HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախշյանը՝ մարզերի դպրոցաշինության մասին

Սիրելի  հայրենակիցներ,

«Ժառանգություն» կուսակցությունը կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ  սրտանց շնորհավորում է մեր հանրապետության բոլոր կանանց  եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիվ իշխանություն: Այս  մաղթանքին սպասում են հանրապետության բոլոր քաղաքացիները եւ հատկապես  Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ժողովուրդը, որովհետեւ  գյուղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շենք է: Աշակերտների ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կյանքը խարխլած շենքում վտանգված է, կրթության իրավունքը` նունպես: Իսկ դպրոցի շենքի պատմությունը հետեւյալն է. 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է նոր դպրոցի կառուցում: Աշնանը սկսել են փորել դպրոցի հիմքերը, գյուղացիները ոգեւորվել են, երեխաները` ուրախացել, սակայն շատ կարճ ժամանակ հետո «Սպիտակ կամար» ՍՊԸ-ն  հավաքել է շինտեխնիկան ու հեռացել:

Տեղին է հիշել մարտի 1-ին Կոտայքի մարզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի  արտահայտած հետեւյալ միտքը. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը եղել է ազնիվ եւ հավատարիմ իր սկզբունքներին» (մեջբերումը բառացի է): Ենթադրում եմ, որ վարչապետը իշխող կուսակցության ազնիվ լինելու մասին հայտարարություն անելով` ուզում էր ասել, որ  կառավարությունն էլ է ազնիվ: Այս դեպքում որքանո՞վ է ազնիվ կառավարության վերաբերմունքը Վարդենիս գյուղի կամ այլ բնակավայրերի խարխլված, ցուրտ դպրոցներում սովորող երեխաների նկատմամբ, ո՞վ է երաշխավորելու չորրորդ կարգի վթարային շենքում սովորող երեխաների կյանքի անվտանգությունը: Ինչո՞վ է զբաղված Արագածոտնի մարզպետարանի`  երեխաների, ընտանիքների եւ կանանց իրավունքների պաշտպանության բաժինը:

Հարգելի´ ազնիվ կառավարություն, ինչպե՞ս կարող էր հայտարարվել շինարարության մասին մրցույթ,  կառավարության որոշմամբ հաստատվեր մրցույթը հաղթող կազմակերպությունը, ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեով տրամադրվեր 40 մլն դրամ, իսկ կառավարության որոշմամբ ետ վերցվեր օրենքով նախատեսված գումարը: Սա կառավարության ոչ միայն անազնվության, այլեւ ապօրինի գործունեության մի օրինակ է, իսկ նման անազնվության փաստերի հետ ամեն օր ու ժամ, ցավոք, բախվում են մեր հասարակության անդամները:

Այժմ անազնվության մի ա´յլ տեսակի մասին, որով վերջապես պետք է զբաղվի Էթիկայի հանձնաժողովը: Բազմաթիվ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, ովքեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում են  իրենց  հետ փոխկապակցված անձանց  անձնական շահերով:

Օրինակ, Արագածոտնի մարզի երեք դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագրերը կնքվել են մարզպետի եղբոր «Ես եւ նա» ՍՊԸ–ի հետ, որը, ըստ քաղաքաշինության նախարարության տեսչության տեղեկանքի, հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է խիստ անորակ ու ժամկետների խախտումով, եւ իմ կողմից հնչեցված բոլոր ահազանգերի հանդեպ կառավարությունը, ի դեմ փոխվարչապետի, ցուցաբերում  է  կատարյալ անտարբերություն: Սա ավելին է, քան անազնիվ գործելակերպը:

Ինչեւէ, սիրելի քույրեր, կարծում եմ,  հատկապես կանայքս, ջանք չպետք է խնայենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ բերենք այն  ժամանակները, երբ իշխանությունները  կանանց  ոչ միայն համերգներ կնվիրեն, այլեւ կկատարեն իրենց ուղիղ պարտականությունները, մասնավորապես կապահովեն  դպրոցներում մեր երեխաների կյանքի  անվտանգությունն ու կրթության իրավունքը:

Սիրելիներս, մաղթում եմ առողջ ու երջանիկ լինեք մե´ր երկրում, ձե´ր ընտանիքների հետ միասին:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եղել է ազնիվ եւ հավատարիմ իր սկզբունքներին» (մեջբերումը բառացի է): Ավելորդությունն է նշել թե մեջբերումը բառացի է...Եթե օտագործում ես " նշանները, ՚բառացի՛(չփոփոխված խոսք) է նշանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter