HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 7-11-ը ապրիլի (մաս 2, վիդեո)

Սփյուռքի նախարարի զբաղվածությանը չես նախանձի

Այս օրերին մի քանի անգամ այցելեցինք Գեդիկփաշայի հայ ավետարանական եկեղեցու ներքնահարկում գտնվող հայաստանցիների ոչ լեգալ կրթօջախ, որն իր մեջ ներառում է երկամյա մանկապարտեզն ու վեցամյա դպրոցը: Այսօր այստեղ 72 երեխա է կրթվում, որից 30-ը՝ մանկապարտեզում, 42-ը՝ դպրոցում: Հայաստանցի ընտանիքներ կան, որ երեխաներին ցանկանում են տեղավորել այստեղ, քանի որ ծնողները առավոտից մինչեւ երեկո թեկուզեւ ոչ օրինական կերպով աշխատում են՝ օրվա ապրուստը հոգալու համար, եւ երեխաներին հետեւող չկա, սակայն մանկապարտեզն էլ տեղ չունի. երեխաները նույնիսկ երեք-երեք են քնում: Դպրոցի դեպքում մի փոքր այլ է, տեղավորում են, բայց ուսուցումը դասատուների նվազ լինելու պատճառով կարողանում են հասցնել մինչեւ 6-րդ դասարան: Դրանից հետո 12-13 տարեկան երեխաներն անցնում են աշխատանքի:  

Տնօրեն Հերիքնազ Ավագյանն ասում է, որ հիմնադրման օրվանից՝ 2003 թ.-ից, Ստամբուլ ժամանած ոչ մի հայաստանցի պաշտոնյա չի այցելել կրթօջախ, չի հետաքրքրվել իրենց խնդիրներով: Եվ սա այն դեպքում, երբ այս երեխաները գերազանցապես ՀՀ քաղաքացիների զավակներ են, որ ծնվել են Հայաստանում կամ էլ Թուրքիայում: Միակ բացառությունը եղել է Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հայաստանյան ներկայացուցչի նախկին օգնական Արմեն Ոսկանյանը: «Բայց նա էլ սիրողական մակարդակով է եկել, որովհետեւ իր աշխատանքը բնավ կապ չունի դպրոցի հետ: Սակայն ինչքան խորհրդի կարիք եմ ունեցել, միշտ զանգել եմ, եւ երբեք չի մերժել»,- հիշում է Հ. Ավագյանը: Մի անգամ էլ Ոսկանյանից առաջ աշխատած օգնականն է եկել՝ Գրիգոր անունով: «Եկավ, խոստացավ, որ գրքերով կօգնի, բայց գնաց ու մոռացավ, ինչպես բոլորը: Մի քանի անգամ գրեցի, դիմեցի նաեւ Արսեն Ավագյանին (նախկին ներկայացուցչին), ու հասկացա, որ միակ ճանապարհը գրքերն անձամբ բերելն է: Այդպես երկու անգամ գիրք եմ բերել Հայաստանի ԿԳՆ-ի սփյուռքի բաժնից»,- պատմում է տնօրենն ու ասում, որ հաճելիորեն զարմացել է բաժնի աշխատակիցների ընդունելությունից եւ վերաբերմունքից:      

«Անցած ամռանը մասնակցեցի սփյուռքահայ ուսուցիչների համար ԿԳՆ-ում կազմակերպված դասերին: Իրենք գոհ են, որ այստեղ թեկուզ ոչ պաշտոնապես հայ երեխաներ են հավաքվում, հայերեն են խոսում, հայերեն են կրթվում, հայրենիքի մասին բաներ են իմանում: Ամեն ինչ այնքան լավ էր կազմակերպված, որ ինչ վերադարձել եմ, դա եմ ասում: Շատ լավ մարդիկ էին, շատ հոգատար, կարծես Հայաստանում չես, այսինքն՝ այնքան լավ է, ես ինձ այդպես զգացի,- խոստովանում է Հերիքնազը:- Եթե կարող են այդպիսի կադրեր ապահովել, որ դրսից եկած ուսուցչուհին լիցքավորված գնա… Մյուս բաժիններում նման կադրային քաղաքականություն չեն անում»: 

(Մանկապարտեզում նշում են գյումրեցի Արկադիկի 4-ամյակը)

Օրերս Ստամբուլում էր նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով հասցրեց հայկական հիվանդանոց, գերեզմանոցներ, եկեղեցիներ ու մի շարք պոլսահայ կրթօջախներ այցելել, բայց ժամանակ չգտավ իր համերկրացիներին գեթ կես ժամ տրամադրելու համար: «Սփյուռքի նախարարն ինչու՞ չի այցելել ձեզ»,- հարցնում ենք Հերիքնազին: «Հարցը կուզենայի, որ իրեն տայիք, եթե հանդիպեիք,- ասաց տնօրենը:- Մենք էնքան հասարակ մարդիկ ենք, որ չեմ կարծում, թե ինքը… Շատ լավ կլիներ, որ այդ հարցը իրեն տայիք»:

«Աստծուց գոհ եմ, որ իմ սերը Հայաստանի նկատմամբ չի մարում, ամեն վատ բանով տխրում եմ, լավ բանով ուրախանում,- ասում է պոլսահայի հետ ամուսնացած եւ արդեն Թուրքիայի քաղաքացի Հերիքնազ Ավագյանը,- բայց ասում եմ՝ էս ինչ դժբախտ ազգ ենք մենք. չենք կարողանում նորմալ նախագահ ընտրել, նորմալ վարչապետ ունենանք: Շատ լավ խոսում է նախագահը, շատ լավ բանասեր է: Սիրուն ասում է, որ միամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե կարճ ժամանակում երկիրը կարելի է ոտքի կանգնեցնել: Ճիշտ է ասում, բայց որ նայում ես, թե ինչ կառույցներ, թագավորական պալատներ են սարքում աղքատ Հայաստանում… Շատ տխուր է, ես ուզում եմ, որ էս երեխաները իրենց հայրենիքում լինեն»:

Երեխաներից մեկի մայրը՝ գյումրեցի Լուիզան, ով Սպիտակի երկրաշարժին կորցրել է իր տունը, վրդովված է. «Մեզ մեկ-մեկ որ չեն ասում՝ չեք ամաչու՞մ, Թուրքիայում եք ապրում, ասում եմ՝ Հայաստանի կառավարությունը թող ամաչի, մենք ինչու՞ ամաչենք: Եթե լավ վերաբերվի, ինչու՞ մենք պիտի ստեղ լինենք, ի՞նչ է՝ հաճելի է թուրքի հետ ապրե՞լը, թե՞ Հայաստանում մեր սեփական անկողնում փափուկ բարձին քնելը: Մինչեւ հիմա մենք երկրաշարժից տուժած եւ բնակարանի սպասող բնակիչների հերթի մեջ չենք, ամեն տարի պահանջվող փաստաթուղթը սարքում, ուղարկում ենք, հլա հերթի մեջ չենք: Ասում են՝ դուք էսինչ ցուցակի մեջ եք, բայց էսինչ կետին չեք համապատասխանում, էս տարի տուն չեք ստանա...»:

Հերիքնազն ասում է, որ հայ պաշտոնյաներին բնավ պատիվ չի բերում Թուրքիայում անլեգալ ապրող ու աշխատող հայաստանցիների մասին խոսելը, բարձրաձայնելը, թե այսքան նման մարդ կա Թուրքիայում, «մանավանդ որ Էրդողանը շատ է շահարկում»: Ըստ նրա՝ Թուրքիայի վարչապետի՝ անօրինական ապրող հայերի մասին հայտնի ելույթում հնչեցրած 100 հազար թիվը անհնար է, ենթադրում է, որ միգուցե դրա 1/10-րդը լինի ճիշտ թիվը, որի մեծ մասը Ստամբուլում տեղավորվածներն են:  

Թուրքական իշխանությունները շատ լավ գիտեն, թե իրականում քանի հայ անօրինական միգրանտ կա այստեղ, գիտեն նաեւ անլեգալ կրթօջախի մասին: Մեր նոր ծանոթներից մի հայաստանցի՝ Արայիկը, ով 11 տարի ապրում է Ստամբուլում, դիպուկ բնորոշեց այդ ամենը՝ նշելով, որ «փոլիսը» անգիր գիտի, թե որ հայն ինչ է շնչում: Այս խոսքերի ֆոնին առնվազն միամիտ են թվում նախարար Հակոբյանի խոսքերը, որոնք նա ասել էր գործընկերներիս հետ զրույցի ժամանակ: «Սեպտեմբերից թույլ են տալու, որ մեր երեխաները սովորեն հայկական դպրոցներում, դա ուղղակի չեն հրապարակի` իրենց միգրացիոն կառույցներին լուր չտալու համար, որպեսզի անօրինական միգրանտներին չվտարեն: Բացի այդ՝ այս խնդրի համար մենք եւս ունենք ծրագիր, որը դեռ չենք հրապարակում, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նախարարի խոսքերն է մեջբերել «ArmeniaNow»-ն:

 Կարծես թե միգրացիոն կառույցները բոլորովին անտեղյակ են հայաստանցիների շուրջ ստեղծված իրավիճակից, ու ինչ-որ լուրերից պիտի իմանան, որ իրենց երկրում այսքան թվով ՀՀ քաղաքացիներ կան: Մարդիկ, ովքեր իրենց երկրի իշխանությունների քաղաքականության պատճառով են փախել հայրենիքից ու հիմա հաց են վաստակում ոչ դրացի երկրում, ինչն առիթ է թուրքերի համար՝ իրենց «մարդկային վերաբերմունքը» այլոց աչքը մտցնելու համար: Վերոնշյալ խոսքերից կարելի է ենթադրել, թե Հրանուշ Հակոբյանը անլեգալ կրթօջախ չի գնացել, որ միգրացիոն կառույցները լրատվամիջոցներից հանկարծ չիմանան դպրոցի տեղն ու չգան բռնեն հայերին: Իսկապես տխուր է:

Խնդրից անտեղյակ ընթերցողին ասեմ, որ վերջերս պոլսահայ համայնքի մի շարք հոգաբարձուներ բարձրացրել են հայաստանցի երեխաներին պոլսահայ կրթօջախներում ուսումը շարունակելու հնարավորություն տալու հարցը: Ամեն ինչ կախված է Թուրքիայի կառավարությունից, առանց որի համաձայնության հայոց պատրիարքարանին ենթակա վարժարաններն ու լիցեյները Թուրքիայի քաղաքացի չհանդիսացողների երեխաներին ընդունելու իրավունք չունեն:  

«Ասում են, որ տեղական հայկական դպրոցները երեխաներին պիտի որպես հյուր առնեն,- նշում է տնօրեն Հերիքնազ Ավագյանը,- որպես հյուր (ըստ էության՝ ազատ ունկնդրի պես մի բան- հեղ.), այսինքն՝ առանց վկայականի նստելն  ինձ անհանգստացնում է: Չնայած եթե լինի, դա էլ, իհարկե, մի փոքրիկ լուծում է»: Եվ, այնուամենայնիվ, դրանից հետո էլ երեխան լեզվական խնդիրների առաջ է կանգնելու, որովհետեւ շատ բարդ է այդ տարիքում արեւելահայերենից անցումը արեւմտահայերեն դասավանդմանն ու նոր լեզուն, այն էլ որպես կողքից դիտող, ընկալելը: Իսկ հայկական լիցեյներում, Հերիքնազի ունեցած տվյալներով, միայն կենսաբանությունն է հայերեն դասավանդվում: Դե իսկ թուրքական համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ է շատ լավ թրքերեն իմանալ, իսկ Հայաստանում սովորելու դեպքում էլ պետք է հաշվի առնել, թե արդյոք անցողիկ է հայկական դիպլոմը Թուրքիայում: Հերիքնազի իմանալով՝ այստեղ ճանաչվում է միայն ԵՊՀ-ի դիպլոմը:

Եվ այդուհանդերձ, ինչու՞ են 2003-ից գործող կրթօջախի սաներն այսքան ժամանակ մնացել 5-6-րդ դասարանից ուսումը դադարեցնելու այլընտրանք չունեցող ճանապարհին: «Պատրիարքարանը չի՞ կարող մի փոքրիկ տարածք տալ ձեզ»,- հարցնում ենք տնօրենին: «Չի ուզում: Ես այդպես եմ կարծում,- ասում է նա,- պետությունն էլ չի ուզում, ինչու՞ պետք է ուզի որ»: Բայց եւ Հերիքնազը, եւ Լուիզան կարծում են, որ սրա բուն պատճառը պատրիարքարանի կախումն է պետությունից, որը նույնքան ազդեցություն չունի ավետարանական եկեղեցու վրա: Եվ այս պարագայում առաջինը շատ մեծ զգուշավորություն է հանդես բերում՝ իրեն կառավարության թիրախ չդարձնելու համար:

Իմ անձնական կարծիքով՝ այդ մեծ կախումն ու ճնշումը հետեւանք են պատրիարքարանի իներտ ու ամորֆ քաղաքականության, որը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի վերահսկելի է դարձրել նրան: Եվ գոնե լավ է, որ այսօր հայ հոգաբարձուների նախաձեռնությամբ ինչ-ինչ քայլեր են ձեռնարկվում՝ փոքրիկ հայրենակիցներին սատար կանգնելու համար: Ուրախալի է նաեւ, որ թեկուզ մեկ տարով Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոցը որոշել է Գեդիկփաշայի դպրոցի ու մանկապարտեզի աշակերտներին անվճար ընդունել, ինչը, ըստ տնօրեն Ավագյանի, մեծ հաջողություն է: 

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter