HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղապետը Մաքսիմ Հակոբյանին. «Հետ քաշեք ձեր անմաքուր ձեռքերը Քաջարան գյուղից»

Քաջարան գյուղի շուրջ իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ ստիպված եմ եւս մեկ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ ակնկալելով Հայաստանի բնակչության աջակցությունը՝ սահմանային մեր գյուղի լինել-չլինելու համար մղվող պայքարում:

Վերջին օրերին ավելի ինտենսիվ են դարձել Քաջարան գյուղի բնակիչների հանդեպ կիրառվող սպառնալիքները: Մասնավորապես՝ ծագումով Քաջարան գյուղացի Ալիկ Դավթյանը, ով Մաքսիմ Հակոբյանի տեղակալն է, ում մեր գյուղում Մելիք Ֆրանգյուլ են անվանում, հայրենի գյուղին դավաճանելու համար կանչում է կոմբինատում աշխատող համագյուղացիներին եւ սպառնում՝ հրաժարվեք պայքարից, մի խառնվեք այդ ամենին, թե չէ աշխատանքից կհեռացվեք: Նույն սպառնալիքներով է զբաղվում հանքի ղեկավարությունը՝ հանքի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ով տնօրենի եղբայրն է:

Հակաքաջարանյան իր ծրագրերում ավելի ագրեսիվ ու անհավասարակշիռ է դարձել Մաքսիմ Հակոբյանը, ով հայտարարում է, թե չի ճանաչում Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: Հավանաբար, ճիշտ է ասում կոմբինատի տնօրենը. նրա հիշողության հետ վերջին շրջանում ինչ-որ արտառոց բաներ են կատարվում: Բայց ուզում եմ նրան օգնել, որպեսզի հիշի-վերհիշի Քաջարանի գյուղապետին:

Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ում հետ մեկ տարի առաջ հանգուցյալ Յուզիկ Համբարձումյանի միջոցով բանակցում էր՝ գյուղի վիճարկվող տարածքն իր անունով սեփականաշնորհելու, որից հետո այդ տարածքը վարձակալությամբ կոմբինատին տալու շուրջ:

Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ումից վերջին տարիներին անընդհատ խնդրում էր 300-500 հա արոտավայր՝ 25 տարի վարձակալությամբ՝ ոչխարի իր հոտերը պահելու համար: Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, որ մերժեց բոլոր այդ առաջարկները եւ զսպեց նրա ախորժակը: Ռաֆիկ Աթայանը չթողեց, որ նա մեր դարավոր գյուղը պղծի, թեեւ ձեռքին կար կառավարության որոշումը:

Հիմա հիշեցի՞ք Ռաֆիկ Աթայանին, եթե ոչ, ապա նոր փաստեր կբերեմ, որոնք կարթնացնեն ձեր խամրած հիշողությունը:

Այսօր ուզում եմ հրապարակավ զգուշացում անել Մաքսիմ Հակոբյանին՝ հետ քաշեք ձեր անմաքուր ձեռքերը Քաջարան գյուղից: Եթե ձեզ, այնուամենայնիվ, հաջողվի ավերել մեր գյուղը, ապա դուք կամ ձեր սերունդները երբեւէ կարժանանաք քաջարանցիների վրեժխնդրությանը, ինչը, անկախ մեր կամքից, անխուսափելի կդառնա: Քաջարանը դարեր ի վեր հետ է մղել թուրք նվաճողներին: Քաջարանը պատրաստ է հետ մղել նաեւ մերօրյա նվաճողներին, ովքեր օտարից ավելի դաժան են: Հեռու մնացեք մեր գյուղից եւ փող աշխատելու այլ ձեւ գտեք:

Տեղյակ եմ պահում Քաջարանի խնդրով բոլոր հետաքրքրվածներին, որ ՀՀ նախագահը դեռեւս չի պատասխանել մեր՝ ս.թ. մարտի 5-ի նամակին:

Տեղյակ եմ պահում նաեւ, որ Տիգրան Սարգսյանը, դատելով նրա հետ մարտի 3-ին ունեցած զրույցից, վճռական է տրամադրված գյուղը վերացնելու եւ հանքարդյունաբերությանը ծառայեցնելու հարցում:

Որերորդ անգամ հայտարարում եմ՝ մեզ՝ քաջարանցիներիս համար միանգամայն անընդունելի է հոգեւոր, մշակութային արժեքների, սրբությունների դիմաց փոխհատուցում ստանալն ու այդ թեմայի շուրջ բանակցելը: Մեզ համար գոյություն ունեն արժեքներ, որոնք վեր են ամեն տեսակ փոխհատուցումից: Դա մեր սահմանային գյուղն է՝ հազարից ավելի ննջեցյալներ ունեցող գերեզմանոցով, Մեծ հայրենականում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանով, 17-րդ դարում կառուցված Սբ. Հակովբ եկեղեցիով:

Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք այդ արժեքները զավթիչներից պաշտպանելու համար:

Ռաֆիկ Աթայան
Քաջարան գյուղական համայնքի ղեկավար  

Մեկնաբանություններ (4)

VARDAN
MAXIM@ @NDAMEN@ DRACO E ,,PETK E DIMEL ISKAKAN TERERIN,,,
Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԿԱՄ Սյունիքը, ԿԱՄ Սյունիքի հանքային-կլանային ՄԱՖԻԱՆ: Հատկապես Քաջարան քաղաքում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մեջ/շուրջը այսօր գործում է ԴԱՍԱԿԱՆ մի հանքային մաֆիա: ՀԳ. ԱՄԵՆԱԱՊՇԵՑՈՒՑԻՉՆ այն է,որ հենց Քաջարանից «ընտրված» ԱԺ-ի պարոն օլիգարխ-պատգամավոր Վահե Հակոբյանն այս հարցում էլ ԼՈՒՌ է: Մաքսիմ Հակոբյանը վերջինիս հայրն է: Հա, ու մեկ էլ Սյունիքի մոտ 60%-ի հասնող աղքատությունը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքը պիտի ՄԱՔՐՎԻ Մաքսիմ Հակոբյանից ու սրա շուրջը խռնված (հիմնականում ՀՀԿ-ական) կլանից: Իսկ ԶՊՄԿ-ը պիտի ազգայնացնել: Հանքային ՄԱՖԻԱՆ կործանում է Սյունիքը: ՀԳ. ԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՑԱԿԱՆ. Սյունիքից «ընտրված»/պատգամավոր խաղացող ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը. Մաքսիմ Հակոբյանի որդին:
Narine
Tox vo4 mek@ 4anhangstana,Maxsimin ays @ntrutyunnerum aynpisi anaknkalner en spasvum,vor haziv kentronana Qajarani vra.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter