HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ով կկառուցի Վարդենիսի դպրոցը` պատգամավո՞րը, թե՞ մարզպետի եղբայրը

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները փետրվարի 29-ից դպրոց չէին հաճախում: Ծնողներն այդ կերպ բոյկոտում էին` հրաժարվելով իրենց երեխաներին 4-րդ կարգի վթարային շենքում գործող դպրոց ուղարկել և վտանգել նրանց կյանքը: Այս շաբաթվանից, սակայն, դպրոցում դասերը վերսկսվել են: Նախորդ շաբաթ Վարդենիս գյուղ է այցելել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և ասել, որ դպրոցը կվերանորոգեն: 

Վարդենիսի ավագանու անդամ, Հանրապետական կուսակցության անդամ, ազատամարտիկ Ռաֆիկ Մարգարյանը, ով ներկա է եղել մարզպետի հետ հանդիպմանը,  «Հետքին» պատմեց, որ մարզպետ Սահակյանն առաջարկել է դպրոցի վթարայնության կարգը փոխել և վերանորոգել այն: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` մարզպետը պատմել է, որ դպրոցի կառուցման համար «Սպիտակ կամար» ընկերության ներկայացրած ավելի քան 430 մլն դրամը ուռճացրած թիվ է եղել, մինչդեռ իր եղբոր ընկերությունն առաջարկել է 200 մլն-ի սահմաններում դպրոցը կառուցել: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին կառավարության նիստում հաստատվել էր «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրով անցկացված Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները` «Սպիտակ կամար» ՍՊԸ-ին 430 մլն 662 հազար 120 դրամ պայմանագրային արժեքներով մրցույթի հաղթող ճանաչելով։ Դպրոցի կառուցման համար գյուղապետը հողհատկացում է արել, սկսվել են շինաշխատանքները, սակայն շուրջ մեկ շաբաթ անց` անհասկանալի պատճառներով դադարեցվել:  

Քաղաքաշինության նախարարության` «Հետքին» տված պատասխանը այս առնչությամբ հետևյալն էր. «Վերոնշյալ դպրոցի հիմանորոգման նպատակով ֆինանսավորումը չի իրականացվել, քանի որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է շարունակական օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն»: 

«Սպիտակ կամար» ընկերությունը, ով շահել է մրցույցթը, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանինն է: Իսկ Արագածոտնի մարզում դպրոցներ վերանորոգելու «մենաշնորհը» «Ես և նա» ՍՊԸ-ինն է, որի սեփականատերը մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է` Նաիրի Սահակյանը:

Վարդենիսցիները կարծում են, որ շինարարության կասեցման պատճառը դա է եղել, իսկ հիմա մարզպետն ուզում է վերանորոգել դպրոցը` իր եղբոր ընկերության միջոցով:

Արագածոտնի մարզպետից փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ինչպես է  լուծվելու Վարդենիս գյուղի դպրոցի հարցը: «Ես գյուղ գնացել նայել եմ, դպրոցը նորմալ դպրոց է, պիտի նստենք ծրագրով վերանորոգենք»,- Հետքի հարցերին պատասխանելով պարզաբանեց Սարգիս Սահակյանը:  

-Ինչպե՞ս եք վերանորոգելու, եթե դպրոցը 4-րդ կարգի վթարային է: 

-4-րդ կարգի վթարային չէ, հիմա էնտեղ երեք կորպուս կա, մի կորպուսն ամբողջովին բավարարում է, որ մի կորպուսը վերանորոգենք,  դարձնենք դպրոց:

Այդ մասնաշենքն ընդհանրապես վթարային չէ՞: 

Էդ կորպուսն ընդհանրապես վթարային չէ: 

Բայց տնօրենն ասում է, որ վթարայնության 4-րդ աստիճանն են տվել: 

Ճիշտ է ասել: Ամբողջ շենքը չի վթարային, այնտեղ մի կորպուսն է վթարային, մնացած երկուսը նորմալ վիճակում են, իսկ մեկը մեզ բավարարում է վերանորոգելու համար: 

Պրն Սահակյան, տեղյակ եք` ինչո՞ւ էր նախորդ տարի կառավարությունը որոշել գումար հատկացնել, բայց այդպես էլ չհատկացրեց: 

-Ես ծանոթ չեմ` կառավարությունն ինչ որոշում է կայացրել, ծանոթ չեմ դրան: 

-Շուրջ 450 մլն դրամ հատկացնելու մասին որոշում էր կայացրել: 

Ծանոթ չեմ դրան: Մի կորպուս է, կդնեմ կվերանորոգեմ, որը բավարար է երեխաներին: 87 աշակերտ կա: Մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինի կորպուսը: 

-Ի՞նչ միջոցներով եք վերանորոգելու: 

Պետական միջոցներով:

-Որքա՞ն գումար է անհրաժեշտ վերանորոգման համար: 

Նախագիծ պետք է կատարվի, նախագծի արդյունքում կերևա, թե ինչքան գումար է պետք: 

-Նույն կազմակերպությո՞ւնը պետք է իրականացնի, որը սկսել էր կառուցումը: 

-Ես չգիտեմ` ով կշահի մրցույթը:

Թեկուզ մարզպետ Սահակյանը պնդում է, որ ամբողջ շենքը վթարային չէ, դպրոցի վթարայնության վիճակի մասին փաստաթուղթը տակավին գյուղապետ Կամո Պետրոսյանի մոտ է: «Լրիվ շենքը 4-րդ կարգի վթարային է»,- վստահեցնում է գյուղապետը և նշում, որ գյուղացիները դեմ են դպրոցի նորոգմանը, ուզում են նոր դպրոց կառուցել: 

Նաիրի Սահակյանի ընկերության վերանորոգած դպրոցների վիճակը, սակայն, մտահոգել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին: Նա էթիկայի հանձնաժողովին հորդորել  է զբաղվել բարձրաստիճան այն պաշտոնյաների հարցով, ովքեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում են  իրենց  հետ փոխկապակցված անձանց  անձնական շահերով: 

«Արագածոտնի մարզի երեք դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագրերը կնքվել են մարզպետի եղբոր` «Ես եւ նա» ՍՊԸ–ի հետ, որը, ըստ քաղաքաշինության նախարարության տեսչության տեղեկանքի, հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է խիստ անորակ ու ժամկետների խախտումով, եւ իմ կողմից հնչեցված բոլոր ահազանգերի հանդեպ կառավարությունը, ի դեմ փոխվարչապետի, ցուցաբերում  է  կատարյալ անտարբերություն: Սա ավելին է, քան անազնիվ գործելակերպը»,- նշել է պատգամավորը: 

Մինչ մարզպետը նախատեսում է դպրոցի մեկ մասնաշենքի վերանորոգումը, «Սպիտակ կամար» ընկերությունը սպասում է, որ ֆինանսավորում լինի, ընկերությունը սկսի դպրոցի կառուցումը:  «Սպիտակ կամարի» տնօրեն Գուրգեն Մելքոնյանն ասում է, որ ընկերությունը մասնակցել է քաղաքաշինության նախարարության հայտարարած մրցույթին և շահել է այն, քանի որ իրենց գնային առաջարկը  ամենագրավիչն է եղել, և կնքվել է պայմանով պայմանագիր, ինչը նշանակում է, որ պայմանգիրը գործում է ֆինասնավորման դեպքում:

«Ծրագիրը ուժի մեջ է, ոչինչ չի փոխվել, ուղղակի ծրագրի ֆինանսավորումն է կասեցված: Թե ինչն է պատճառը, պատճառների մասին ես չգիտեմ, բայց պայմանագիրը չի լուծվում, պայմանագիրը գործում է, ուղղակի այս փուլում ֆինանսավորման խնդիր կա»,-ասում է Գ.Մելքոնյանը: 

Գուրգեն Մելքոնյանը հնարավոր է համարում, որ ճգնաժամի ազդեցությունը կարող էր ֆինանսավորման կասեցման պատճառ լինել, սակայն հույս ունի, որ շուտով, եթե ոչ այս տարի, ապա գոնե հաջորդ տարի, իրենք կսկսեն դպրոցի կառուցման աշխատանքները: Պայմանագիրը լուծելու ցանկությունը «Սպիտակ կամարը» չունի: Իսկ քաղաքաշինության նախարարությունը նման ծանուցում չի ուղարկել ընկերությանը, միայն ծանուցել է ֆինանսավորման կասեցման մասին: Ըստ այդմ` այս պահի դրությամբ պայմանագիրը գործող է: 

Մարզպետ Ս. Սահակյանի խոսքերը, թե ոչ թե նոր դպրոց կկառուցվի, այլ կվերանորոգվի հինը, «Սպիտակ կամարի» տնօրենը չմեկնաբանեց, նաև չհիշեց, թե ովքեր են եղել մրցույթի մյուս մասնակիցները և ինչ փաթեթ են ներկայացրել: «Քանի որ գնումների մասին օրենսդրությունը  նախատեսում է, որ շահում է այն կազմակերպությունը, որը ներկայացնում է նվազագույն գին, ապա, ես կարծում եմ,  մենք նվազագույն գին ներկայացրած կլինենք: Ես մնացածների գնային առաջարկները չեմ հիշում,- ասաց Գ. Մելքոնյանը,- մենք տվել ենք շուկայում գործող գների համապատասխան, մեր ընկերության գնային քաղաքականությանը հարիր գնային առաջարկ»:

Վարդենիսի դպրոցը առաջինն է, որ «Սպիտակ կամարը» պետք է կառուցի, չնայած տնօրենը հույս ունի, որ հետագայում էլի կկառուցեն: «Վարդենիսը կավարտենք, հաստատ կավարտենք, սիրով կավարտենք (ժպտում է-հեղ.), մենք ոչ մի գործ կիսատ չենք թողնում, եթե սկսեցինք, իսկ ես համոզված եմ, որ պետբյուջեով նախատեսված ծախսերը, եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի կլինեն»,- նշում է Գ. Մելքոնյանը: 

Գուրգեն Մելքոնյանի ասելով` իրենք վնասներ չեն կրում, քանի որ որևէ աշխատանք չեն իրականացրել: Մինչդեռ գյուղապետ Կամո Պետրոսյանն ասում է, որ շինարարները շուրջ մեկ շաբաթ աշխատել են գյուղում` «գնալ-գալով, չափագրելով, ֆունդամենտի կուլտերը խփելով»: 

«Էնտեղ ինչ-որ կատլավան կար փորած մինչև մեզ, երևի դրա մասին է խոսքը: Ես չգիտեմ` գյուղապետը ձեզ ինչ է ասել, ես կարող եմ ներկայացնել այն, ինչը որ մենք ենք արել: Մենք ֆինանսավորում չենք ստացել, ապա նաև այնտեղ աշխատանքներ չենք իրականացրել»,- վստահեցնում է Գ. Մելքոնյանը: 

«Էքսկավատոր բերեցին, փորեցին հիմքը, հլը տեղը փոխեցի էլ, մեկ ուրիշ տեղ փորեցինք, փորած տեղերն էլ հենց հիմա տենց էլ կա: Ջուր էր պետք, ջրի համար էլ գնացի «Երևան-ջուր», թույլտվություն ստացա, մոտս է»,- պատմեց Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանը:

Եվ մինչ կողմերը պայքարում են շինարարության «մենաշնորհի» համար, վարդենիսցի 87 աշակերտներ շարունակում են հաճախել 4-րդ կարգի վթարային դպրոց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter