HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեծ խաղը»՝ ժխտողականության գեղարվեստական տարբերակը

Անկարայի հակահայ քաղաքականությունը գեղարվեստական բաժին ունի։ Ուշագրավ է թուրքական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, որ միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով թուրքական ֆիլմարվեստը հրապարակ է հանելու «Մեծ խաղ» անունով հեռուստատեսային հատուկ ֆիլմի շարքը:

Լրատվությունը ուշադրություն է գրավում իր փոխանցած հետեւյալ տեղեկություններով։

Ֆիլմը նախ պիտի ցուցադրվի թուրքական հեռուստատեսության կայանների կողմից։ Վերջում նշվում է, որ այն պիտի հանձնվի միջազգային հանրության ուշադրությանը: Սա նշանակում է, որ երկկողմ լսարանի համար պատրաստված ֆիլմ է, որը ներքին սպառման ծառայելուն առընթեր թիրախավորել է նաեւ միջազգային հանրությունը: Ֆիլմի պատրաստությանը նպաստող աշխատանքի հրավիրված խորհրդատուների եւ արխիվագետների հանգամանքները մտածել են տալիս, որ ֆիլմը ոչ թե այս կամ այն ընկերության արտադրությունն է, այլ վայելում է պետական հովանավորություն, եթե ոչ ուղղակի նրա նախաձեռնությունն է:

Ըստ հայտարարված նպատակի, «Մեծ խաղ»-ը պիտի բացահայտի հայերի «դավաճանություն»-ը Օսմանյան կայսրության նկատմամբ եւ թուրքերի դեմ իրականացված հայ-ռուս «ջարդարարությունը»:

Գեղարվեստական այս ժխտողականության նորագույն ծրագիրը պետական քաղաքականությունից հստակորեն իր ներշնչումներն ունի, որն այս ձեւով երկու ուղղությամբ ոչ միայն ուրացումն ու ժխտումն է տարածում, այլ նաեւ հարձակողապաշտություն դրսեւորելով՝ զոհը ջարդարար հայտարարելու ֆիլմարվեստի արտադրություն է ցուցադրում։

Խորագիրը բառացիորեն այլ հասկացողությամբ պետք է ընկալել։ Այո՛, մեծ խաղ է տեղի ունեցածը, որի կանոնները ճշտված են Անկարայի հակահայկական պետական քաղաքականության կենտրոններում, որ ժխտողականության գեղարվեստական բնույթ տալով, շարունակում է մոլորեցնել սեփական ժողովուրդն ու միջազգային հանրային կարծիքը։

Ռուսական գործոնի առնչությունը այստեղ, թեեւ ունի դասական թուրք պատմագրության վարկածային հանկերգում, այսուհանդերձ մտածել է տալիս նման ժամանակի մեջ ռուսական առնչության ընդգծման քաղաքական նպատակի հետապնդման միտումները։

Հասկանալի է, որ եթե խոսվում է հայերի «դավաճանության» մասին, հստակ վերագրում պետք է կատարել պատմական այդ ժամանակահատվածի ռուս-թուրքական պատերազմին եւ հղում կատարել Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների հակառակորդի հետ գործակցելու երեւույթներին։ Մնալով թուրքական արդարացման դասական ոլորապտույտների մեջ, ուրեմն գործակցությունն ու դավաճանությունը հանգում են հակառակորդ ռուսի հետ հայկական ուժերի՝   թուրքերի դեմ գործադրած «ջարդ»-երին։

Այս բոլորը, իհարկե, օգտագործվում են՝ արդարացնելու «խաղաղ տեղահանություններ»-ը, որոնք գործի դրվեցին թուրքերի կողմից իրենց «դավաճանած» եւ իրենց «ջարդած» հայության նկատմամբ։

Այս հերհյուրանքները ծառայում էին պատմական ոչ գիտական քննարկումներում, (ան)վավերագրական ֆիլմերում օգտագործվել էին, քաղաքական հայտարարությունների ընթացքում հաճախ լսվել էին: Չի բացառվում, որ նման ֆիլմերի համար իբրեւ թեմա էին ծառայել: Այժմ, սակայն, խորհրդարտվական արհեստավարժ խմբով եւ արխիվագետներով Անկարան հրապարակ է գալիս ժխտողականության իր քաղաքականությանը նոր տարողություն տալու եւ նոր մարտավարությամբ ամբոխների վրա ազդելու մտադրությամբ:

Ճիշտ է, ամբոխային տրամադրությամբ շարժվողն է, որ ազդվում է նման գեղարվեստական ապատեղակատվությունից: Այսուհանդերձ, հայկական կողմը նման միջոցառումների դիմաց հաշվի նստելու խնդիր ունի անպայման։ Օգտակար են ու նպատակահարմար, անշուշտ, հայկական կազմակերպությունների եւ միությունների կողմից տարածաշրջանային եւ արբանյակային հեռուստատեսային ընկերությունների մոտ առավել շուտ բողոքելը եւ արգելակելու փորձ կատարելը, որպեսզի  «Մեծ խաղ»-ի մեջ չներքաշվեն:

Մեզ պակասողը (ոչ միայն հակակշիռ նախաձեռնությունների դիմելու առումով)  գեղարվեստական նման ֆիլմերի աշխատանքն է, որ այս պարագայում ոչ թե խաղի տեսք ու էություն ունի, այլ պատմական ճշմարտացիության տարածումը պետք է հետապնդի թուրք հասարակության եւ միջազգային հանրության մոտ։ Վերնոյի «Մայրիկ»-ն իր գեղարվեստականությամբ եզակի մնացած լինելու տպավորություն է թողնում: Գեղարվեստական ֆիլմերի հարթության վրա նոր պատերազմի փողերն են հնչում Անկարայից:  Հայկական կողմը ինքնապաշտպանվելու եւ հակահարձակման անհրաժեշտության առջեւ է:

Շահան Գանտահարեան` Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter