HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 7-11-ը մայիսի

Կիրակի օրերին Կումկափիում գտնվող Պոլսո հայոց պատրիարքարանի դիմացի Սբ. Աստվածամայր մայր եկեղեցին մարդաշատ է դառնում: Պատարագին մասնակցելու են գալիս եւ պոլսահայերը, եւ հայաստանցիները: Այս վերջին պատարագը մյուսներից տարբերվում էր նրանով, որ Հայաստանից հյուր պետք է գար. սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցով գտնվում էր Ստամբուլում, ու վերջին օրը ծրագրված էր մասնակցություն պատարագին եւ ճաշկերույթ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նախարարը պիտի մեդալներ հանձներ մի քանի տեղացի հայ գործիչների:

Պատարագն ընթացքի մեջ էր, սակայն նախարարը դեռ չէր ժամանել: Եկեղեցու բակում նստած սպասում էինք: Մի քանի հայաստանցի կանայք իրարից հետաքրքրվում էին՝ այսօր օգնություն ստանալու են, թե չէ: Պարզվում է՝ եկեղեցին ամեն ամիս պարբերաբար հագուստի եւ սննդի տեսքով օգնություն է բաժանում ցանկացողներին, որոնք, ինչքան հասկացա, քիչ չեն: Մեր կողքին 50-ն անց մի կին էր նստել: Թերեւս նա էլ էր մյուսների նման սպասում: Կինը ոչինչ չէր խոսում, բայց ուշադիր հետեւում էր մեր զրույցին: Սակայն «գայթակղությանը» չդիմանալով՝ ինքն էլ ներքաշվեց դրա մեջ:

Իր արտաքինով սկզբում ինձ վրա վաճառականի տպավորություն թողեց, բայց պատմեց, որ մասնագիտությամբ հոգեբան-իրավաբան է, ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Հայաստանում մանկավարժ է եղել, սակայն արդեն 4 տարի Թուրքիայում է աշխատում: Անժելա Հակոբյանը Գյումրիից է, ամուսինը մահացել է, աղջիկը Գյումրիում է ամուսնացել եւ ապրում, երկու տղաներն իրենց ընտանիքներով Ռուսաստանում են: Կինը, ըստ էության, նեղացած էր զավակներից, խոսքի մեջ ասաց, թե իրեն հիշում են, երբ օգնության կարիք է լինում: Բայց երբ միացրի ձայնագրիչը, սկսեց ավելի մեղմ խոսել: «Դժգոհ չեմ երեխաներիցս, իրանք էլ են ինձ օգնել, որ մեծանամ, ո՞վ պետք ա ինձ պահի, իրանք են պահելու: Ռուսաստան չեն մնա հո, իրանք էլ էնտեղ ժամկետ ունեն, իրանք էլ են գալու, հո չե՞ն մնա»,- կարծես ավելի շատ ինքն իրեն հուսադրելու համար ասում էր կինը:

Անժելան այստեղ սկզբում ծեր թուրք կին է խնամել, որի մահից հետո որպես տնտեսուհի աշխատանքի է անցել հոլանդացի զույգի փոքրիկ հյուրանոցում: Իր գործատուներից դժգոհ չէ՝ իրեն հարգում են, սիրում: Քանի որ թրքերենի լավ չի տիրապետում, փորձել է մանկավարժություն անել Գեդիկփաշայի հայ ավետարանական եկեղեցու նկուղում տեղակայված հայաստանցիների անլեգալ դպրոցում, սակայն չի ստացվել:  

«Ստիպված եկա, որովհետեւ աշխատանք չկար, գոյությունս չէի կարող պաշտպանել: Եթե Հայաստան գործ ու աշխատանք լիներ, կմնայի: Նույնիսկ մաքրող չէին ընդունում, ասում էին՝ ջահել պիտի լինես: Ես կյանքում Հայաստանը չեմ լքի, մի քիչ փող վաստակեմ, նորից կվերադառնամ իմ Հայաստանը»,- պատմում է Անժելան ու ասում, թե 4-5 ամսից հետ է գնալու: Ամուսնու տունը Գյումրիում է, բայց այստեղ աշխատած փողով հասցրել է նույն քաղաքում տուն առնել: Չնայած դրան՝ մտադրվել է սեպտեմբերին Վրաստանի քաղաքացիություն ստանալ, ինչի համար պիտի հրաժարվի ՀՀ անձնագրից. «Ես չեմ դավաճանում Հայաստանին, բայց մամայիս տունը իմ ծննդավայրում է՝ Շուլավերում, ծուխը չեմ ուզում լքեմ, իսկ զավակներս Հայաստան կմնան»:

«Թուրքերը մեզ վնաս չեն տալիս, ստեղաց հայերը շատ լավն են, մեզ շատ են օգնում,- ասում է Անժելան, հետո ոչ միանշանակ ավելացնում,- հայաստանցի հայերն էլ են լավը, վատը չեն»: «Ասում են՝ հայաստանցիների անունը ելած է»,- խոսք եմ բացում ես: «Չէ: Ո՞ր ազգի մեջ չկա, բոլոր երկրներում էլ կան նման մարդիկ, Հայաստանի մեջ չկա՞ն անուն դուրս եկած կին (նկատի ունի մարմնավաճառներին- հեղ.), բայց ես էստեղ չեմ տեսել, ժամանակ էլ չունեմ»,- թեման փորձում է շրջանցել զրուցակիցս:

«Իսկ տղամարդի՞կ»:

«Անգործունյաներ շատ կան տղամարդկանց մեջ, թե ինչի են եկել, չգիտեմ: Եկել են գործի, գործ չկա, մնացել են, ես մարդ գիտեմ, որ Հայաստան գնալու ճանապարհի ծախս չունի, ստիպված մնում են: Ժամի օգնությունով ապրում են: Այ, մեր մեծավորը (սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը- հեղ.) եկել ա, թող տանի, ինչի՞ չի տանում հայերին: Էն էլ կանանց կողմից ա, թող կանանց տանի գործարանում ընդունի, էդ ո՞ր հայը կուզի էստեղ մնա: Ոչ մեկն էլ չի ուզի, մի հատ «փոլիս» ենք տենում, քուչեքն ենք ընկնում, որ հեսա մեզ կբռնեն, կտանեն, դեպորտ կանեն»,- եզրափակում է Անժելան, որ նույնպես գտնվում է նման վտանգի տակ, քանի որ վիզայի ժամկետը սպառվել է: 

Ստամբուլ

Լուս.՝ mindiaspora.am կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter