HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորներն ու նախարարներն այցելել են քանդված մանկապարտեզի տարածք

Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ քաղաքաշինության  նախարար Վարդան Վարդանյանի հետ միասին այցելեցին Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք:

Նախօրեին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգությունն» առաջարկել էր բնապահպանության նախարարին միասին այցելել հիշյալ տարածք եւ տեղում ծանոթանալ իրավիճակին, իսկ նիստի ավարտից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել նախարարներ Արամ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի հետ հիշյալ տարածք այցելել հաջորդ օրը, Կառավարության նիստից անմիջապես հետո:

Պայմանավորված ժամին պատգամավորներ Սաֆարյանն ու Բախշյանը եւ նախարարներ Հարությունյանն ու Վարդանյանը ժամանել են նախկինում ոստիկանությանը պատկանող մանկապարտեզի տարածք, որտեղ, ինչպես հայտնում են «Ժառանգության» մամլո ծառայությունից, շինարարական մի կազմակերպություն բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել է շուրջ 9000 քառակուսի մետր տարածք, սկսել է ապօրինի շինարարություն եւ վտանգել բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:

Նախարարները տեղում հավաքված բնակիչների, հասարակական ու բնապահպանական ակտիվիստների ուղեկցությամբ մուտք են գործել տարածք: Քաղաքաշինության նախարարը հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից դադարեցվել է հիշյալ կազմակերպության կողմից ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը եւ առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն:

Բնակիչները պնդել են, որ, չնայած նախարարի հավաստիացումներին՝ կազմակերպությունը շարունակում է ապօրինի շինարարությունը: Ըստ որում՝ ուշագրավ էր, որ քանդման աշխատանքներն արդեն իսկ դուրս են եկել նաեւ շենքին հարակից ավտոտնակների հատված, եւ, ինչպես բնակիչներն են պատմել, կառուցապատողները տարբեր հոգեբանական հնարքներով ու ճնշումներով ձեռք են բերել ու բավականին արագ քանդում դրանք:   

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ նրան ուղեկցող պաշտոնյանները լսել են քաղաքացիներին ու բնապահպանական ակտիվիստներին եւ հաստատել, որ տվյալ տարածքում ծառերը կտրելու թույլտվություն առկա չէ:

Facebook սոցիալական ցանցում ակտիվ «Մեր քաղաքը» խմբի ակտիվիստները, ինչպես նաեւ հարակից շենքերի բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ ունեն տարածքի նախկին լուսանկարներ, որտեղից ակնհայտ է, որ կառուցապատողի կողմից տարածքում հատվել են նաեւ ծառեր: Այս խումբն էր, որ օրեր առաջ կազմակերպել էր վտանգված ծառերի կրապատման քաղաքացիական ակցիան եւ բազմաթիվ ակտիվ երիտասարդների է համախմբել մայրաքաղաքի քաղաքաշինական տեսքի պահպանության ու կանաչ տարածքների պաշտպանության նպատակի շուրջ:   

Թեպետ տարածք այցելած բազմաթիվ պաշտոնյաներ հակված են տարածքում փորված խորը փոսերը դիտարկել նախկին մանկապարտեզի քանդման լույսի ներքո, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դրանք շինարարական աշխատանքներին նախորդող հողային աշխատանքներ են:  

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը պնդել է, լանդշաֆտի փոփոխություն է տեղի ունենում ոչ միայն այդ տարածքում, այլեւ ողջ քաղաքում, եւ համընդհանուր պետք է դադարեցվեն նման շինարարական աշխատանքները եւ կառուցապատում չիրականացվի պուրակների կամ բակերի կանաչ տարածքների, ըստ այդմ` նաեւ Երեւանի մաքուր օդի հաշվին:

Տեղում ծավալված բուռն քննարկումների արդյունքում պատգամավորներ Բախշյանը եւ Սաֆարյանը առաջարկել են բնապահպանության նախարարին` հանձնարարել կառուցապատողին, որպեսզի վերջինս վերացնի ծառերի արմատները մերկացրած փոսերը, ինչպես նաեւ` նախարարությունը հարցը քննարկի բնապահպանական տեսանկյունից: Նախարարը տեղեկացրել է, որ վաղը հարցը կքննարկվի նախարարությունում եւ քննարկմանը կհրավիրվեն «Ժառանգության» պատգամավորները:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած նախարարությունը լոկ վերահսկողություն է իրականացնում, իսկ հարցի քննարկման հասցեատերը Երեւանի քաղաքապետարանն է: Պատգամավոր Բախշյանը առաջարկել է բնակիչներին` միասին դիմել քաղապետարան, պահանջել մանկապարտեզի քանդման հիմքերը, ապա նաեւ` հիշյալ տարածքի կառուցապատմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը: 

Բնակիչները եւ բնապահպան հասարակական կազմակերպությունները կառավարության ներկայացուցիչներին խնդրել են ներբակային տարածքը դարձնել հարակից շենքերի երեխաների խաղահրապարակ եւ հանգստի գոտի:        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter