HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց իրավունքների լրագրողն է ամեն օր իրավունքներ քարոզում «Ազատության» եթերից

Բաց նամակ նրանց, ովքեր Երևանում կընդունեն «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնին

Կովկասյան  իր այցի շրջանակում Երևան է ժամանում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնը: Բաքվում նրան շատերը ընդունելության չարաժանացրին, թեև ռադիոկայանն անկաշկանդորեն շողոքորթում է Ադրբեջանին` ղարաբաղյան հակամարտության շուրջ լրատվությամբ: Ընդամենը վերջին մի օրինակ: 

Փետրվարի 26-ին և 27-ին ռադիոկայանն իր անգլերեն միակողմանի հաղորդագրություններով հաստատում է ադրբեջանական պաշտոնական պրոպագանդայի սուտը` իբրև ղարաբաղյան պատերազմի սկիզբ նշելով Խոջալուն: Հայկական ծառայությունը լուռ է: Սումգայիթյան  իրադարձությունների շուրջ ոչ մի անգլերեն բառ չգտա: Բայց լրավտության նյութ է դառնում Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ 13-14 ադրբեջանցիների և թուրքերի ցույցը, և ռադիոկայանը հաղորդում է, թե «Ադրբեջանն ասում է, որ հայկական ուժերը սպանել են ավելի քան 600 անզեն քաղաքացիականների ու զինվորների: Երևանը կտրականապես մերժում է նման որակումը և պնդում, որ նահանջող ադրբեջանական ուժերի մի մասը զինված է եղել»: Մի՞թե Հայաստանը սա է պնդում :

Կարելի է անշուշտ ծիծաղել իբրև հակակշիռ ներկայացվող հայկական «տեսակետի» անզեն զինվորների մասին անհեթեթության վրա, բայց... Խոջալուի իրական պատկերի մասին չեխ լրագրող Դանա Մազալովայի տեղեկությունները սկզբնաղբյուրի արժեք ունեն: Նա ինձ հայտնեց, որ ռադիոկայանի ռուսական և հայկական ծառայությունները մերժել են իր հետ հարցազրույց անցկացնելու գաղափարը: Այո, հայկական ծառայությունը նույնպես, մինչդեռ դրա տնօրեն Հ.Թամրազյանը, հենվելով հենց ռադիոկայանի քաղաքականության վրա, կարող էր և պարտավոր էր պահանջել, որպեսզի հատկապես հակամարտության մասին տեղեկատվությունը հրապարակվի հավասարակշռված ու փաստարկված. պահանջեր նույնպիսի կրքով, ինչպես ժամանակին ինձ աշխատանքից հեռացնելու մասին իր որոշումն էր ղեկավարության աչքին փաստարկում, թե ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության մասին երկու լուր եմ կարդացել, մինչդեռ բազում այլ լուրեր կային... Էլ ի¯նչ զարմանք, որ «Ազատության» ռուսական ծառայությունը Ստամբուլից երկարաշունչ հաղորդում հեռարձակեց 2010-ի ապրիլի 22-ին (հաջորդ օրն էլ անարգել երկու անգամ կրկնեց)` բազմամիլիոն ունկնդիրներին բացատրելով, որ ապրիլի 24-ը «հայ ավազակախմբերի ղեկավարների ձերբակալման օրն է»: 

Հ. Թամրազյանը հիմա հավանաբար ուղեկցում է պրն Քորնին ու նույնպես խոսում ժողովրդավարական արժեքների տարածման, խոսքի ազատության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մասին: Այդ արժեքների տարածումը 22 երկրներում ռադիոկայանն իր առաքելությունն է հայտարարում ու ծրագրավորված հետևողականությամբ ոտնահարում սեփական կենտրոնակայանում:

Ես` իբրև ՀՀ քաղաքացի, հինգ տարի է արդեն` դատական գործ եմ հարուցել ռադիոկայանի դեմ Չեխիայի հանրապետությունում` աշխատանքից անօրինական հեռացման և ռադիոկայանի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականություն կիրառելու համար:  Ներկայիս նախագահ Սթիվեն Քորնի համար արդյո՞ք  կարևոր չէ` ճիշտ որոշում է կայացրել ռադիոկայանը, թե՞` ոչ (թեև եթե 12 տարի իմ աշխատելուց հետո են միայն պարզել, որ իմ ներկայությունը խանգարում է ռադիոկայանի առաքելությանը, դա ռադիոկայանի մասին լավ բան չի ասում): 

Կարևորն այն է, որ ռադիոկայանի քաղաքականության համաձայն` աշխատակիցները  կարող են հեռացվել «որեւէ պահի, ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի» և զրկված են որևէ որոշում վիճարկելու ԻՐԱՎՈՒՆՔԻՑ: Փաստն այն է, որ ռադիոկայանի ամերիկացի աշխատողները պաշտպանված են ամերիկյան օրենքներով, չեխ աշխատակիցները` չեխական, իսկ տարբեր երկրներից հրավիրված` հիմնականում լրագրող  աշխատակիցներն իրավական վակուումում են: Մի իրավիճակ, որ չեխական ազդեցիկ «Լիդովե Նովինի» թերթի համաձայն «անսահմանափակ հնարավորություններ է տալիս, որպեսզի ժողովրդավարության սերմնացանները օտարերկրացիներին վերաբերվեն այնպես, ինչպես գաղութարարները իրավազուրկ տեղաբնակներին»: 

Խնդիրն այն է, որ ռադիոկայանի բոլոր աշխատողները ստորագրում են նույն ստանդարտացված աշխատանքային պայմանագրերը, որոնք ղեկավարվում են ամերիկյան աշխատանքային օրենքներով: Ու միայն այդ օրենքների պաշտպանության կարիքը զգալուց հետո է «Ազատության» աշխատակիցն անդրադառնում (տեղեկանում), որ ամերիկյան աշխատանքային օրենքներն իր վրա չեն տարածվում` իբրև ԱՄՆ-ից դուրս ամերիկյան կազմակերպությունում աշխատող օտարերկրացու: Իսկ Չեխիայի դատարանները կաշկանդված են հատուկ Խորհրդային Միության գերակայությունը կամակատար Չեխոսլովակիայում ապահովող 1963 թվականի մի օրենքով, համաձայն որի` որևէ օտարերկրյա կազմակերպություն կարող է երկրում գործել սեփական օրենքներով, «եթե դրանք չեն հակասում Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության  պետական ու հասարակական հիմնարար  սկզբունքներին»:

Ճակատագրի հեգնանքով կոմունիստներին սպասարկած այդ գաղութատիրական օրենսդրական մնացուկից այժմ օգտվում է Խորհրդային կայսրության ու դրա արբանյակ պետությունների դեմ գաղափարական պայքարի համար ստեղծված ռադիոկայանը: Իրավանաբանական այս խճողումներից ու համաձայնագրերի մեքենայութուններից, որ միտումնաբար ռադիոկայանի ղեկավարությունը գրում է արտասահմանցի աշխատողների պայմանագրերում, օգտվում են կառույցի մանր ֆեոդալ «ցարիկները»: Իսկ իբրև այս իրավազրկության վերջին ակկորդ հնչում է խայտառակ առաջարկ լրագրողին` կլորիկ գումար այս մասին լռելու և սեփական իրավունքներից հրաժարվելու դիմաց. մի գումար, որ նա պետք է ստանար աշխատած տարիների դիմաց, բայց չի ստանա, եթե չստորագրի լռելու ու դատարան չգնալու մասին նվաստացուցիչ պայմանագիրը: 

Նույնիսկ օրենսդրական խառնակ պայմաններում, Չեխիայի դատարաններն իմ պարագայում արդեն երկու անգամ այս իրավիճակն անօրինական են գնահատել իրենց երկրում` անակնկալի բերելով ռադիոկայանին: Չեխիայի խորհրդարանը երկու անգամ քննության է առել ռադիոկայանի օտարերկրացի աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականության հարցը: Սակայն դատական գործերը դեռևս ավարտված չեն, ու ռադիոկայանում ոչինչ չի փոխվել. ամեն օր մոտ 30 լեզուներով իրենց երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության արժեքների խախտման մասին հաղորդող լրագրողներն իրենք իրավազուրկ վիճակում են` ռադիոկայանի ղեկավարության կամքով ու միտումնավոր  ծրագրով:

Ես արդեն մեկ անգամ զուգահեռ անցկացրել եմ. ստացվում է, որ ռադիկայանի հեռարձակման համար թիրախ հանդիսացող պետություններում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի աշխատակիցները նույնքան անպաշտպան են, որքան նույն երկրներից ռադիոկայանի կենտրոնակայանում աշխատանքի հրավիրվածները: Պարզապես մի դեպքում  «անցանկալի լրագրողները» հալածվում են տեղական բռնակալներից, կալանքի, ծեծի ենթարկվում, ու լռեցվում է նրանց ձայնը, իսկ երկրորդ դեպքում «անցանկալիները» հալածվում ու հեռացվում են Պրահայի կենտրոնակայանից, ու արդյունքում այս կերպ է լռեցվում լրագրողի ձայնը: Երկու դեպքում էլ տեղական քրմերը վստահ են` ոչ մի ատյան չկա, որը պաշտպանի լրագրողին: 

Բաքվում ռադիոկայանի նախագահ Ս.Քորնը երկրի իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել ռադիոկայանի աշխատակից Խ. Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումների ու սպառնալիքների առնչությամբ: Տեղացի լրագրողի համար հեշտ է մտահոգություն հայտնել, բայց դե Բաքվում շատ լավ հիշում են նաև, որ ժամանակին Պրահայի գրասենյակից մեկ օրվա ընթացքում աշխատանքից առանց պատճառաբառնության հեռացվեցին ադրբեջանական ծառայության վեց լրագրողներից երեքը... Իսկ նրանց ճանապարհը հետ դեպի Բաքու փակ է, ու սա չեն կարող չհասկանալ ռադիոկայանի ղեկավարները: Նույնն է կացությունը մյուս բոլոր 28 լեզուներով խմբագրություններում:

Զավեշտի է նման, բայց այս պահին խորվաթուհի Սնեժանա Պելիվանի հայցով իրավապաշտպան ռադիոկայանը հայտնվել է նաև Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանի առջև` իբրև մարդու իրավունքները խախտող կազմակերպություն: Ինչպես դիպուկ գրվեց վերջին տարիներին բազմաթիվ լեզուներով, տարբեր երկրներում ռադիոկայանի խտրական քաղաքականության մասին հոդվածներից մեկի խորագրում` Մարդու իրավունքների շոուից մինչև մարդու իրավունքների դատարան: Ի դեպ, հարյուրավոր այդ հոդվածներից և ոչ մեկն այդպես էլ տեղ չի գտել ռադիոկայանի  պաշտոնական կայքէջի «Մամուլը մեր մասին» բաժնում: Ժողովրդավարություն է ու խոսքի ազատություն...

Գործելու և Կոնգրեսի ֆինանսավորմամբ գործող ռադիոկայանում իրադրությունը շտկելու հորդորով ԱՄՆ կոնգրեսականներին հղած իր նամակում չեխ սենատոր Յարոմիր Շտետինան իրադրությունն անվանել է «անվայել, անարդար, ցինիկ և երեսպաշտ»: Համաձայնեք` ամոթալի որակումներ 60-ամյա ճանապարհ անցած իրավապաշտպան կառույցի համար: Ու փոխարեն դատարաններում պարտություն կրելուց հետո գոնե ռադիոկայանը կասեցներ դատական գործերը` շարունակում է ժողովրդավարության համար տրվող գումարները ծախսել թանկ վարձատրվող դատապաշտպաններին վճարելու համար: Տարիներ շարունակ  Չեխիայի տարբեր ատյանի դատարաններում «Ազատություն/ Ազատ Եվրոպա» իրավապաշտպան ռադիոկայանը պաշտպանում է մարդու իրավունքները ոտնահարելու իր ինքնաշնորհ «իրավունքը»: Իմ գործը Չեխիայի դատարաններում լսվելու է արդեն վեցերորդ անգամ:

Մեծարգո տիկնայք ու պարոնայք, հուսամ, որ «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Քորնի հետ ձեր հանդիպման ժամանակ չեք շրջանցի նաև վերը նշված խնդիրները: Չէ՞ որ ասված է` Բժիշկ, բժշկվիր ինքդ…

Աննա Կարապետյան

Մեկնաբանություններ (10)

Արմեն Աբգարյան
Ազատություն ռադիոկայանը, հատկապես հայկական ծառայությունը հակաղարաբաղյան քաղաքականություն չի վարում. եվ այս կինը այդ ռադիոկայանը չի լքել այդ քաղաքականության պատճառով. Այ եթե դրա պատճառով սկզբունքայնություն ցուցաբերած լիներ լրագրողը եվ դիմում գրեր դուրս գար` ի նշան բողոքի, այս ծավալուն դիտարկումները գուցե եվ ավելի ծանրակշիռ եվ արժանահավատ լինեին... բայց եթե իր նամակի հետեւում զուտ անձնական շահեր են եվ անձնական թշնամանք` իր եվ նախկին աշխատավայրի ներքին` Ղարաբաղի հետ բացարձակապես կապ չունեցող պատճառներով, ապա անձամբ ես, որպես ընթերցող ընդհանրապես չեմ հասկանում այս նամակը տարածելու իմաստը.... կամ ինչ կապ ունի ռադիոկայանի հայկական ծառայության դիրքորոշման մասին RFE RL -ի ներքին խոհանոցի ու իր սկսած դատական գործընթացների հետ...
Արմեն Աբգարյան
Քանի որ տեխնիկական պատճառներով նախորդ մեկնաբանությունս կիսատ էր թողարկվել, հարկ եմ համարում այն ուղարկել նորից. Ազատություն ռադիոկայանը, հատկապես հայկական ծառայությունը հակաղարաբաղյան քաղաքականություն չի վարում. եվ այս կինը այդ ռադիոկայանը չի պատճառով. Այ եթե դրա պատճառով սկզբունքայնություն ցուցաբերեր լրագրողը եվ դիմում գրեր դուրս գար` ի նշան բողոքի, այս ծավալուն դիտարկումները գուցե եվ ավելի ծանրակշիռ եվ արժանահավատ լինեին... բայց եթե իր նամակի հետեւում զուտ անձնական շահեր են եվ անձնական թշնամանք` իր եվ նախկին աշխատավայրի ներքին` Ղարաբաղի հետ բացարձակապես կապ չունեցող պատճառներով, ապա անձամբ ես, որպես ընթերցող ընդհանրապես չեմ հասկանում այս նամակը հրապարակելու իմաստը... մանավանդ որ սկսվում է ռադիոկայանի միտումներով ու անցնում անձնական հարցերին... Կամ ես եմ , կամ `հոդվածագիրը...
Արմեն Աբգարյան
Ազատություն ռադիոկայանը, հատկապես հայկական ծառայությունը հակաղարաբաղյան քաղաքականություն չի վարում. եվ այս կինը այդ ռադիոկայանը չի պատճառով. Այ եթե դրա պատճառով սկզբունքայնություն ցուցաբերեր լրագրողը եվ դիմում գրեր դուրս գար` ի նշան բողոքի, այս ծավալուն դիտարկումները գուցե եվ ավելի ծանրակշիռ եվ արժանահավատ լինեին... բայց եթե իր նամակի հետեւում զուտ անձնական շահեր են եվ անձնական թշնամանք` իր եվ նախկին աշխատավայրի ներքին` Ղարաբաղի հետ բացարձակապես կապ չունեցող պատճառներով, ապա անձամբ ե, որպես ընթերցող ընդհանրապես չեմ հասկանում այս նամակը հրապարակելու իմաստ... կամ ես եմ կամ հոդվածագիրը...
Աշոտ
Ես ընդամենը ասում եմ, որ կա պարզ կանոն, քննարկել խոսքը կամ անձը: Երբ քննարկում են անձը, ապա ցանկություն կա շեղել թեման: Ձեր ասածի տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ, քանի որ ասողը ըստ ձեզ ձայնազուրկ է ինչ-ինչ պատճառներով, ապա Ազատություն ռադիոկայանը իրավունք ունի հակաղարաբաղյան քաղաքականություն վարել: Ու այս տրամաբանությունը անուղղակի բխեցնում է մի մարդ, որը հանդես է գալիս «հայրենիք» ու «Ղարաբաղ» վահանի հետևից: Իսկ սփյուռքի ու Ղարաբաղի ու առավել ևս մարդու հայրենիքին ծառայելու մասին ձեր դատողությունները կթողնեմ անպատասխան՝ չափազանց շատ պարզունակության պատճառով:
Արմեն Աբգարյան
Եվ մի հավելում, Աշոտ. աշխարհասփյուռ հայերի գերակշռող մեծամասնությունը ստիպված է գնացել արտերկրում ապաստան գտնելու. ոմանք` ցեղասպանության հետեւանքով, ոմանք էլ մեր երկրում ստեղծված սոցիալ տնտեսական ծանր վիճակի, գործազրկության. Բայց ,կարծում եմ, նամակի հեղինակն ու նրա ընտանիքը այս խմբերից ոչ մեկին չեն պատկանում...Եվ խնդրում եմ,իմ դիտարկումը մի ընդհանրացրեք սփյուռքում բոլոր ապրողների վրա. սա մասնավոր դեպք է.
Արմեն Աբգարյան
Հարգելի Աշոտ, ինչ որ փաստական սխալ կամ վիրավորանք կա՞ր իմ մեկնաբանության մեջ: Պայքարի լավագույն ձեւը հայրենիքում հայրենիքին ծառայելն է. միանշանակորեն: Շատ սփյուռքահայեր կան, որ նույնիսկ պատերազմում են կռվել, նրանք՝այո իրավունք ունեն խոսեու, իսկ իր երեխաներին հայրենիքից ամեն գնով փախցնողը, այո իմ կարծիքով,իրավունք չունի հայրենասիրական ամպագոռգոռ ճառեր ասել:
Աշոտ
Արմենին, փաստորեն աշխարհասփյուռ բոլոր հայերը Ղարաբաղի հարցով ձենները կտրեն, եթե իրենց զավակները Հայաստանում չե՞ն ծառայում: Ավելին, Արմե՛ն, որպես Ղարաբաղի համար մտահոգվող, այս տեքստում միայն դա նկատեցի՞ք: Թեպետ միայն այն փաստը, որ բովանդակության հանդեպ կարծիք չկար, և ձեր գրառման նպատակը միայն հեղինակին արժեզրկելն էր, նույնպես խոսուն է: Ուրեմն տիկինը ճիշտ է ասում ...
Արմեն Աբգարյան
Շնորհակալություն մեկնաբանությունս ի վերջո թողարկելու համար.
Արմեն
.Հրապարակում եք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող հոդված, բայց ինքներդ սահմանափակում եք ձեր ընթերցողների ազատ արտահայտման իրավունքը...Չեք հրապարակում իմ մեկնաբանությունը, որը ամենեւին վիրավորանք չէր պարունակում..Ընդամենը ուզում էի իմանալ, թե Ղարաբաղի ճակատագրով մտահոգ կինն ինչու իր որդիներին չի ուղարկում հայկական բանակ... Դե այլեւս ազատ լրատվամիջոցի պատրանք մի փորձեք ստեղծել:
Արմեն Աբգարյան
Կարծում եմ հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին մտահոգվելու ամենավառ ապացույցը կլիներ բաց նամակի հեղինակի` Հայաստան վերադարձն ու իր որդիներին հայկական բանակ ուղարկելը... թե չէ` Պրահայում նստելն ու ճառեր գրելը ամենահշետն է.. Եթե նույնիսկ դժգոհ էր իր նախկին աշխատավայրից, թող վերադառնար հայրենիք, հայրենիքում աշխատեր... Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը Հայաստանից էլ դժվար չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter