կից փաստաթղթերը՝ հայցվորի մասնակի վճարած պետտուրքի անդորրագիրը և պետտուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը, պատասխանողն անձամբ է ստացել: Իսկ «Հետքի» հոդվածը և Լուսինե Աշուղյանի հեռուստատեսային ելույթի տեսաերիզը, ըստ դատավորի, անհրաժեշտություն չի եղել նրան ուղարկելու՝ դրանք պատասխանողի տիրապետության տակ լինելու պատճառով:

Ըստ դատավորի՝ առանց հայցվորի գույքային դրությունը հաշվի առնելու՝ պետտուրքի վճարումը տարաժամկետելու մասին նրա միջնորդությունը բավարարել է՝ ելնելով կողմերի հավասարության սկզբունքից՝ «ապահովելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքը և այն չի սահմանափակել պետական տուրքը հայցվորի կողմից նախապես վճարված չլինելու պատճառաբանությամբ»:

Աշուղյանի մյուս փաստարկն այն էր, որ դատավորը, չբավարարելով իր՝ ռեկտոր Խաչատրյանի թույլ տված, օրինականության խախտումներ պարունակող, ինստիտուտի մի շարք աշխատակիցների և դասախոսների անձնական գործերը դատարան բերելու միջնորդությունը, խախտում է դատավարության մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքը:

Ի պատասխան դատավորը նշել է, որ Աշուղյանը չի հիմնավորել, թե կոնկրետ որ աշխատողի դեպքում աշխատանքային օրենսդրության ինչ խախտում է կատարել ռեկտորը, և որ այդպիսիք հաստատված կամ ճանաչված են որպես օրենքի խախտումներ:

Իսկ հայցվորի ներկայացուցչի՝ իր ներկայացուցչությունը մինչև գործի ավարտը շարունակելու որոշումը դատավորը հիմնավորել է նրանով, որ Վանո Եղիազարյանը գործին ներգրավվել է մինչև «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվելը:

Աշուղյանը, սակայն, շարունակում է հակադարձել դատավորին: Պնդում է, որ ռեկտորի հայցի հիման վրա դատական վարույթ հարուցելը ի սկզբանե օրենսդրական կոպիտ խախտումով է կատարվել: «Իրավունք չուներ ընդունելու: Հայցվորը ներկայացրել է 2 միլիոնի պահանջ և առանց փաստաթուղթ ներկայացնելու՝ միջնորդություն է ներկայացրել պետական տուրքը տարաժամկետելու մասին, որը բավարարվել է դատավորի կողմից: Այսինքն՝օրենքի կոպիտ խախտում»,- ասում է Լուսինե Աշուղյանը:

Պատասխանելով դատավորի այն հիմնավորմանը, թե հայցադիմումին կից փաստաթղթերի մի մասը պատասխանողն առձեռն է ստացել՝ նշում է, որ դրանց մասին ինքը և «Հետքի» ներկայացուցիչը փետրվարի 9-ի դատական նիստի ժամանակ են բարձրաձայնել: Իրենց միջնորդության հիման վրա դատավորը նույն օրը որոշում է կայացրել դրանք տրամադրել կողմերին: Սակայն այդ փաստաթղթերը միայն երրորդ անձը՝ «Հետքի» ներկայացուցիչն է ստացել, իսկ իրեն դրանք տրամադրվել են փետրվարի 15-ին՝ իր փաստաբանի պահանջով:

Աշուղյանը հակադարձում է նաև դատավորի այն դիտարկմանը, թե մի քանի դատական նիստ պատասխանողի խնդրանքով հետաձգվել է դատապաշտպան ներգրավելու համար: Ասում է, որ նման խնդրանքով միջնորդություն է ներկայացրել մեկ անգամ: Մնացած հետաձգումները կապված են իր այն միջնորդության հետ, որով պահանջել է դատարան բերել ռեկտորի օրինախախտումների վերաբերյալ փաստաթղթերը, որոնց վերաբերյալ մի քանի գրավոր միջնորդություն է ներկայացվել:

Ինչ վերաբերում է դատավորի մյուս դիտարկմանը, թե տեսաերիզը դատարանից պատասխանողին ուղարկելու անհրաժեշտություն չկար, քանի որ նա ձեռքի տակ ուներ այն, Աշուղյանը պնդում է, որ հայցադիմումին կից բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկվեին կողմերին: «Տեսաերիզը ունեի, բայց հարցն այն է՝ Վանո Եղիազարյանը տեսաերիզը ամբողջությա՞մբ է ներկայացրել դատարան, թե՞ ոչ: Գուցե կտրատումներով ներկայացրած լինի, իրեն պետք եղած մասը, ոչ բնօրինակը. ինչ իմանամ, չէ որ դատարանը ինձ չի ուղարկել դրա կրկնօրինակը»,- ասում է Լուսինե Աշուղյանը:

Փետրվարի 28-ին Լուսինե Աշուղյանը դատավորի արած օրինախախտումների վերաբերյալ դիմում է ուղարկել մի շարք վերադաս ատյանների: Այսօր արդարադատության նախարարությունից ծանուցում է ստացել, որ «օրինախախտ դատավորին պատասխանատվության ենթարկելու» վերաբերյալ իր դիմումը քննարկվում է, դիմումի վերջնական պատասխանը կտրվի լրացուցիչ:

Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի և «Հետքի» գործով այսօր նշանակված դատական նիստը չկայացավ՝ նախագահող դատավորի փոփոխության պատճառով: Նիստից մեկ ժամ առաջ պատասխանող կողմերին հայտնի դարձավ, որ գործը Սուրեն Բաղդասարյանի վարույթից տեղափոխվել է այլ դատավորի վարույթ:

Մեկնաբանություններ (2)

Eranuhi Gukasyan
Ay axper inch patasxani,grela u trel
STS
Հարգելի Ադրինե, շատ հաճախ եք անդրադառնում իրավական թեմաների, դատական համակարգին և այլն: Պետք է որ շատ նրբություններ իմանաք դատավարությունների իրավական և նաև էթիկական կողմերի մասին: ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ԿՈՌԵԿՏ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՔ, ՀԵՆՑ ԹԵԿՈՒԶ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ, ԱՅՆ, ՈՐ ՄԻՆՉև ԱՅԴ ԴԻՄՈՒՄԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱՆԱԼԸ< ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՔ ՕՐԵՆՔԻ ԻՆՉ_ՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ?????? ԱՎԵԼԻ ԿՈՌԵԿՏ ՉԻ ԼԻՆԻ ՆԱև ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ< ԵԹԵ ՍՊԱՍԵՔ< ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՐ ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆԱՐԿՎԻ, ՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՂԵԼԱ ԽԱԽՏՈՒՄ ԹԵ ՈՉ< ՆՈՐ ԳՐԵՔ???: միգուցե ասեք, որ սա ընդամենն ինֆորմացիա է դիմումի քննարկման ընթացքի մասին, բայց ասեմ, որ սա էդ դեպքերից չի, Էս հոդվածով ակնհայտորեն կասկածի տակ եք դնում դատավորի հեղինակությունը: ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՍԽԱԼ Մոտեցում է իրավական առումով: քանի որ լրագրող չեմ իրավունք չեմ վերապահում դատեմ նաև լրագրողական էթիկայի տեսանկյունից: Թողնում եմ քեզ դա: Կխնդրեի պատասխանեք մեկնաբանությանս եթե իհարկե նեղություն չի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter